Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Չնայած քաղաքական այնօյիններին, էսօր Նար Դոսի տարեդարձն է: Երևի թե դրա պատվին էր, որ երեկ ТЮЗ-ում(ՊՀԹ) նրա պատմվածքների հիման վրա բեմավորում էին սարքել: Սարքել, բառիս ոչ դրական, ոչ էլ բացասական իմաստով, այլ ժամանակի ձեռամբ ամեն ինչը անհասկանալիության աստիճան սովորական դարձնող ընթացիկության: Մի քիչ արտասովոր է ընթերցվում, բայց բացատրեմ, թե ինչու եմ էս տեսակ կարծիքի:

Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը հեղինակի՝ խավարամտության գաղափարադրույթի միջոց էր դարձրել Ավետիք Իսահակյանի ‹‹կգա ոգու սովը›› նկատումի ցիտումն՝ իբրև տգիտության գենետիկ կոդի գալարուն հնչունապատկեր: Իրավ, հորիզոնական ութ հիշեցնող տեսարանապտույտներով խավարամիտ կեցության արատավոր փակ շրջանն է լինելությանը՝ տգիտության կոշտերը փխրեցնող Ցականին, սիզիփոսյան ճակատագրի դատապարտում:

Ընդ որում կրկներգային տրամաբանությամբ, քանի որ բաղաձայնական գդալաձայների (ցակ-ցակ-Ցական/ ցաքան) ուղեկցմամբ նմանաձայնորեն ու նշանաձայնորեն տգիտության կոշտերի վերացման պարբերական կարիքն է ակնարկվում: 

Որպես գաղափարաձև արտաքուստ, ինչ խոսք, համոզիչ է, միջավայրային ճնշող ազդեցությամբ, նույնիսկ՝ տպավորիչ: Բայց ներքուստ՝ թերակատար: Բեմականացնող Արմեն Սանթրոսյանը, կենսական նյութը դրամատուրգիական՝ դիալոգային ձևի մեջ դնելով, դիպաշարային գիծը արխիտեկտոնիկական լրման չէր բերել: Կրկնակի բարդ գործ է կոնտամինացիոն տեքստի այդօրինակ համակարգումը:

Ֆրագմենտար վեպում պատումների իրադարձային այդ կապի բացակայությունը ներքին սյուժեի հանգույն գոնե պատճառահետևանքային ուրվանշաններով են փոխհատուցում: Ու քանի որ այստեղ այդ ամենի փոխարեն ազգային տառապանքի դեպրեսիվ տրամադրություններն են առաջնագիծ մղվել, մնում ես նյարդային չքավորության պատկերաշարի տպավորության մակարդակում:

Որովհետև ընդամենը արձանագրվում է, չի՛ տրվում այն հարցի պատասխանը, թե կարիքից  ջղագրգռված(ջղակծկում հիշեցնող հանրային տեսարանների մեկնարկ-ավարտ ուղեգիծը) հանրույթն ինչու՞ է խավարամիտ ու ՏԳԵՏ: Այսինքն, ինչու՞ է այս թաղից հենց այդ տեսակ ձայն գալիս: Դե արի ու հասկացիր, թե Նար Դոսը Չեխովի ի՞նչն է, կամ էլ՝ Անտոնը նրա:

Թեպետ Քեշիշյան Անտոնի ծավալատարածական լուծումները  ռեժիսորական խաղարկումների տեսանկյունից բավականին խոստումնալից էին:  Հ.Գ.  Գրական մասի վարի՞չ, էտ <<ի՞նչ>> ա…

01.03.2021

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

1008 հոգի