21.09.2020 01:18
Մարդկության անտեսանելի թշնամի «COVID 19»-ը թատերագետներիս 2020 թ.-ին ստիպեց քննախույզ հայացքը բեմի հայելակամար հարթությունից դեպի վիրտուալ հարթություն ուղղել: Մարտ ամսից փակվել էին կրթական, մշակութային, պետական հաստատությունները: Երկիրը թթվածնային անբավարարությունց ուշագնաց հիվանդի էր նման: Կարծես մեկը սեղմել էր STOP կոճակն ու կանգնեցրել կենսառիթմերը…
Չէինք ցանկանա կրկնելով պատմել այն ինչը բոլորս ենք վերապրել, քանի որ համացանցը, տեսալսողական տեխնոլոգիաների միջոցով, հասանելի էր դարձնում մարդկանց կենսակերպը, զգացմունքներն ու մտքերը: Կյանքի անապագա իրականության այդ փուլում շատերիս համար ժամանակի արդյունավետ օգտագործման առիթ դարձան օնլայն հարթակում ցուցադրվող բազմաթիվ նախագծերը, հեղինակավոր բեմերում ներկայացված լավագույն բեմադրությունները, համերգներն ու ցուցահանդեսները: Այլ հարց է, թե որքանով էին դրանք փոխարինում գեղարվեստի հետ կենդանի շփման ընթացքում առաջացող յուրահատուկ զգացողություններին…
Այդուհանդերձ, չենք կարող չնշել, որ իրականացվեցին հետաքրքիր նախագծեր, փորձարարական սկզբունքով արված աշխատանքներ, որոնք նորարարական էին հայ հանդիսատեսի համար: Իհարկե իրենց գեղարվեստական ներուժով և էսթետիկական գրավչությամբ աչքի ընկնողներն անթիվ անհամար չէին: Եղածներն էլ խորը մշակման անհրաժեշտություն ունեին: Եվ սակավաթիվ այդ նախագծերից փոքրիշատե առանձնանում էր «ԹթվաԾին» օնլայն վերբատիմը: Հատկապես այս պարագայում տեղին է նախագծի նմանօրինակ բնորոշումը, որովհետև Կարո Բալյանի նախաձեռնությունը բեմադրության և թատրոնի պայմանաձևի հետ որևէ աղերս չուներ: Եթե իհարկե ապագայում ռեժիսորը չվերափոխի այն՝ հարմարեցնելով թատրոնի գեղագիտական ու համակարգային պահանջներին: Որոշակի բեմավիճակների առկայություն, դերարվեստի բեմական ձևաչափ (տեսախցիկի առջև խաղաձևային պահանջները փոխվում են):
Այսպիսով, «ԹթվաԾին» վավերագրական–վիրտուալ նախագիծը առողջապահական կառույցների տարբեր աշխատակիցներից փաստագրված իրողության և այդ բժիշկների մտորումների համակցումից համահավաքված պատմությունների շարք էր: Ու քանի որ, ռեժիսորի նախընտրած թեման համավարակն էր, նպատակահարմար էր գտնվել «Verbatim» (թարգմ. անգլերենից - բառացի) տեխնիկայի միջոցով նյութի բառացի վերարտադրումը: Բնականաբար, սարսափելի իրավիճակներն ու մարդկային «անլրջության» ողբերգական հետևանքները փաստավավերագրական մերկությամբ մատուցելու համար տեսաբանների կողմից «տեղեկատվության դոնոր» կոչվածին էր կերպարների ձևային հիմքը դարձել: Հարցազրույցի հրավիրված, և պատմությունը պատմող բուժաշխատողներին էին կերպարավորում դերասանները՝ վերարտադրողաբար ներկայացնելով նրանց պատմությունները: Բայց ելնելով կերպարների և դրանց նախատիպերի խարակտերային բազմազանությունից, իրականության հանդեպ նրանցից յուրաքանչյուրի սուբյեկտիվ վերաբերմունքից՝ «Թթվածին» նախագիծը կբաժանենք չորս պայմանական հատվածների: Պատրանք (իլյուզիա), իրականություն, հույս և մարդասիրություն:
Տեսարան առաջին. խոսքը տրվում է ՀՀ քաղաքացուն, բնականաբար, ամեն ինչ որոշում է ժողովուրդը տրամաբանությանը հավատարիմ: Իսկ քաղաքացին թերահավատ է, տարբեր աղբյուրներից հորդող տեղեկատվությունից ապակողմնորոշված, մոլորված, «անլուրջ»: Խոսում է այնպիսի վերամբարձ տոնով, ձևակերպումներով, ասես հենց նոր է եկել «COVID 19» վիրուսը հետազոտող լաբորատորիայից ՝ համոզված, որ ոչ մի վիրուս էլ չկա: Ինչո՞ւ… միթե՞ կարելի է համացանցային ոչ մասնագիտական հոդվածների օգնությամբ կարծիք ձևավորել և պարտադրել ուրիշներին՝ առանց սխալական լինելու որևէ կասկածի: Եվ մեկ անգամ ևս՝ ինչո՞ւ…
ՀՀ քաղաքացուն ներկայացնող Արմեն Միքայելյանը ստեղծել էր համացանցային տիրույթում լավ «հղկված» կերպար, ով եթե աշխարհն էլ շուռ գար, միևնույն է պնդելու էր իր կարծիքը. «ոչ մի կոռոնա էլ չկա, սաղ սուտա…»: Նա ապրում էր իր ստեղծած պատրանքային իրականության մեջ, սեփական անգիտության ողբերգականությունը չգիտակցող: Կերպարը ներկայացվում էր շատ հանդարտ, անհողդողդ իր սկզբունքների մեջ, անվրդով կեցվածքով, ձայնի անտարբեր տոնով, բայց բառերն հստակ արտաբերելով: Դերասանի ստեղծած կերպարը մեզ շատ ծանոթ էր, քանզի թե կենդանի շփման տիրույթում, թե օնլայն հարթակում կարելի է տեսնել սեփական կարծիքի անքննելիությունը պարտադրող, իսկ իրականում տափակ ու անգրագետ կամակատարների: Դերապատկերման ընտրված կերպաձևը համահունչ էր նախատիպին, ներկայացվում էր ճշգրիտ ու համոզիչ:
Սերիալային տիրույթում բավականաչափ դերեր խաղացած Անուշիկ Առաքելյանն ու վերջերս երգիծականից հակադարձ ժանրին կտրուկ անցում կատարած Մկրտիչ Արզումանյանը ներկայացրեցին համաճարակի էպիկենտրոնում կռիվ տվող մարդկանց. առաջինը՝ նախարարության աշխատակցուհի, երկրորդը՝ հիվանդանոցի հոգեբանական ծառայության ղեկավար: Նրանք կարողացել էին նախատիպերի ապրումներին ու մտորումներին քիչ թե շատ էմպաթիկ մոտեցում ցուցաբերել, որովհետև անձնավորման զգայական փորձառության հիմքում համաժողովրդական հուզական վարակի իրենց բաժնեմասն ունեին: Ա.Առաքելյանը ներկայացնում էր ընտանիքից տևական ժամանակ հեռու գտնվող կնոջ: Պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող կինը, արտաքին էֆեկտայնությամբ պահապանելով անհողդողդ, ուժեղ կնոջ փայլը, միևնույն ժամանակ չէր կարողանում թաքցնել խորը կսկիծն ու ցավը: Աչքերում երբեմն արտացոլվող անսեթևեթ լարումն ու թևաթափության նրբերանգներ հոլովող դադարները մատնում էին, որ հազիվ էր կարողանում զսպել արցունքները, խեղդել կարոտի փղձկոցը: Մ. Արզումանյանի կերպարը չնայած՝ հոգեբան էր, բայց ինքն էլ էր զգում հոգեբանական աջակցության կարիք: Քսանչորս ժամ ապրում և թիկունքում զգում էր մահվան ու պնդերես հուսահատության շունչը, որոնց միս ու արյուն տալու համար դերակատարն արտահայտչական ելակետ էր դարձրել անորոշությունը: Իսկ որպես հետևանքի վերարտադրման վերջնահանգրվան ընտրել վախը:
Հաջորդիվ, կադրում հայտնվում են հիվանդանոցի 5-րդ բաժնի վարիչի պաշտոնակատար, ինչպես նաև փոխտնօրենի պաշտոնակատարը (դերակատար Լուիզա Ներսիսյան) և 6-րդ բաժանմունքի վարիչը (դերակատար Մխիթար Ավետիսյան): Թատերական-էստրադային, ինչպես նաև հեռուստատեսային նախագծերից հայտնի երկու դերասանների զուգախաղը դրամատուրգիական հակամիասնականությամբ լցրեց նախագծի դիպաշարը՝ դրան հաղորդելով հետաքրքիր ռիթմ: Թեև նրանց պատմությունները նույնպես հուսադրող չէին, սակայն դերասանների նյութի կատարման և դրամատիկական լարումներ պահանջող հատվածների պրոֆեսիոնալ մշակումը ինչ-որ հույս էր ներշնչում և օգնում պատմությունը եզրափակել հուսադրող մտորումներով: Ի դեպ Լուիզա Ներսիսյան դերասանուհուն հատուկ էպատաժային խառնվածքն ու հաճախ էքսցենտրիկ, հարկ եղած դեպքում՝ գռեհիկ (իհարկե բառիս խաղային իմաստով), կերպարի բնավորությունը դետալային շտրիխներով ներկայացնելու խաղաոճը մեզ համար նորություն չէ : Կերպարի հուզական վիճակի գունապնակը կազմելիս դերասանուհին միշտ է օգտագործում փոքրիկ դետալներով դրան յուրահատուկ հմայք հաղորդելու դերասանական հնարքը, այն է՝ իրադրության ամենալարված պահին կարծես թե ակամա, կիսահեգնական տոնով հնչեցրած նրա ռեպլիկները միտված են էլ ավելի ընդգծելու գործողության դրամատիկական լարումն ու կերպարին տալիս հետաքրքիր բնութագիծ: Ասում են՝ այդպես էր հաճախ խաղում Սիրանույշը. «պատահաբար այդպես ստացվեց և ինքը չէ պատճառը» (Դ.Դեմիրճյան, հ14, էջ 170) հնարքով: Նմանօրինակ մի հնարք էլ դերասանուհին կիրառեց տեսարաններից մեկում, երբ իբրև պատահաբար գցեց այդ պահին զանգաձայն արձակող հեռախոսը, շատ հանգիստ, անտարբեր վերցրեց այն, ներողություն խնդրելով գնաց խոսելու: Իհարկե սա կերպարի զբաղվածությունն ընդգծելու յուրօրինակ լուծում էր, վերբատիմային ձևաչափում ընդունելի: Պարզապես տվյալ անսպասելի գործողությունն էլ ներքին միկրոնացումով հասունացման կարիք ունի, որպեսզի եղելության հանկարծակիության հավաստիությունը չստվերվի: Ինչ խոսք, անսպասելի էր նաև դրամատիզմ հարուցող կերպարային վարքագծում Մխիթար Ավետիսյանի ցուցաբերած էմոցիոնալ անկեղծության նորորակությունը: Դժվար է մտաբերել նրա որևէ դերակատարում, որում այս դերասանը կարողացել է այդչափ պարզությամբ նմանօրինակ մտահոգեկան որակներ վերարտադրել: Թեպետ հասկանալի է նաև, որ նա, որպես հարազատի անդառնալի կորուստը քաջ գիտակցող հասուն մարդ, տեքստի հետ աշխատանքում հնարավորություն է ստացել ոչ ապրիորի մտակշռել նմանօրինակ ցավից սերող զգացմունքների ինքնությունն ու դրանք հաղթահարելու թթվածնային անհրաժեշտությունը:
Ցավոք Լուիզա Ներսիսյանի և Միխիթար Ավետիսյանի կատարումներից ստացած դրական տպարվորությունը չի շարունակվում հաջորդ կատարաման ընթացքում: Բժիշկ համաճարակաբանի նախատիպը ներկայացնող Միլենա Ավանեսյանը՝ հավանաբար չունի վերբատիմային, կամ գոնե վավերագրական ձևաչափով նախագծերում մասնակցության բավականաչափ փորձ: Դերասանուհին փորձում է արհեստական դրամատիզմ հաղորդել կերպարին, իրադրությանը, ինչի արդյունքում այն դառնում է նվնվան աղջնակ: Այնինչ, նախատիպը տարիների փորձառությամբ, հարյուրավոր դեպքերի ու հիվանդությունների ամենատարբեր դրսևորումների ականատես բժիշկ է:
Ասածիս ապացույցն է Սաթենիկ Հազարյանի կատարումը: Դերասնուհին նույնպես ներկայացնում է բժիշկ համաճարակաբանի: Իր առինքնող գրավչությամբ, ձայնի հետաքրքիր տեմբրով, որը դերասանուհին օգտագործում է կերպարի մտահոգեկան լարվածությունն ու անհանգստությունը ճշգրիտ ներկայացնելու համար: Եվ ահա լիրիկա-կատակերգական դերակատարումներով հայտնի դարձած դերասանուհին, այս նախագծում որդեգրել էր լիրիկա-դրամատիկական հերոսուհու պատկերման սկզբունքը: Հոգեբանական վճիռն ամբողջանում էր զուսպ, սթափ, համոզիչ ու վստահ տոնայնության մեջ: Առանց ավելորդ դրամատիզմի ու գերխաղի:
Հաջորդիվ տեսնում ենք արդի երգիծական (Stand up) ժանրում ստեղծագործող Զառա Սահակյանին և հեռուստահաղորդավար Արման Մարգարյանին, ովքեր պատկերում են համաճարակի դեմ պայքարող թիմի անդամաներին: Զառա Սահակյանի համար դերապատկերման այս ձևաչափը թերևս ընդունելի չդարձավ, իսկ պատճառը ոչ թե մեզ ծանոթ դերասանական ամպլուայից դուրս դերասանուհուն չընկալելն էր, այլ կոմիկական դիմակի հաղթահարման անկարողությունը:
Ինչպես արդեն նշել էինք նախագիծը պայմանականորեն բաժանել ենք չորս մասի: Երեք մասերից առաջինը` ՀՀ քաղաքացու դիրքորոշումն էր, որն էլ անվանել էինք մահավտանգ իրականության հանդեպ անլուրջ վերաբերմունքի արգասիք պատրանք, երկրորդը՝ առողջապահական համակարգի աշխատակցուհու և բժիշկ հոգեբանի հատվածն էր, որը իրականությունն էր իր բոլոր ողբերգական երանգներով: Լուիզա Ներսիսյանի և Մխիթար Ավետիսյանի պոզիտիվ դուետը հույսն էր՝ երրորդ մասը:
Չորրորդ երզափակիչ մասն անվանել ենք մարդասիրություն: Դերասան Ստեփան Ղամբարյանը ներկայացնում է ՆԻԿՀ-ի տնօրենին, սա նախագծի վերջին տեսարանն էր, որը դերասանի կատարման շնորհիվ ստացել էր յուրօրինակ լուծում: Առաջին հայացքից ուշադրություն է գրավում դերակատարման հետաքրքիր ռիթմը: Այն ուներ ֆիզիկական և կամային նշանների հետաքրքիր հաջորդականություն. խոսք – հայացք – դադար… լռություն, կրկին խոսք-հայացք-դադար…
Հայացքը կիսով չափ է վերև բարձրանում, ճակատին կարելի է տեսնել անասելի ցավի դրոշմը, այնուհետև տրամադրությունը մինագամից փոխվում է: Մեր առջև պայքարող, ազնիվ, չհուսահատվող մարդն է: Պատմության ամբողջ ողբերգականությունը կարելի է զգալ դերասանի կիսատ հայացքների ու դադարների արանքում, կիսատոն հնչած բառերի մեջ:
Հայկական օնլայն հարթակում «ԹթվաԾին» նախագիծն առաջին վերբատիմներից մեկն էր: Ինչն էլ թերևս թատերախոսության համար պատճառ հանդիսացավ: Ճիշտ է խնդրիը ակտուալ էր, սլաքների ուղղությունը նպատակամետ, սակայն մի քանի պատճառով չկարողացավ հասնել նշանակետին: Պատճառներրից առաջինը թերևս իրականացման հապճեպությունն էր՝ առանց ռեժիսորական հետևողական աշխատանքի: Կարծես թե ընդունված ավանդույթ է, որ նման ձևաչափով արվող նախագծերը իբրև թե ջանք ու պրոֆեսիոնալ աշխատանք առանձնապես չեն պահանջում, այնուամենայինվ, եթե կա ռեժիսոր, ուրեմն, հանդիսատեսն իրավունք ունի սպասելիքներով նախատրմադրվել: Ենթադրում ենք՝ պատճառներից մեկն էլ դերասանական խմբի տարերային ընտրությունն էր: Ընտրելով խարակտերային տարբեր նիշերի դերակատարների՝ նույնիսկ ոչ դերասանների, ռեժիսորը, հավանաբար, փորձել է խայտաբղետ հասարակության հավաստիության պատկեր ստանալ, դիպաշարին հաղորդել սոցիալական սուր ուղղվածություն, ինչը սակայն այդքան էլ արդարացված չէր: Գերխնդիրն ու հանգուցալուծումը մնում են անհասկանալի: Եթե չլիներ երկու երեք փորձառու դերակատարների նաև հանրահռչակ ներկայությունը, նախագիծը, սուր սոցիալական իրավիճակից զատ որևէ արժանիք գրեթե չէր ունենա:
Այսուհանդերձ, լիահույս ենք, որ ապագայում նախագիծը մանրակրկիտ վերամշակումից հետո կկարողանանք տեսնել բեմահարթակում, որպես վերբատիմային բեմականացում: Չէ՞ որ ժամանակակից թատերարվեստում այս ձևաչափով ներկայացումների կազմակերպումը նորություն չէ: Վաղուց ի վեր իր ինքնադրսևորման անկյունն է գտել վավերագրական թատրոնում: