Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Այսօր «Մետրո» թատրոնում հետաքրքիր ներկայացում նայեցի՝ Զառա Անտոնյանի նոր աշխատանքը, որ Էդգար Ալան Պոյի «Սև կատուն» պատմվածքի բեմականացումն է: Նորաշունչ ու իրոք հետաքրքիր գործեր ժամանակակից հայ բեմում իմ կարծիքով քիչ են հանդիպում, դրա համար էլ մտածեցի, որ օգնած կլինեմ թատերասերներին այս ներկայացման մասին համառոտակի պատմելով, ավելի ճիշտ՝ նշելով, թե ինչի համար արժի նայել «Սև կատուն»:

Սա փորձարարական շնչով արված բեմադրություն է, բայց ոչ թե այն պատճառով, որ հանդիսատեսների աթոռներն էլ են տեղավորված բեմում (ճիշտն ասած, իմ համոզմամբ ներկայացումը շատ ավելի լավ կդիտվեր դահլիճից, և՛ միզանսցեններն ավելի տպավորիչ կլինեին, և՛ թատերային պայմանականությունները), այլ առաջին հերթին յուրօրինակ ռեժիսորական մեկնաբանությամբ: Պոյի մռայլ ու չարագուշակ պատումներից մեկը՝ հորորի այս դասական նմուշը, բեմադրված է տրագիկոմիկական բանալիով և աբսուրդի թատրոնի ու գինյոլի ոճաբանությամբ: Ստացվել է դինամիկ ու հարափոփոխ, ամպրոպի կամ հրավառության պես պոռթկուն թատերախաղ, որը ոչ մի րոպե չի թողնում թոշնել ու ձանձրանալ:

Դերակատարներն ընդամենը երեքն են, բայց արժեն մի ամբողջ թատերախումբ, ընդ որում՝ Մարիկա Դավլաթբեկյանի և Անդրանիկ Միքայելյանի կողքին երրորդը ներկայացման երաժշտական ձևավորող Ջեմմա Մինասյանն է, որը հենց ինքն էլ բեմում թավջութակ է նվագում: Երեքն էլ արտակարգ տպավորիչ են և խելահեղության չափ ինքնամոռաց: Ճաշակ, կուլտուրա, էսթետիզմ, տրագիկոմիկական փայլ, գրոտեսկ՝ գումարած բեմական անվախություն և անսպասելի լուծումներ. ահա թե ինչ բաղադրիչներից է հյուսվել այս հախուռն ու խենթ երիտասարդական ներկայացումը:

P. S. Լուսանկարում ներկայացման միակ հարաբերական անդորրի պահն է՝ վարպետորեն բեմադրված դադար՝ ամենաբարդ բաներից մեկը թատրոնում:

10.11.2019

ԶԱՎԵՆ Բոյաջյան

1036 հոգի