Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

25.12.2020 00:00

Դերասանական բացառիկ տաղանդից զատ Պետրոս Ադամյանը,  աչքի է ընկել  նաև իր գրական ու գեղանկարչական ձիրքով: Եվ եթե բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ ու հուշեր են տպագրվել նրա դերասանական արվեստի մասին, լույս են տեսել արտիստի բանաստեղծությունները, ապա Ադամյան-նկարիչը մնացել է Ադամյան-դերասանի ստվերում: Արտիստը սիրով ու լրջորեն է մոտեցել նկարչությանը: Երբեմն հոգնած դերասանի թափառական կյանքից ափսոսել է, որ հիմնական ստեղծագործական ուղին նկարչությունը չի դարձրել: Մարի Բեոսոցկայային ուղղված նամակում նա գրել է. «Եթե ես նախապես գիտենայի, թե ինչ է թատրոնը, և թե ինչպես մարդ կարող է տառապել այդ ասպարեզում, երբեք դերասան չէի դառնա. ընդհակառակը՝ կզարգացնեի իմ ընդունակությունները նկարչության մեջ, խաղաղ սրտով կուսումնասիրեի այդ արվեստը…»1

 Թատերական գործունեության հազվադեպ դադարների ընթացքում նա զբաղվել է նկարչությամբ, եղել Օդեսայի Գեղարվեստի ընկերության անդամ: Գրականության և արվեստի թանգարանում, Ադամյանի ֆոնդում պահվում են նրա գրաֆիկական աշխատանքները, ափսեանկարները, յուղաներկ դիմանկարներն ու նատյուրմորտները: Գեղանկարչության մեջ նա ինքնուս է, սակայն նրա ընկերներն են եղել Հովհաննես Այվազովսկին, Գևորգ Բաշինջաղյանը և Վարդգես Սուրենյանցը, նաև՝ ռուս և ուկրաինացի գեղանկարիչներ: Ադամյանը շատ արվեստագետների նկարներ է նվիրել և նրանցից նվերներ ստացել: Նրա ֆոնդում են պահվում Այվազովսկու երկու կոլաժները («Այվազովսկին իր նկարած ծովանկարի մոտ») և մեկ գծանկար («Ծովի տեսարան»)՝ նվիրված Ադամյանին,  Վարդգես Սուրենյանցի Ադամյանը կյանքում և դերերում վեց մատիտանկար և մեկ գեղանկար («Ադամյանը Օթելլոյի դերում»), Գևորգ Բաշինջաղյանի «Ծովի տեսարան» յուղաներկ աշխատանքը, Տիգրան Եսայանի յուղաներկ աշխատանքները՝ Ադամյանը տարբեր դերերում, և էլի շատ նկարիչների աշխատանքներ: Նա մշտապես հետևել է իր ընկերների ստեղծագործական կյանքին, զրույցներ ու քննարկումներ ունեցել նրանց հետ: Ադամյանը հոդվածներ ունի  Գևորգ Բաշինջաղյանի՝ Բաքվում բացված ցուցահանդեսի մասին: Բաշինջաղյանը ինքն էլ հիացած է եղել Ադամյանի տաղանդով: Նա իր հոդվածներից մեկում գրում է, որ 19-րդ դարում հայ ժողովրդը երկու հանճար է տվել՝ Հովհաննես Այվազովսկի և Պետրոս Ադամյան: Իհարկե, նա նկատի է ունեցել Ադամյանի դերասանական տաղանդը: Սակայն, կա մի երկրորդ փաստ, որը մեզ մտածելու առիթ է տալիս: Ադամյանի մահվանից հետո, 1891 թ. Բաշինջաղյանը Նոր Նախիջևանում  կազմակերպել է արտիստի նկարների ցուցադրությունը: Կարծում ենք, որ սա միայն հարգանքի տուրք չէր հանճարեղ դերասանին, այլ նաև առիթ՝ խոսելու նրա նկարչական տաղանդի մասին: Արտիստի նկարչական ձիրքի մասին խոսել է նաև Հովհաննես Այվազովսկին:

 Այս մասին կարդում ենք Արամ Վրույրի՝ Ադամյանին նվիրված հուշերում. «Թեոդոսիա եղած ժամանակ Ադամյանը նկարեց հռչակավոր ծովանկարիչ Հ.Այվազովսկու պատկերը, որին ընդունելով մեծ վարպետը՝ գովեց Ադամյանի նկարչական ընդունակությունը»2: Արամ Վրույրը, նշելով, որ արտիստը ունեցել է բարձր ճաշակ, ավելացնում է. «Դեմքերը նկարում էր մեծ ճարտարությամբ, նորագույն կատարելագործված արվեստների պահանջների համաձայն: Նա ապրուստի համար հաճախ ձեռք էր առնում յուր վրձինը: Մեծ հասկացություն ուներ գույների բաղադրության(coloris) մասին: Իսկ անթերի և կատարյալ էին յուր  nature-morte նկարները, որոնք անչափ սիրում էր. <...>Առհասարակ իբր ինքնուս նկարիչ, Ադամյանը գերազանց էր»3:

 Դերասանի նամակներից նաև հայտնի է դառնում այն փաստը, որ նա երբեմն գումար վաստակելու համար զբաղվել է արտանկարչությամբ: Պատճենահանումը և արտանկարչությունը ընդունված են եղել սկսնակ նկարիչների մոտ: Նույնիսկ հայտնի նկարիչներ, ինչպես օրինակ Գևորգ Բաշինջաղյանը՝ մինչև բարձրագույն կրթություն ստանալը, նյութական վատթար վիճակը թեթևացնելու համար պատճենահանել է ականավոր նկարիչների գործեր և վաճառել:

 Բարեբախտաբար, Պետրոս Ադամյանի այն գործերը, որոնք, հասել են թանգարան, արտանկարներ չեն և պատկանում են ակադեմիական դպրոցին՝ Երևակայական Օֆելիայի և Համլետի դիմանկարները, Համլետի, Լիրի և Կորրադոյի ինքնանկարները, Ամիրան Մանդինյանի, Գրիգոր Արծրունու, Հովհաննես Այվազովսկու, Գրիգոր Գաբրիելյանի դիմանկարները,  ունի նաև Քրիստոսի, ծերունու, կոզակի, աղջկա դիմանկարներ,  հագուստի էսքիզներ ու նատյուրմորտներ:

 Յուրաքանչյուր ստեղծագործող՝ լինի դերասան, քանդակագործ թե՝ նկարիչ, ունենում է մտահայեցողական ելակետ, որը մտածված է ստեղծագործողի կողմից: Սակայն դա բավարար չի լինում ամբողջական գործ ստեղծելու համար: Ստեղծագործողը ունենում է նաև իրականության մեջ դիտարկված նախատիպ, երբեմն, նույնիսկ, մի քանի նախատիպեր: Ադամյանի դեպքում հետաքրքիրն այն է, որ նա առանձնացրել է մտահայեցողական և իրական պատկերային ելակետերը: Ունի նկարված և՛ երևակայական Համլետ, և՛ ինքնանկար Համլետի դերում: Նրա  «Համլետի ինքնանկարում» ընտրված «արգասավոր պահը» ( ըստ Լեսսինգի), որտեղ տեսանելի է և անցյալը և ներկան,  շատ բան է պատմում հենց արտիստի խաղի մասին: Դերասանի «Շեքսպիր և յուր Համլեթ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» ուսումնասիրությունից պարզ է դառնում նրա Համլետի ներքին էությունը՝ «մարդկանց մեջ հոգեկանն ավելի ուժեղ է մարմնականից»: Նա գյոթեական տեսակետի կրողն է. Համլետի ողբերգությունը իմաստ որոնելու և կասկածանքներ ունենալու մեջ է: Սա մի հերոս է, որ մաքառելու համար ծնված չէ, բայց իր առաջ պատասխանատվություն ունի: Նրա Համլետը ինտելիգենտ է: Ահա այս տեսանկյունից է կառուցված Ադամյանի Համլետի կերպարը, իսկ հետագայում արդեն ինքնանկարը: Մենք չենք զարմանում, երբ Ադամյանի նման հանճարեղ դերասանը իր դերի վրա աշխատում է մանրակրկիտ՝ խորն ուսումնասիրելով, բոլոր շերտերի մասին մտածելով: Մտածելու առիթ է տալիս Ադամյան-նկարիչը: Եթե Վարդգես Սուրենյանցը նկարում է Ադամյանին Օթելլոյի դերում, նրա իրականության մեջ դիտարկված նախատիպը արտիստն է: Պատմում են, որ բեմադրության ժամանակ ծոցատետրի մեջ Սուրենյանցը հապճեպ, ընդհանուր գծերով, հատկապես, շեշտելով գլխի մանրամասները ու դեմքի արտահայտությունը, ճեպանկարներ է արել, որոնք հետագայում նյութ են դարձել գեղանկարչական կոմպոզիցիոն դիմանակար  ստեղծելու համար4: Նա, իհարկե, դա կարող էր անել նաև տեսնողի հիշողությամբ: Հարց է առաջանում, Ադամյանի պատկերային ելակետը որն է եղել իր դերերի ինքնանկարների վրա աշխատելիս: Հայտնի է, որ 19-րդ դարի դերասանները դերը պատրաստելիս հաճախ են այն փորձել հայելու առաջ: Բացի այս փաստից, գիտենք նաև, որ Ադամյանը մանրակրկիտ աշխատել է գրիմի և հանդերձանքի վրա: Արամ Վրույրը գրում է. «Նույն գեղագիտական տեսակետից հետևում էր նա յուր բեմական հանդերձանքին և գլխավորաբար գրիմին: Ոչ մի դերասան դեռ չէ ունեցել նորա գեղարվեստական, ճիշտ և այլափոխվող գրիմը»5: Ադամյանը իրեն զննել է հայելու առաջ: Պարզ է դառնում, որ դերասանն իրեն նկարել է՝ հայելու մեջ նայելով:

 Նկարչին հաջողվել է կեցվածքի մեջ ընդգծել ազնվական հպարտությունը: Նկարի կոմպոզիցիան կառուցված է Ադամյան-Համլետի աչքերի շուրջ: Ճակատից իջնող տխրությունն աչքերն արցունքով են լցրել, նա թույլ չի տվել, որ արցունքները դուրս հորդեն, տպավորությունն այնպիսին է, որ կարծես հենց նոր կուլ է տվել արցունքներն ու պահն անմահացել է: Անքնությունից հյուծված դեմքը  անսահման տխրության ու ցավի մասին են պատմում: Լույսը ստվերում է թողել դեմքի մի մասը: Եթե լուսավոր հատվածում կարող էր դիտողի աչքից վրիպել աչքի տակի ակոսը, ապա ստվերոտ հատվածում այն ընդգծված է և  դիտողին կենտրոնացնում է դեպի հերոսի հայացքն ու զգայական ցնցման ենթարկում: Լուսավորված է Համլետի ճակատը, սպիտակ վերնաշապիկն ու մեդալիոնը, ձեռքերը, բայց դիտողի հայցքը գամված է մնում աչքերին:

 «Երևակայական Համլետի» դիմանկարը ներկայացված է պոետի կեցվածքով,  նա նման է ռոմանտիկական հերոսի, հայացքի լրջության տակ երիտասարդական միամտություն է թաքնված, փոթորկող մտքերից հետո որոշում կայացրած, ավելի վճռական է երևում: Մուգ հոնքերն ու կենտրոնացած հայացքը դիմանկարին դինամիկա են հաղորդում:

Նրա «Երևակայական Համլետը» և «Համլետի ինքնանկարը» գեղարվեստական աշխարհայացքային ընդհանրություն ունեն: Համլետի մեջ գործում է նաև գաղափարաձևը: Երբ ասում ենք  գեղարվեստա-աշխարհայացքային ընդհանրություն,  նկատի ունենք էսթետիկական իդեալը: Այդ իդեալի մեջ այս երկու կերպարները ոչ միայն համերաշխ են, այլ կարող են դիտվել որպես  նույնական, անկախ պատկերի տարբերությունից:

 Դիտելով «Երևակայական Օֆելիայի» դիմանկարը, ուզում ես նրան դիմել Համլետի խոսքերով՝ «ով հավերժահարս…»: Սա հենց այդ հավերժահարսն է՝ անմեղ, քնքուշ ու մեղմ: Նա հաստատ լաց է եղել:  Հուզմունքը զսպելով՝ վշտահար, արցունքոտ աչքերը հառել է երկնքին, մտքում աղոթք է:

 Հենրիկ Հովհաննիսյանն Ադամյանի շեքսպիրյան թեմաներով արված դիմանկարները նմանեցնում է սրբապատկերների՝ Համլետը՝ սուրբ Գևորգ, Լիրը՝ բիբլիական ծերունի, Օֆելիան՝ սուրբ Հռիփսիմե… Ակադեմիական ոճից փոքր-ինչ շեղված է համարում նրա ինքնադիմանկարը: Նուրբ են նրա մատիտանկարները՝ գծի ճկունությամբ ու ծավալի հրաշալի տեսողությամբ, առանց լուսաստվերի օգնության: Նա Ադամյանին համարում է նախաիմպրեսիոնիստական շրջանի նկարիչ և շատ առումներով՝ կատարյալ6:

 Պետրոս Ադամյանի գեղանկարները, գրաֆիկական աշխատանքները արժանի են լուսաբանման: Մինչ օրս մասնագիտական խոսակցություն չի եղել Ադամյան-նկարչի մասին: Գուցե այս հոդվածը կերպարվեստագետներին առիթ տա անդրադառնալու նրա ստեղծագործություններին:

Օգտագործված աղբյուրներ

1. Պ.Ադամյան, Նամակներ, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1959, էջ 37:

2. Ա.Մ. Վրույր, Պետրոս Հ. Ադամյան, Թիֆլիս, 1891, էջ 55

3. Նույն տեղում:

4. Տե՛ս, Մանյա Ղազարյան, Վ. Սուրենյանցի երեք նկարը, Շեքսպիրական, հ2, Երևան, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատ., 1967, էջ 307:

5. Ա.Մ. Վրույր, նշվ. աշխ., էջ 45:

6. Հենրիկ Հովհաննիսյանի հետ բանավոր զրույցից:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

2276 հոգի