Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

13.12.2020  00:02

 Արվեստագիտական հայտնագործություն չենք անի, եթե ասենք, որ թատրոնի ու թատերագետի գործունեությունները փոխպայմանավորված են: Բայց զարմանալիորեն այսօր էլ մեր թատերական դաշտում կան գործիչներ, որոնք չեն կամենում ընդունել այդ անհերքելի ճշմարտությունը: Երևույթն այնպիսի զարգացում է ապրել, որ հաճախ անգամ թատերագետի մուտքն իր աշխատավայր կասկածի տակ է առնվում է: Ավելի պարզ' մեր որոշ թատրոններում ներկայացումը դիտելու եկած թատերագետից հաճախ տոմս են պահանջում: Ու երբ թատերախոսն առարկի նրանց անօրինակ պահանջին, կհարցնեն, թե ինչպե՞ս կարող են հավաստիանալ, որ հակադարձողն իրոք թատերագետ է: Երևի թե սա թատերական մի նոր մշակույթ է ըստ որի' թատերագետը պարտավորված է դիպլոմն ու հոդվածների տրցակը թևատակին գալ ներկայացման: Մի՞թե բեմանկարիչներն էլ իրենց վրձիններով ու ներկերով պետք է հաճախեն թատրոն, որ մուտքի համար չվճարեն: Իրողությունն իսկապես աբսուրդային է, քանի որ թատերական գործչից տոմս պահանջելը համարժեք է կերպարը կերտող դերասանից բեմի վարձավճար ակնկալելուն:

 Այս տրամաբանությամբ առաջնորդվելու արդյունքն էլ հետևյալն է. եթե դրամատիկական թատրոնում որպես թատերագետ ներկայանաս, այնպիսի ապշած հայացքով դեմքիդ կնայեն, որ կթվա'բնությանն ու գիտությանն անհայտ կենդանի են տեսել: Մայր թատրոնում էլ նույնիսկ թատերական փառատոնների օրերին չեն ցանկանում թատերագետի երեսը տեսնել: Կամ էլ համազգային թատրոնում փոխտնօրենը կտեղեկացնի, որ թեև այդ օրը դահլիճը լեփ-լեցուն, է սակայն մի կերպ կտեղավորեն: Կարծես թատերագետն էլ գրադարակում հայտնված շինծու դասականի անհամ երկերի ժողովածուն է, որը, զուտ քաղքենական պարտավորվածությունից ելնելով, արժեքավոր գրքերի արանքն են խցկում:

 Բայց սա դեռ չարյաց փոքրագույնն է. կամերային երաժշտական թատրոնում թատերաց որբի համար դա էլ շատ կհամարեն' դահլիճի կողային հատվածի ինչ-որ մի լուսանցքային տեղ առաջարկելով: Սա արդեն լկտիության ժանրից է, և չի բացառվում' մի գեղեցիկ օր էլ մասնագետին որպես ներկայացման դիտման վայր տոմսավաճառի խցիկն առաջարկեն: Նման պահվածքից բնավ հետ չի մնում նաև «Էպսիդոն» թատերախմբի ղեկավարը' իրենց առաջնախաղը դիտելու և գրախոսելու ցանկությանդ պատասխանելով, որ վստահ չէ, թե արդյոք տեղ կգտնվի՞ քեզ համար, թե՞ ոչ: Միգուցե ներկայացու՞մն էր դեռևս կիսաֆաբրիկատային…

 Իհարկե, կան նաև թատրոններ, որոնք երբևէ չեն փորձել խոչընդոտել թատերագետի բնականոն աշխատանքին: Մասնագիտական էթիկայի չափանիշերը բարեխղճորեն պահպանելով' ի պատիվ իրենց այդպիսի էժանագին քայլերից զերծ են մնացել Պատանի հանդիսատեսի, Մնջախաղի, Մալյանի անվան կինոդերասանի թատրոններն ու ՀԹԳՄ-ն: Առիթից առիթ էլ մասնագիտական բարեպաշտության փորձեր են կատարում Տիկնիկային ու Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները: Իսկ ահա «Երնջակյանների» կամերային թատրոնում պետք է նախապես զգուշացնես, որ տեղ պահեն քեզ համար: Ախր ինչու՞ զգուշացնես, երբ փոքր ու միջին չափի դահլիճ ունեցող թատրոնները այս խավի համար պարտավոր են երեքից հինգ, իսկ մեծերը՝ վեցից ութ տեղ մշտապես պահել: Մշտապես, քանի որ ներկայացումներ կան, որոնց խորքային վերլուծումը առնվազն չորս, երբեմն էլ' վեց դիտում է պահանջում: Եվ հարկավոր է տրամադրել ամենահարմարավետ տեղերը, որպեսզի գրախոսը կարողանա աչալրջորեն հետևել դերասանների դիմախաղին և վիզուալ այլ նրբություններին:

 Ավելին, մեր թատրոնների ղեկավարները անտրեպրեզային թատերական ներկայացումներին դահլիճները վարձակալությամբ տալու դեպքում էլ պետք է պահպանեն այդ տեղերի մասնագիտական անձեռնմխելիությունը: Տվյալ ներկայացումների ստեղծման ընթացքում առաջացող ֆինանսական հարցերում թատերագետը մեղք չունի, և այդ բացերը մասնագետի գրպանի հաշվին լրացնելը, մեղմ ասած, այնքան էլ բարոյական չէ:

 Տարրական խնդիրներ են, որոնց հրատապ լուծումը կարծես թե համապատասխան գերատեսչությանն էլ պետք է անհանգստացներ: Սակայն Մշակույթի նախարարությունն իրեն բնորոշ օլիմպիական հանգստությամբ թատերական օջախների ղեկավարների մասնագիտական բարեկրթությանն ու բարեխղճությանն է ապավինում: Այնինչ նրանցից ոմանց պատճառով նույնիսկ շնորհալի դերասաններն են թատրոնը լքել ու հեռացվել, ինչն էլ' որպես մշակութային հոռի երևույթ, այլ քննարկման առարկա է:

Նյութի աղբյուրը` ImYerevan.com 

03 Հուլիս 2013, 17:52

ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

454 հոգի