Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՎՈԴԵՎԻԼ

21.12.2020   21:51

ֆրանս. vaudeville

անգլ. -vaudeville

գերմ. -vaudeville

իսպ. -vodevil

 Կատակերգական  թատերագրության  թեթև  ժանր, որի զվարճալի ինտրիգը՝ զավեշտական, թյուրիմացություններով և թյուրատեսություններով լեցուն ընթացքը համադրվում է աշխույժ ու սրամիտ դիալոգի, երաժշտական  քառատողերի, ռոմանսների, դինամիկ գործողության և պարերի հետ: Կենցաղային բնույթի  ֆարսային այս  պիեսի հիմքում  ընկած է հրատապ լուծում պահանջող բացասական երևույթի սատիրական ծաղրումը: Ա.Բերգսոնի  հայտնի բնորոշմամբ` վոդևիլը  նման է իրական  կյանքին  այնքան, որքանանիվների  վրա  սահող  խամաճիկը քայլող մարդուն, քանի որ այն կյանքի արատավոր երևույթների  արհեստականորեն  չափազանցված և  ուռճացված   արտացոլումն է

     Եզրույթն  առաջացել է  15-րդ դարում Նորմանդիայում`Վիր  գետի  հովտում: Այնտեղ  ապրում  էին  պոետներ  ովքեր  գրում  էին   ժողովրդական   և սատիրական երգեր, դրանք  կոչվում էին  «val  de vire»՝ թարգմանաբար  «Վիրի  հովիտ»: Այդպիտի  երգերի հմուտ վարպետ  էր  տեղի  գործարանատեր  Օլիվյե դե Բասլենը: Ավելի  ուշ այդ անվանումը փոփոխվեց՝  ստանալով  «voix  de ville» (բառացի  նշ. «քաղաքային ձայն»): Այս ժամանակաշրջանի   բովանդակությանը և  դրա ընթացքում  կատարվող  երգերը կապ  չունեին մեկը մյուսի հետ, այն ավելի շատ նման էր անեկդոտային բեմականացման, որը  ուղեկցվում էր սատիրական և ժողովրդական երգերով, երաժշտությամբ և ակրոբատիկ  պարերով:

     18-րդ դ. սկզբին ֆրանսիացի դրամատուրգներ Լ.Ֆյուզելյեն, Ա.Ռ.Լեսաժը, Ժ.Ֆ.Ռենյարը և  ուրիշներ, սկսեցին իրենց մեկ գործողությամբ պիեսներին կցել պոպուլյար երգեր, որոնց երաժշտությունը նույնն էր մնում, սակայն փոխվում էին բառերը` հարմարեցվելով   ներկայացման բովանդակությանը: Սա թույլ էր տալիս կարճ  ժամանակում նոր ներկայացում պատրաստել: Այս ներկայացումները խաղում էին տոնավաճառներում և մեծ  ժողովրդականություն էին վայելում: 18-րդ դ. կեսերին վոդևիլի չափածո տեքստի և երգի ձևաչափը փոխվեց, դրանք դարձան երգ-քառատողեր: Այսպես առաջացավ «Կոմեդիա վոդևիլը», որի մեջ վոդևիլը միայն երգի հատվածն էր, դրանք  հենց այդպես էլ կոչվում էին «վոդևիլներով ներկայացում»: Պ.Օ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1784թ) կոմեդիայի  վերջին  հատվածի երգը  ևս  վոդևիլ  էին  անվանում :

       Որպես առաձին ժանր վոդևիլը ձևավորվել է 18-րդ դ. վերջում` ֆրանսիական  բուրժուական  հեղափոխության  տարիներին (1789-94թթ): 1791 թ. Փարիզում  ընդունվեց օրենք  հանրային  ներկայացումների  ազատության  մասին և 1792 թ. Պ.Ա.Օ.Պինսը և Պ.Ի.Բարսը  հիմնադրեցին   պրոֆեսիոնալ «Վոդևիլ» թատրոնը, այն նախատեսված էր բացառապես այս ժանրի  ներկայացումների համար: Սրան հաջորդեցին նաև այլ վոդևիլային թատրոններ` Տրուբադուրների թատրոնը և Մոնտաժյեի  թատրոնը: Այսպիսով վոդևիլ ժանրը դարձավ  եվրոպական կոմեդիայի տարատեսակներից մեկը: Ամենից վաղ շրջանի վոդևիլները` բովանդակությամբ, կերպարներով, բալագանային բուֆոնադայով կապված են տոնավաճառային միջոցառումների և մնջախաղի հետ(«Ցուցապաստառ փակցնող Արլեքինը(1792թ.)», «Դերձակ Արլեքինը»): Հեղափոխությունից հետո վոդևիլը զրկվում է պաթոսից և հեղափոխական սատիրայի սրությունից, որոնց փոխարինելու են գալիս էժանագին սենսացիան, զվարճալի պատահականություների զվարճալի խաղարկման թելադրած գործողությունները: Ֆարսային հնարքներով և պարզունակ հիմարավունությամբ հայտնի կերպարներն էին Ժոկրիսն ու Կադե-Ռուսսելը:

 Էժեն Սկրիբը Ֆրանսիայում  կանոնակարգեց ժանրը և ստեղծեց մոտ 150 նմանատիպ պիեսներ(«Արջն ու փաշան», «Գիշեր ազգային գվարդիայի զորանոցում», «Քարտուղար և խոհարար» և այլն): Է.ԼաբիշիՊարոն Պերիշոնի ճանապարհորդդությունը») հետ միասին, վոդևիլը ինտելեկտուալության հավակնություններ չունեցող կատակերգության վերածեցին: Ֆրանսիական վոդևիլը մեծապես նպաստել է ժանրի զարգացմանն ուրիշ երկրներում, ազդել 19-րդ դարի եվրոպական կատակերգության վրա առհասարակ: Մի քանի օրվա ընթացքում գրվող և խաղացվող վոդևիլի հետ մեծապես կապված է նաև 19-րդդ դարի դերասանական արվեստի կատակերգական կարողությունների զարգացումն` ի հակադրություն կլասիցիզմի ավանդույթների: Ժանրի խաղային առանձնահատկություններից էին` ներկայացման ընթացքում պարբերաբար հադիսատեսին դիմելը, միևնույն երգի հաճախակի կրկնվելը, լուրջ և դրամատիկ մոնոլոգից հետո հանդիսատեսին ուրախացնող զվարճալի երգ ու պարին անցումը: Վոդևիլի դերասանը արագ կերպարանափոխվելով(և´ նեղ, և´ լայն առումով) և հոգեկան մի վիճակից մյուսին անցնելով պետք է պահպաներ ճշմարտացիությունն ու անմիջականությունը: Կարողանար դրսևորել սուր դիտողականություն, հումորի զգացում, զվարճալի բնույթի գիծն հատկանշելու ունակություն: Վոդևիլում խաղալը լավ հնարավորություն էր դերասանի համար  ցուցադրելու իր պարային և վոկալ տվյալները, խաղային ճկունակությունն ու թեթևասահ բեմական խոսքի վարպետությունը, ինչի վարպետներից էին Վ.Դեժազեն, Շ.Գ.Պոտիյեն, Պ.Տ. Լևասսորը:

 Այդուհանդերձ, վոդևիլը, զարգացնելով դերասանական արվեստի իրապաշտական միտումները, միևնույն ժամանակ գաղափարապես սահմանափակում էր դերասաններին: Զրկում էր նրանց սուր սատիրական կերպարներ և տիպական բնավորություններ ստեղծելու, վերջիններիս ներաշխարհում խորամուխ լինելու հնարավորությունից: Դա հաճախ հանգեցնում էր ներքին ճշմարտացիության հաշվին արտաքին վիրտուոզության ամրապնդման: 19-րդ դարի երկրորդ կեսին վոդևիլն իր տեղը զիջեց այդ ժամանակաշրջանում առաջացած ևս մեկ  երաժշտաթատերական ժանր`օպերետին, որը նույնպես երաժշտական ներկայացում է, բայց   ունի  բնութագրական տարբերություններ:  Տարբերություններից ամենացայտունը այն է, որ օպերետում  գերակշրում է երգը և  վոկալը, իսկ վոդևիլում՝ խոսքը և դիալոգը:

   Ռուսաստանում վոդևիլը առաջացել է 19-րդ դարի 1-ին տասնամյակում: Կրելով  ակնհայտ ֆրանսիական ազդեցություն այն բաժանվել  է  երկու տեսակի`  բուն ռուսական, որոնք ֆրանսիական  վոդևիլի  ավանդական  ֆորմաներով, բայց ռուսական բովանդակությամբ պիեսներ են և երկրորդը՝ թարգմանական վոդևիլ, որը լիովին պահպանել է եվրոպական ժանրի ավանդույթներն ու  հիմնական  թեմաները: Բուն ռուսական վոդևիլի առաջին օրինակների ստեղծողը Ա.Ա. Շախովսկոյն է (1812-30թթ)՝  «Կազակ բանաստեղծը» (1814 թ.), «Լոմոնոսով կամ Ռեկռուտ-բանաստեղծը» (1814 թ.): Վոդևիլներ  գրել են նաև Ն.Ի.Խմելնիսցկին «Տատիկի  թութակները» (1819 թ.), Ա.Խ. Պիսարևը և այլոք :

   1830 թ-ից  ժանրը սկսեց  փոփոխություններ  կրել, այն  դուրս  էր  գալիս   ավանդական  վոդևիլի  եզրագծերից և ավելի ու ավելի մոտենում էր կենցաղային կոմեդիային: Այս ժամանակաշրջանում մեծ թվով ոչ պրոֆեսիոնալ դրամատուրգներ, դերասաններ և  ռեժիսորներ, փորձում էին վոդևիլներ գրել: Նրանք ստեղծում էին զուտ ժամանցային պիեսներ  տիպիկ սյուժետային  գծերով, կամ  թարգմանում էին ֆրանսիական վոդևիլները և բեմադրում: Նմանատիպ գործիչների թվին է պատկանում Դ.Տ. Լենսկին, ում ամենահայտնի վոդևիլներից մեկը «Լև  Գուրիչ Սինոչկին»-(1839 թ.) երկար ժամանակ մնում էր ռուսական թատրոնի հիմնական խաղացանկում: Վոդևիլներ գրելու հարցում նա ավելի ուշ է հմտացել: Լենսկին  թատերական աշխարհում իր ուղին սկսել է որպես դերասան,  նա եղել է Խլեստակովի առաջին դերակատարը (Գոգոլ «Ռևիզոր» 1824 թ.) և կերպարին տվել է վոդևիլային մեկնաբանություն: Գրել է մոտ 70 վոդևիլ, որոնք տարբերվել են բեմականությամբ, անհավանական իրավիճակներով և «կոշտ կոմիզմ» հնարքի օգտագործման հմուտ  կարողությամբ: Նաև շատ է թարգմանել ֆրանսիական վոդևիլներ՝ հիմնականում Սկրիբի  ստեղծագործությունները՝ «Կնքամայրը» (1874թ.), «Բարոն  Ֆոն  Թրենք» (1873 թ.): 

   Այս ժամանակահատվածում  ստեղծագործել են նաև Ն.Ա.Նեկրասովը «Դերասանը» (1841 թ.), Պ.Ա.Կորոտիգինը «Բուլոչնայա» և այլն: Այս վոդևիլների գործող անձինք էին ռուս  առևտրականները, չինովնիկները, պալատականները, ծախու քաղաքկան  գործիչները: Վոդևիլի լավագույն ռուս դերասաններից էին Մ.Շչեպկինը, Կ.Վառլամովը, Ա.Մարտինովը և այլոք:

  1840-ականներից վոդևիլը մոտեցավ խարակտերային կոմեդիային, այստեղ գերակշռում էր  արձակ տեքստը, չափածոն ավելի կրճատվում էր, ազատվում դրամատիկ նշանակությունից: Վոդևիլը աստիճանաբար կորցրեց  ժանրային  առանձնահատկությունները  և 1850-ական  թվականներին գրեթե անհետացավ ռուս թատրոնի խաղացանկից` տեղը զիջելով Ա.Պ. Չեխովի մեկ գործողությամբ  պիեսներին («Ծխախոտի վնասի մասին» 1886 թ.), «Արջը» 1886 թ., «Առաջարկություն» 1890 թ. «Հարսանիք» 1892 թ. և այլն: Հետագայում` 20-րդ դարի կեսերին ռուսական վոդևիլը  արտացոլվեց կինեմատոգրաֆում: Նկարահանված ֆիլմերից են «Հինավուրց  վոդևիլ» (1947թ.),  «Ախ  վոդևիլ-վոդևիլ» (1979 թ.) կինոնկարները:

   Վոդևիլը իր առաջացման ժամանակաշրջանում շատ է սիրվել տարբեր երկրների   ժողովուրդների կողմից, բայց տարբեր մշակույթներում այն գնացել է իր ճանապարհով: Օրինակ Ամերիկայում վոդևիլից առաջացել են մյուզիք-հոլ շոու-ներկայացումները։ Ռուսաստանում այն կյանքի է կոչել կատակ-պիեսները և կոմիկական օպերան։ Հայ թատրոնում վոդևիլն իբրև ժանր ձևավորել է 1860-ական թվականներին մի շարք հեղինակների (Մ.Պատկանյան, Հ.Գուրգենբեկյան, Ն.Փուղինյան, Մ.Տեր-Գրիգորյան և ուրիշներ) պիեսներով և կազմել է արևելահայ նախասունդուկյանական թատերագրությունը։ Գ.Սունդուկյանի ստեղծագործության մեջ այդ ժանրին են պատկանում՝ «Գիշերվա սաբրը խեր է», «Խաթաբալա» (առաջին տարբերակ), «Օսկան Պետրովիչն էն կինքումը», «ԵՎայլն կամ Նոր Դիոգենես», Հ.Պարոնյանի, «Ատամնաբույժն արևելյան», «Երկու տարով ծառա մը», «Շողոքորթը», «Պռույգ» պիեսները։

Օգտագործված աղբյուրներ

1. Թատերագիտական բառարան, Լ. Հախվերդյան Երևան 1986թ.

2. Словарь театра, П.Пави, Париж 1987

3. Театральная энциклопедия, Том-1, Москва-196

4. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001

Համահավաքեց` Գայանե Թովմասյան

Խմբագրելի

 

 

604 հոգի