Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

  Կարելի է բազմաթիվ տարբեր բառերով բնութագրել Տաթև Ղազարյանի մարմնավորած կերպարը և շատ հնարավոր է, որ «հերոս» բառը լինի վերջում կամ չլինի առհասարակ: Այդպիսի հերոսներ չեն լինում, առավել ևս մի դրության մեջ, երբ երկու պետություն, երկու ազգ (ֆրանսիացիներն ու գերմանացիները) պատերազմում են, մեկը պարտվում է և փորձում պահպանել արժանապատիվ կեցվածք: Ո՞վ կմտածի նման դեպքում հերոսի բեռը դնել թեթև վարքի կնոջ վրա: Բայց տարբեր սոցիալական դիրքերում գտնվող մարդիկ իրենց անձնական հատկանիշները չեն ստանում կարգավիճակի հետ՝ իրենք են ձևավորում և որոշակիացնում: Սրա մասին է գրել Մոպասանը: Հավանաբար:

Թատերական յուրաքանչյուր ներկայացում  իր կողմերն ունի և խոսել կարելի է թե՛ ընդհանուր, թե՛ առանձին վերցրած շերտում: Այս դեպքում պիտի փորձենք մտորել փետրվարի 16-ին մեր տեսած բեմադրության մասին և ներկայացնել այն ընթերցողին հատկապես կենտրոնանալով գլխավոր դերակատարուհու աշխատանքի վրա: Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ մյուս հարթություններում (բեմադրություն, բեմանկարչություն, առանձին դերակատարումներ) հետաքրքիր վճիռներ չկան: Տաթև Ղազարյանի առաջին հետաքրքիր կատարումը չէ, բայց մի հմայք կար արածի մեջ, որ ակամա ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա: Չշտապենք և սկսենք հենց սկզբից:

Վարագույրը բացվելուն պես հեղինակը ներկայացնում է մեզ իրադրությունն ու բոլոր գործող անձանց: Փափլիկը՝ Էլիզաբեթ Ռուսսեն դիլիժանս է բարձրանում վերջինը: Արդեն արտաքին տպավորությամբ դերասանուհին իր կերպարում ամբողջացնում է «թեթևաբարո կնոջը»: Դեղին մազեր, ընդգծված դիմահարդարում ու գռեհիկ ծիծաղ, սակայն ոչ այնչափ գռեհիկ, որ հանդիսատեսին վանի այս երիտասարդ թմփլիկ կնոջից: Դերասանուհին ժամանակից շուտ չի մատնում, թե ուր պիտի հասնի իր կերպարը, սա ընդամենը մյուսների նման հակառակորդի տիրապետությունից փախչող մեկն է: Շատ շուտով մենք տեսնում ենք, որ իր պահվածքի մեջ նա հաճախ անզուսպ է. արագ տաքանալու համար առանց վարանելու կրակի մոտ բարձրացնում է փեշերը (թեպետ անում է դա այնքան բնական, ինքնաբերաբար, որ մյուս կանանց զսպվածությունն է անտրամաբանական թվում) կամ գինի խմելուց ակնհայտորեն գերազանցում է այլ՝ ազնվական ուղկիցներին: Նա գիտի, թե ով է և ում հետ է ճանապարհ գնում, ուստի երբ սկզբից իսկ կառքում հնչեցնում են պոռնիկ բառը, նա շատ էլ չի շփոթվում և քիչ անց չի վարանում հյուրասիրել սոված մնացած փոխստականներին:

  Դեռ մինչև գլխավոր խոչընդոտին՝ պրուսացի սպայի ցանկասիրությանը բախվելը մենք իմանում ենք, որ այս փոքրիկ կինը ոչ թե պարզապես խուսափում է անցանկալի կառավարիչներից, այլ իր վերաբերմունքը զավթիչների նկատմամբ գործնական հունի մեջ է դրել, փորձել խեղդել մի պրուսակ զինվորի և այժմ էլ թաքնվում է: Բեմում անցյալի պատմածով դեռ հերոսուհի չեն դառնում, այստեղ ներկան է կարևոր, իսկ ներկայում նույն թեթևամիտ պահվածքն է, անտեղի բարձր ծիծաղով ու ակնարկներով: Եվ դա չի փոխվում, երբ գերմանացին անում է անպարկերշտ առաջարկն ու ըստ էության իր ցանկության կատարումը նրանց ազատ հեռանալու պայման դարձնում: Մարդն այլ դաստիարակություն ու կենսագրություն ձեռք չի բերում, երբ պահը ճակատագրական է դառնում, Փափլիկն էլ նույնն է մնում և իր պարզամտությամբ ու ընգծված շարժուձևով շարունակում հանդիսասրահում ծիծաղ հարուցել: Բայց դրաման հասունանում է և ուղեկիցները չեն ուզում անհարմարություններ տանել, ինչ է թե մի մարմնավաճառ կյանքում առաջին անգամ որոշել է բարոյական և հայրենասեր և մերժել պրուսացի սպային:

Կազմակերպված, հաշվարկված և հավասարակշռված ճնշումներին դիմանալն ավելի դժվար է, քան ուղիղ շանտաժին և Էլիզաբեթն անձնատուր է լինում, այլ կերպ հնարավոր չէր, իսկ մարդիկ, որ դեռ մի քանի օր առաջ օրինակելի էին հայտարարում նրա սկզբունքայինությունը, այժմ զվարճանում են, որ խաբեցին, զոհեցին ու կարող են ճանապարհ ընկնել: Եվ տառապյալի արցունքները սառում են այտերին, կորչում իրեն պախարակող աղմուկի մեջ, չեն վերածվում հայհոյանքների շարքի, որ փողացային կինը պիտի թափեր այդ անբարո ազնվականների գլխին: Արցունքները սառցե բեկորների նման ներս են ընկնում ու մնում այնտեղ, Փափլիկի հոգու խորքում:

15.12.2020 

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

575 հոգի