Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

19.12.2020  23:10

իտալ. - il teatro popolare

անգլ.- folk theater

ֆրանս.- theatre du Peuple

դան. -folketeatret, popular theatre

ռուս. -  народный театр, фольклорный театр

իսպ. - teatro popular

հայ.- ժողովրդական խաղ*[1]

 Անմիջաբար ժողովրդական զանգվածների մասնակցությամբ ստեղծված պաշտամունքային և կենցաղային մոտիվներով կազմակերպված հանդիսանք՝ կապված ժողովրդական բանահյուսության հետ: Տարբեր ազգերի մոտ ստացել է տարբեր անվանումներ՝ բալագան, պետրուշկա, սկոմորոխներ, վերտեպ (աշխարհիկ և կրոնական բովանդակությամբ տիկնիկային ներկայացում) և այլն:

Ծագումնաբանորեն այն կապված է ֆոլկլորային՝ ժողովրդական ծեսերի, սովորությունների, հավատալիքների և ստեղծագործությունների հետ և ընդգրկում է թատերական մի քանի ժանր: Դիոնիսյան խաղերը հին Հունաստանում, միմային խաղերը Հայաստանում**[2], պարայինպանտոմիմային հադիսանքները Ասիայում (օր. կատակխալի՝ Հնդկաստան), միստերիան և ֆարսը միջնադարյան Եվրոպայում, Կոմեդիա դելլ արտեն Իտալիայում, սկոմորոխների (միջնադարյան պրոֆեսիոնալ դերասաններ) թատրոնը Ռուսաստանում:

[1] * Պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը իր «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» գրքում այն անվանում է «ժողովրդական խաղ». «…եկեղեցական արարողությունները և ժողովրդական խաղերը կազմել են հասարակական ընդհանուր կենցաղի մի մասը: Ժողովրդական խաղը նույնպես թատերային է, գործողությամբ հարուստ, տեսարանային, բայց սա նույնպես թատրոն չէ. Այստեղ բաժանված չեն «դերասանի» և «հանդիսականի» ֆունկցիաները, անորոշ է վերարտադրության օբյեկտի և վերարտադրող սուբյեկտի սահմանը: Այս երևույթին արդեն տրվել է իր անունը՝ թատերախաղ: Ժողովրդական խաղը յուրահատուկ մի թատերակարգ է իր պաշտամունքային, կենցաղային- ուտիլիտար, մասամբ և գեղարվեստական ֆունկցիաներով: Ժողովրդական խաղերի ուշ վկայված ձևերում կարող ենք տեսնել նաև հիշողություններ կամ վերապրուկներ միջնադարյան թատրոնից, բայց ոչ այդ թատրոնի շարունակությունը լիարժեք իմաստով: Դա թատրոն չպետք է անվանել նաև այն պատճառով, որ գյուղական մշակույթ է… »

[2]** Ըստ Մանուկ Աբեղյանի ուսումնասիրության հայկական միջնադարյան թատրոնը եղել է բանավոր ստեղծաբանության (ինպրովիզացիայի) արվեստ բնույթով նման ուշ անտիկայից ժառանգված միմ կոչված թատերական ժանրին: Նա ցույց է տալիս նաև, հայրենների, որպես քաղաքային ֆոլկլորի ընդհանրությունը աշխարհիկ թատերային երևույթների հետ (տե՛ս Հ. Հովհաննիսյանի «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» գրքում):

 Ժողովրդական թատրոնի բաղադրատարրերից են դիմակները, երգը, պարերը, տարբեր երաժշտական գործիքների օգտագործումը: Ծեսերի և  արարողութուներրի ժամանակ այս բոլոր տարրերը մեկտեղվում էին՝ ստեղծելով ընդհանուր թատերական հանդիսախաղ: Չնայած եկեղեցու կողմից հետևողական կերպով ենթարկվում էին հետապնդումների, այնուամենայնիվ շարունակում էին կազմակերպել ծիսական խաղեր, կենդանիների զոհաբերություններ, պարեր զվարճահանդեսներ: Ծիսական պարերգերը, խաղերն ու երգերը, որոնք նվիրված էին աշխատանքային  և բնության պրոցեսներին հիմք դարձան եվրոպական ժողովրդական թատրոնի ստեղծման համար:  

 Բոլոր արևմտաեվրոպական երկրներում գյուղական շրջաններում հաճախ էին կազմակերպվում գարնանային տոնակատարություններ: Օրինակ Շվեցարիայում և Բավարիայում ամռան և ձմռան հակամարտությունը ներկայացվում էր երկու գյուղացի տղայի կերպավորմամբ: Առաջինի հագին երկար շապիկ էր, ձեռքին՝ խնձորներով և ընկույզներով զարդարված ճյուղ, երկրորդը՝ ներկայացնում  էր ձմեռը, հաստ վերարկույով, ձեռքին երկար պարան: Տարվա եղանակներին մարմնավորող տղաները մրցում էին թե իրենցից ո՞վ է իշխելու երկրին, պայքարը ներկայացնում պարային շարժումներով: Խաղը վերջանում էր ամռան հաղթանակով: Նարնց էր միանում  հանդիսատեսը՝ երգերով, պարերով:

Գերմանիայում գարնան զարթոնքին նվիրված տոնախմբությունը հատկապես բազմամարդ էր և աղմկոտ: Իրականացվում էին բեմականացումներ, որտեղ մասնակիցները հանդես էին գալիս արջի, դարբինի, ասպետի և այլ կերպարների դիմակներով: Ծիսական խաղերը հետագայում իրնեց բովանդակության մեջ ներառեցին ֆոլկլորային հերոսական թեմաներ: Օրինակ` Անգլիայում գարնանային տոները կապված էին Ռոբին Հուդի կերպարի հետ: Ռոբին Հուդը ձիու վրա նստած շրջում էր,  նրան ուղեկցում էին հեծյալները, որոնք զինված էին նետ ու աղեղներով՝ գլուխները զարդարված ճյուղերից հյուսված պսակներով: Հանդիսատեսը հավաքվում էր բաց տարածքում, կազմակերպվում էին պարեր, հանդիսանք, խաղեր:

Դրամատիկական էլեմենտներով առավել հագեցած էին Իտալիայում կազմակերպվող մայիսյան տոնակատարությունները: Գործողությունը տեղ էր ունենում հսկայական խարույկի շուրջ, որն ըստ հին հավատալիքների արևի խորհրդանիշն էր: Ելույթ էր ունենում 2 խումբ, որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր «թագավորը»: Առաջին խումբը ներկայացնում էր գարունը՝ զանգակներով, բոժոժներով զարդարված, երկրորդը՝ ձմեռը, սպիտակ վերնաշապիկներով, սապատավոր: Խաղը վերջանում էր հյուրասիրությամբ. ուտում էին թխվածքներ, խմում գինի: Նմանատիպ խաղեր կազմակերպվել են նաև սլավոնական երկրներում. Սերբիայում, Բուլղարիայում, Չեխիայում և Լեհաստանում:

Չեխիայում փողոցներով տանում էին թագավորի ծղոտե խրտվիլակը, որը հետո այրում էին, կամ գցում էին գետը: Դա ձմռան վերջն էր խորհրդանշում: Գարունը ներկայանում էր երիտասարդ հովվի տեսքով, որին նվիրում էին փայտե թուր և դաշտային ծաղիկներից հյուսված պսակ: Սլավոնական ժողովրդական խաղերը հատկապես հարուստ էին երգերով, լիրիկական հեքիաթներով, երաժշտությամբ և պարերով:

Ժամանակի ընթացքում ծիսական խաղերը կորցնում են իրենց հիմանական արարողակարգային նշանակությունը, դառնում սիրողական խաղեր: Ծիսականության տարրերի նվազումը նպաստում է դրանց գեղարվեստական արժանիքների հարստացմանը: Բառը ձեռք է բերում առավել պոետական նշանակություն, երգը դադարում է անեծքի բովանդակությամբ հնչել և ներկայացվում է որպես մարդկային հույզերի արտահայտման միջոց:

Ժողովրդական այս ներկայացումներում է արտահայտված եղել ժողովրդի կենսախինդ ոգին, նրա կապվածությունը երկրին, նրա ձգտումները, բնության հետ ներդաշնակությունը:

Քաղաքների միջև առևտրաշրջանառության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև տոնավաճառների թիվը, որտեղ ցուցադրվում էին տոնավաճառային հանդիսախաղեր: Ժողովրդական թատրոնի տարածված ենթատեսակներից մեկը (ինչպես տիկնիկային ներկայացումները, օրինակ վերտեպը (вертеп – փայտե շարժական արկղ, որի մեջ խաղացվում էին փայտից կամ մեկ այլ նյութից պատրաստված թատերական տիկնիկները), ռայեկը (Раек – տիկնիկային թատրոնի տեսակ), որը իրենից ներկայացնում է պատկերարկղ՝ խոշորացույց ապակիներով՝ պատկերները դիտելու համար: Հանդիսատեսը նայում էր ապակու մեջ, որտեղ ցուցադրվում էին պատկերներ, պատկերների դիտումը ուղեկցվում էր տարբեր պատմություններից վերցված հատվածների նկարագրությամբ, պատմում էին հեքիաթներ: Այս ենթաժանրի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ այն իր մեջ ընդգրկում էր հանդիսատեսին հետաքրքրելու երեք միջոց՝ ներկայացում, խոսք և խաղ: Ռայեկը ֆոլկլորային թատրոնի ամենավառ, յուրօրինակ երևույթներից մեկն է համարվում:

Մեծ տարածում է ստանում նաև բալագանը (զավեշտախաղ, միմոսախաղ): Արդեն 18-րդ դարում ոչ մի տոնավաճառ չէր կազմակերպվում առանց զավեշտախաղի: Այն կառուցվում էր հրապարակում՝ տախտակներից և քաթանե կտորներից պատրաստվում էր խաղահարթակ, ներսում տեղադրվում էր բեմը, վարագույրը և հանդիսատեսի համար նստարաններ: Դրսից այն զարդարվում էր ծաղկաշղթաներով, ցուցանակով, իսկ երբ հայտնվեց էլեկտրականությունը զարդարվում էր նաև գունավոր լույսերի շղթաներով: Թատերախումբը կազմված էր թափառող դերասաններից: Օրվա ընթացքում խաղում էին մի քանի ներկայացում, որոնք իրենցից ներկայացնում էին ինտերմեդիաներ (միջախաղեր), աճպարարություն, զավեշտախաղ:

Դերասանները հիմանակնում շրջիկ էին: Միայնակ կամ խմբով շրջում էին քաղաքից քաղաք, մեկ դերասանը սովորաբար կատարում էր մի քանի դեր, կերպարից կերպար անցումը իրականացվում էր դիմակների կամ գրիմի միջոցով: Ներկայացումները բացօթյա էին, մարդաշատ, աղմկոտ վայրերում, ինչը իր անմիաջական ազդեցությունն ունեցավ դերասանի կատարողական տեխնիկայի վրա. ժեստերը չափազանցված էին, ձայնը բարձր տոնայնությամբ: Ներկայացման ընթացքում դերասանն անմիջապես դիմում էր հադիսատեսին,փորձում ներգրավվել խաղի մեջ,  որոնք էլ նրան պատասխանում էին   սուր, հումորային ռեպլիկներով: Գրական հիմքը հիմնականում իմպրովիզացիան էր: Դերասանի վարպետությունը իրենից ներկայացնում էր մարմնամարզություն, երգեցողություն, կրկեսային հնարներ, աճպարարություն: Հետագայում սա հիմք հանդիսացավ կրկեսային և տիկնիկային ժանրի ձևավորման համար:

Ժողովրդական թատրոնի ավանդները, բաղադրատարրերը հետագայում իրնեց արտահայտությունն են գտել հայտնի դրամատուրգների ստեղծագործություններում, անվանի դերասանների արվեստում:

Ժողովրդական թատրոնի հետ անմիջական առնչություն ունի ժողովրդական դրաման:  Բեմադրվում էր գյուղերում և քաղաքներում՝ տոնակատարությունների ժամանակ: Այն ընդգրկում էր պատմական, կենցաղային, կրոնական թեմաներ, տեքստերը փոխառված էին ժողովրդական բանահյուսությունից: Խաղացվում էր բացօթյա տարածքներում:

2. Ոչ պրոֆեսիոնալ, ինքնագործ թատրոններ, որոնք ունեն կայուն թատերախումբ, ձևավորված, հաճախ ագիտացիոն սկզբունքներով կազմված խաղացանկ: Ունեն անհրաժեշտ պայմաններ՝ բեմադրական աշխատանքներ իրականացնելու համար  (շենքային, տեխնիկական ռեսուրսներ): Ռուսաստանում առաջին ժողովրդական թատրոնները հիմադրվել են 1950 ականներին: Հայաստանում շրջանառության մեջ մտան 1960-ականներին: Նմանատիպ խմբերից էին 1962 թվականին ստեղծված «Տղամարդկանց» ակումբը, որը մի քանի տարի անց դարձավ «Կամերային թատրոն»,  «Երգիծանքի թատրոնը»՝ հիմնադրված 1962 թ-ին, իր ձևով ագիտթատրոն, ինքնագործ, անկախ իր ստեղծագործական ու խաղացանկային ընտրությունների մեջ: Թատրոնի ստեղծման նախաձեռնողն ու ղեկավարն էր Կարպիս Ֆեսչյանը: Թատրոնի խաղացանակն ուներ շեշտված քննադատական ուղղվածություն՝ հագեցված սկետչերով, մանրապատումներով, որոնք ձաղկում էին առօրյայում տարածված արատավոր երևույթները: 1975 թ-ին թատրոնին շնորհվում է «Ժողովրդական ագիտթատրոն» կոչումը: Թատրոնում հաջորդաբար բեմադրվում են Ե.Չարենցի «Կապկազ թամաշա», Գ.Գաբրիելյանի «Կրակե օջախի մեջ», Գ.Բորյանի «Կամուրջի վրա» պիեսները: Ինչպես նաև Պ. Բժիկյանի «Ծիծաղ և թախիծ», Ս.Ղալումյանի «Երգիծանք և հումոր», Գ.Մինասյանի և Կ.Ֆեսչյանի «Կրկես» ագիտպիեսները՝ ժամանակի պահանջին ու պայմաններին համապատասխան:

Օգտագործված գրականություն

1. Թատերագիտական բառարան, Լ.Հախվերդյան, Երևան-1986թ.,

2. Մանուկ Աբեղյան. Երկեր, Հ. Բ.,  Երևան-1967թ. .

3. Հովհաննիսյան Հ., Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան-1978թ.

4. Театральная энциклопедия, Том-3, Москва-1964г.

5. Мокульский С, История западноевропейского театра. Том 1,  Москва-1956г

6. Авдеев  А.Д. Происхождение театра, Ленинград-1959г.,

7. Всеволодский-Гернгросс В.Н. Русский театр от истоков до середины 18 в., Москва 1957г.,

8. Орест Цехновицер, История Народного Кукольного Театра в Азии и Европе, глава Из Книги "Театр Петрушки" , «Госиздат» 1927 г.

 9http://theatricalpoints.com/hy/144

Համահավաքեց` ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

Խմբագրելի

 

963 հոգի