Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

 16.12.2020  02:56

Թատերական արվեստի տեսակ, որտեղ  դերասանների փոխարեն հանդես են գալիս տիկնիկները: Ծագել է վաղնջական ժամանակներից, և թատերական տիկնիկների մասին հիշատակումներ կան Հերոդոտոսի, Արիստոտելի, Հորացիուսի, Մարկուս Ավրելիուսի և այլոց աշխատություններում: Էսքիլոսի և Էվրիպիդեսի ողբերգություններում տիկնիկները մահացածներին և համրներին ներկայացնելու համար էին ծառայում:

Ամենահին տիկնիկային թատրոնը հայտնաբերվել է Եգիպտոսում 1904 թվականին, որը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դարին: Այնուհետև տիկնիկային թատրոնի ակունքները նկատվում են Հնդկաստանում, այնտեղ ևս դրանք կրում էին միտերիալ-կրոնական բնույթ: Դրանք փայտից պատրաստված մեխանիկական տիկնիկները էին: Իսկ ըստ ուսումնասիրողների, Հնդկաստանում, մ.թ.ա. 11-րդ դարում, ներկայացումներն արդեն տաճարներից տեղափոխվել են թատերական հրապարակ, որտեղ տիկնիկները թելերի օգնությամբ խաղացվել են՝ ստեղծելով շարժման տպավորություն, տիկնիկավարին անվանել են Սուտրադհարա (Sutradhara՝ թելերը շարժող):

Տիկնիկային թատրոնի նախաձևային դրսևորումների առաջացման բացատրության փորձերը տվել են երկու տեսակետներ: 19-րդ դարի ֆրանսիացի գրող Շարլ Նոդիեն գտնում էր, որ տիկնիկային թատրոնը ծագել է մանկական խաղերից, այսինքն երբ երեխան սկսել է խոսել տիկնիկի հետ, նրան համարել իր խաղընկերը. տիկնիկը դարձել է գործող անձ: Ֆրանսիացի արվեստաբան Շարլ Մոնիեն էլ գտնում էր, որ տիկնիկային թատրոնը ծագել է հեթանոսական ծիսակատարություններից, կրոնական միստերիաներից: Ծիսական արարողությունների ժամանակ մարդիկ տարբեր նյութերից պատրաստել են աստվածների արձանիկներ, երկրպագել դրանց: Սզկբնական շրջանում արձանիկները անշարժ էին, հետագայում սկսեցին պատրաստել այնպիսի արձանիկներ, որոնց մարմնի որոշ մասեր՝ գլուխը, ձեռքերը շարժվում էին: Ավելի ուշ, դրանք սկսեցին խաղացվել նաև հրապարակներում՝ տոնակատարությունների ժամանակ:

Մինչև 19-րդ դար Տիկնիկային ներկայացման համար նախօրոք գրված տեքստ չի եղել: Ներկայացումը հիմնված է եղել իմպրովիզացիայի վրա:

Սկզբնական շրջանում ունենալով ծիսական նշանակություն և ուղղվածություն, յուրաքանչյուր երկրում ծնված տիկնիկային թատրոնը ունեցել է խիստ արտահայտված ավանդական-ազգային հատկանիշներ: Օրինակ Արևելքում` ինդոնեզական վայանգը, ճապոնական ջորուրին, հնդկական Վիդուշական, որը ռուսական Պետրուշկայի նախատիպն է համարվում, 11-16-րդ դարերում եվրոպական միստերիաներում օգտագործվող տիկնիկը՝ որը մարմնավորում էր Կույս Մարիամին (Marion, Marionette թատերական տիկնիկի տեսակի մարիոնետի անվանումը կապված է Աստվածածնի արձանիկի խաղարկման հետ):

Ավելի ուշ շրջանում ստեղծված ծիսակրոնական գաղափարաբանությամբ տիկնիկային թատրոնները գոյություն ունեն մինչ օրս, այստեղ կարևորվում է ոչ թե կատարողական և կոմպոզիցիոն վարպետությունը, այլև միստերիալ նշանակությունը (Էլ Պաստորետս (Կատալոնիա), Վերտեպ (Ուկրաինա և Ռուսաստան),  Բատլեիկա (Բելառուսի), Մալանկա (Մոլդովիա), Շոպկա (Լեհաստան)):

Ժամանակի ընթացքում տիկնիկային թատրոնը, որպես թատրոնի առանձին տեսակ դուրս է գալիս կրոնական թեմատիկայի սահմանափակվածությունից և ստանում աշխարհիկ կյանքից փոխառված թեմաներ: 16-17-րդ դարերում տիկնիկային ներկայացումները մեծ հռչակ են վայելում եվրոպական արիստոկրատիայի շրջանում: Կերպարները՝ տիկնիկները, ևս ձևափոխվում են՝ ստանալով սատիրիկ բնութագծեր և մինչև 19-րդ դարը ծառայում իբրև ծաղրանկարային գործիք: Դրա ակունքները գտնվել են հին հռոմեական իմպրովիզացիոն տեսարանների վերաբերյալ նկարագրություններում, որտեղ հանդես էին գալիս տիպականացված կերպարներ, որոնցից մեկը՝ Մակկը, հետագայում դարձավ ժողովրդական տիկնիկային թատրոնի գլխավոր պերսոնաժի նախատիպը: Տարբեր երկրներում այս պերսոնաժը ունեցել է գրեթե նույն արտաքինը՝ մեծ գլուխ, կեռ քիթ, մեկ կամ երկու սապատով: Հնդկական թատրոնում  դա Վիդուշական էր, իտալականում՝ Պուլչինելլան, անգլիականում՝ Պանչը, գերմանականում՝ Հանսվուրստը, ֆրանսիականում Պոլիշինելը, ռուսականում՝ Պետրուշկան (կամ Պյոտոր Իվանովիչ Ուկսուսովը, Վանկա Ռատատույը), կովկասյան երկրների թատրոններում՝ Ղարագյոզը: Կոմեդիա դել արտեյում հանդիպող դիմակներին՝ Պուլչինելա, Առլեքին, Տարտալյա, Պանտանելո, Նինետա, Տրուֆալդինո,  հետագայում կարելի է տեսնել իտալական ժողովրդական տիկնիկային թատրոնում:

 19-րդ դարի կեսերից ժողովրդական սատիրիկ տիկնիկային թատրոնը սկսում է անկում ապրել: Եվրոպական երկրներում ստեղծվում է թատերական նոր ձև՝ սիրողական կիսապրոֆեսիոնալ ներկայացումներ, որոնք հովանավորվում էին արիստոկրատիայի կողմից: Նարնց համար պիեսներ էին գրում Գ. Կլեյստը, Տ. Հոֆմանը, Ա.Ֆրանսը, Մ.Մետերլինկը, Բ.Շոուն և այլն:   Ռոմանտիզմի և սիմվոլիստական ուղղության ներկայացուցիչների տիկնիկային թատրնոի վերաբերյալ կարծիքներում նշմարվում են իդեալականացված փիլիսոփայության մոտիվներ, հեռացումը կայնքից, միստիկական տրամադրություններ` արտահայտելով մարդը, որպես ճակատագրի կողմից ղեկավարվող անօգնական մարիոնետ դիտարկումը:

Առանձնակի ուշադրության է արժանի ճապոնական տիկնիկային թատրոնը: Ճապոնիայում տիկնիկային թատրոններ հիմնադրվել են շատ վաղ ժամանակներից: 1669 թվականին հիմնադրվել է Օմինոյո Տեկադայի մարիոնետային տիկնիկների թատրոնը, որը գործում է մինչ օրս, ճապոնական հայտնի տիկնիկային թատրոնններից են նաև Ավադզի և Բունրակուդզա հնագույն թատրոնները: Ճապոնացի դրամատուրգ Տիկամացու Մոնդզաէմոնը տիկնիկային թատրոնի համար շուրջ 100 պիես է գրել: Տիկնիկային թատրոնի տեսակին է առնչվում նաև Կաբուկի թատրոնը: Ճապոնական տիկնիկները արտքանապես մարդուն շատ նման են, ունեն գրեթե նույն հասակը, հագցված են մետաքսե շքեղ հանդերձներով: Ճապոնական թատրոնի աշխարհին հայտնի հերոսներից է Պուկիտին, ով դարձել է նաև խաղաղության և մարդասիրության խորհրդանիշ:

 Մեծ ճանաչում է վայելում նաև Չինական տիկնիկային թատրոնը: Այստեղ կա տիկնիկային թատրոնի շուրջ 200 տեսակ, որոնք առանձնանում են խաղի տարբեր ձևերի, հնարքների կիրառմամբ:

Թատերական տիկնիկների տեսակներից են ձեռնոցավոր տիկնիկները, ձողավոր, թելերով խաղացվող տիկնիկները՝ մարիոնետները (խամաճիկները), ստվերապատկերները, որոնք օգտագործվում են ստվերների թատրոնում, մեխանիկական տիկնիկները, ծավալային տիկնիկները: Շատ հաճախ  մեկ ներկայացման մեջ համադրվում են տիկնիկների մի քանի տեսակ: Մատներով խաղացվող (ձեռնոցավոր) տիկնիկը դերասանը հագցնում է մատներին և խաղացնում վարագույրի հետևում, որի վրա էլ երևում է նրա ստվերապատկերը։ Մարիոնետները (խամաճիկներ)՝ դերասանի ձեռքում 2, 3, 4 խաչաձև փայտիկներ են, որոնք թելերով ամրացված են տիկնիկի գլխին, ուսերին, արմունկներին և ծնկներին։ Դերասանը ձգում է թելերը կամ պտտում փայտիկները, և տիկնիկը քայլում է, թափահարում ձեռքերը, շարժում գլուխը, նույնիսկ պարում։ Ձողերով տիկնիկը, որը հենված է փայտյա ձողի՝ գաբիտի վրա, որի վրա էլ ամրացվում են տիկնիկի գլուխը, աչքերը, բերանը շարժող մեխանիզմները,  դերասանը պահում է իր գլխավերևում և վարագույրի հետևից նրան խաղացնում այնպես, ինչպես մատներին հագցրած տիկնիկին։ Հանդիսականները սովորաբար չեն տեսնում ձողերը, որովհետև դրանք ծածկված են տիկնիկի հագուստներով։ Ստվերապատկերների համար նախատեսված տիկնիկները տափակ են՝ 15 սմ-ից մինչև մարդահասակ և ավելի մեծության (ձևում են կաշվից և գույնզգույն ներկում)։ Խաղացվում են հատուկ շյուղերի օգնությամբ. լուսավորված էկրանին ցուցադրվում են դրանց ստվերապատկերները։ Ծավալային տիկնիկներ օգտագործում են նաև մուլտիպլիկացիոն կինոյում, հեռուստատեսության գեղարվեստական և էստրադայի տիկնիկային ծրագրերում։ Տիկնիկային  թատրոնի բաղկացուցիչ մասերից է շիրման (միջնորմը), որի հետևում է կանգնում տիկնիկավարը:

 Տիկնիկային թատրոնի պահանջվածության վերաբերյալ վկայություններ են տարբեր երկրներում  տիկնիկների պատվին անգնեցված արձանները հուշաքարերը: Օրինակ Չեխիայում է գտնվում Կաշպարի արձանը, Ֆրանսիայում՝ Գինոլի արձանը(այն կանգնեցվել է Լիոնում՝ տիկնիկի 100-ամյակի առթիվ): Տիկնիկային թատրոնի ազդեցությունը նկատել է նաև գրականության մեջ: Սերվանտեսի «Դոն Քիշոտ» ստեղծագործության 3-րդ գլուխը վերնգրված է «Ոմն տիկնիկագործի հետ զվարճալի արկածներից» (այս հատվածի հիման վրա գրվել է Մ. Դե Ֆալիի «Մաեստրո Պեդրոյի տիկնիկային թատրոնը» օպերան), Բ. Ջոնսոնը մարիոնետների համար գրել է «Յուրաքանչյուրն իր իրավունքով» պիեսը: Մարիոնետների համար օպերաներ և օպերետներ է գրել Ի. ՀայդնըՖիլեմոնը և Բավկիդը» 1773թ., «Պատժված վիրժառուն» 1777թ., «Դիդոնա» 1778թ.), Ի. Վ. Գյոթեի՝ «Տոնակատարություններ Պլուիդերսվեիլեր տոնավաճառում, Ա.Լսաժի սեն ժերմենյան տոնավաճառային տիկնիկային թատրոնին նվիրված պիեսների շարքը»

Աշխարհին հայտնի տիկնիկավարներն են ֆրանսիացի Ֆիլիպ Ժանտին, չեխ դերասան և ռեժիսոր Յոզեֆ Սկուպան, ճապոնացի Տոձի Կավաձարիին, Սերգեյ Օբրազցովը:

1935 թվականին Երևանում հիմնադրվել է առաջին տիկնիկային պետական թատրոնը, որը հետագայում վերանվանվեց Հովհաննես Թումանյանի անունով(ներկայումս թատրոնի գեղ. ղեկ՝.  ռեժիսոր, Ռուբեն Բաբայան): Այստեղ իրակակացված բեմադրությունները վաղուց դուրս են եկել տիկնիակյին թատրոնին հատուկ գեղարվեստական չափումներից, թատերական համակարգ ներմուծելով խաղարկային յուրօրինակ էլեմենտներ: Օրինակ Զարուհի Անտոնյանի բեմականացրած «Ամպից պոկված հեքիաթ» հեղինակային ներկայացումը, որը տիկնիկային և ժեստուալ թատրոնի արտահայտչաձևերի սինթեզով արված ստեղծագործություն է` ձեռնոցային տիկնիկի սկզբունքով գործող «մատների թատրոն»: Գ.Մարկեսի «Շատ մեծ թևերով մարդը» ստեղծագրծության հիման վրա նույն ռեժիսորի բեմավորած «Թևավորը» ներկայացման լուծումներում լայնորեն կիրառվել է դերասանին տիկնիկի վերածելու հնարը*, որը որոշ առնչություններ ունի Կոմեդիա դել արտեի իմպրովիզացիոն-կերպարային սկզբունքների հետ:   Բացի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնից գործում են նաև Երևանի խամաճիկների պետական թատրոնը(«Աշխարհի արարումը», «Դուք մտնում եք աշխարհ», Սերվանտես «Մարդը Լամանչից»: 1988թթ. Երվանդ Մանարյանի հիմնադրած «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան(«Վայ, ագահ, վայ» («Ագահ փայտահատը»), «Պոչատ աղվեսը» և «Երեք խոզուկները»): 1935թ.-ից գործել է նաև Ստեփան Ալիխանյանի անվան Գյումրու տիկնիկային թատրոնը: 2014թ տիկնիկային դահլիճ է բացվել Մ.Խանդամիրյանի անվան Շուշիի պետական թատրոնում: Ստվերապատկերային յուրօրինակ ներկայացումներից է Հով. Թումանայանի անվան Տիկնիկային թատրոնում Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա Սամսոն Մովսեսյանի բեմականացրած «Մատնաչափիկը» բեմավորումը: Ստվերապատկերային թատրոնի արտահայտչաձևերով աչքի ընկնող ներկայացումներից են նաև «Փոքր թատրոնում» Մ.Էնդեի համանուն հեքիաթի հիման Վահան Բադալյանի բեմավորած  («Օֆելիայի ստվերների թատրոնը») բեմականացումը, Մնջախաղի պետական թատրոնում Շարլ Բոդլերի ստեղծագործությունների հիման վրա Ժիրայր Դադասյանի բեմավորած «Չարի ծաղիկներ» և Հաղպատի Ավետարանի հիման վրա բեմավորած «Շերանիկ» բեմականացումները:  

* Մարդ տիկնիկի կամ մարդատիկնիկի այլաբանական ուրվանշանները նկատելի են նաև Հ.Իբսենի «Տիկնիկների տունը» հայտնի պիեսի գաղափարադրույթային հետագծում:

 

Օգտագործված գրականության ցանկ

1. Թատերագիտական բառարան, Լ.Հախվերդյան, Երևան-1986

2. Театральная энциклопедия, Издательство «Советская энциклопедия», Том-, М., 1967г.

3. Орест Цехновицер, История Народного Кукольного Театра в Азии и Европе, глава Из Книги "Театр Петрушки" , «Госиздат» 1927 г.

4. Соломоник И. Н., Традиционный театр кукол Востока: Основные виды театра плоских изображений. — М.: Наука (ГРВЛ), 1983. — 184 с.

5. Соломоник И. Н., Традиционный театр кукол Востока: Основные виды театра объёмных форм / Отв. ред. В. И. Брагинский. — Наука (ГРВЛ), 1992г .

6. Соломоник И. Н. Куклы выходят на сцену: Книга для учителя. — М.: Просвещение, 1993.

7. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001

8. Словарь античности, Йоханнес Ирмшер, Ренате Ионе, М-1989

Համահավաքող`

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյանը

Խմբագրելի

1929 հոգի