Սեղմիր
ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

19.12.2020  04:10

Միջնադարյան թատրոնը իր ամբողջ պատմությամբ արտացոլում է ժողովրդական ռեալիստական սկզբի և կրոնական հայացքների պայքարը։ Եկեղեցին ամեն կերպ պայքարում էր հեթանոսական ավանդույթների և ժողովրդի մարմնական մղումների դեմ։ Չկարողանալով արգելել տոնակատարությունների ու թատերական հանդիսությունների հանդեպ հասարակ ժողովրդի սերը՝ եկեղեցին սկսեց  թատերական տարրեր օգտագործել կրոնական ծիսակատարությունների մեջ։ Այսպես, թատերական վաղ ծիսական խաղերը, հիստրիոնների ելույթները, աշխարհիկ դրամատուրգիայի առաջին փորձերը և հրապարակային ֆարսը կազմում են միջնադարյան թատրոնի ժանրերի մի խումբը, իսկ  լիթուրգիական, կիսալիթուրգիական դրամաները, միրակլը, միստերիան և մորալիտեն՝ մյուսը։

 Երեք ժանրերն էլ ներկայացնում են միջնադարյան հոգևոր դրաման և ունենալով իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները՝ բավականին մոտ են իրար։ Դրանք հաճախ ունեցել են միանման դրսևորումներ, ինչպես՝ օրինակ, Անգլիայում միրակլ տերմինն օգտագործվում էր միստերիայի փոխարեն: Առաջին միստերիան ֆրանսիական «Մոգերի գաղտնիքը»-ն է, որը մեզ է հասել 1060 թվականից։ Առաջին միրակլը Ժան Բոդելի «Խաղ Սուրբ Նիկոլայի մասին» միրակլն է, որը գրվել է 1200 թվականին։ Մորալիտե ժանրի պատմությունը սկսվում է «Խոհեմն ու անխոհեմը» ֆրանսիական դրամայից, որն առաջին անգամ բեմադրվել է 1436 թվականին։ Այս մորալիտեն իր գործող անձանց կազմով և քանակով, ինչպես նաև իր ծավալով հարում է միստերիային, սակայն լինելով գլխավորապես բարոյախրատական և ունենալով այլաբանական կերպարներ՝ բնորոշվում է որպես մորալիտե։ Թե’ միստերիան, թե’ միրակլը և թե’ մորալիտեն դրսևորվել են միախառնված ու իրարից փոխառել են տարբեր հատկանիշներ։

 Միջնադարյան թատրոնի այս երեք ժանրերն էլ սկզբնական շրջանում ելնում էին քրիստոնեական բարոյախոսությունից, հիմնականում օգտագործում էին աստվածաշնչյան թեմաները և դրանց գլխավոր նպատակը կրոնական և բարոյական քարոզն էր։ Միստերիալ դրամատուրգիան բաժանվում էր երեք բաժինների՝ հին-կտակարանայինի, նոր-կտակարանայինի, առաքելականի: Այս ժանրը օգտագործում էր ոչ թե առանձին պատմություններ, այլ աստվածաշնչյան ամբողջական թեմաներ, ինչպես օրինակ՝ «Հին կտակարանը» միստերիան՝ կազմված 40 պիեսներից։ Նման մեծ ծավալով պայմանավորված միստերիաների բեմադրությունները կարող էին տևել մոտ մեկ ամիս։ Ֆրանսիայում բեմադրված «Առաքյալների վարքը» դրաման տևել է 40 օր։ Միստերիաների բեմադրությունները մասշտաբային էին ոչ միայն տևողության, այլև բազմապլանության պատճառով։ Գործողությունները ցուցադրվում էին միաժամանակ մի քանի տաղավարներում։ Դրանց քանակը կարող էր հասնել քսանի։ Գործողության տեսարանները կառուցում էին առանձին խցիկների տեսքով, օղակաձև, բարձր տախտակամածային հարթակի վրա: Միջնադարյան միստերիայի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է անպայման անդրադառնալ նաև ինտերմեդիաներին։ Դրանք կենցաղային ու կատակերգական բովանդակությամբ դրվագներ էին, որոնք կատարում էին ընդմիջման դեր  միստերիայի հիմնական գործողությունների միջև։ Միստերիան տարբերվում է միրակլից և մորալիտեից իր էպիկական բնույթով։  Չնայած արտաքին դրամատիկ ձևին՝ միստերիան ուներ պատմողական բնույթ և կատարվող գործողությունը խոսքի իլյուստրացիան էր։

 Միրակլը, ինչպես և միստերիան, իր հիմնական սյուժեները վերցնում էր քրիստոնեական պատմություններից ու սրբերի կենցաղավարությունից։ Երբեմն միրակլը կենսական հակասությունները շատ սուր և համարձակ է ներկայացրել։ Ի տարբերություն Աստվածաշունչը բեմականացնող միստերիայի` միրակլը ցույց է տվել, թե ինչպես երկրայինի՝ մարդու ճակատագիրը տնօրինում են երկնային ուժերը, որոնք էլ պատժում են մեղսագործին և հաղթանակ պարգևում պարկեշտին։ Բացի դրանից միրակլ ժանրը ուներ ավելի փոքր ծավալ և ամբողջական կառուցվածք. հատուկ չէր միստերիայի տարերայնությունն ու մասշտաբայնությունը։ Միրակլի սյուժեն կառուցվում էր հրաշքի շուրջ՝ այստեղից էլ ժանրը ստացել է իր անունը (լատ  mirus-արտառոց, mirabilia-պատմվածք զարմանալիի, արտասովորի մասին, miraculum-հրաշք)։ Միրակլը, ինչպես և միստերիան, սկզբնական շրջանում խաղում էին տաճարներում։ Հետագայում միրակլների բեմադրությունները տեղափոխվեցին բաց հարթակներ։

Մորալիտեն ներկայացնում էր քարոզչական, խրատաբան, այլաբանական բովանդակությամբ դրամա։ Ժանրի անունը ևս հուշում է իր հիմնական առանձնահատկությունը՝ լատիներեն moralis - առաքինի բառից։ Մորալիտեի ծագման պահին՝ այն է ուշ միջնադարում (14-16-րդ դդ) թատրոնում գերիշխում էր միստերիան, որի հետևանքով նոր ժանրի սաղմերը հայտնվեցին միստերիալ ներկայացումներում։ Մորալիտեն սահմանային ժանր էր և արտահայտվում էին ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ թեմաները։ Ժանրը հետապնդում էր ուսուցողական   նպատակներ, սակայն միստերիայի ուսուցողականությունն ու ուսուցման տեսությունը (դիդակտիկան)  ամփոփված էր կրոնական պատմությունների շրջանակում և հաճախ կորցնում էր իր իմաստը կենցաղային կոմիկական տեսարանների հետ կողք կողքի լինելու պատճառով։ Մորալիտեն ազատագրեց բարոյականության քարոզը ինչպես կրոնական սյուժեներից, այնպես էլ կենցաղային շեղումներից և ձեռք բերեց ամբողջականություն և ուսուցողական  նպատակուղղվածություն։ Մորալիտեի ծագմանը նպաստեց նաև միրակլներում արկածային կամ կենցաղային-ընտանեկան թեմաների արծարծումը։ Առաջացան նոր կերպարներ, տեքստը դադարեց լինել կանոնիկ և դրամայում ավելացան ռեալիստական մոտիվները։

Մորալիտեն միստերիայից և միրակլից տարբերվում էր նաև իր կերպարներով։ Հերոսի զգացմունքները, բնության երևույթները, մարդկային արատներն ու առաքինությունները հանդես էին գալիս առանձին կերպարներով։ Այս կերպարները զուրկ էին անհատական բնութագրից և իրենց ներկայացնում էին որևէ խորհրդանիշի միջոցով, օրինակ՝ Ագահությունը հագնում էր ցնցոտիներ ու սեղմած պահում ոսկու պարկը, Եսամոլությունը հայելի էր կրում և ամեն րոպե նայում էր իր արտացոլանքին, Հաճույքը նարինջներ էր պահում իր մոտ, Հավատը՝ խաչ, Հույսը՝ խարիսխ, Սերը՝ սիրտ։ Այս բոլոր իրերը այլաբանական կերպարների ձեռքին կորցնում էին իրենց առարկայական նշանակությունն ու դառնում էին տարբերակիչ նշաններ՝ այս կամ այն վերացական կատեգորիայում։ Այսինքն, ի տարբերություն գաղտնախորհրդության միտված միստերիայի սիմվոլային համակարգի, մորալիտեում գործում է ճակատային մետաֆորայնությունը: 15-րդ դարում մորալիտեն ենթարկվեց փոփոխությունների։ Այլաբանական կերպարները ստացան ավելի մարդկային հատկանիշներ, իսկ  Սուրբ գրքի թեմաների օգտագործումը զարգացրեց անցումը աբստրակցիայից դեպի հարաբերական որոշակիության։ Այս առումով մորալիտեն որոշ չափով նմանվում էր միրակլի (օրինակ՝ «Չարի, Հարուստի և Բորոտի մասին» մորալիտեն (15-րդ դար)։ Մորալիտեն առանձնանում էր մյուս երկու ժանրերից նաև իր կոմպոզիցիոն ամբողջությամբ։ Մորալիտեի հեղինակների մեծագույն ձեռքբերումներից մեկը, որպես բեմական գործողության մեկ սյուժետային գծի շուրջ զարգացումն էր և կենտրոնացումը մեկ կամ երկու գլխավոր կերպարների շուրջ։

Միջնադարյան թատրոնի այս երեք ժանրերն էլ զարգանալով և փոխակերպվելով՝ նպաստեցին աշխարհիկ թատրոնի ձևավորմանը։ Դրամատուրգիայում զարգանում էին ոչ միայն աշխարհիկ տարրերը, այլև կատարելագործվում էին բեմադրական միջոցները, բուտաֆորիան և հագուստները։ Միջնադարյան հոգևոր դրամայի այս երեք ժանրերը, միմյանց փոխարինելով և զարգանալով, ստեղծեցին նոր ժանրեր՝ ինչպես օրինակ՝ աուտո (մեկ գործողությամբ դրամա կրոնական թեմայով), ֆարս, սոտի և այլն։ 

ԱՆԻ Տեր-Սահակյան

804 հոգի