Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

28.12.2020 22:46

Վերջին 10 տարիների ընթացքում թե մասնագիտության բերումով, թե´սուբյեկտիվ պատճառներով դիտել եմ երևանյան թատրոնների գրեթե բոլոր մանկական ներկայացումները:

 Թատերական արվեստը, որպես ժամանակային արվեստ գտնվում է անդադար զարգացման և վերափոխման ընթացքի մեջ՝ ժամանակի և նոր մոտեցումների պահանջներին համապատասխան: Բեմադրական լուծումներում կիրառվող ժամանակակից թվային տեխնոլոգիաներն այլևս նորություն չեն: 21-րդ դարում հատկապես դժվար է զարմացնել երեխաներին: Տեխնոլոգիական տարատեսակ միջոցներին, ավագ սերնդից առավել լավ տիրապետող փոքրիկ անհատներն, այլևս կաշկանդված չեն տարածաժամանակային սահմանափակումներով: Վիրտուալ խաղերի օգնությամբ կարող են տեղափոխվել երկրից երկիր, քաղաքից քաղաք, նույնիսկ մոլորակից մոլորակ: Սավառնել չուսումնասիրված գալակտիկաներում և հատել երկրի անսահման ուղեծիրը: Հետևաբար թատերական պայմանականությամբ ստեղծված հնացած մեթոդները դժվար թե լուրջ վերաբերմունքի արժանան, եթե կառուցված չլինեն վառ երևակայությամբ ու մասնագիտական բարձր պատասխանատվությամբ:

 Հետևելով մեր թատրոններում առկա մանկական թատերախաղերի կազմակերպման տրամաբանությանը, խաղացանկային քաղաքականությանը, ակնհայտ է դառնում որոշ թատերական հաստատությունների մշակութային քաղաքականության լավ կազմակերպվածությունը՝ գրական հիմքի, գովազդի, տեղեկատվական դաշտում հաջողությամբ ներկայանալու կարողությունը: Մեզանում թատերական պրոդյուսեր ասվածը նոր մասնագիտություն է, աշխարհում՝ վաղուց պահանջված: Հայ թատրոնը, թեև ուշացումով, այնուամենայնիվ գնահատել է այս մասնագետի թատրոնը միջազգային շուկայում ճիշտ և գրագետ ներկայացնելու կարևորությունը: Ասածիս վառ օրինակը Գյումրու Վ.Աճեմյանի թատրոնում տարիներ առաջ պրոդյուսերի կատարած աշխատանքն էր, որի շնորհիվ թատրոնն ունեցավ լուրջ խաղացանկային քաղաքականություն, գրավեց հանդիսատեսին, նույնիսկ մայրաքաղաքաից շատերը հասնում էին  Գյումրի լավ գովազդված ներկայացումը դիտելու:

Մանկական ներկայացումների պրոդյուսինգը դեռևս կայացման փուլում է: Գնահատելի է երիտասարադ ռեժիսորների գրավվածությունն այս գործին, որոնք էլ հաճախ ստանձնում են պորդյուսերի դերը: Օրինակ՝ երկու տարի առաջ հաճելիորեն զարմացրեց  Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում «Ուոլթ Դիսնեյ» անիմացիոն ստուդիայի կողմից նկարահանված «Սառցե սիրտը» մուլտֆիլմի   Լիլի Էլբակյանի բեմադրությամբ: Ու քանի որ մեր մասնագիտական պարտքն է խոսել ոչ միայն առկա խնդիրների, անհարկի, չարդարացված բեմադրական «վայ էքսպերիմենտների» մասին, այլև ներկայացնել արժանի աշխատանքները, պետք է նշել` որպես մանկական ներկայացման ռեժիսոր հետաքրքիր լուծումներով, հնարամտությամբ և նուրբ  ճաշակով առանձնանում վերը հիշատակված Լիլի Էլբակյանը:

Ակադեմիական թատրոնում «Սառցե սիրտը» բեմադրությանը հաջորդեց Ս.Մովսիսյանի արաբական «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածույում ընդգրկված հեքիաթներից մեկի հիման վրա բեմադրված «Ալլադին» բեմադրությունը: Ֆիլմերի, մուլտֆիլմերի բազմաթիվ տարբերակներով ներկայացված հերոսը, որին երեխաները շատ լավ ծանոթ են, ստացել էր նոր մեկնաբանություն: Գունեղ, հարուստ արտահայտչականությամբ, գունալուսային, աուդիովիզուալ շքեղ լուծումներով այս բեմադրությունը ևս տպավորիչ ներկայացումների շարքին է պատկանում:

 Ուշադրություն են հրավիրում Տիկնիկային թատրնում կազմակերպվող ինչպե´ս տիկնիկային, այնպե´ս էլ ամանորյա բեմադրությունները: Վերջիններս գրավում են իրենց արտաքին էֆեկտներով ու կազմակերպչական հմտությամբ: Հետևելով հայտնի ասույթին. Թատրոնը սկսվում է հանդերձարանից, բեմադրության մթնոլորտը նկատելի է թատրոնի նախասրահից: Ինչն էլ երեխաների համար ավելի գրավիչ ու տրմադրող է դարձնում սպասվող պատկերաշարը: Թատրոնում ամանորի  բեմականացումները ստանում են ռեժիսորական այնպիսի լուծումներ, որոնց օգնությամբ տոն-ներկայացումը դուրս է գալիս ավանդական «ёлка»-ի տպավորությունից՝ ստանում բեմադրական կշիռ:

Սակայն այս տարի (իհարկե իրողությունը երկրի ճգնաժամայնին իրավիճակով կարելի է բացատրել) Տիկնիկային թատրոնում ներկայացված «Նվերների աշխարհ» բեմադրությունը մեղմ ասած լաթակտորներից կարված վերմակ հիշեցրեց: Ս.Մովսիսյանը հավաքել էր վերջին երեք տարիներին բեմադրած ամանորյա ներկայացումների գլխավոր ֆրագմենտներն ու կերպարները, միացրել՝ ստանալով երաժշտական ներկայացում: Բեմադրական առումով հուսադրող: Եթե հաշվի չառնենք դերասանական խաղում որոշ բացթողումները (որպես սովորական հանդիսատես կարող ենք չնկատել, որպես թատերագետ՝ անտեսել չենք կարող), բեմավիճակների խառնափնթորությունը:

Վ.Բադալյանի թատրոնը յուրօրինակության սահմանագծից երբեք հետնահանջ չի ունենում: Դեռևս 2000-ականների սկզբից հիշելի են այս թատրոնի ինքնահատուկ էսթետիկական մոտեցումները. լուսաստվերային լուծումներով («Օֆելիայի ստվերների թատրոնը»), մենախաղի էլեմենտներով («Խելագարի հիշատակարանը»):

 Հետաքրքիր մանակական բեմադրություններ կարելի է տեսնել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում(Մոխրոտը), Երաժշտական կամերային թատրոնում(Կասպեր մկնիկը), Համազգային թատրոնում(Անբան Հուռին): Սակայն  ոչ բոլորն են առանձնանում իրենց բեմադրական արժանիքներով, թատերայնությամբ:    

 Երեխաներին որակյալ թատերական գեղագիտությամբ կրթելու կարևորության մասին, 20-րդ դարասկզբին, անվանի հայ թատերական գործիչ, ռեժիսոր Օվի Սևումյանի դիտարկումն իր մեջ ամբողջացնում է այսօրվա և ապագայի այն պահանջները, որին լավ կլիներ խստորեն հետևեին մանկական ներկայացումների բեմադրիչները. «Մանկական թատրոն» ասելովես հասկանում եմ մի թատրոն, որտեղ խաղում են անպայման իսկական արտիստ-դերասաններ: Իսկ ռեպերտուարը խստորեն կազմված, (ընդգծումը՝ Ս.Բ.) պետք է համապատասխանի իր նշանակմանը՝ մանկական թատրոնին: Մի խոսքով, տարբերությունը պիտի լինի սոսկ ռեպերտուարում, իսկ մնացած գործը տարվում է այնպես, ինչպես ամենալուրջ թատրոնում»: Ինչ խոսք, հայ թատրոնի ականավոր բարեփոխիչի այս դիտարկումը այսօր էլ իր մեջ դիպուկ և հրատապ հարց է պարունակում: Մանական ներկայացումները այլևս զվարճաբանություններ չեն կարող համարվել: Դրանք պետք է ընդգրկուն թեմաներով բեմադրություններ պիտի լինեն, թորձառու դերասնական կազմով, և ո´չ թե բեմադրիչների արվեստանոցի ուսանողներից: Անշուշտ թատրոնի հիմնական կազմից, որովհետև երեխային պետք է տալ լավագույնը, սովորեցնել լսել լավ երաժշտություն, դիտել լավ ֆիլմեր: Ընկալել արվեստը բարձր չափանիշներով, այլապես կունենանք ազգային կրթամշակութային նկարագրի ձևախեղում, ինչի նախաշեմ դիմածռիկության մատույցներում ենք…

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

824 հոգի