Լավ օր էր: Տիկնիկային թատրոնում նայեցի ժամանակակից ռուսական դրամատուրգիայի գլխավոր դեմքի համարումն ունեցող Իվան Վիռիպաևի «Պատրանքները» անդադրում Զառա Անտոնյանի բեմադրությամբ: Պիեսի գործողությունը ծավալվում էր թատրոնի ճեմասրահում զետեղված թեյասեղանների շուրջը, որտեղ չորս դերակատարներն ընկերակցում էին հանդիսատեսներին: Թեպետ ես թեյ չխմեցի, բայց ասեմ, որ խենթ թեյախմություն էր լուիսքերոլյան Ալիսի արկածների ոգով:
«Պատրանքներ»-ում տեքստը, որ գլխավորապես կազմված է երկարաշունչ մենախոսություններից, ավելի շատ ներկայացվում է, քան խաղացվում, այնպես որ կարելի է կարծել, թե ականատես ես պիեսի ընթերցմանը, քան բեմադրությանը: Մինչդեռ իրականում խոսքը հենց բեմադրության մասին է՝ խնամքով մտածված ու անտեսանելիության աստիճանի նրբին բեմադրության: Երկու տարեց ամուսնական զույգի խաչաձև սիրային խոստովանությունները՝ պաթետիկայի, շտամպների, զգայականության, թախծի, հեգնանքի պարադոքսալ շաղախ, շերտատվող սոխի սկզբունքով ստիպում է ավելի ու ավելի հստակ գիտակցել պատրանքներով պարուրված մարդկային կյանքի, մեր աշխարհի, զգացմունքների ամբողջ խաբուսիկ հարաբերականությունն ու անվստահելիությունը (կամ անհուսալիությունը)՝ մի ռելյատիվիստական քաոս:
Կրկնությունները, ներկայացման ռիթմիկան, խոսքի հնչյունային խաղերը, երգեցիկ-երաժշտական միջարկությունները էսթետիկ-արվեստային կերպ են տալիս այդ քաոսին: Երիտասարդ դերակատարներին (Արևիկ Գևորգյան, Վալենտինա Ջուլհակյան, Մանվել Սարգսյան, Հարություն Հովհաննիսյան) բավական բարդ խնդիրներ են բաժին ընկել, ու թեև նրանց ինչ-որ տեղ պակասում է վարպետությունը, բայց չորսն էլ արտակարգ հմայիչ են և հետաքրքիր, ներքին կուլտուրայով օժտված: Կուզենայի նշել նաև, որ պիեսը թարգմանել է և դերասանների հետ տեքստի վրա աշխատել Նունե Վարդանյանը:
Ընդհանուր առմամբ վայելուչ մակարդակ էր, բայց իմ ընկալմամբ թարգմանությունը կարող էր տեղ-տեղ և պակաս գրական լինել, իսկ -թյուն չարաբաստիկ վերջածանցի արտասանության մեջ թ-ի ընդգծումը խոսքին փոքր-ինչ արհեստական երանգ էր տալիս: Բայց ուզում եմ ասել՝ շատ ապրեք, երեխեք: Հաճելի էր ձեզ հետ:
29.11.2019
ԶԱՎԵՆ Բոյաջյան