Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՓՈՔՐ ԴՐԱՄԱ

17.12.2020  00:32

 անգլ.- short play, playlet, oneact play

  Հիմնականում մեկ գործողությունից ու մի քանի տեսարաններից բաղկացած (ժամանակակից թատերագրության մեջ կարող է «խախտվել» այդ օրինաչափությունը. այն կարող է լինել երկու կարճ գործողություններով) փոքր ծավալով, լակոնիկ պիես:* Մեծ մասամբ չի ունենում ենթասյուժե, կոնֆլիկտը «չի հասցնում» զարգանալ, հաճախ չի ունենում նախադրություն: Փոքր դրամայում  առկա են ռեմարկները, դիալոգները, մենախոսությունները և այլն, սակայն դրանց մեջ միշտ չէ, որ պահպանվում են դրամատուրգիական կոմպոզիցիայի բաղադրիչները: Թատերագիրներին հաճախ չի հաջողվում ստեղծել ամբողջական կերպարներ փոքր թատերախաղերում, որտեղ գործող անձինք հիմնականում սակավաթիվ են, բայց ոչ միշտ: Քիչ են այն փոքր դրամաները, որտեղ կերպարներն ամբողջական են: Մեկ գործողությամբ դրամայի կառուցվածքին բնորոշ է տեսարանների, ներքին ու արտաքին գործողությունների սակավությունը, որը կարող է հանգեցնել դրամայի գեղարվեստական տարածքի և ժամանակի նեղացման: Մեծաքանակ փոքր դրամաների (playlet) վարպետ Թորնթոն Ուայլդերի ձևակերպմամբ` երեք րոպեանոց պիեսներ 3 գործող անձանցով: Փոքր դրամա «ձևաչափով» կարող են գրվել տարբեր ժանրատեսակների պիեսներ. աբսուրդի, հոգեբանական դրամա, սոցիալական, դոկումենտալ դրամաներ, այն կարող է լինել նատուրալիստականից մինչև գրոտեսկային-պարադոքսալ, ինչպես, օրինակ, Սլ. Մռոժեկի «Չարլին» և այլն:

 * Դրամաները ծավալային առումով պայմանականորեն կարող են լինել փոքր և մեծ (full-length):

Փոքր դրամայում տեղի, ժամանակի և գործողության եռամիասնությունը և՛ պահպանվում է, և՛ չի պահպանվում՝ կապված պիեսի ժանրի հետ: Եթե մեծ (full-length) պիեսներում գործողությունը պետք է զարգանա վերընթաց և դրա յուրաքանչյուր շրջափուլ նախորդի հարաբերությամբ պետք է հատկանշի զարգացման առավել բարձր աստիճան, ապա փոքր դրամայում միշտ չէ, որ լիարժեք է այդ զարգացումը: Գործող անձինք հիմնականում սակավաթիվ են: Փոքր դրամայի լեզուն պարզ է, երկխոսությունները՝ դինամիկ: Շատ կարևոր է յուրաքանչյուր բառի արժեքն ու կարևորությունը, ծավալային առումով՝ քչի մեջ շատ բան ասելու գրողական ունակությունը: Ինտրիգը դառնում է  փոքր դրամայի առանցքը, առաջ մղող ուժը, գործողությունը կազմակերպելու եղանակը:

  Փոքր դրաման գոյություն ուներ դեռևս անտիկ Հունաստանում, որտեղ  ծավալով ավելի մեծ էր՝ ըստ արդի մեկ գործողությամբ պիեսների «չափորոշիչների». գերազանցում էր 60 րոպեն՝ հասնելով 80-ի: Հունական մշակութային կյանքում իրենց ուրույն տեղն ունեին մեկ արարով պիեսները:

 Միջին դարերում փոքր դրամայի զարգացումը կապվում է վաղ քրիստոնեական եկեղեցու հետ: Բեմում ներկայացվում էր սուրբ Հաղորդության տեսարանի բեմականացումը (Հիսուսի «Վերջին ընթերիքը» առաքյալների հետ): Գրական հիմքը Հին և Նոր կտակարաններն էին: Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում լայն տարածում գտան միստերիաները և «մորալիտեները» (Morality plays), իսկ, օրինակ, Ուեյքֆիլդում, Յորքում, Քոնվենթրիում ներկայացվում էին 10-20 րոպեանոց բեմականացված հոգևոր պատմություններ:

 Իտալական «Կոմեդիա դել արտե-ի» իմպրովիզացիոն ներկայացումները ևս հաճախ եղել են փոքր դրամայի ձևաչափում: Էլիզաբեթյան շրջանի Անգլիայում կային հայտնի ստեղծագործություններ մեկ գործողությամբ, ինչպես, օրինակ, «Գոնզագոյի ողբերգությունը», որ ներկայացվում էր պալատում, իսկ այդ ժամանակաշրջանում ամենահայտնի անուններից էր Թոմաս  Միդլթոնն իր պիեսներով՝ փոքր և մեծ կտավի երկերով:  Մեկ գործողությամբ պիեսների սիրողական բեմադրություններում ներգրավված էր նաև դասական գրող Չ. Դիքենսը, որ ներկայացնում էր նաև իր իսկ ստեղծագործությունների բեմականացված ընթերցանությունը:

 Իռլանդիայում, Անգլիայում և Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ թատերախմբերը ֆարսային-վոդևիլային բնույթի բեմադրություններ էին  ներկայացնում մինչև հիմնական ներկայացումը կամ դրանից հետո: Մեծ ժողովրդականություն էր վայելում1847 թ. Ջ. Մ. Մորթոնի հեղինակած «Բոքսը և Քոքսը» 30 րոպե  տևողությամբ պիեսը: Ֆարսավոդևեվիլային թատերախաղերում հաճախ կրկնվող սյուժեով (երկու կենվորները՝ Բոքսը և Քոքսը, սիրահարվում են տանտիրուհուն, սակայն վերջինս «գնում է» մի երրորդ մարդու՝ Կնոքսի հետ):

 Մեկ գործողությամբ պիեսը՝ որպես բառացի «վարագույր բարձրացնող» (“Curtain Raiser”), լայն տարածում գտավ 18-րդ դարի 2-րդ կեսին ու մասնավորապես՝ 19-րդ դարում: Փոքր դրամաներ սկսեցին գրել Բելգիայում Մ. Մետերլինկը, («Ինքնակոչը»), Ավստրիայում՝ Հյուգո ֆոն Հոֆմանշթալը («Մադոննա Դիանորա»), Արթուր ՇնիցլերըԳրականություն»), Բոլիվիայում՝ Ֆեդերիկո ՄորենՄիջախաղ»), Ֆրանսիայում՝ Ջ. Անքեյը - «Պարոն Լամբլին», Գերմանիայում՝ Կարլ ԷթլինգերըԱլտրուիզմ»), Ֆրանկ ՎեդեքինդըՏենորը»), Անգլիայում՝ Առնոլդ ԲեննեթըԼավ կինը» ֆարսը), Ջորջ ԿալդերոնըՔարե խրճիթը»), Հնդկաստանում՝ Դհան Գոփալ Մուքերջին  («Ինդրայի դատաստանը»),  Իռլանդիայում՝ Լեդի ԳրեգորինՈւղղիչ տան հիվանդասենյակը»), Հոլանդիայում՝ Ջ. Հ. ՍփինհոֆըԼուիզ»), Հունգարիայում՝ Լայոս ԲիրոնՏատը»), Իտալիայում՝ Ջուզեպե ՋիակոզանՀոգու իրավունքները»), Ռուսաստանում՝ Լոենիդ ԱնդրեևըԻնչ-որ մեկի հարևանի սերը»), Անտոն ՉեխովըԱռաջարկություն»), Իսպանիայում՝ Ջակինտո ԲենավենտեՆրա այրիի ամուսինը»), Շվեդիայում՝ Ավգուստ ՍթրինդբերգըՊարտատերը»), Դանիայում՝ Գուստավ ՎիդըԱշնանային կրակներ»), ԱՄՆ-ում՝ Լյուիս ԲիչըԵղբայրները»), Հարրի ՔեմփըԲոկաչչոյի չպատմված պատմությունը») և շատ ուրիշներ:

 Թեև փոքր դրաման լայն տարածում ուներ ամբողջ աշխարհում, բայց մեծ մասսայականություն էր վայելում մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դառնում էր փորձարարություն նաև նշանավոր դասականների համար: 1878-ին լայն տարածում ուներ բազմիցս բեմադրված «Հին սիրային նամակներ» մեկ գործողությամբ պիեսը: Մինչ այդ` 1870-ականներին, Էդուարդ Հարրիգանը գրել է 75 փոքր պիեսներ, որոնք ավելի շատ մոտ էին «սկետչների, քան պիեսների: իսկ Ավգուստուս Թոմասը թատրոնի համար նախատեսված իր մեծամասշտաբ գործերի հետ տպագրել էր նաև 12 մեկ արարով պիեսներ մինչև 1898 թվականը: Ուիլյամ Դ. Հոուելզը համարվում է ամերիկյան մեկ գործողությամբ պիեսների առաջին լավագույն դեմքերից մեկը և նրա որոշ պիեսներ արժանացել են Ջ. Բ. Շոուի խրախուսանքին: Բ. Ջ. Շոուն, բրիտանացի այլ թատերագիրներ Ա. Վ. Պիներոն, Ջ. Մ. Բարրին և այլք նույնպես գրում էին մեկ գործողությամբ դրամատիկական երկեր:

 Բազմաթիվ թատրոնների խաղացանկում իրենց հաստատուն տեղն ունեին մեկ գործողությամբ պիեսները, որոնք բեմադրում էին թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական խմբերը: 1920-30-ականներին Բրիտանիայում փոքր դրամաները՝ որպես դիդակտիկ նյութ, հայտնվեցին նաև կրթական հաստատություններում, մասնավորապես դպրոցներում տպագրվեց «Այսօրվա մեկ արարով պիեսները» վերնագրով ժողովածու:

 Ավանդական էին դարձել նաև փոքր դրամայի տեղական փառատոնները, որոնց հայտնի դրամատուրգներ (Թորնթոն Ուայլդերը, Յուջին Օ’Նիլը, Ջոն Մեյսֆիլդը և այլք) էլ էին մասնակցում: 1925-ականներից հետո տարածում գտան նաև քաղաքական առակ հիշեցնող փոքր դրամաները, որոնցից ամենաշատ աչքի ընկնողը Քլիֆֆորդ Օդեթսի «Ձախլիկին սպասելիս» (1936 թ.) պիեսն էր: Մեկ գործողությամբ դրամաները տեղ գտան նաև ռադիոյում, եկեղեցիներում: Հայտնի էր Օրսոն Ուելլսի կես ժամանոց ռադիոպիեսների շարքը (1938 թ.):

 Փոքր դրամայի դրսևորումներն առկա են եղել նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:  30-40 րոպե տևող փոքրածավալ պիեսների բեմադրություններ երբեմն ներկայացվում էին զորախմբերի առաջ: Պատերազմից հետո ծաղկում ապրեցին ամերիկյան փոքր դրամաները, իսկ ամերիկյան թատրոնի պատմաբան Լեոնարդ Ջակոբսն այն անվանեց «խանդավառ վերածնունդ: Թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական թատերախմբերը հաճախ էին անդրադառնում այս դրամաներին, իսկ նշանավոր դրամատուրգներ Արթուր Միլլերը, Վիլյամ Սարոյանը, Թեննեսսի Ուիլյամսը, Էդուարդ Օլբին ստեղծում էին նաև փոքրածավալ դրամատիկական գործեր: Ռադիոն և հեռուստատեսությունը բերրի հող էին նախապատրաստում ավելի փոքր դրամաների համար (30-60 րոպե տևողությամբ) այնպիսի գրողների կողմից, որպիսիք էին Հարոլդ Փինթերը, Թոմ Սթոփփարդը և Քերիլ Չըրչիլլը.: ԱՄՆ-ում որոշ փոքր դրամաներ անգամ արժանացել են Պուլիցերյան կամ Թոնի մրցանակների: Շատ գրողներ հայտնի դարձան՝ հենց փոքրածավալ պիեսների թատերագրական բարդությունները հաղթահարելով: Գրականագետները հաճախ են բանավիճել թատերագրական երկերի ծավալի, ներքին ձևի ու կառուցվածքի շուրջ: Մեկ արարով գործ գրելն իսկական մարտահրավեր էր համարում, քանի որ նյութի ընտրության հարցը ծայրահեղ խստապահանջություն է թելադդրում:

 Յուջին Օ’Նիլն առաջին ամերիկացի թատերագիրն էր, որը ժողովրդականություն ձեռք բերեց հատկապես իր փոքր դրամաներով: Ծավալային ձևաչափը հաճախ թույլ չէր տալիս դրամատիկական երկը հասցնել գեղարվեստական ամբողջականության, այդ իսկ պատճառով փոքր պիեսները հաճախ մնում էին չբեմադրված կամ «կորուսյալ»: Անգամ Նոբելյան ու Պուլիցերյան մրցանակակիր Օ’Նիլի մի շարք մեկ գործողությամբ պիեսներ մնացին չբեմադրված անլիարժեք բեմականության պատճառով: Այն, ինչը ունակ էր պիեսը դարձնել հետքրքիր ընթերցանության համար, թատրոնի համար լինել տարօրինակ էր թվում:

 Ամերիկյան դրամատուրգիայում՝ մասնավորապես փոքր դրամայի նորացման ու զարգմացման հարցում,  առանձնահատուկ տեղ ունի Վիլյամ Սարոյանը, որը մինչև «Իմ սիրտը լեռներում է» պիեսը ստեղծելը գրել է, փոքր, իր բնորոշմամբ, «պզտիկ խաղեր»: Այդ փոքր խաղերը (playlet) կամ կարճ պիեսները (short plays) թեև ամբողջական չեն («Նորեկները»), սակայն իրենց սեղմությամբ իսկ բազմաշերտ են, և ավելի շուտ կարելի է կոչել «թատերական տեսարան կամ դրվագ: Եթե ընդունված էր փոքր դրամաներում կիրառել սակավաթիվ գործող անձնանց, ապա Վ. Սարոյանը «խախտեց» այդ ավանդույթը և տասնյակից ավել կերպարներ ներմուծեց ծավալով փոքր թատերախաղերում: Երբեմն պատմվածք հիշեցնող սարոյանական փոքր դրամաները ժանրային տարատեսակության համատեքստում հարուստ են՝ աբսուրդի դրամա, բալետային պիես, իտալական օպերա, ռադիոպիես, հեռուստապիես և այլն:

 Փոքր թատերախաղերի դասական վարպետներ են նաև Ավգուստ Սթրինբերգը, Թեննեսսի Ուիլյամսը, Էժեն Իոնեսկոն, Սեմյուել Բեքեթը, Կոբո Աբեն, Բիլլի Արոնսոնը, Արթուր Միլլերը, Ջոզեֆ Հելլերը, Դուգլաս Հիլլը, Մորիս Մետերլինկը, Ա. Ս. Պուշկինը և այլք:

 Անտիկ կամ միջնադարի հայ գրականությունից մեզ հասած փոքր դրամայի նմուշներ գրեթե չկան: Հիշատակվում են Խաչատուր Աբովյանի որոշ դրամաներ («Գիժն ուսումնարանում», «Ֆեոդորա կամ որդիական սեր»): Ազգային գրականության մեջ մեզ հասած մեկ գործողությամբ պիեսներից է Պետրոս Դուրյանի «Տարագիր ի Սիպերիա» ողբերգությունը: Փոքր դրամա է համարվում նաև Գաբրիել Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլը (գրվել է 1863-ին, առաջին անգամ տպագրվել է 1866 թ., այնուհետև լույս է տեսել երկու անգամ)։ Հեղինակը աննշան փոփոխություններ է մտցրել պիեսում, ձեռագիրը չի պահանվել:  1866 թ. ապրիլի 12-ին կայացավ Գ. Սունդուկյանի մի նոր մեկ գործողությամբ պիեսի՝ վոդևիլի առաջին ներկայացումը, որը այն ժամանակ դեռևս կոչվում էր «Օսկան Պետրովիչն էրազումը»։

 20-րդ դարում հայկական թատերագրության մեջ փոքր դրամաներն իրենց բազմազանությամբ ու քանակով նույնպես աչքի ընկան: Այդ ժանակահատվածում գրված պիեսներից են Ա. Այվազյան - «Բիլիարդ», Կ. Խոդիկյան - «Զգույշ, դռները բացվում են», Ս. Խալաթյան - «Վերջին ծաղրածուն» և այլն): 2008-2020 թթ. ևս ժամանակակից հայ դրամատուրգիայում շարունակվում են գրվել տարատեսակ և գեղարվեստական արժանիքներով ու թերություններով բազմաթիվ փոքր դրամաներ, որոնց մի մասը բեմադրվում է թատրոններում, թատերական բուհերում:

 Ընդունված է փոքր դրամա համարել 10-40 րոպեանոց և նույնչափ էջեր ունեցող թատերգությունները: Ժամանակակից գրական-թատերական կրթօջախներում դրամայի տեխնիկայի դասընթացների շրջանակում փոքր դրամա են համարում 10-40 էջ և 1-40 րոպե տևողություն ունեցող պիեսները ու դրանց բեմադրությունները:

 21-րդ դարում էլ փոքր դրաման ժանրային տարաձևումներով մնում է որպես հաճախ բեմադրվող, դարի ռիթմին համահունչ դրամատիկական երկ, իսկ մի շարք երկրներում դեռևս ակտիվորեն անցկացվում են մեկ գործողությամբ պիեսների բեմադրությունների փառատոններ:

Օգտագործված գրականության ցանկ

1. https://www.charlesdickenspage.com/dickens-and-the-theatre-moskovitz.html

2. Walford Rex and Dolley Colin, “The One-Act Play Companion”, A&C Black London, 2011

3. Տե՛ս «https://www.backstage.com/magazine/article/one-act-takes-center-stage-14638/

4. Bennett Y. Michael and Carson D. Benjamin,Eugene O’Neill’s One- Act Plays”, Palgrave Macmillan, NY, 2012

5. https://www.thorntonwilder.com/playlets-1

6. «Հայոց լեզու և գրականություն» 1-2.2008, «Վ. Սարոյանի թատերգությունների թարգմանությունը», Է. Զոհրաբյան

7. Սըվաճյան Հ., «Հրապարակախոսություն», Առաջաբան, Երևան, 1960

8. Ավանեսյան Արմեն, «Արդի հայ դրամատուրգիան» (1991-2008 թթ.), «Գրական էտալոն», Երևան, 2011 թ

Կազմեց-համահավաքեց` ԷԼՖԻՔ  Զոհրաբյանը

Խմբագրելի

1692 հոգի