Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Սև՛ են, սև՛ են՝ բիբերն արբունքի.

Ձյութե հմայքի ամայի գաղտնիք,

Լքված տեսիլքի աներազ դասալիք:

Մի քիչ մարտինի կամ տտիպ գինի,

Բաժակը լցրեք՝ գրողը տանի:

Դև՛ են, դև՛ են՝ կրքերն ակնարկի.

Բարկ շղթաներով լպիրշ մաղթանքի

Լուսամերժ գրկում աղմկուն ստվերի,

Կեղդեն նրանք քեզ առանց մեղքի,

Որ կաղին տալով դու ոռնաս էլի.

Բաժակը լցրեք էլի ու էլի…

Որքան էլ որ տարօրինակ թվա, ամեն անգամ Եսենինի(‹‹Սև մարդը››) կամ Մոցարտի(‹‹Ռեքվիեմ››) մասին որևէ թատերական ստեղծագործության հետ առնչվելիս, ինքնաբերաբար այս տողերի ենթագիտակցական արձագանքն եմ մտովի ունկնդրում: Բացառություն չէր նաև Սարգիս Շողունցի բեմավորած ‹‹Եսենին›› ներկայացումը՝ Արման Մաթևոսյանի դերակատարմամբ:

Նորահայտ բեմադրիչն, ինչ խոսք, ճաշակի հետ բարի դրացիական հարաբերություններ ունենալու իր բնատուր շնորհի մասով կշիռ ունեցող հայտ ներկայացրեց: Այս եզրահանգմանն է մեզ բերում այն իրողությունը, որ վերջինիս ռեժիսորական լուծումներից ածանցված նշանային շարադասությունը բավական հաշտ էր հանգընթաց պատումի դիպաշարային ռիթմի հետ: Ծպտյալ գավառամիտներին հատուկ ստեղծագործական չտեսությամբ էլ չի տառապում, ինչի հավաստիքն է ռեժիսորական շատախոսությամբ դերասանից առաջ ընկնելու փորձ չձեռնարկելը: Սարգիսը Շողունցը, ավելի շուտ փորձում է իր ռեժիսորական տեսիլքին թիկունքային(ռազմական լեզվով ասած) գործառույթ տալ, որը դերասանի համար գաղափարահուզական ֆոն-հենարան կլինի:

Բայց ցավոք, երիտասարդ ռեժիսորի մասնագիտական կենսափորձը չի բավականացրել կանխազգալու համար մի անբեկանելի ճշմարտություն. հայ մարդը, որքան էլ լավ տիրապետի ռուսաց լեզվին, միևնույն է՝ ռուսական թատրոնի միջին վիճակագրական դերասանին կզիջի հոգեզգացական տեսանկյունից, եթե Եսենինին խաղալու համեմատական անցկացվի: Դա նույնը կլինի, եթե ռուս մարդը դուդուկահարությամբ ներկայանա: Հանճարներից դեռևս միայն Ադամյանին, ինչ որ չափ էլ Փափազյանին է հաջողվել ռուսական բեմում Լերմոնտովի ‹‹Դիմակահանդեսի›› Արբենինի կերպարով ռուսական բեմում հեղինակի համերկրացի դերասանների հետ չափվել ու երբեմն էլ նրանց գերազանցել:

Երևի թե ներքնական համոզչականության առումով ավելի հեռանկարային կլիներ, եթե կերպարի առաջին մուտքը որպես կարճամփոփ խոստովանական էկսպոզիցիա ծառայեր: Այն է՝ իբրև պոետի մոլի երկրպագու դերասան ներկայանար, ով միշտ երազաել է ռյազանցի հանճարի կյանքով ապրել գոնե մեկ ժամ: Սա օտարման էֆեկտի խաղարկման հնարավորություն ընձեռող վարկած է, որը Արման Մաթևոսյանի տքնաջան աշխատանքը զերծ կպահեր ավելորդ լարվածությունից, դրան հետևող խաղային տեխնիկայի մանր-մունր խնդիրներից: Ու ողջ ներկայացման ընթացքում, քեզ, իբրև  հանդիսատեսի չէր հետապնդի խորին ափսոսանքի զգացումը: Այնու, որ երիտասարդ դերասանն ուղղակի աննման կլիներ Եսենին վերապրող դերասանի դերում:

07.06.2021

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

 

954 հոգի