Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

12.12.2020    21:28

Բրիտանացի դրամատուրգ Պատրիկ Մարբերի «Closer»` «Ավելի մոտ», պիեսի բեմականացումը, որն այս օրերին ներկայացվում է «Գոյ» թատրոնի բեմում, լավ առիթ է հայկական թատրոններում ընտրվող նյութի` դրամատուրգիայի մասին խոսելու համար:

Լավ, ամուր կառուցված պիեսները միշտ էլ օգնում են բեմի վրա ծավալվող իրավիճակներն ու հնչող տեքստը վերածել ամբողջական գործողության: Հստակ սխեմաներ եւ դիագրամաներ հիշեցնող դրամատուրգիան «փրկօղակ» է դերասանների համար, ովքեր անպայման պետք է իմանան` ո՞ր կետերում են սկսում եւ ավարտում իրենց դիալոգները եւ վերջիվերջո` ո՞ւր են հասցնում իրենց պերսոնաժին: Իսկ մնացածն, ինչպես ասում են` կախված է դերասանի եւ ռեժիսորի շնորհքից:

«Ավելի մոտ» պիեսը, որը ստեղծվել է 10 տարի առաջ, բեմադրվել է շատ թատրոններում եւ դարձել է ֆիլմ. այն դրամատուրգիական գործերից է, որը միացրել է այսօրվա օրը (իր սրությամբ, ոչ նորմատիվ լեքսիկայով, միջին խավը ներկայացնող պերսոնաժների որոնումներով) եւ ունիվերսալությունը: Եվ ունիվերսալն այստեղ սիրո թեման է, որը լոնդոնյան ափերից եկել-հասել է Երեւան ու Երեւանում հնչում է նույն ունիվերսալությամբ, ինչ ողջ աշխարհում: Չէ՞ որ բոլոր ժամանակներում էլ կնոջ եւ տղամարդու սերը ոչ միայն հարմոնիա գտնելու շանս է, այլեւ` պայքար: Պայքար է` տիրանալու, ենթարկելու, սիրած էակին` որպես բեռ, կամ էլ` որպես սեփական բարդույթներից բեռնաթափվելու միջոց ընկալելու համար: Պիեսում սիրային քառանկյունի է առաջադրված, որի ցանկացած կողմերը պարբերաբար կազմում են դուետներ կամ եռանկյունիներ: Եվ վարիացիաներն անսպառ են, քանի որ, եթե կա սեր, ապա կա նաեւ սուտ, փոխզիջում, խանդ, դավաճանություն եւ տառապանք: Պիեսի 4 հերոսներն անընդհատ փորձում են վերաբեռնել իրենց հարաբերությունները` ցանկանալով թարմացնել զգացմունքներն ու ավելի մոտ լինել իրար (նույնիսկ ավելի մոտ, քան սեփական մաշկն է), կամ էլ ընդհակառակը` սիրո մեջ դիստանցիա առաջադրել: Մոդայիկ լուսանկարչուհին, մահախոսականներ գրող լրագրողը, ստրիպտիզ պարուհին եւ մաշկաբան-բժիշկը իրենց հարաբերությունները կառուցում են` անընդհատ որպես հմուտ աճպարարներ խաղալով ստի եւ ճշմարտության հասկացությունների հետ: Եվ նրանց մասնագիտությունները (ինչպես նաեւ` դավաճանությունների շարանը) նույնպես խաղի առիթ են դառնում: Ստրիպտիզ պարուհի Ալիսն, օրինակ, ով սովոր է մերկանալ հանդիսատեսի առջեւ, իրականում ոչ մեկին իրեն մոտ գալ թույլ չի տալիս, իսկ պատահական մարդկանց լուսանկարող ու իրական կյանքը «որսալ» փորձող Աննան, ինքն էլ է զգում, որ մի մեծ խաբկանք է ստեղծում: Դենը նեկրոլոգներ գրելով` միշտ գեղեցկացնում է մահվան բոթը, իսկ բժիշկ Լարրին հեշտությամբ ընդունում է, որ սեքսը սիրո պատվաստանյութ է։

Եվ բոլոր 4 պերսոնաժներն էլ փորձում են իրենք իրենց հասկանալ: Սերը դառնում է նրանց ներքին վիճակի բարոմետրը: Սիրուց կարելի է վախենալ, փախչել, ընտրել հեշտ ճանապարհն ու խոստովանելով սեփական դավաճանությունը` մեղադրել դիմացինին ոչ ադեկվատ ազատության մեջ:

«Ավելի մոտ» պիեսը հայկական բեմում խաղալու ցանկությունը ծնվել է երիտասարդ դերասանուհիներ Մարիաննա Եղիազարյանի եւ Ժաննա Հովակիմյանի մոտ, ովքեր դիմել են ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանին` միասին աշխատելու առաջարկով: Այդ փաստն ինքնին արդեն շատ արժեքավոր է, քանի որ, ինչպես հայտնի է` ոչ թե ուսուցիչն է աշակերտ ընտրում, այլ աշակերտն է ընտրում այն ուսուցչին, որից սովորելու բան ունի: Եվ եթե մեր իրականության մեջ կան դերասաններ, ովքեր նոր մասնագիտական փորձ ձեռք բերելու ներքին մղում ունեն ու պատրաստ են ոչ ստանդարտ ճանապարհով գնալ (ասենք` երազանքների կիզակետը միայն սերիալում նկարահանվելը չեն համարում), ուրեմն նրանց աշխատանքն անպայման նոր որակ կստանա: Եվ ուսուցիչներն էլ կհայտնվեն ճիշտ պահին, եւ պիեսներն էլ: Ինչպես ասում էր Բուլգակովի հերոսը` իրենք կգան եւ ամեն ինչ կտան:

Պետք է նշել նաեւ, որ մինչ «Closer»-ի բեմ բարձրանալը ներկայացման ռեժիսորը Պատրիկ Մարբերից պիեսը թարգմանելու եւ բեմադրելու հեղինակային իրավունքը պաշտոնապես էր ձեռք բերել: «Եթե ուզում ես ճիշտ աշխատել, ապա հիմքը պիտի ճիշտ դրվի: Միջազգային օրենքը թույլ է տալիս հեղինակին վճարել եկամուտի, այսինքն` տոմսերի վաճառքից ստացված գումարի ընդամենը 6%-ը: Իսկ կանխավճարը կարելի է սակարկել ու նվազագույնի հասցնել: Աշխարհում ամեն բան շատ պարզ օրենսդրական դաշտում է գործում, եւ հարկավոր չէ մտածել, որ մենք բոլորից տարբեր ենք: Ասեմ, որ պիեսը բեմադրելու իրավունքը ես գնեցի ընդամենը 200 դոլարով: Կարծում եմ` դա այդքան էլ մեծ գումար չէ, եւ կարելի է գնալ այդ քայլին` սեփական հանգստության համար»,- նկատում է Սերժ Մելիք-Հովսեփյանը:

Ռեժիսորի եւ դերասանների այս համագործակցության արդյունքում ծնվեց մի ներկայացում, որտեղ քիչ դեկորացիա, հմուտ կառուցված միզանսցեններ եւ էմոցիաների շիկացում կա: Ընդ որում` առանց որեւէ թատերական ավելորդության: Ֆորմալ առումով ամեն բան շատ զուսպ է, եւ հենց այդ հաշվարկված զսպվածության շրջանակում էլ` դերասաններն իրենց երկրաչափական սիրային ֆիգուրներն են գծում, բավականին «բաց» զրույցներ են վարում (սեքսի, ինտիմ հարաբերությունների մանրամասների մասին), խորհում, տանջվում ու պատժում են իրար:

«Ավելի մոտ» պիեսն այնքան ստույգ է էմոցիոնալ դիալոգներ եւ իրավիճակներ նախանշում, որ ռեժիսորից պահանջվում է ընդամենը գտնել ներկայացման ճիշտ ռիթմը, այսպես ասած` նրբանկատորեն «լարել» բեմական տարածքը, որպեսզի դերասանն իրեն հարմարավետ զգա: Կարելի է նշել մի դրվագ, որտեղ անթերի միզանսցեն է կառուցվել. ռեժիսորը շատ պարզ հնարքով փոխում է դեպքերի հաջորդականությունը` դերասաններից մեկին մի քանի րոպեով հեռացնում է բեմից, մյուսին է հրավիրում, եւ տպավորություն է ստեղծվում, որ հուշը իրականությունից առաջ է ընկել: Եվ դրա շնորհիվ դերասանները մեծ ազատություն են ստանում, նրանք խաղում են` կանխազգալով անցյալը: Դիտելով այս ներկայացումը` առաջին հերթին նկատում ես հենց դերասանների աշխատանքն ու էներգիան: Հասկանալի է, որ պիեսի նյութը բավականին անսովոր է նրանց համար, այն իրոք համարձակություն է պահանջում, քանի որ բնական եւ ինքնաբավ պերսոնաժների մաշկի մեջ հայտնվելը նաեւ ներքին աշխատանք է ենթադրում: Եթե մի քիչ շեղես էմոցիոնալ ֆոնը, միանգամից ի հայտ կգան անճաշակությունն ու կեղծիքը: Մանավանդ այս պիեսում, որտեղ փիլիսոփայությունն ու ֆիզիոլոգիան խառնված են իրար: Եթե թեքվես` կամ անիմաստ հռետոր, կամ էլ վուլգար կերպար կդառնաս: Սակայն այս ներկայացման արժանիքը հենց հավասարակշռության պահպանումն է: Ողջ ներկայացումը (ինչպեսեւ, թերեւս, սերը) մի ճոճանակ է, որը աջ ու ձախ թեքվելով` կամ պարգեւ, կամ էլ պատիժ է դառնում: Նույն բալանսը նկատվում է նաեւ հայերեն լեզվի մեջ, որը դժվարությամբ, բայց կարողանում է բեմի վրա հնչելով` չվերածվել ոչ կեղծիքի (իրար վիրավորող զուգընկերները հո չե՞ն կարող միայն գրական բառեր օգտագործել), ոչ էլ` ժարգոնի (ժարգոնից արդեն «կշտացել» ենք սերիալների շնորհիվ):

Սամվել Թոփալյանը (Դեն), որը շատ հմայիչ դերասան է, այս բեմադրության մեջ ներկայանում է որպես վարանող ու թուլամորթ տղամարդ: Նրա դերակատարմանը, թերեւս, պակասում է ինքնահեգնանքը` սեփական պերսոնաժի նկատմամբ, բայց դա արդեն տոնայնության խնդիր է, որն ավելի հասուն տարիքում է հայտնվում: Եվ Դենը, եւ Աննան (Ժաննա Հովակիմյան) ավելի երիտասարդ են, քան իրենց պերսոնաժները: Եվ միգուցե այդ պատճառով էլ չեն կարողացել որսալ մարող պատրանքների հետեւից վազելու տոնայնությունը (դերասանական պաշարը պայմանավորված է նաեւ անձնական փորձով): Լարրին (Բաբկեն Չոբանյան) շատ ավելի կոնկրետ ու համոզիչ է: Իսկ Մարիաննա Եղիազարյանը, ում բաժին է ընկել ամենավառ դերը` երիտասարդ Ալիսը, այնքան ինքնամոռաց է ուսումնասիրում ինքն իրեն ու սիրո ծագումնաբանությունը, որ հենց դրա շնորհիվ էլ` հանդիսատեսն ընդունում է, որ սերը միշտ էլ երկկողմանի աշխատանք է: Հակառակ դեպքում` այն շատ արագ է սպառվում ու սպիանում:

«Ավելի մոտ» ներկայացման սյուժեին հետեւելը շատ հետաքրքիր է, եւ հանդիսատեսը հաստատ մեծ հաճույք կստանա սիրո որոնումներով (նաեւ ստրիպտիզի, հպումների եւ համբույրների տեսարաններով) համեմված ներկայացումից: Այն, վերջիվերջո, հանդիսատեսի եւ ուղեղին, եւ սրտին մտածելու սնունդ է տալիս:

Ի դեպ` հանդիսականներից մեկը ներկայացումից հետո խոստովանեց, որ շատ հազվադեպ է թատրոն գնում, եւ նկատեց, որ այստեղ իր պատկերացմամբ` թատրոն չկար. «Մեյմունություն չկար, պարզապես կյանք էր»: Եվ դա, թերեւս, ամենալավ գնահատականն է հատկապես դերասանների համար, ովքեր իրենց որոնումներով ու էներգետիկայով կարողացան ցույց տալ հանդիսատեսին, որ առանց ծամածռությունների եւ արհեստականության էլ կարելի է հանդիսատեսի ուշադրությունը բեմին սեւեռել: Թատրոնի կայացման համար որակյալ հանդիսատես ունենալը ոչ պակաս կարեւոր գործոն է, քան բեմի վրա աշխատել կարողացող դերասանները: Եվ «Ավելի մոտ» ներկայացումն էլ, որը ոչ մի տեղ չի գովազդվում (Սերժ Մելիք-Հովսեփյանը վստահ է, որ գովազդը հակացուցված է թատրոնին), իրականում այն հանդիսատեսի համար է, ով ինքն իրեն ավելի մոտ լինելու ցանկություն ունի: Եվ ինքն իրեն (այլ ոչ թե սխեմատիկ եւ վերացական կերպարների) է ուզում տեսնել բեմում:

Նյութի աղբյուրը` 168.am

ՆՈւՆԵ Հախվերդյան

573 հոգի