Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

05.06. 2021  02:24

Խոզաբարո խզբզբոցից բեզարած գրիչը անորոշության հետ ոչ մի կերպ լեզու չէր գտնում, ու հակառակի պես ինքնահատուցման հարացույցում էլ հնուց ձանձրույթ անձրևող ամառնամուտ էր: Նորաշող արևը դեռ չէր հասցրել ‹‹չինքնորոշված կտակարանից›› դուրս եկած ազնվատոհմիկ սրիկաների ալարկոտ փսլինքները լափլիզել, երբ քառասունչորս օրից քառասունչորս ժամ հետո` նրբաճիչ երգիչներին երկրպագած լիբիդոյի հոգեզավակաները ազգափրկության ղեկին նամազի նմանակեղծման ծեսին անցան: Եվ լույսը վանդակված, իբրև խաչվող հույս, փրկագնից շնչահեղձ լինող անսուրբ դնչկալի ջգրու այնպես արժեզրկվեց, որ դիավաճառին հաճոյախոսող դրսի անտուն շներն անգամ վրան չէին միզում:

Էսպես էսեաբար երկար կարելի է հուզախռիվ զառանցել, հատկապես, որ հոդվածի առիթը՝ ամռան շեմին ‹‹Արմմոնո›› փառատոնի շրջանակում ընթացող թատերականացված ընթերցման կենսական նյութը, առանց ավելորդ ջանքի առավելագույնս բնական էր դարձնում ինչ-որ պահի գժվելու իրավասությունը: Բայց անհետաձգելի իրականության հերթում դիրքավորված պարսաքարերը ստիպում են այլ՝ ավելի ռացիոնալ մարտավարություն որդեգրել: ՀԹԳՄ դահլիճում Նարեկ Բաղդասարյանի, Զարուհի Խաչատրյանի, Սարգիս Շողունցի և Տաթև Ղազարյանի կողմից ամենայն ապրումակցումով ընթերցված` Կարինե Խոդիկյանի, Սամվել Կոսյանի, Արմինե Սիսյանի, Դավիթ Խաչիյանի, Անահիտ Արփենի ու Հրաչ Բեգլարյանի գրի առած քառասունչորսօրյա պատերազմի վեցը պատմությունների դրամատուրգիական ներուժը դիտարկել: Այն է՝ փաստավավերագրական գրականության բեմական աներկբայելի կենսունակություն ունեցող կետերը հատկանշել: Չմոռանալով, իհարկե, դրանց առնչվող հրապարակախոսական ենթատեքստերն էլ օձագալար արձանագրումների ենթարկել:

 Այսպիսով, Անահիտ Արփենի ‹‹Արեգ Կյուրեղյան›› պատմվածքի ընթերցանության ընթացքում առաջինն աչքի էր զարնում միջնամասում առկա պատմական էքսկուրսի թույլ պաթոսային մաներայից եկող էսսեական շունչը: Սա մի հատկություն է, որի թատերայնությունը բավական խնդրահարույց է, դերակատարողական առումով դժվար իրագործելի, ինչի նախադեպի ականատեսն ենք եղել, երբ շնորհալի և փորձառու դերասան Աշոտ Ադամյանը, Հրանտ Մաթևոսյանի ‹‹Մեծամոր›› էսսեի մենաներկայացումային բեմավորման ժամանակ, այդպես էլ չկարողացավ էպիկական ընդհանրացումների տոնային համարժեքը գտնել: Թեև պետք է խոստովանել, որ Անահիտ Արփենի տված դիպաշարային համակցման մեջ, այդ էքսկուրսին հաջորդած պատերազմական իրադարձությունների նկարագրությունն ու ընդհանուր պատումի ինքնահեգնական զայրույթով վերջաբանը ուշագրավ էին:  Ռազմի դաշտի դաժան իրողությունները, պարզ բան է, հետևողին անմիջապես անմանցորդ կլանում են(մանավանդ, երբ այդ իրադարձությունների պատճառով ոտքը կորցրած երիտասարդն է մեկ շարք այն կողմ նստած) հետևաբար, այն շահեկան գեղարվեստական նախանյութ է յուրաքանչյուր բեմական ձևաչափի համար:  Վերջակետման առումով պիտո է նշել, որ անսպասելի բարի գիշերով եզրափակումը կերպարային հատկություն է նրբագծում, հուշում, որ մահին, այսինքն՝ վերջին հանդիպածի անվախության աստիճան անտարբեր  բառեր են դրանք:

Ուշադրություն բևեռող կետերից զուրկ չէին նաև Դավիթ Խաչիյանի ‹‹Հայր և որդի››  և Արմենուհի Սիսյանի ‹‹Ոնց ես բժիշկ ջան›› դիպվածագրումները: Առաջինի դեպքում բանակում գրքերի արժեքային կարգավիճակի մասին դատողությունից զատ նաև առկա էր ուշարժան գաղափարձև: Ճակատագրի կամոք բնության սահմանած ծնող-զավակ ասել-լսել մոդելի փոխաձևում: Այնպես է ստացվում, որ պատերազմի օրերին, որդու մոտ մեկնած անհանգիստ ծնողը իր տղային վստահված դասակում նրա զինվորն է դառնում՝ պարտավոր լինելով ‹‹ի պաշտոնե›› որդու հրամանները կատարել: Տարակույսից վեր է, որ սա անասելի բեմահմա ժանրային տարանցումներով սյուժետային ճյուղավորում տալու, կամ ներքին սյուժեի վերածվելու պոտենցիալով կենսական նյութ է, որն, ավաղ, դրամատուրգիական խաղարկուն զարգացման չհասցվեց: Թերզարգացման ուրիշ արխիտեկտոնիկական խնդիր էլ Արմինե Սիսյանի գրվածքում էր նկատելի, ինչը հուշում էր անխիղճ թեմայի խորթ լինելը՝ ձեռքը գրիչ վերցրած տիկնոջ զգայուն խառնվածքին: Անկեղծորեն պետք է խոստովանենք, որ ցնցման էֆեկտով հիշողությունիցդ չի ջնջվում վերջաբանում մատուցված տեղեկատավությունը միայն: Սպասվող վիրահատության փաստից բնավ չընկճված ու չչարացած՝ երիտասարդի երկու ոտքերն էին անդամահատելու:

 Փոքր ինչ այլ էր դրությունը իր գրվածքներում երբեմն ‹‹ինքնահոշոտման փիլիսոփայությանը›› հարող Սամվել Կոսյանի ‹‹Վերադառնալու ենք›› ներկայացրած պատումը: Բնականաբար շոշափելի ու զգայելի ծանր պատկերների (‹‹Ով կենդանի մնաց, նրանց երիտասարդությունն ու պատանեկությունը զոհվեց››) պակաս, ինչ խոսք, չէր զգացվում: Բայց որքան էլ զարմանալի ու զայրացնող լինի, հետներկայացումային շրջանում կամա թե ակամա մտահոգեկան ներքին նժարում ես ունենում: Պատերազմում արկի պայթյունից հետո սեփական ոտքի օդում մի կողմ շպրտվելը տեսնելուց հետո շուշեցի Էրիկը իր մարմնամասից բացի նաև տունն էր կորցրել: Արյունալի տեսարանը մշտապես կմնա նրա էմոցիոնալ հիշողության մեջ, որովհետև այս տեսակ դեպքերը երբեք չեն մոռացվում: Մյուս կողմից էլ հայրենազրկումն  այնպիսի երևույթ է, որ հիշողության և՛ արտաքին, և՛ ներքին ձևերն է համընդգրկում: Արտաքուստ, ասել է թե՝  ժամանակային ընգրկմամաբ դարերի փորձությանն է դիմանում(մինչև օրս Էրգրի կարոտն ու վրեժը սրտներում պահող երիտասարդ սերունդ ունենք, և դա ամենևին էլ քաղաքական հայտնի ուժի մենաշնորհը չէ): Ներքին կերպում իր արտահայտությունը հայտավորում է այն հատկությամբ, որ անձնայինից բացի նաև էթնիկ հիշողության գաղափարահուզական տարածում ունի հայրենիքի կորստի գիտակցումը: Այսուհանդերձ, միևնույն է  առկախված համլետյան մտատանջում է դառնում, թե նշված կորուստներից ո՞րն է հոգեպես ավելի տանելի ու անտանելի: Ի դեպ, հայրենազրկման հարցը հրամցնող ի բնե դրամատուրգիական, ուղղակի գտնված բազմանշանակ երկխոսություն է ձևել համահեղինակը, որը օրինակելի նմուշ կարող է ծառայել դրամատուրգիայում համառորեն իր տեղը փնտրող Հրաչ Բեգլարյանի համար:

Արցախյան առաջին պատերազմի թեմայով բավական վիճահարույց ‹‹Արծվաբույն›› պիեսի հեղինակն այս ‹‹Սիրում և ատում եմ հողը›› պատմվածքի բերումով մեզ առիթ տվեց կասկածելու, որ նրա ստեղծագործական մտքի թռիչքին փոքր ու մեծ արձակի նկարագրողական պատկերավորությունն է հասու: Զորօրինակ մեկնարկային մասում օրվա սկզբի և կնոջ համեմատությունը ոչ միայն սիմվոլային, այլև մետաֆորային արժեքի որակ ունի: Արձակի տողային տարածքը տալիս է նման երկարաձգումների հնարաավորություն: Իհարկե նրա գրի մեջ պատահում են նաև դիալոգային շանս ունեցող ձևակերպումներ (‹‹Ախր դժվար բառ է. պատերազմ, թշնամին նրա համար է, որ դաժան լինի, բայց մեռնողի հետևից չեն մեռնում››), սակայն այս հեղինակին դրամատուրգիական սուր հոտառությամբ մի փորձահմուտ խմբագիր է անհրաժեշտ, որ Բեգլարյանի ստեղծագործական մտքերից բեմական արժեք ունեցող հատվածերը կոմպոզիցիոն օրինաչափությունների տրամաբանությամբ թատերագրական համակցման ենթարկի:

Ինչևէ, Կարինե Խոդիկյանի գրի առած ‹‹Որտեղ էի՞ր մինչև հիմա›› պատմվածքի մասին խոսելիս՝ չենք կարող չնշել, որ գրողական բազմափորձությամբ առանձնացող դրամատուրգի տեխնիկական պրոֆեսիոնալիզմը փայլեց իր ողջ հմայքով: Վարպետություն, որում համոզվելու համար բավարար է ներհոգեկան քարացածության դարձերեսը արտաքո կարգի քնարական թեթևասահությունը դարձնող նրա պատումից հիաշատակել մի բանալի ձևակերպում. ‹‹բոլոր պատերազմները նման են իրենց դաժանությամբ, բոլոր պատերազմողները տարբերվում են իրենց սիրով››: Այո, կռիվն այդպիսի խիստ արտառոց բան է և իր պատերազմական լռությունն էլ սովորականներից չէ, որի տիրույթում ներքուստ տեղայնացվելը հոգեկան ամայության հետ լռախոս զրույց է հիշեցնում:

Ամպագոռգո՞ռ է բնորոշումը թվում… իզու՛ր, շա՜տ իզուր, քանզի դատարկությունը սպանիչ լռությանը հավասարազոր դավ է, որին, ավաղ, բախվեց գրի առված պատմություններից երկուսի հերոսների արժևորումը: Ընթերցանությանը ներկա այդ երկու տղաների՝ Էրիկի և Տիգրանի այսպես ասած անուղղակի մեծարման գործառույթ-առաքելություն ունեցող տարրական վերբերմունք-ուշադրությունը (չափազանց ծանր գնով վաստակված): Հավուր պատշաճի թվաքանակի  հանդիասականի ներկայությունը(ՀԹԳՄ փոքրիկ դահլիճը մեղմ ասած կիսադատարկ էր), որ փաստացի դուրս չգար այնպես, թե ականապատ հիշողության հայցվորների պատերազմական պատմությունները անհրաժեշտ ու հետաքրքիր են դրանք գրի առնողներին, կարդացող դերասաններին, մի քանի թատերագործչի ու մի այդքան էլ թատերասերի: Մինչդեռ, այս թատրեայնացված ընթերցանությունից մոտ կես ժամ առաջ դահլիճը լեփ լեցուն էր: Կնշանակի՝ երկիրն ու այն գոյաձևող արժեքները մենք կարևորվում ենք այնքանով՝ որքանով, մեր ու մեր մտերիմների պրիզմայի սահմաններում: Ինչու՞, որովհետև երկրի հանդեպ իրենց անսեռ սերը պարտադիր կերպով միայն  բազմահազարանոց լսարանի առջև բոզալացով խոստովանողները լավագույն դեպքում՝ պսեվդոքաղաքական ցնորախաղով են տարված, վատագույն վարկածում՝ ազգախնդիր զվարճանքով: Լալահառաչ արդարացումներով չխաբե՛նք ինքներս մեզ: Մեր երեսպաշտ մեծախոսությանը խորամանկած ադրբեջանցուն այդ ի՞նչը պետք է ստիպի հայ ռազմագերու հանդեպ մարդասեր լինել, եթե մեզանում երկրի նմանօրինակ արժեքների հանդեպ պատասխանատվությունը լոկ բառային մակարդակում է:

Գիտենք նաև ու չենք հերքում, որ հեշտ չէր լինելու այդ պատմությունները դերասանների գերազդեցիկ ընթերցանությամբ լսելը: Այնուհանդերձ, մեռնելիք չէ՛ր: Ավելի՛ն, եթե այս մի հոգեբանական փորձությունից են անհասկանալի պատճառաբնություններով խուսափում, ապա պատերազմի դժոխային դաշտից ինչպես կճողոպրեին: Հայրենիքի մասին պատեհապաշտական հանրագրեր ու զուտ ինքնագովազդային բանաստեղծություններ գրելով տղերքին հավիտյանս պարտք առարկայական ուշադրությունը բզկտված կներեսի՞ են նենգափոխում: Թե՞ ոմանց քաղքենական էթիկետում ու դրանից արտածված մտածումներում հարկի, թե՝ անհարկի օգտագործման կանոնիկ պոռնիկ է այն(ներումը): Ու քանի դեռ ձեռքի հետ էլ տարրական հպարտությունը վերջնականապես չի հարճացել, ստիպված ենք առանց անկեղծ պատասխանի ակնկալիքի հարցապնդել: Միթե՞ մենք թուրքից ավելի թուրք ենք ուզում լինել մեր կիսակատար ԵՍ-ի անհատույց կորուստների վրեժն առնելու համար: Ցավոք, ոչինչ չի բացառվում…

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

964 հոգի