Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Վերնագրումն այս սոսկ նրբաբանության ու նմանաձայնության համադրման ոճական հնարք չէ, քանի որ նրանում բովանդակված գաղափարական հենքն այժմյան բարքերին նետված ձեռնոց է նաեւ: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացված Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» եւ «Ծառերը» վիպակների կոնստամինացիոն բեմավորումը, հիրավի, վերարտադրում է մերօրյա իրականությանը նույնպես բնորոշ չարախոսության, ստրկամիտ վախկոտության, ստորաքարշության պատրաստակամության ու եսակենտրոն բարոյալքվածության արժեհամակարգային աղետը: Ու այս ամենի հետ չհաշտվող` անտերության մատնվող հայրենիքին տեր կանգնելու համար ճիգ ու ջանք չխնայող, Ռոստոմ (Վաթինյան) Սարգսյան-Մամիկոնյանը իր անզիջում պայքարի պատճառով համագյուղացիների թշնամանքի թիրախն է դարձել: Մի խոսքով` նախրամիտ հասարակության եւ սկզբունքային անհատի միջեւ ծագող բարոյահոգեբանական կոնֆլիկտ, որը չարի հակակրելիությունը գոտեւորող հանգուցալուծում է ստանում: Բայց իր պարզությամբ հանդերձ, ծմակուտյան «Ստոկմանի» պատմությունն այնպիսիններից չէ, որի բեմականացմանը ամեն ռեժիսորի գեղարվեստաէսթետիկական համակարգի հզորությունը կբավարարեր:

Մաթեւոսյանական բառ ու բանի, ինքնահատուկ մթնոլորտից սերող ռիթմի ու խորքային ենթատեքստերի, բեմական ընթերցման «առոգանությունը» չի կարող օրգանական լինել, եթե չունես հարուստ կենսափորձ, մասնագիտական հասունություն, եթե ինքդ զուրկ ես կոլորիտայնությունից եւ, եթե կյանքի սխալական ընթացքի հետ կռվի մեջ չես: Ավելի պարզ` վերը հիշատակված համամասնությունների բացակայության դեպքում հեղինակի շնչից կտրված բեմադրապատում կստացվի: Առավելեւս, որ գործ ունես ոչ բեմի համար ստեղծված գրվածքի հետ: Սույն տեսանկյունից ներկայացման ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Ա. Էլբակյանը, դեռեւս 2007 թ. Վ. Սարոյանի մի քանի գործերի միաձուլումից կազմելով «Չե՞ս պարի ինձ հետ» բեմապատումը, ապացուցեց, որ տեսարաններ կառուցելու վարպետությամբ, նկարչական ու երաժշտական լուծումների կենսականությամբ, եւ ամենակարեւորը` իր բնատուր ներքնատեսությամբ, ի զորու է բեմում հեղինակին հատուկ աշխարհազգացողություն ստեղծել: Եվ այստեղ էլ` «Տերը» ներկայացման սկզբից իսկ, տիրում է գյուղական աշխարհի մթնոլորտը` բնավ չխախտելով բնականության զգացողությունը: Ավելին, ներազգային առումով տեղային առանձնահատկությունները ավելի քան ամբողջական են դառնում Աննա եւ Արմեն Էլբակյանների խաղում առկա ներաշխարհային դրսեւորումներով: Հատկապես կանանց խոտհունձի տեսարանում ցուցաբերած կերպարային համոզչականությունը, որն, անշուշտ, խոսում է դերասանուհու խորունկ մտածողության մասին:

Իսկ ինքնասեր անտառապահի կերտման մեջ ուշագրավ է Արմեն Էլբակյանի պլաստիկական վճիռը. ինքնիշխան քայլվածքն ու շարժուձեւը մեզ հուշում են` բեմում մեկն է, ով չի հաճոյանում իշխանություն ունեցող Քաջ Նազարանման մանր ու միջին խազեիններին: Թեեւ խոսքային գործողության ընթացքում, երբեմն խորաբնակ ձայնի հնչողություն արտաբերելը Խորեն Աբրահամյանի խաղակերպի նմանակման տպավորություն էր թողնում: Բացի այդ, մտահղացումից ոչ մի գնով չհրաժարվելու թերացում է եզրափակիչ տեսարանը: Սրտի կաթվածին հաջորդող Ռոստոմի խոսքերն ինքնին վիզուալ ֆինալ են հրավիրում, ինչն էլ չի ուշանում. լուսային թարթի ներքո «անհայրենիքների» ոհմակի առջեւ ընկած է ինքը: Վե՛րջ: Նշյալ տեսարանից հետո մնացյալն անհարկի է` դպրոցական թատրոնի սիրողականության մերձակայք տանող ավելորդություն: Այդուհանդերձ, ներկայացումն առանց երկմտելու կարելի է համարել հաջողված եւ գաղափարախոսության դիտանկյունից հասարակության համար խիստ ուսանելի:

՛՛ԱԶԳ՛՛ 18.06.2011

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

433 հոգի