Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

14.06.2021  21:39

Համազգայինի թատրոնում ենք: Կամերային փոքրիկ դահլիճ, չկա բեմ, մոտ հիսուն հանդիսատեսի առջև դրված է փոքրիկ երկու սեղան. մեկը՝ դատարկ, մյուսի վրա գրքեր կան շարված: Լույսերը հանգչում են, սպասում ենք, որ գրքերից մեկը հիամա պիտի ընթերցվի: Դերասան Նարեկ Բաղդասարյանը մոտենում է սեղանին, հայտարարում. «Էժեն Իոնեսկո. «Դասը», բեմադրությունը՝ Արման Նավասարդյանի, սովորաբար նա ինքն է վարում բեմադրությունը, բայց այսօր…»: Սեղանին շարված գրքերից մեկն արդեն ընտրվել էր: Հանգչում են լույսերը…

 Դուռը թակում են, սպասուհին (դեր.՝ Հասմիկ Բաբայան) ներս է թողնում աշակերտուհուն  (դեր.՝ Տաթև Ղազարյան): Նա պայուսակով է: Ներս մտնող աղջիկը բարեկիրթ է, ժպտադեմ, բայց և մի քիչ  շփոթված, անհամբեր, դեմքին տագնապ կա: Սպասուհին առաջարկում է նստել՝ հիմա ուսուցիչը կգաՄտածում եմ, գուցե որոշ տեսարաններ խաղալու են: Դահլիճի անկյունից ներկայացման սկիզբն ազդարարող դերասանը, որ հեղինակին է մարմնավորում, բարձրաձայն ընթերցում է պիեսի ռեմարկը, բնութագրում դեռ ներս չմտած ծեր ուսուցչին: Դռան հետևից լսվում է ուսուցչի ձայնը (դեր.՝ Դավիթ Հակոբյան): «Ավելի ճղճղան ձայնով»,- ցուցում է տալիս հեղինակը: Ծեր ուսուցիչը կուլիսներից կրկնում է խոսքը ճղճղան ձայնով, ապա դահլիճ է մտնում, քայլում դեպի սեղանն ու  իր հետագծով սահման դնում հանդիսատեսի և դերասանի միջև: Ժպտադեմ աշակերտուհու կողքին դեռ չնստած ստանում է նոր հրաման՝ «ավելի բարեհամբույր և մեղմ», սա արդեն բեմական շփման հայտ է: Ուսուցիչի դերակատարը մեղմ ու զսպված ժպիտով շփվում է խաղընկերուհու հետ: Բեմավիճակը պատրաստ է, թատերական ընթերցանությունը՝ ավելին քան սոսկ ընթերցում:

Ռեժիսոր Արման Նավասարդյանի մտահղացմամբ ռեմարկը խաղի գործուն պայման է, ընթեցողը խաղընկեր, որի ներկայությունը և իրական է և ոչ. աբսուրդ վիճակ, որն ինքնին բնութագրում է երկն ու բեմադրությունը: Հանդիսատեսը սպասում է, սա ընթերցու՞մ է, թե ներկայացում, ու դեռ երկար է սպասելու

 Մեծ տարբերություն կա, սեղանի շուրջ փորձի (читка)  և այս ներկայացման միջև: Փորձի ժամանակ հանդիսատեսը ներկա չէ: Դերասանները ճշտում են գործող անձանց փոխհարաբերությունները, կարդում են առաջ չընկնելով, փորձում են գտնել հեղինակի ներքին տոնը, խոսքային իրադրությունը, բայց ոչ բեմական, որը հաշվի կառներ հանդիսատեսի հնարավոր ներկայությունը: Թատերայնացված ընթերցանության ժամանակ, երբ հանդիսատեսը ներկա է, խաղի կանոնները փոխվում են,  դերասանը խաղում է, ոչ թե ընթերցում: Ներկայանալի ժեստ, միմիկա, պլաստիկական վճիռ, իսկ խոսքն արդեն խաղի պայման է, գործողության դրդիչ ուժ, որը շատ դեպքերում ոչ այնքան տեսանելի, որքան լսելի ընթացք է, ենթադրելի իրականություն՝ հանդիսատեսի երևակայության մեջ:

 Իրադրությունը հետևյալն է՝ սեղանի առաջ նստած են ուսուցիչն ու աշակերտը: Դաս է: Դասասեղանին թղթեր ու տետրեր: Ծանոթանում են, շփվում ռեպլիկներով ու հայացքներով,  հետո ես միայն տեսնում, որ սեղանին դրված թղթերն ու տետրերը լոկ բեմական իրեր չեն: Ընթերցվելիք նյութն այդտեղ է: Եվ առկա է ևս մի շատ իրական խաղընկեր՝ տեքստը: Դերասաններն վարպետորեն ընթերցում են պատրանք ստեղծելով, թե դաս են անում: Ինչպես գիտենք, աբսուրդի դրամայում սյուժեն քայքայված է, դժվար է բեմական շփումը, երբ գործող անձանց երկխոսությունը շատ դեպքերում տրամաբանության չի ենթարկվում: Շնորհիվ Դավիթ Հակոբյանի և Տաթև Ղազարյանի դերասանական վարպետության ներկայացման մեջ բեմական շփումն անընդմիջելի էր, խարսխված խոսքի տոնայնությամբ: Հեռավորությունը դերասանների միջև անփոփոխ է, սակայն նրանք խոսքի տոնայնությամբ են կառուցում տարածությունը: Օրինակ, երբ ուսուցիչը դիմում է սպասուհուն, որը մի քանի մետր է իրենից ընդամենը հեռու կամ հակառակը: Ձայնի ուղղությունը փոխելով, մղելով այն ավելի հեռու կամ ավելի մոտ, բարձր կամ ցածր, երբեմն կիսատոն, կառուցվում են փոփոխվող «միզանսցեններ», հանդիսատեսի երևակայության մեջ ստեղծվում է տեսողական դաշտ, որը պահպանելու համար «ստիպված» են պահել միասին ստեղծած «խոսքային միզանսցենը»՝ ինչն էլ պարտադրում է շփման անընդմիջություն: Թվում է չկա գործողություն՝ ուսուցիչը դաս է բացատրում իր նոր աշակերտին, իսկ աշակերտը ընդունակ չէ: Հեշտ չէ մեկ ժամից ավելի չձանձրացնել հանդիսատեսին, երբ պիեսի հիմնական գործողությունը ընդամենը դասապրոցես է: Սակայն հանդիսատեսը ոչ միայն չէր ձանձրանում, այլև աչք չէր կտրում դերասանների խաղից: Ուշագրավ էր Դավիթ Հակոբյանի  դերկատարումը՝ հատկապես կերպարի զարգացման առումով՝ հոգատար ու կաշկանդված ուսուցչից մինչև մարդասպանի վերածվելը, ինչպես և Տաթև Ղազարյանի հոգեբանական անցումները՝ ամոթխածությունից մինչև զարմանք, զարմանքից մինչև զայրույթ, և այս ամենը համեմված խաղային տարերքով:

Ընթերցվող տեսարանը դերասանների միջև կառուցված է ինչպես խաղը երկու պինգ պոնգ խաղացողների միջև, դերասանը վերցնում է իրեն ուղղված գնդակը՝ ռեպլիկը և այն ուղղում խաղակցի դաշտ: Դա արվում է արագ, թեթև, զգալով գնդակի ուղղությունը: Տաթև Ղազարյանը անվրեպ որսում է իրեն ուղղված խաղային հնարավորությունները, տալիս դրանց համարժեք պատասխան, գնդակն ուղղում խաղընկերոոջ դաշտ, Դավիթ Հակոբյանին չզրկելով խաղից հաճույք ստանալու հնարավորությունից: Աշակերտը՝ սկզբում երկչոտ, անվստահ, վախվորած, որ ուսուցիչը իրենից հանկարծ չհրաժարվի, ամեն գովեստից հետո ինքնավստահության նոր երանգ է մտցնում խոսքի մեջ, իսկ, երբ ուսուցչի հարցին ի պատասխան, պարզվում է, որ ինքը ունևոր ընտանիքից է և ծնողները կարող են վճարել նաև լավ համալսարաններում սովորելու համար, աշակերտ-Տաթևիկը ամուր է նստում աթոռին, հայացքը կտրում է ընթերցվող թղթերից, ինքնավստահություն է ցույց տալիս և´ թղթերին(ընդգծում է խաղի նույն պայմանը. նա կարող էր այդ կերպ պատասխանել նաև ռեմարկ կարդացող դերասանին, բայց այս դեպքում ռեմարկը բարձրաձայն չէր կարդացվել և հանձնարարությունը ստացել էր տեքստից, պատասխան ժեստը ուղղված էր տեքստին) և´ ուսուցչին՝ խաղընկերոջը, ով իր խաղին ի պատասխան քիչ-քիչ առաջ գալով ու կորցնելով մարմնի ծանրությունը, նստել էր աթոռի ծայրին: Փոխվել էր ծանրության կենտրոնը: Բայց ուսուցիչը հանձնվող չէ, նոր հարցերը նոր իրավիճակների են հանգեցնում: Պարզվում է, որ աշակերտը գումարել կարողանում է, բայց հանումը ընդհանրապես չի պատկերացնում:  Ծանրության կենտրոնն անմիջապես փոխվում է, աշակերտի մարմինը սահում է դեպի անվստահություն, վախ հիշեցնող դիրք՝ աթոռի ծայրին: Դերասանը անզուսպ ծամծմում է ձեռքի գրիչը, անհանգիստ է, որ ուսուցչի ծուղակում է հայտնվել: Ուսուցիչը աֆեկտիվ լուցկու հատիկները շարում է սեղանին՝ մեկ, երկու, երեք, չորս:  Դրանցից մեկը հետ է վերցնում՝ «հա-նում- ենք»՝ բառը ձգելով,- ժամանակ է տալիս աշակերտին մտածելու: Աշակերտը հետևում է շարվող հատիկներին, նայում է սեղանին ու չի տեսնում լուցկու հատիկները, թողնում է ուսուցչին անպատասխան, ուսուցիչը գործողությունը կրկնում է, պատասխան չկա:

Ուսուցիչ-Դավիթ Հակոբյանը փոխում է իր խոսքի տոնը, այլևս չկան հաճոյախոսություններ, ձայնը ամուր է, պահանջկոտ, երբեմն արդեն՝ վախեցնող: Արտասանվող բաղաձայնների ամուր շեշտադրումը լսողության մեջ բզկտում է աշակերտի նվաղող ձայնը: Չհասկացված հարցերի տարափը աշակերտին նյարդային ծիծաղի է հասցնում, որն անմիջապես սաստվում ուսուցչի կողմից՝ ինչ ասացի հարցով: Տեսարանը շարունակվում է հարցերի նոր տարափով, հետևում է աշակերտի նյարդային ծիծաղը, որին ի պատասխան «ինչ ասացի»-ն այս անգամ հնչում է որպես հիվանդության ախտորոշում: Ու դրանից սարսափած ուսուցիչը, դեռ մի քանի անգամ փորձ է անում չեղարկելու իր իսկ դրած ախտորոշումը: Դերասանները պիեսը ընթերցում են ենթադրվող գործողությունների ակնարկներով՝ զուսպ ժեստերով, հայացքներով, դիմախաղով, նստելու դիրքով: Հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է ուսուցիչը աշակերտին կանգնեցնում ոտքերի թաթերի վրա, Դավիթ Հակոբյանը դա անում է մեծ վարպետությամբ, նրա ձայնը երևակայական մարմինը ձգում է դեպի վերև ու ստիպում պահե՜լ, պահե՜լ, պահե՜լ թաթերի վրա: Աշակերտուհու ջղաձգումներն շարունակվում են անհեթեթ, կրկնվող ծիծաղով: Ուսուցչի սաստող «ինչ ասացի»-ն վերածվում է հուսահատության: Դասերի թեմաները և առարկաները փոփոխվում են: Ուսուցիչը էջերով սկսում է կարդալ լեզվաբանությանն առնչվող թեմաներ, բառեր, բառեր, բառեր, նշանակություն չտալով իմաստին: Թույլ չի տալիս, որ հանդիսատեսն էլ հետևի տեքստի իմաստին, դա այլևս կարևոր չէ: Նա այդ ամբողջը կարդում է միայն նրա համար, որ հանդիսատեսը տեսնի, որ աշակերտը չի հասկանում, և չթողնելով, որ հանդիսատեսը հետևի մտքին, նրան հանգեցնում է հեղինակի մտահղացմանը. մաթեմատիկայի և լեզվի փիլիսոփայության մեջ աբսուրդ կա: Նման դատողություններ կան հեղինակի՝ Իոնեսկոյի գրական հիմքում.

Ուսուցիչ- Իմ հայրենիքը Իտալիան է, այս նույն նախադասությունը ֆրանսերեն կլինի՝ իմ հայրենիքը Ֆրանսիան է, իսպաներեն՝ իմ հայրենիքը Իսպանիան է…

 Այս նախադասությունները ուսուցիչը կարդում է հայերեն(բնագրով գրված է միևնույն լեզվով), բայց տոնի մեջ Դավիթ Հակոբյանը դրանք ներկայացնում է որպես լեզվական առանձնահատկություններ, երբեմն որպես քերականական բացառություններ:

 Աշակերտը դասը կանգնեցնելու համար, մի քանի տեսարանում ուսուցչի հարցին պատասխանում է՝ ատամս ցավում է: Սկզբում այն գյուտի պես է հնչում, հետո խնդրանքի, ապա՝ անզորության:

Ուսուցիչը կարդալու ընթացքում երբեմն փորձում է հանգստացնել իրեն, երբեմն ստորացնել աշակերտին, ապա օգնության է կանչում սպասուհուն: Հետաքրքիր է սպասուհու՝ Հասմիկ Բաբայանի բեմական վարքագիծը, նա մռայլ է նույնիսկ ամենակատակերգական տեսարաններում, գիտի մի բան, որ չգիտի հանդիսատեսը, մահն է գուժում իր կեցվածքով, լռությամբ: Մանեկենի պես նստած է գրքերով սեղանի առջև, ամբողջ ընթացքում անհաղորդ է, չունի խոսք՝ մասնակից չէ կառուցվող «խոսքային միզանսցենին»: Ռեժիսորը հասկացել է, որ նա չի կարող հենց այնպես հայտնվել երևակայական տարածքում: Եթե բեմում սպասուհին կբացեր դուռը ու ներս կգար, ապա այստեղ լուծումը գտնված է. վառում է սեղանին դրված լամպը, որը փոխարինում է դռան հետևից ներթափանցող լույսին, և արդեն ներգրավված է խաղի մեջ, խոսքի տիրույթում է: Սթափության կոչ է անում ուսուցչին, հիշեցնում է թե դասն ինչով կարող է ավարտվել, եթե կանգ չառնի, հանգցնում լամպն ու կրկին դուրս է գալիս պայմանական բեմավիճակից: Ուսուցիչն ընդդիմանում է սպասուհու նախատինքներին, վստահ է, որ ափերից դուրս չի գա: Բայց գործողության դրամատիկական ընթացքը, որ  հանդիսատեսը խոսքի տոնայնության մեջ է զգում ու աճող հույզի, տանում է դեպի կանխորոշված վախճանը՝ ուսուցիչն ի վերջո հունից դուրս է գալիս և սպանում աշակերտին: Սպանությունից հետո, նրա խոսքն արդեն լիցքաթափված է, տոնը նվաղում է, հերոսն անհուսության գրկում երերում է, մի պահ ճոճվում է աթոռին, ասես գլուխը պտտվում է, կենտրոնացնում է հայացքը, որ վայր չընկնի, և հանկած լաց լինող ու հանդիսատեսի մտապատկերում գլորվող ծերուկին օգնության է հասնում սպասուհին: Պարզվում է, այսպիսի տասնյակ դեպքերը են եղել, սա թվով քառասուներորդն է, այս աշակերտը կթաղվի մյուսների կողքին: Ծերուկը մեղավոր աշակերտի պես արդարանում է, հետո իրեն վերագտնում: Կրկին լսվում է դռան թակոցը, նոր աշակերտ է եկել…

Սյուժեն շրջանաձև կառուցվածք ունի, վերջանում է այնտեղ, որտեղից  սկսել էր, և ներկայացումն այնպես է, ինչպես կյանքում. ոչինչ չի սկսվում և ոչ էլ ավարտվում է, շարունակվում է նույն տրամաբանությամբ, ուր դժվար է ասել որն է տրամաբանականը և որն անհեթեթ, որտեղ է իրականության ու պայմանականի սահմանը:

 Հետաքրքիր ռեժիսորական մտահղացում, ներդաշնակ ու տպավորիչ դերակատարումներ՝ խաղային տարերքի բացառիկ զգացողությամբ

 Ի տարբերություն մարմնավորած հերոսի՝ թատերական մանկավարժ Դավիթ Հակոբյանի «դասը» հաջողվել է: Ավելի քան ընդունակ, գործընկեր դարձած աշակերտները կիսում են վարպետի փորձը՝ Համազգայինի թատրոն բերելով դերասանական նոր շունչ, նոր որակ, նոր գույն:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1905 հոգի