19.12.2020 05:21
Ֆրանս.- sciences du spectacle;
անգլ.-theatre studies', theatre research,
գերմ.- die Theaterwissenschaft;
իսպ. -ciencias del espectdcul, teatrologfia
ռուս.-театроведение, театрология
լեհ.- сценоведение(устар.)
Թատերական արվեստի հետազոտմամբ զբաղվող արվեստագիտության ճյուղ: Թատերագիտությունը որպես գիտություն ներառում է երեք ճյուղ՝ 1. Թատերական արվեստի պատմություն, 2. Տեսություն, 3. Թատերական քննադատություն)
Ուսումնասիրության առարկան. թատերական արվեստի պատմությունն ու տեսությունը՝ թատրոնի բոլոր բաղկացուցիչ տարրերով հանդերձ (թատերագրություն, դերասանական և բեմադրական արվեստ, բեմանկարչություն, թատերական երաժշտություն և ճարտարապետություն, թատերական կրթություն, թատերական գործի կազմակերպում, հանդիսատես): Եզրույթի ստեղծումը համընկնում է գրականության տիրապետությունից թատրոնի ազատագրման և ռեժիսուրան որպես ինքնուրույն արվեստ ձևավորվելու ժամանակաշրջանի մեկնարկի հետ: Սկզբնավորումն առել է Հին Հունաստանից և Հռոմից: Առաջին հիմնորոշ աշխատությունը Արիստոտելի (մ.թ.ա. 4-րդ դար) ‹‹Պոետիկան›› է, երկրորդը հռոմեացի բանստեղծ Հորացիոսի (մ.թ.ա. 1-ին դար դար) ‹‹Պոեզիայի գիտությունը››, որոնք մեծ ազդեցություն են գործել եվրոպական գեղագիտական մտքի, արվեստի, փիլիսոփայության, թատրոնի տեսության զարգացման վրա: Արևմտաեվրոպական երկրներում թատրոնի մասին գրականություն է ստեղծվել Վերածննդի դարաշրջանից և դարձել թատերական արվեստի ուղեկիցը նրա ոճական ուղղությունների հերթագայության ընթացքում(կլասիցիզմ, ռոմանտիզմ, նատուրալիզմ, ռեալիզմ, սիմվոլիզմ և այլն):
Եվրոպական թատերագիտական մտքի նշանվոր հուշարձաններն են Լեսինգի ‹‹Համբուրգյան դրամատուրգիա››, Դիդրոյի ‹‹Պարադոքս դերասանի մասին››, Հերդերի, Գյոթեի, Հյուգոյի, Ստենդալի, Զոլայի աշխատություններն ու հոդվածները և այլն: Գիտական թատերագիտության հիմնադիրն է Theaterwissenschaft հասկացողությունը շրջանառության մեջ մտցրած Մ.Հերմանը(Գերմանիա 20-րդ դարի սկիզբ), որը թատրոնի համակարգում հատուկ ուշադրություն է դարձրել դերասանական և բեմադրական արվեստին: Ռուսաստանում թատրոնի մասին գրականություն է ստեղծվել 18-րդ դարի սկզբից: Թատերագրության և թատրոնի գեղագիտության զարգացման մեջ առանձին կարևորություն են ունեցել Ա. Պուշկինի, Վ. Բելինսկու, Ն. Չերնիշեվսկու աշխատություններն ու հոդվածները: Ոչ միայն ռուս, այլև համաշխարհային թատրոնի ասպարեզում բացառիկ դեր է վերապահվում Կ.Ստանիսլավսկու ‹‹Իմ կյանքն արվեստում››, ‹‹Դերասանի աշխատանքն իր հետ›› հիմնորոշ աշխատություններին, Վ.Մեյերհոլդի, Ե. Վախթանգովի, Վլ.Նեմիրովիչ-Դոնչենկոյի, Մ.Չեխովի գրքերն ու հոդվածները:
Իբրև ինքուրույն գիտություն և հատուկ մասնագիտություն առաջացել է 20-րդ դարում՝ պարբերական մամուլում քննադատության հետ ծագած բանավեճերում, քանի որ մամլո վերլուծական միտքն այլևս ի զորու չէր վերլուծել ռեժիսորական թատրոնի սկզբունքորեն նոր երևույթները: Ձևավորվել է բանասիրության, գեղագիտության հիմքի վրա՝ կրելով երաժշտագիտության և արվեստաբնության ազդեցությունները: XIX դ. Թատերագիտական աշխատանքների մեծ մասը գրվել են գրականագիտությունից վերցրած կուլտուր-պատմական մեթոդով: Բեմական երևույթներին թատերագիտական մոտեցման առանձնահատկություններն են՝ ներկայացումը գեղարվեստական գործընթացի համակարգում ընկալելը, վերլուծելը, մեթոդաբանականությունը, հետևությունների փաստարկված հիմնավորումը: Ռուսաստանում թատերագիտության առաջացման նախադրյալները ծագել են 17-րդ դարի վերջերին՝ ֆրանսիական կլասիցիզմի վրա հենվող աշխատություններում: 1779թ. լույս է տեսնում թատրոնի պատմության մասին առաջին ‹‹Տեղեկագիր Ռուսաստանի թատերական ներկայացումների մասին (1768-ից սկսյալ)›› աշխատությունը: 19-րդ դարի առաջին կեսին մշակվում են թատերարվեստի էսթետիկական խնդիրները: Թատերական բնագավառում գեղագիտական հայացքների հիմնադիրներից մեկը Վ. Գ. Բելինսկին է: Թատրոնի նշանակության խնդրի մշակման հարցում մեծ դերակատարում է ունեցել Ն.Գ. Չերնիչևսկու պաշտպանած ‹‹Իրականության հետ արվեստի էսթետիկական հարաբերությունը›› թեզը: 19-րդ դարի 80-ականներից թատրոնի ուսումնասիրության խնդրին են դիմում գիտնական-բանասերները, սակայն նրանց հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է դրամտուրգիական հետազոտություններով:
Հետագայում ձևավորվել է թատերագիտական երկու թև: Կոնստրուկտիվիստկան՝ էսթետիկական հայցքներով, պետերբուրգյան-գվոզդևյան ձևապաշտական-սոցիոլոգիական թևը (մեյերհոլդյան եռաչափական և բիոմեխանիկական հայացքներին մերձ) և ՄԳԹ-ական - ռեալիստականը(հոգեբանական), որին բնորոշ էր ավանդական արժեքների և ոգեղեն կատեգորիաների պահպանումը: Այս դպրոցը առաջնագիծ էր մղում բարոյական հարցերը, այնպիսի հատկություններ՝ ինչպիսիք են կենսայկանությունը, հավաստիությունը, հոգեբանականությունը(որպես կերպարի վարքագծի մոտիվների բարդ պատկերում), թատերարվեստի հուզական վարակչությունը, ներկայացման գեղարվեստական ամբողջականությունը: ԽՍՀՄ շրջանում ռուսական թատերագիտական միտքը զարգացման նոր աստիճանի են բարձրացրել մի ամբողջ շարք առաջնակարգ մասնագետներ Ս.Մոկուլսկին, Բ.Ալպերսը, Պ.Մարկովը, Յու. Յուզովակին, Ա. Գվոզդևը և այլոք: Ներկայիս եվրոպական նշանավոր թատերագիտական ուսումնասիրություններից են Հանս-Թիս Լեհմանի ‹‹Հետդրամատիկական թատրոն›› և Էրիկա Ֆիշեր Լիխտեի ‹‹Պերֆորմատիվության էսթետիկան››, ‹‹Թատրոնի նշանագիտությունը/ Семиотика ›› աշխատությունները:
Հայ իրականության մեջ թատրոնի մասին առաջին ակնարկները, բնորոշումները և դիտողությունները հայտնի են դեռևս V դարում: Դրամայի տեսության առաին հայերեն փաստթուղթն անհայտ մի հեղինակի բանաքաղություն է` <<Տեսակք բանաստեղծութեան>>, որի մի գլուխը վերնագրված է <<Յաղագս բանաստեղծութեան և եղերերգութեան ի մասնաւորի>>: Թատերագրության և թատրոնի խնդիրները քննության առարկա են դարձել 19-րդ դարի առաջին կեսից՝ մի շարք գրողների և մշակույթի գործիչների հոդվածներում(Պ.Մինասյան, Հ.Հիսարյան, Մ.Նալբանդյան, Հ.Սվաճյան, Մ.Գարագաշյան, Մ.Պատկանյան, Գ.Չմշկյան, Գ.Արծրունի, Սպ.Սպանդարյան, Աբ. Հովհաննիսյան:) Կլասիցիզմի տեսությունը սկսվել և ավարտվել է Ս.Տիգրանյանի ‹‹Ինչ-ինչ զեղերերգութենէ›› տրակտատով, որը դրամայի պատմաքննախոսության նախնական փորձերից է հայ իրականության մեջ: 1850-1860-ական թվականներին պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման շրջանում, լուսավորությունը, թատերական քննադատության մեջ, դարձել է գեղագիտական նախասկիզբ, յուրացրել՝ եվրոպական լուսավորության թատրոնի գեղագիտությունը (Հ.Հիսարյան, Մ.Գարագաշյան, Հ.Խորասանճյան), դրամայի գերմանական տեսությունը (Ստ.Նազարյան), գիտակցվել է թատրոնի ազգային հայրենասիրական և սոցիալական գործառույթը(Մ.Պատկանյան, Մ.Նալբանդյան, Հ.Սվաճյան,): Այս շրջանում Ստեփանոս Նազարյանը փորձում էր ստեղծել ազգային թատերագիտական տերմինաբանություն. գործողություն-դրամա, արարք-ակտուս, բնավորություն-խարակտեր, սորանկացություն-սիտուացիա, կացություն-վիճակի իմաստով, կնճիռ կամ կապ-կոլիզիա, դարձակետ-կատաստրոֆե, դարձված-պերիպետիա-դարձում-ներհակում, միջոց-антракт, միջներգություն-էպիզոդ, առերգություն-էպոդոս, շարակից կամ շրջանակ-դրամատիկական կոնտեքստի առումով, անհատություն-individualite: 1870-1880-ական թվականներին խաղացանկային խայտաբղետության և դերասանական ոճերի հակասության պայմաններոմ քննադատական միտքն առաջնություն է ստանձնել, դարձել թատրոնը ղեկավարող ուժ: Քննադատության մեջ սրվել է բեմական ուղղությունների խնդիրը, մի կողմից պաշտպանվել են ռոմանտիզմը և սալոնային խաղաոճը(Սպ.Սպանդարյան), մյուս կողմից՝ ազգային ռեալիստական դրամատուրգիան(Գ.Արծրունի): 1893թ. Թիֆլիսում Ալեքսանդդր Թարխանյանի խմբագրությամբ հրատարակվել է <<Թատրոն>> տարեկան հանդեսը, որը առաջին թատերագիտական հանդեսն էր հայ իրականությա մեջ: Միչև 1905թ լույս տեսած այս հանդեսի նպատակն է եղել հայ հասարակության մեջ թատրոնի հանդեպ հետաքրքություն բորբոքելը: Հայ թատրոնի և թատերագիտության համար առանձին արժեք են ներկայացնում նաև բեմական արվեստին վերաբերող այն հոդվածներն ու հուշերը, որոնց հեղինակն են գրողներն ու արվեստագետները(Ալ.Շիրվանզադե, Դ.Դեմիրճյան, Լ.Քալանթար): 20-րդ դարի կեսից առայսօր հայտնի հայ թատերագետներն են Ռուբեն Զարյան, Լուիզա Սամվելյան, Լևոն Հախվերդյան, Գարեգին Լևոնյան, Գառնիկ Ստեփանյան, Սարգիս Մելիքսեթյան, Բաբակեն Հարությունյան, Վահան Թերզիբաշյան, Լևոն Խալաթյան, Սուրեն Հարությունյան, Բախտիար Հովակիմյան, Վարսիկ Գրիգորյան, Հենրիկ Հովհաննիսյան, Հայկազ Երանոսյան, Խաչատուր Ավագյան, Տիգրան Հախումյան, Լևոն Մութաֆյան, Գրիգոր Օրդոյան:
Ժամանակակից թատերագիտության մեթոդական հիմնական մոտեցումները հետևյալներն են.
աղբյուրագիտություն - թատերարվեստին առնչվող նյութերի հայտնաբերում, բնութագրումն ու դասակարգումը:
վերականգնում - թատերական ստեղծագործության, գործընթացի (օր. ՝ ներկայացման փորձ) կամ ստեղծագործական մեթոդի վերաստեղծումը:
հերմենևտիկա – թատերալեզվում և ժանրում՝ ոճի, ներկայացման մեջ՝ պիեսի, դերասանի խաղում՝ կերպարի մեկնության ուսումնասիրումը:
նշանագիտություն – գեղարվեստական կառուցվածքի իբրև նշանային համակարգի ուսումնասիրումը, բեմական տեքստում նշանակության համեմատաբար օբյեկտիվ կրողների հայտնաբերում(ռացիոնալ, էմոցիոնալ)
կառուցվածքաբանություն – գեղարվեստական կառուցվածքը, որպես ստեղծագործության բնութագրական և հիմնական գեղագիտական հատկանիշների համակարգ ուսումնասիրելը:
սոցիոլոգիա – թատրոնի և իրականության փոխազդեցության մեխանիզմների և թատերական ստեղծագործություններում սոցիալական խնդիրների ընդգրկման հայտնաբերում:
միջմշակությաին հետազոտություն (հիմնականում համապատասխանում է համեմատական գրականագիտությանը) – ներկայացման մեջ գեղագիտական զանազան մոդելների, արվեստի ազգային և պատմական տարբեր տիպերի, գիտակցության և մշակութային տարբեր ոլորտներին պատկանող երևույթների աստիճանի սահմանումը:*
*Առայսօր չկա միասնական կարծիք թատերագիտության միջգիտաճյուղային կամ ինքնաբավությամբ ամբողջական լինելու վերաբերյալ:
թատերական ստեղծագործության հոգեբանություն – ստեղծագործական և թատերարվեստի ընկալման գործընթացների օրինաչափությունների ուսումնասիրում:
հոգեվերլուծական հետազոտություն – թատրոնի իբրև ստեղծողի (դրամատուրգ, ռեժիսոր, բեմանկարիչ, դերասան, կոմպոզիտոր) անձի անգիտակցական կառուցվածքների դրսևորման և ինդիվիդուալ ու կոլեկտիվ հանդիսատեսի արտամղված կոնֆլիկտների իրացման բնագավառի ուսումնասիրումը: Ինչպես նաև՝ գեղարվեստական տեքստի մեկնաբանումը հոգեվերլուծության տեսնակյունից:
թատորնի փիլիսոփայություն – թատրոնը, որպես մարդու գոյության և գիտակցման բնագավառներից մեկի ուսումնասիրում:
Իսկ թատերական աշխատությունների ժանրերը հետևյալներն են.
տեսական հետազոտություն – տարբեր պատմական փուլերի և ազգային մշակույթների, որպես նյութի ազատ ընտրությամբ թատրոնի որոշակի խնդրի ուսումնասիրումը:
պատմական հետազոտություն – սովորաբարար սահմանափակվում է որոշակի պատմական շրջանի կամ թատերական կառույցի տարրի բնութագրումով. բեմադրությունների պատմություններ, որոշակի պիեսի բեմական պատմություն, տարբեր ժամանականերում թատերական հնարքներից մեկի զարգացումը:
ներկայացման վերլուծություն – ներկայացման հետազոտումը՝ մեկ կամ մի քանի գիտական դիտանկյուններից:
ներկայացման վերականգնում – նյութերի հիման վրա բեմական գործողության նկարագրումն ու ներկայացման վերստեղծումը:
ըդհանուր ամփոփում – համեմատական նկարագրումը և գնահատականը մի քանի թատերական ստեղծագործությունների, ինչպես նաև թատրոնի մասին գրականության մի քանի օրինակների շարադրումը:
ստեղծագործական դիմանկար, ստեղծագործական կենսագրություն (դերսանի, ռեժիսորի, դրամատուրգի դիմանկար) – թատերական մասնագիտություններից որևէ մեկի ներկայացուցչի ստեղծագործական կենսագրության և մեթոդի հետազոտությունը:
Օգտագործված գրականության ցանկ
1. Թատերագիտական բառարան, Լևոն Հախվերդյան, Երևան-1986
2. Դ.Դեմիրճյան. Երկերի ժողովածու, հ.-6, Երևան-1982թ.
3. Հ.Հովհաննիսյան. Հայ թատրոնի պատմություն,19-րդ դար, Երևան-2010
4. Ալ. Շիրվանզադե. Երկերի ժողովածու, հ-5-6, Երևան-1959թ.
5. Ալ. Շիրվանզադե. Երկերի ժողովածու, հ-8, Երևան-1961թ.
6. Ալ. Շիրվանզադե. Երկերի ժողովածու, հ-10, Երևան-1962
7. Արծրունի Գրիգոր. Գրականություն, արվեստ, գեղագիտություն(հոդվածների ժողովածու), Երևան-2009թ.
8. Ն.Շահվալադյան. Թատերական մամուլի պատմությունից, http://theatricalpoints.com/hy/110
9. Театральные термины и понятия: /Материалы к словарю/ , Под.ред. А. П. Варламова, А. В. Сергеев., СПБ-2005
10. Театральная Энциклопедия, Том-3, Москва-19
Համահավաքեց՝ ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան
Խմբագրելի