Մայիսի 27-ին «Մետրո» թատրոնում վիճակվեց տեսնել ռուսական «նոր դրամայի» անթագակիր արքա Իվան Վիռիպաևի ամենահայտնի գործերից մեկը՝ ««Դելի» պարը», ռեժիսոր Հռիփսիմե Շահինյանի բեմադրությամբ:
««Դելի» պարը» յուրահատուկ կառուցվածք ունի, ըստ էության՝ յոթ փոքրիկ պիեսից կազմված դրամատուրգիական շարան է, որտեղ ինչ-ինչ փոփոխակումներով խաղարկվում է կյանքին ու մահվանն առնչվող գրեթե նույն իրավիճակը կամ դրա հնարավոր տարբերակները նույն գործող անձանց (հինգ կին և մի տղամարդ) մասնակցությամբ: Քանի որ Վիռիպաևի թատրոնն ամենից առաջ խոսքի թատրոն է, այստեղ իշխում է տեքստը. կերպարներն ավելի շատ գաղափարների ու մտքերի, հույզերի ու ապրումների ձայնափող են, քան որոշակի անհատական հատկանիշներով առանձնացող հերոսներ:
Հռիփսիմե Շահինյանն անթերի զգացողությամբ ընկալել է Վիռիպաևի բեմական աշխարհի սպեցիֆիկան: Պիեսի բեմադրական ոճը «աննկատ» ռեժիսուրան է (որ չի վախենում ինքնասահմանափակումից), ժլատ արտահայտչամիջոցները ասկետիզմի աստիճանի, մինիմալիզմն ամեն ինչում: Հիմնական բեռը դրվել է այս էկզիստենցիալ միստերիայի դերակատարների ուսերին, որոնք բոլորն էլ (Արևիկ Գևորգյան, Վիլեն Սարգսյան, Նորա Բադալյան, Սոնա Մնացականյան, Նունե Ղարիբյան, Արմինե Հակոբյան) իրենց նկարագրով ու խաղաոճով դարձել են պիեսի բեմական լուծման օրգանական մասը. նրանց երկար մենախոսություններն ու երկխոսությունները սիրո, տառապանքի, կարեկցության, ահի ու մահվան մասին ուղեկցվում են զուսպ դիմախաղով, հատուկենտ ժեստերով և չընդգծված պլաստիկայով:
Շատ նուրբ ու տեղին են օգտագործված հումորն ու հեգնանքը: Հայաստանում թագավորող ավանդական թատրոնի ֆոնին այս ներկայացումը կարող է ավելի քան արտառոց թվալ, բայց հենց դրանով է ուշագրավ և հետաքրքիր: Ինձ խանգարեց միայն հայերեն թարգմանության շատ գրական բնույթը, մինչդեռ տեքստն ավելի շատ պիտի հարեր խոսակցական լեզվի բնական տարերքին:
Ինչևէ, շնորհակալություն Հռիփսիմե Շահինյանին և բեմադրության բոլոր մասնակիցներին տրորված արահետներով դոփելու փոխարեն թատերական նոր ուղիներ փնտրելու և մեր թատրոնը թարմացնելու աննախապաշար համարձակության համար:
28.05.2021
ԶԱՎԵՆ Բոյաջյան