Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

13.12.2020  01:32

 Առհասարակ, մարզային կամ սփյուռքի համայնքային թատրոնների մասնագիտական պատրաստվածության հանդեպ խստապահանջություն ցուցաբերելուց զերծ ենք մնում: Հաշվի ենք նստում այն հանգամանքի հետ, որ աշխատապայմաններն ու միջոցները մեղմ ասած սուղ են: Բայց երբ վերջիններիս կատարածի հետաքրքրականության նշաձողը սիրողականի եզրագծին հասնելուն է ձգտում, քիչ մը խղճմտանքով խոսելն այլեւս անկարելի է: Մի պարզ պատճառով: Նման բեմական որակը, որպես թատրոնի փորձագետՙ հանդուրժելով, ինքդ ես ներքաշվում ոլորտի ճահճացման գործընթացի մեջ: Վերջերս հյուրախաղերով Հայաստանում էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի թատերախումբը: Մայր թատրոնի բեմից ներկայացվում էր Արմեն Բայանդուրյանի հեղինակած «Աշնանային իրիկնամուտ» ստեղծագործությունը: Ծերանոցի բնակիչների կենսիմաստի վերաժեւորման անհաջող փորձը: Այնու, որ եղելության հոգեբանական կողմի բեմական կեցությունն ապահովելիսՙ մելոդրամատիկ մաներային էին տուրք տվել: Սրտաճմլիկ տեսարանների չարաշահմամբ եւ բարոյախոսական ակներեւ միտումներով բովանդակությունը սենտիմենտալ պատմություն դարձրել: Մինչդեռ, գաղափարական խաղարկելի հանգույցներ ունեցող այդ կենսական նյութը ազդեցիկության հնարավորությունից զուրկ չէր: Բեմագրական փորձառու ձեռքերում հայտնվելու դեպքում, տարընթերցողական շերտավորումներ առթող թատերագրվածքի կվերածվեր: Բացատրեմ, թե ինչպես: Իհարկե, կռահելի է հեղինակի կողմից ծերանոցի առջեւ աֆեկտիվ ծննդատան տեղակայման նպատակը: Հաստատության բնակիչները ֆիզիկապես մահվան շեմին գտնվող եւ լքվածության միյանակությունից աստիճանաբար նաեւ հոգեպես սպանվողներ են: Ովքեր, սակայն, մարդ արարածի ծնունդի հետ դեմ հանդիման լինելով, դրա հաջող հանգուցալուծմանն են կարելվույն չափով սատարում: Այսինքն, մահվան եւ երկունքի դիալեկտիկ օրինաչափությունն է գաղափարական թիրախը, որն ընդհանուր համապատկերում հակամիասնությունների պաստառայնացում է հարուցում: Ուրիշ կերպ չի էլ ստացվում, երբ զուտ հայտնի ճշմարտությունների մասին հայտարարություններ ես բարձրաձայնում: Երեխա բերող արագիլի մասին հանելուկը նշանային հավելազարդ դարձնում: Ըստ որում` չակերտյալ ալեգորիան չտեսի անկշտությամբ մի քանի անգամ հնչեցնելով: Այնինչ, դրամատուրգիական քիչ թե շատ հոտառություն ունեցողի համար ինքնին անհասկանալի է հետեւյալը: Իսկ ծերանոցից բացի ինչու՞ ոչ նաեւ մանկատուն: Չէ՞ որ ծերունական եւ մանկական լքվածությամբ ու անվերջ սպասումներով մահ-ծնունդ գոյաբանական համեմատականի խորապատկերը կերեւակեր: Սա բազմակողմՙ ուղղակի եւ միջնորդավորված դրությունների, դրանցից սերող իրական ու պայմանական հոգեվիճակների խաղարկման հնարավորություններ կընձեռեր: Ինչեւիցե, վերդառնանք իրենց էմոցիոնալ դեմոնստրացիայի ծեքծեքուն տարբերակին: Պարզելու համար, թե ինչպես են ժամկետանց արտահայտչաձեւերով առաջադեմ թատերարվեստ նմանակեղծել փորձում:

 Առաջին իսկ տեսարանից հակասական զգացողություններ է առաջացնում տեսարանային համատեքստի եւ ընտրված արտահայտչաձեւի անհամապատասխանությունը: Ինչ-որ մի կարմրազգեստ կին ռուսախոս ինտիլիգենտի ինտոնացիայով պայմանական հասցեատիրոջ է դիմում: Հիշեցնում սոց-ռեալիզմից մնացած ԽՍՀՄ քաղաքացու ժամանակվրեպ կերպարավորումները: Ասմունքային եզրափակիչ տեքստի անսքող արտասանումն էլ, որպես անցյալ դարից արտատպված արտահայտչականության ժապավեն հավելում: Չգիտեն` պայմանական միջավայրը խոսքի հնչերանգի թվացյալ` արտաքին իներտությամբ ինտելեկտուալ խորքերին հասցնող արտահայտչակերպ է ենթադրել տալիս: Այլ ո՛չ թե հնամենի նվնվան խաղաձեւեր: Բայց չգիտեսՙ որդիանց որդի ադամյանցիներն իմացել են, որ ժամանակակից պոստմոդեռնիստական թատրոնը շարժաձեւային նշաններն է արտահայտչական գերակայություն դարձնում: Ուստի վճռել են ժեստային պայմանականություն կցել կանանց կերպարներին: Արի ու տես որ կատարողներն այդ պայմանակերպի իսկությունից զատ, երեւի թե նաեւ ինքությանն էլ հավատալու խնդիր ունեն: Որ Պետրոս Ադամյանի ձեռքն էլ բռնած բեմի խորքից նազ ծախելով ավանսցենա գային, միեւնույն էՙ չէին համոզի, թե իրենք այդ շարժման էութենական կրողներն էին: Ու քանի որ չունեին էմոցիոնալ կողմնորոշում, ֆիզիկական գործողության հետ որեւիցե ձեւով չէին աղերսվում: Ընդամենը ֆիզիկական շարժման մակարդակում էինՙ բնավ չտիրապետելով դրա տեխնիկական հիմքն ապահովող ոճավորված պլաստիկային: Ու թող չներվի մեզ մեր կոպտախոս անտաշությունը, բայց պիտո է մասնահատուկ շեշտել: Շարժահամակարգային ճկունակությունից գրեթե զուրկ եւ բարեմասնական կորագծերի նրբությամբ աչքի չընկնող տիկնոջը ձախավեր պլաստիկայի տիրույթ մտցնելը գավառամտություն է: Ավելի են ընդգծվում վերջինի մարմնական մանրամասների տվյալ պահի հակաբեմականությունը: Հանկարծ ու մի բան էլ այնպես չգնա, եղած հոգեֆիզիկական կազուսին կմիանար նաեւ հակաէսթետիկականությունը: Թե այդ ի՞նչ երեւելի արժանիք էին ներկայացման ներքին սյուժեին հաղորդում ձեռքերի իբրեւ թռչնակերպ կեցվածքները, երեւի թե բարձրյալին հարցմունք անելու անհրաժեշտություն զգացվի: Սակայն ռեժիսորը, մետաֆորայնության հայտնություն համարելով իր բստրած պլաստիկական վճիռը, քանիցս կրկնել է տալիս այն: Վերոհիշյալ հանելուկի պարտադիր վիզուալ փաթեթավորումի վերածում: Այդպիսով, հանուն հին թատրոնից ժառանգած կեցվածքայնությանՙ պարզունակ նշանային համակարգի ուղեծրում մնալով:

 Եվ չհուսաք, թե նշյալները ներկայացման թերացումների վերջնակետն են: Ամենեւի՛ն: Դրամատուրգ-բեմադրիչի պարտականություններն ուսերին առնողը կոմպոզիցիոն հարցերում էլ է զայրացնելու աստիճան հիասթափեցնում: Մասնավորապեսՙ դիպաշարային շղթայում: Աչքի է զարնում բեմավիճակների ավարտումներն ու տեսարանային անցումները փոխկապակցելու անընդունակությունը: Նույնիսկ մտավախություն է առաջանում, որ նա, առհասարակ, տեսարանային արխիտեկտոնիկա կառուցել չի կարողանում: Ասվածի ներքին ու արտաքին ձեւերի նրբություններին տիրապետելու մասին անգամ չենք էլ երզաում: Ահա թե ինչու ենք Արմեն Բայանդուրյանի բեմադրառեժիսորական ունակությունների վրա կասկածի ստվեր գցելու հանդգնություն դրսեւորում: Հետեւաբար, եւ ենթադրում ենք, որ նրա ստեղծագործական ներուժը առավելագույնը հուշ-երեկոյի կազմակերպմանն է բավականացնում: Ինչին էլ մեծավ մասամբ նմավում էր ներկայացումը:

 Ասենք ավելին, կարծում ենք, որ ինքն էլ քաջ գիտակցում է իր ստեղծագործական կարողությունների անմխիթարությունը: Առ այնՙ կռահելով, որ բեմական մթնոլորտի ստեղծումը մեծ հաշվով ձախողելու է, որոշել է արտառոցության անհարկի չափազանցումներով բացը լրացնել: ԱրշակՆարեկ Բայանդուրյանին հանձնանարարել ներազգային լեզվական այլությամբ տարբերության կոմիզմի եզրամասում ուշադրություն շեղել: Լոռվա, Տաուշի կամ արցախյան բարբառի ձեւացումն ու «Խաթաբալա» ֆիլմի լացի տեսարանի գրեթե կրկնօրինակ սուգը շուլուխի տեղ անցկացնել: Կամ էլՙ ԳիքոԴավիթ Բարսեղյանին ստիպել, որ էքսցետրիկությամբ արտաքին տպավորություն թողնելու հնարքը չարաշահի: Գերխաղի ճիգ ու ջանք թափի: Թեպետ, երկուսին էլ ապաշնորհ կոչելը մասնագիտական բարեխղճության դեմ քայլ կլինի: Ի դեպ, քաղաքական տարուբերումներում չարչրկված այդ հետիոտնային տերմին-բառը ստիպում է նկատել կարկատելին: Ներկայացման մեջ առաջնահերթ քաղաքական կոնտեքստ հոտոտող թատերագետ կոչեցյալների համար էլ ցանկալի նշաններ կան այստեղ: Ներքաղաքական անցյալից ու ներկայից ծանոթ ՇԱԽՄԱՏԻ, ՔԱՅԼԵԼՈւ ԿՈՉԻ հարակրկնումները:

 Ինչեւէ, առաջին հայացքից զգայելի է` դրության տրամաբանության ներքո եւ հուզական տոնի ռեգիստրում գործելու շնորհքից զուրկ չէ նաեւ դերասանի կերպարում հանդես եկող Սերգեյ Սաֆարյանը : Ուղղակի նրա կերպարի խնդրի եւ դրա զարգացման գծի հաճախականությունն է միատոն: Մեկընդմեջ ինչ-ինչ բեմական կերպարներով սովորական միջավայրին հակադրվելովՙ չափազանց երկար ժամանակ է մնում միեւնույն վարքագծի շրջանակում: Իր արտառոց պահավածքի հանգուցալուծումային բացահայտումը պետք եղածից ավելի է հապաղում: Անխոս դա Արմեն Բայանդուրյանի դրամատուրգիական անփորձության հավաստիքն է: Իսկ «գնամ, էլի պարտվեմ» գերխնդիրային արտահայտության այդքան օտարոտի նետումը դերասանի հետ բեմադրական աշխատանքի բացթողումը: Արդյունքում, Սերգեյ Սաֆարյանի արտաքուստ տարակերպ, սակայն ներքուստ` միանման մուտքերը հիմնավոր կասկածների առիթ են ուրվագծում: Այն է` կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանականերում որոշ գերատեսչությունների պես նյարդային հիվանդների հաստատությունը ծերանոցին է միացվել:

 Ուստի եւ հակված ենք եզրակացնել, որ այս ամենը արվեստի անկյունաքարային կարեւորություններից չափի զգացողության բացակայության հետեւանքն է: Ահավասիկ, ՀրաչԷդուարդ Մուրադյանի բռնախաղային սիրազեղումները, որոնց վերհիշման համարձակություն ցուցաբերելու համար պետությունից կարելի է անվճար որեւէ բան պահանջել: Այնքան ճնշող էր իրավիճակը` ակամայից երկմտում էիր: Տեսնես Պատանի Հանդիսատեսի թատրոնի ծխարձակող սարքից դահլիճ լցվող գոզահոտը եւս մեկ անգամ ճաշակե՞լն է առավել տանելի, թե՞ բեմական խոչուխութերում խարխափող որոշ դերասանների մասնագիտական ինքնակեղեքումը համազգալը: Հանճարեղ անգլիացին, թերեւս, կասեր` ո՞րն է ավելի ազնիվ: Ու ազնվության ոճը չխախտելու նկատառումով էլ հարկ է հիշել, որ միայն Մայիս Մխիթարյանի բեմանկարչական աշխատանքն էր փոքրիշատե թատերանման: Ծերերին պատկերող դռների բացվել-փակվելը բեմական տարիմաստ գործողության տրամադրություն էր արտածում: Թատերական մի երեւույթի, որի բազմաբովանդակության աստիճանը նաեւ բեմական հավատի զարգացվածության չափով է պայմնավորված: Այն հոգետեխնիկական հատկության, ինչի առկայությունը թիֆլիսաբնակ մեր գործընկերների հյուրախաղերից միայն մեկ անգամ է լիարժեք եղել: Նոդար Դումբաձեի «Սպիտակ դրոշակներ» վիպակի բեմականացման ժամանակ: Ինքնին ընկալելի է, որ զգայական փորձառության տեսանկյունից Թբիլիսիիում ապրողի համար բավական դյուրին է թիֆլիսեցուն անձնավորելն ու մարմնավորելը: Ինչպես եւ «Հարսանիք թիկունքում» ներկայացման ընթացքում Գյումրեցի դերասանների դեպքում էր: Կերպարային զգացողության հումք կենսական նյութի հարցն ինքնաբերաբար կիսաֆաբրիկատային լուծվածություն ուներ:

 Այդուհանդերձ, խիղճներս վերջնականապես չենք կորցրել, որ հայազգի հյուրախաղացների որակը իրենցից մեկ օր հետո Հայաստանում հանդես եկող եվրոպացի դերասանների արհեստավարժության հետ համեմատենք: Բայց եւ Եվրոմիության ու ՀԹԳՄ-ի համատեղ այդ նախագծիՙ «Կատակերգություն Պիրամոսի եւ Ֆիսբայի մասին» ներկայացման առումով չենք կարող ադամյանցիների համար որպես հավաստիության օրինակ չնշել Պյոտոր Սվիտալսկուն: Այո՛, Հայստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, որքան էլ որ զարմանալի է, քաղաքական խաղերն աշխատավայրում թողնելով, դրա թատերական տարատեսակին էր անմնացորդ նվիրվել: Պարոդիկ-կիսաբալագանային այս բեմելույթի ավարտամասի մենախոսությունը դեսպանն ինքը ստանձնեց: Առանց որեւէ այլեւայլության որպես դիմակավոր (թեեւ դերատեսակայնության աստիճան կերպարային դիմագծեր ու աչքեր ունի) ոմն խոսքի եւ գործողության ներդաշնակ համադրում հրամցրեց:

 Բեմական հավատ, ինքնազգացողություն, խաղային ներշնչանք, անվանեքՙ ինչպես կկամենաք: Բայց, որ իր անսեթեւեթ խաղում զուսպ արտահայտչաձեւերով էմոցիոնալ խորության էֆեկտի էր հասնում, դա անհերքելի է: Այն էլ ոչ ինքնախաղային հնարավորություն ընձեռող իրօյա յուրային տեքստ արտաբերելիս: Շեքսպիրյան կատակերգության տողերով, որոնք բեմահմա համոզկենությամբ ներկայացնելը ներկայումս էլ ամեն մի դերասանի խելքի բան չէ: Քչերի էմոցիոնալ ինտելեկտում ամբարված զգայական կուտակումներն է թույլ տալիս վերածննդի թատրոնի կենսամշակույթը օրգանական մեկնությամբ մատուցելուն բավականացնում: Արտիստական խառնվածքին հատուկ անհատականության բնութագծեր են անհրաժեշտ: Որ ինքնդ քո արածին հավատալու եւ դրա իրավացիության մեջ ուրիշներին համոզելու հուզակամային ներունակությամբ օժտված լինես: Այլապես նրա դերաբաժինը եւս մեկ անգամ տեսալսելու պահանջ-ցանկություն չմահավան մասնագետի մտքում դժվար թե ծագեր: Ուրեմն, մեր բեմական համայնքից ոմանք թող գնան ու մի լա՜վ փիքր անեն: Ստանիսլավսկին Սվիտալսկու ի՞նչն էր, որ իրենց կերպարային զգացողությունը մի դիվանագետի միամիտ խաղի մրցակությանն էլ չի դիմանում:

Նյութի աղբյուրը` ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17

03-05-2019

 ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

777 հոգի