Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

28.12.2020  03:01

 Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» պոետիկ հեքիաթը ազատության գաղափարի ամենագեղեցիկ խտացումներից է, որը լույս աշխարհ գալով 1970-ականներին` մինչ այսօր էլ շարունակում է ընթերցվել ու խորհելու դրդել երիտասարդներին: Սա այն գրական գործերից է, որը դպրոցական հասակում պարտադիր պետք է կարդալ (հասուն տարիքում նույն էֆեկտը չես ստանա): Պատահական չէ, որ այն երեխաները, ովքեր ծանոթանում են թռչել սիրող ու թռիչքի տեխնիկան ուսումնասիրող ու կատարելագործող ճայի պատմությանը, հոգեբանորեն շատ ավելի կայուն ու պատրաստված են լինում կյանքի դժվարություններին, քան այն սերունդը, որի հիմնական ուղեկիցը հեռուստաէկրանն է` անվերջ երգերի, պարերի, մոդայիկ բրենդների ու գլամուրային անձերի շրջանառությամբ: «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ներքուստ ազատ լինելու երազանքի մասին է: Եվ այդ երազանքը (որը աշխատասիրության դեպքում իրականություն է դառնում) այսօր արդիական է առավել, քան երբեւիցե: Արդիական է՝ որպես ապրելակերպի մոդել, սկիզբ, վերջիվերջո` որպես սեփական կյանքը բարձրակետից (այլ ոչ թե անդունդից) գնահատելու մեկնակետ:

 Եվ պատահական չէ, որ Երեւանի Գեղագիտական կենտրոնին կից ստեղծված «Փոքր թատրոնը», որն աշխատում է երեխաների հետ ու հիմնվում նրանց ներուժի վրա, նոր բեմականացման հիմք է դարձրել Ռիչարդ Բախի այն պնդումը, որ յուրաքանչյուրիս մեջ Ջոնաթան Լիվինգսթոն ճայ է ապրում: Այսինքն` թռիչք տենչացող էակը բնավ էլ չի քնել` տաքուկ փափաթվելով զիջումների վերմակի մեջ, այլ անընդհատ զգոն վիճակում է ու պատրաստ է բազմաթիվ զրկանքներ ու տանջանքներ կրել` միայն թե սովորի թռչել ու թռիչքի բերկրանքը զգալ: Այդ մասին արժե հիշեցնել մեր երեխաներին։

 Ջոնաթան Լիվինգսթոն ճայն ուզում է ոչ թե կրկնօրինակել ու նմանակել, այլ` ինքնուրույն փորձարկել ու սովորել: Նրա փորձարկման դաշտը անսահման երկինքն է, որտեղ նրա ունակությունները նույնպես անսահման են: Նա թռչում է ավելի վեր, ավելի արագ ու ավելի վարժ: Այդ փոքրիկ անհնազանդ էակը թռիչքի (կյանքի) հնարավորությունները հետազոտելուց հաճույք է ստանում: Եվ պատահական չէ, որ գիրքը հաճախ ձեւավորվում է ոչ թե թռչունների, այլ թեւավոր մարդկանց պատկերներով, քանի որ այս վիպակի այլաբանությունը չափազանց թափանցիկ է: Ավելի գեղեցիկ մեկնակետ երեխայի համար լինել չի կարող:

 Գեղագիտական կենտրոնում գործող «Փոքր թատրոնի» ստուդիայի 20 սաները իրենց թատրոնի փոքրիկ բեմ են դուրս գալիս որպես սպիտակազգեստ ճայեր, որպես սպիտակ սերունդ, որն ամեն բան սպիտակ էջից է սկսում: Այս ներկայացման մեջ բոլորն էլ սովորող ու իրենց նպատակին հասնող Ջոնաթաններ են: Բեմադրության հեղինակ Վահան Բադալյանը դերաբաշխումն արել է այնպես, որ այդ միտքը ծագի հանդիսատեսի եւ ամենակարեւորը` հենց երիտասարդ դերասանների մոտ: Բավական բարդ տեքստային հատվածները ձայնագրել են պրոֆեսիոնալ դերասանները, իսկ բեմի վրա հայտնված սպիտակ սերնդին մնում է միայնթռչել: Նաեւ զրուցել իրար հետ` պարբերաբար կրելով տարբեր ճայերի դիմակները: Այս պլաստիկ ու ռիթմիկ ներկայացման մեջ երեխաներն իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում, ճիշտ կլինի ասել` ինչպես ճայը երկնքում, որը հանկարծ կարող է մոռանալ սնունդ հայթայթելու իր առաքելության մասին, ականջ դնի ներքին ձայնին ու վեր սլանա։ Հստակ ընդգծված միզանսցենների մեջ յուրաքանչյուր դերասան իր ունակությունները դրսեւորելու շանս է ստացել, երեխաները շատ տարբեր են եւ տարբեր կերպ էլ կարողանում են բեմի վրա շարժվել։ Եվ հենց դա է ներկայացման հմայքը, չէ՞ որ ճայերը, ինչպեսեւ՝ մարդիկ, խիստ տարբեր ենԵրեխաներից ոմանք դժվարությամբ, ոմանք էլ՝ պարզապես զարմանալի ճկունությամբ են սավառնում, ընկնում, նորից բարձրանում, պարապում, փոխում թռիչքի տրամագծերն ու անվախ (կամ էլ ընդհակառակը՝ վախվորած) բացում իրենց թեւերը (կներեք՝ ձեռքերը)։

 Թռիչքի պատրանքը շատ լավ բեմական հնարք է, որը ցուցադրում է մարմնի պլաստիկան, ոչ միայն հղկում է դերասանական ֆակտուրան, նաեւ՝ ամրապնդում է բեմական դիսցիպլինան (հատկապես զանգվածային թռիչքի հատվածներում), որին ենթարկվելով` դերասանները ստանում են իրենց թատերական ազատությունը։ Ի վերջո, ցանկացած երամ բաղկացած է անհատներից։ Եվ Վահան Բադալյանն էլ հենց դա է շեշտում: Նա իր երիտասարդ դերասաններին թռիչքի համար անհրաժեշտ անձնական տարածք է թողել, որպեսզի յուրաքանչյուրն իր երեւակայության չափով արտահայտի վիպակի փիլիսոփայությունը։ Իհարկե, նկատվում է, որ երեխաներն իրենց համառությամբ ու անհնազանդությամբ ոչնչով չեն զիջում գրական Ջոնաթան Լիվինգսթոնին, սակայն նրանք բոլորն այն թանկարժեք հումքից են կազմված, որից կարող է (միգուցե) լավ դերասան ստացվել։ Իսկ եթե չստացվի, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, նրանք պարզապես ավելի պլաստիկ, գրագետ ու աշխատունակ կլինեն, քան իրենց հասակակիցներն են։ Կդառնան այն սպիտակ սերունդը, որը նվազագույնը ուսանել է թռիչքի առաջին դասարանում ու համոզվել է, որ ուսումը անվերջանալի շղթա է։

 Հայտնի կոմպոզիտորի ժառանգը լինելով`օդաչու Ռիչարդ Բախը ստեղծեց իր միայնակ ու թախծոտ գլուխգործոցը՝ հասցեագրելով այն երիտասարդ ու հանդուգն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում «սահման» բառը, ունակ են հակադրվել երամային հիերարխիային ու վերիմաստավորել իրենց դերը բնության մեջ: Եվ եթե կարողացար ներքին ազատության պահանջը չլռեցնել, ապա կկարողանաս թռչել ավելի հեռու ու ավելի արագ: Եվ ուսման պրոցեսից էլ հաճույք կստանաս։ Իսկ դա այսօր լավագույն ուղերձն է, որը (առանց ավելորդ ռոմանտիկայի) կարելի է նվիրել երիտասարդ հայաստանցիներին։

 Ջոնաթան Լիվինգսթոն ճայը չի վախենում այլախոհ լինել ու միայնակ մնալ, նա փորձում է պատասխանել «Ինչո՞ւ» հավերժական հարցին: Ինչո՞ւ ենք ապրում, թռչում, ուտում, ենթարկվում ու ընդվզում, ուսուցիչներ փնտրում ու ուսուցիչներ դառնում: Եվ այն երեխան, ով ճիշտ ժամանակին նույն հարցերը ինքն իրեն է տալիս, հետագայում վարժվում է չբավարարվել եղածով, այլ որոնել, ուսումնասիրել, եւ վերջիվերջո` չվախենալ այն խոչընդոտներից, որոնք պարտադիր ծագում են որոնման ճանապարհին: Այդ հարցերի շարանի բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ մարդ արարածը մեծանալուն պես` ոչ միայն ինֆորմացիայի, այլեւ՝ էմոցիաների կուտակման հարցում այդպես էլ չի հասունանում։ Կան գործեր, որոնց հետ հաղորդակցվելով էլ կարողանում ես էմոցիոնալ զրահ ձեռք բերել ու հետագա կյանքում օգտվել այդ զրահի պաշտպանությունից։ Ինչպես ասվում է «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» պոստմոդեռնիստական առակում. «Հետազոտել, սովորել ու ազատ լինելՍա է կյանքի իմաստը»:

 «Փոքր թատրոնի» այս ներկայացումն առաջին հերթին երեխաներին է ուղղված։ Բոլոր երեխաներին։ Հավատացնում եմ, որ դիտելով ներկայացումը ձեր զավակների հետ, դուք նրանց համար մի փոքրիկ երեւակայական դուռ կբացեք։ Մնացածը կանի երեխան։ Արդեն ինքնուրույն։

Նյութի աղբյուրը` 168.am

10.03.2011

ՆՈւՆԵ Հախվերդյան

593 հոգի