Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Կա կինոյում ժանր, որը կոչվում է հորոր (horror film), երբ հանդիսատեսը շարունակ շունչը պահած գտնվում է հաճելի վախի մէջ: Ինչու հաճելի? Հիշենք մթնշաղին մանկական հավաքույթները, երբ ինչ-որ մեկը`ամենիմացը, շշուկով պատմում էր սարսափազդու պատմություններ, իսկ մնացած ներկաները սարսափից քարանում էին...

Ամերիկյան գրող Էդգար Ալլան Պոյի (1809-1849) պատմվածքները հենց այդ ժանրից էին: 20-րդ դարում նրա պատմվածքներին հաճախ էին դիմում էքրանավորման համար: Ավելի շատ, քան որեւէ ուրիշ գրողի: Հատկապես նրա “Սեւ կատու” պատմվածքին: Սակայն էքրանավորումը գրականությունից երբեմն այնքան է հեռանում, որ պատմվածքից մնում են միայն որոշ մանրամասնություններ: Պատահական չէ, որ Ֆ.Դոստոեվսկին (1821-1881) Ալլան Պոյի պատմվածքների նախաբանում նկատում է, որ Էդգար Պոյի ''երեւակայության ունակության մեջ կա մի առանձնահատկություն, որը մենք չենք հանդիպել ոչ ոքու մոտ. դա մանրամասների ուժն է'':

Երեւանյան «Մետրո» թատրոնում ''Սեւ կատու'' պատմվածքի հիման վրա խաղացվում է ներկայացում Զառա Անտոնյանի բեմադրությամբ:Դերերում Անդրանիկ Միքայելյանն է եւ Մարիկա Դովլաթբեկյանը: Երաժշտական ձեւավորումը Ջեմմա Մինասյանինն է, նա էլ ողջ ներկայացման ընթացքում պատի որմնախորշում նստած թավջութակ է նվագում: Զգեստների հեղինակը Վալենտինա Ջուլհակյանն է:

Այժմ անդրադառնամ պատմվածքի թատերականացմանը: Ի տարբերություն էքրանավորման այս ներկայացման մեջ ոչ մի շեղում չկա Ալլան Պոյի տեքստից: Այնուամենայնիվ սա Ալլան Պո չէ: Որովհետեւ ներկայացման գերխնդիրը ամենեւին էլ հորորը չէ: Ներկայացման իմաստը շատ ավելին է: Դա ընդհանրապես Սեւի մասին է, այն սեւի, որը մթության մեջ է պահում մարդու գիտակցությունը 21-րդ դարում: Ակամա մի շարքի մեջ են շարվում Սեւ լուսինը, Սեւ ամպերը, Սեւ ձյունը, Սեւ մարդը: Սեւ ճակատագիրը: Ահա ինչ է կատարվում աշխարհի հետ, որտեղ մարդու գիտակցությունը մթագնում է:

Երբ բեմը լուսավորվում է (իսկ ժամանակակից բեմերը զուրկ են վարագույրից), մենք տեսնում ենք ուտեստներով եւ խմիչքով լի շքեղ սեղան, որի երկու ծայրին նստած են կին եւ տղամարդ: Սակայն նրանք հանգիստ չեն: Շուտով նրանք սկսում են միմյանց վրա նետել շշերով եւ խնձորներով: Եւ շուտով մենք անդրադառնում ենք, որ շշերը չափազանց շատ են եւ տղամարդը ուղղահայաց լեցնում է պարունակությունը կոկորդի մեջ: Ինչպես չի խեղդվում? Նաեւ բացահայտում ենք, որ կինը ամենեւին էլ կին չէ, այլ այն սեւ կատուն է, սեւ բախտն է, որից տղամարդը ճար չունի: Փորձում է խեղդել, նույնիսկ բռնաբարում է: Բայց ձերբազատվել չի կարող, որովհետեւ սեւ բախտը այլեւս նրա գիտակցության մեջ է, որը պատռում է ենթագիտակցության կաղապարը եւ մերկացնում այն:

Ինչպես է դա արվում? Բեմի վրա մանկական խաղալիքներ են ցիր ու ցան արվում. թվում է, թե դրանք ոչ մի կապ չունեն գործողության հետ: Կին եւ տղամարդ: Սեր եւ ատելություն, որոնք մեկ լծվածքի մեջ են: Եթե փորձես սպանել ատելությունը, սերն էլ կսպանվի: Եւ այդ ամենը Սեւ կատվի ախտանիշն է: Դարի ախտանիշը: Գուցե եւ բոլոր դարերի...

''ԱԿՕՍ''  15.11.2019

ԾՈՎԻՆԱՐ Լոքմագյոզյան

922 հոգի