Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում մի ուշագրավ մոնոդրամա տեսա: Խոսքը «Նա» ներկայացման մասին է, որը բեմադրվել է ֆրանսիական գրականության, թատրոնի և կինոյի աստվածներից մեկի՝ Ժան Կոկտոյի «Գեղեցիկ անտարբերը» մեկ գործողությամբ պիեսի մոտիվներով: Ասում եմ՝ մոտիվներով, որովհետև պատկառանքը մեծ անունների հանդեպ երիտասարդ ռեժիսոր Վարդգես Բարսեղյանին և դերակատար Նարինե Ալեքսանյանին բնավ հետ չի պահել Էդիթ Պիաֆին ձոնված ու նրա դերակատարման համար ստեղծված կոկտոյական այս հին ու նշանավոր պիեսը (1940) սյուժետային և կառուցվածքային վերաձևումների ենթարկելու գայթակղությունից: «Գեղեցիկ անտարբերը», ըստ էության, կնոջ մենախոսություն է (ինչպես Կոկտոյի մյուս նշանավոր փոքր գործը՝ «Ձայն մարդկային»-ը, որ վերջերս էկրանավորեց Ալմոդովարը Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ), իսկ վերնագրային գեղեցիկ անտարբերը՝ կնոջ սիրեցյալը, ամբողջ գործողության ընթացքում այդպես էլ մնում է անխոս ու անհաղորդ:

Հայկական տարբերակում սիրեցյալը սպանվում է, և ամբողջ ներկայացման մեջ նրան փոխարինում է պարզապես մանեքեն՝ անհաղորդության ու անտարբերության ծայրահեղ մարմնացումը: Այսկերպ հերոսուհու ուղղած ռեպլիկներն անշունչ սիրեցյալին երանգավորվում են սև հումորով ու գրոտեսկի ցոլքերով, որոնք տրագիկոմիկական փայլ են տալիս կնոջ հուսակտուր տվայտանքներին: «Նա»-ն դառնում է Նարինե Ալեքսանյանի մենաներկայացումը (կամ հաղթահանդեսը), որտեղ դերասանուհու միակ խաղընկերը մարդաչափ տիկնիկ է: Չգիտեմ՝ երբևէ ինչ-որ տեղ այսքան լիարժեքորեն դրսևորվե՞լ են նրա հնարավորությունները: Հիշում եմ, տարիներ առաջ չեխովյան «Արջը» և «Առաջարկը» փոքր պիեսների բեմադրության մեջ, որն իրականացրել էր Վահան Բադալյանը, Նարինեն ուղղակի աննման էր: Իսկ այստեղ նա ինքնին հրավառություն է, հրաբուխ, փոթորիկ: Մեկ ժամից փոքր-ինչ ավելի բեմական ժամանակամիջոցում այս աներևակայելի կինը հասցնում է հայտնվել այն բոլոր հնարավոր ու անհնար իրադրություններում և հոգեվիճակներում, որտեղ կինն առհասարակ կարող է ուշքի գալ:

Նա դրամատիկ է, զավեշտական, փեշավոր Պիեռո և Առլեքին, թե՛ զոհ, թե՛ դահիճ, սրտառուչ, անհեթեթ, խոլերիկ, դառնամած, հիստերիկ, սոսկահար, հախուռն, գորովալի, դաժան, զսպված, հրճվալից, հոգնաբեկ, գռեհիկ, բարեկիրթ, սենտիմենտալ, խոհուն, ցրված, մտասևեռ, հուսակտուր, խանդավառ, խղճալի, կատաղի, տրտմագին, զվարթ, տանջահար, եռանդուն, սիրալիր, կռվազան, ինքնագոհ, նվաստ, սիրատոչոր, ատելավառ, ռոմանտիկ, լաչառ, ոգեղեն, կենդանական, պչրոտ, անփույթ, ողջամիտ, ցնդած, և այս շարանը կարելի է անվերջ շարունակել, ընդ որում՝ որքան խորանում է սյուժետային իրավիճակի աբսուրդը, այնքան ավելի ինտենսիվ ու մոլեգին է դառնում Նարինեի խաղը՝ հակասականությամբ լի: Սիրո դաժան ծուղակն ընկած նրա հերոսուհին այսօրվա ընկալումների տեսակետից կարծես Ադելի համախտանիշ ունենա, ինչպես Հյուգոյի դստեր անունով ընդունված է կոչել կույր, հիվանդագին, ամենակուլ սերը, որ պատկերել է Տրյուֆոն Իզաբել Աջանիի գլխավոր դերակատարմամբ նկարահանած իր «Ադել Հ.-ի պատմությունը» ֆիլմում: Բայց Կոկտոյի պիեսում խոսքը, իհարկե, կլինիկական դեպքի մասին չէ, ուղղակի կնոջ ամեն կարգի կախվածությունը տղամարդուց որպես թեմա արդեն ավերվել է նորժամանակյա գաղափարների և ըմբռնումների, էմանսիպացիայի, սեռերի իրավահավասարության, ֆեմինիզմի հարվածների տակ, ու երբ Կոկտոյի հերոսուհին ասում է, թե հրաժարվում է զոհ լինել, թվում է, թե նա ընդունակ է և հաղթահարել կցորդի իր կախյալ վիճակը (ինչպես Ալմոդովարի ֆիլմում), բայց այս մոտիվը, ցավոք, զարգացում չունի պիեսում և չի արտացոլվել կամ վերանայվել ներկայացման մեջ:

Դրա համար էլ «Նա»-ն կաշառում է ավելի շատ որպես բենեֆիս, զուտ թատերային հանդիսանք, քան ռեժիսորական մեկնակերպով աչքի ընկնող կոնցեպտուալ գործ: Իսկ եզրափակիչ դիդակտիզմը, իմ կարծիքով, անհարկի է հանկարծ հայտնվող ծխի պես, ինչպես հերոսուհու հանդերձն իր ուրվագծով կարող էր այլ տեսք ունենալ: Եվ վերջապես, եթե ես ռեժիսոր լինեի, առաջիկայում Նարինե Ալեքսանյանին կառաջարկեի Սերաֆինայի դերը Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդը» պիեսում, որը շուտով լույս կտեսնի հայերեն:

07.06.2021

ԶԱՎԵՆ Բոյաջյան

911 հոգի