Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

14.12.2020  20:04

 Այս օրերին հաճախ լսեցինք պատերազմի պարտության տարբեր պատճառաբնումներ, որոնց թվում ‹‹պատվավոր›› հորիզոնական զբաղեցնողներից էր ժողովրդի մեծամասնություն կազմող զանգվածի կրթմաշակութային ցենզի անմխիթարությունը: Այդ դիտարկամանը հակադարձելու տեղ կլիներ, եթե մեր մշակութային, այս պարագայում՝ թատերական կյանքում ծառացած հնավանդ խնդիրները լուծում ստացած լինեին: Մասնավորապես, տասնամյակներով որբից էլ ցածր կարգավիճակ ունեցած թատերագիտության օրախնդիր հարցերը, որոնց մի մասը դեռևս մնում է չլուծված: Իհարկե ԿԳՄՍ-ն  ՀԹԳՄ-ի հետ միասին, ի պատիվ իրենց, այս տարի փորձեցին նպաստել վերոնշյալ ամենակարևոր հարցերից մեկի՝ թատերագետի տարրական աշխատապայմանների ստեղծման մասնակի լուծմանը: Երիտասարդ թատերագետների մասնագիտական նվազագույն գործունեության ծավալման  համար ստեղծվեց ‹‹Թատերակետեր›› թատերագիտական կայքը: Մասնագիտական բազմակարծությանը միտված հարթակ, որը ֆինանսական կարողությունների սահմաններում, թատերագիտական կրթություն ստացած երիտասարդ կադրերին իրենց կատարած աշխատանքի դիմաց ծիծաղելի գումարներ չստանալու հնարավորություն էր ընձեռում:

 Փաստն ինքնին առինքնող է, քանի որ հույս է տալիս՝ ծրագրի շարունակականության դեպքում ԵԹԿՊԻ-ի ապագա ուսանողները թատերագիտական բաժինն այլևս անդառնալիորեն անհուսալի բնագավառ չեն համարի: Կլինեն նաև այդ մասնագիտությամբ դիմորդներ, և մենք մոտալուտ ապագայում ոլորտային սերնդափոխության ճգնաժամի առջև չենք կանգնի: Սակայն թատերագետի, առավելևս թատերական քննադատի, մասնագիտական աշխատապայմանները այսքանով չեն սահմանափակվում: Ելնելով թատերախոսի, դալիճում տեղի հարցի ներկայումս էլ բարձիթողի-ինքնահոս վիճակից, ստիպված ենք ոմանց կրկին և կրկին հիշեցնել հետևյալը. յուրաքանչյուր ներկայացում, ինչպես որ բեմադրության մեջ զբաղված բեմադրիչ-ռեժիսորի համար է աշխատավայր, այնպես էլ այն դիտող թատերական քննադատի: Հետևաբար, եթե պետական թատրոնի դերասանը ներկայացման ընթացքում բեմում իր զբաղեցրած տեղի համար տրամաբանորեն չի վճարում, ապա թատերական գործի հետարտադրական մասի աշխատակից թատերագետն էլ պետք է անվճարության հիմունքով իր աշխատավայր մուտք գործելու հնարավորություն ունենա: Կարճ ասած, մասնագիտական դիտման համար դահլիճում թատերախոսին նպաստավոր տեղ հատկացնելն՝ ըստ անհրաժեշտության քանակի: Ու քանի որ այս հարցը աբոնեմենտային կամ մեկ այլ սկզբունքով համապատասխան գերատեսչության կողմից կարգավորված չէ, որոշ լծակատեր թատերական գործիչների վրեժխնդրության տիրույթի  են վերածվում այն:

 Թեև Ռուբեն Բաբայանը, Հակոբ և Երվանդ Ղազանչյանները, Արման Նավասարդյանն ու ուրիշները ամեն ինչ արել են, որ թատերագետը բեմադրությունը դիտելիս նստելու տեղի խնդիր չունենա, բայց կան դեռ այնպիսիք, ովքեր մանկուց  երազել են ներկայացման եկած թատերագետին ներս չթողնել, կամ  անպետք, բայց ոչ հնամաշ իրի պես մի կերպ  անկյունում տեղավորել: Բացատրենք՝ ինչու:  Ցավոք մեզանում դեռևս թոթափված չէ թատերական քննադատի հանդեպ անբարյացակամություն, երբեմն էլ հիվանդագին ատելություն հուշող վերաբերմունքը: Ոմանք չեն ձերբազատվել թատերախոսին տեսնելիս սև կատու տեսածի վարքագիծ ցուցաբերելու սովորությունից: Ավելին, իրենց աշխատանքի մասին աննշան քննադատական տոնայնության թատերախոսության հանդիպելիս՝ բարոյահոգեբանական ինքնախոշտանգման են ենթարկվում, թատերական համակարգում պատասխանատու պաշտոն զբաղեցնողին չպատշաճող գործելաոճ որդեգրում: Քանզի չեն հաշտվում այն մտքի հետ, որ սկզբունքային մասնագետը ոչ մի կերպ չի կարող իրենց անձնական օգտագործման գուտապերչային գրչակը լինել: Կամ էլ երկրի մշակութային քաղաքականության առաջնահերթությունների համածիրում իրավացիորեն առաջնային տեղ զբաղեցնող թատրոնի ադմինիստրատիվ ներկայիս աշխատակիցը կարող էր  իրեն ժամանակին թույլ տալ թատերագետի երեսին շպրտել, ‹‹էստեղ ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու թատերագետ ես›› արտահայտությունը: Կարծես ինքը կամ էլ իր մշտնջենական ղեկավարն էր թատերական ավանդույթների արժեհամակարգային պորտը կտրողը, և իրենք էլ պետք է որոշեին, թե ով ինչ կարևորություն ունի բնագավառում: Մի ուրիշն էլ կարող է երկու թատերագետի գրեթե մինչև ներկայացման սկսվելը սպասեցնել, նոր հրավիրատոմս փոխանցել՝ երևի թե մտածելով, որ հանդիսատեսի և ներկայացման մասնագիտական միջնորդ թատերախոսները լավագույն դեպքում աղքատ ու անտեր ‹‹ազգականի›› կիսաձրիակերի կարգավիճակ ունեն:

 Բայց կա մեկ այլ՝  սյուրռեալիստական երևակայությունն ու պոստմոդեռնիստական ամենթաողությունը գերզանցող օրինակը. մեր օրերում փառատոնի ղեկավարը կարող է իրեն իրավունք վերապահել և որոշել, թե որ թատերախոսն է իր գիտաստեղծագործական քիմքին պատշաճում և իրավունք ունի իր ղեկավարած փառատոնի ներկայացմանը ներկա լինել ու հոդված գրել: Կարծես քննադատն էլ թատերաց հնազանդ կուրտիզանուհին է, և նրա մասնագիտական բարեմասնություններն իրենց տարօրինակ պահանջներին համապատասխանելու դեպքում միայն վերջինս կարող է իր աշխատանքային գործունեությունը ծավալելու հնարավորություն ստանալ: Ինչ կարող ես ասել, կադրային և մասնագիտական դաստիարակության հարց է: Այլապես էս իմ սարն է, էս իմ ծառն է, քննադատն էլ բախտը բերելու դեպքում՝ իմ ‹‹սեռահոգեկան նոքյարն›› է պատկերացումներով չէին առաջնորդվի… Իսկ եթե չկա այս մասնագիտության և այն կրողի հանդեպ տարրական հարգանք, ապա ինչի՞ց ելենով թատերագետները պետք է փոխադարձ վերաբերմունքի չարաժանացնեն տվյալ անհարգալից անձանց: Հանուն Մելպոմենեյին վերագրված մանր չինովնիկակական քմահաճույքի՞: Ի դեպ, տարբեր տրամաչափի այդ հիշաչարներին անվանապես չենք հատկանշում՝ հարցը հասցեական անձնավորման չենթարկելու նկատառումով: Լոկ այն պատճառով, որ անձնավորված վերաբերոմունքը, առանձնապես թատերարվեստում, ամենահակաստեղծագործական երևույթներից մեկն է թերևս: Իսկ սույն հրապարակախոսության նպատակն ամենևին էլ ճղճիմ հաշիվները մանրամտորեն մաքրելը չէ, այլ բնագավառի չլուծված հարցի լուծում գտնելը, որպեսզի վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ տեղափոխված այս ոլորտն ամբուլատոր բուժման(մանսագիտկական հմտությունների կատարելագործմանը միտված արտերկրյա գործուղումներ) հույսեր փայփայի հեռու հեռավոր երազանքներում:

 Հետևապես, շարունակելով հարցի մասնագիտական արծարծումը, հարկ ենք համարում փաստացի պարզ թվաբանական օրինակներով ասվածն հիմանվորել: Համազգային թատրոնում Նարինե Գրիգորյանի բեմականացրած ‹‹Լոռեցի Սաքոն›› ներկայացման մասին ծավալուն վերլուծություն(69-էջ) գրելու համար 4-5 դիտում պահանջվեց թատերախոսից: Հնարավորության դեպքում 7-8 և ավելի անգամներ դիտումներով կուսումնասիրվեր ներկայացումը, քանի որ գեղարվեստական պատկեր տեսարանը տարբեր դիտանկյուններից, այսինքն՝ դահլիճի տարբեր դիրքերից պետք է հետազոտվեր, ինչից միայն ու միայն երկրի թատերական գործընթացների որակը կշահեր: Բայց ո՛չ տվյալ թատերական քննադատի պնդերեսությունը, ո՛չ էլ թատրոնի տնօրենների ու գեղղեկերի հրավիրատոմսային համբերությունն են անսահման: Եվ ուրեմն, թող միջազգային փորձն էլ իբրև ստեղծված արատավոր իրավիճակի արդարացում չվկայաբերեն, քանզի դա տեղին կլիներ  աշխարհի քիչ թե շատ զարգացած երկրների ֆինանսատնտեսական հնարավորությունները Հայաստանում ունենալու դեպքում: Եթե թատերախոսն ամսվա կտրվածքով 300.000-500.000 դրամ գումար վաստակեր, մեկ ամսում տոմսի համար 30.000-50.000 դրամ հատկացնելը վճարունակության խնդիր չէր առաջացնի:

Ամփոփենք` հռետորական հարցով խնդիրը պահանջատիրական հասցեականացման ենթարկելով: Հայաստանի Հանրապետության տևական թողտվության հետևանքով դեռ ինչքա՞ն պետք է թատերագետների մասնագիտական արժանապատվությունը ոտնահարվի, որ պետական մակարդակով հարցի լուծման սուր անհրաժեշտությունն իսկապես գիտակցեն: Միգուցե մինչև գործը դանակահարության հասնելը՞… Դիցուք` ԵԹԿՊԻ-ում այս համատեքստում տեղի ունեցած քրեական նախադեպը նման հանգուցալուծմանը ոչ թե մոտ էր, այլ ուղղակիորեն սահմանակից: Եվ ուրեմն ինչի՞ն է միտված պատկան մարմինների կողմից այս հարցի համառ անտեսումը: Չէ որ հիշյալ ծեծկռտուքից  կարճ ժամանակ առաջ էլ ‹‹ՏՈՄՍ ՉՈՒՆԵՄ, ԲԱՅՑ ԴԻՊԼՈՄ ՈՒ ՀՈԴՎԱԾ ՈՒՆԵՄ›› վերտառությամբ նույնաբովանդակ գրվածքում էինք այս կնճռոտ հարցը բարձրացրել: Ասում են՝ այն ժամանակ կարգերն ու բարքերն ավազակապետական էին, և քրեական գործելաոճը պետական ապարատի էութենական առանձնահատկությունն էր: Ուրեմն սպասենք քաղաքական (պատկերավոր ասած) ներկայի հեղինակների ձեռագրաոճային առանձնաձևերին, որոնք անխուսափելիորեն կհայտածվեն այս հարցում պատկան մարմինների ցուցաբերած ‹‹արձագանքի›› արտապատկերում:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

 

944 հոգի