Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

11.122020  23:16

Երեւանի «Մետրո» թատրոնը վերջերս հաճելիորեն զարմացնում է հանդիսականին` բեմ հանելով ինքնատիպ եւ ուրույն ձեռագրով ներկայացումներ: Այդպիսին է նաեւ Էդգար Ալլան Պոյի համանուն պատմվածքի` «Սեւ կատուն» գործի բեմականացումը, որի ռեժիսորն է Զառա Անտոնյանը, դերակատարներն են երիտասարդ եւ շնորհալի Անդրանիկ Միքայելյանը եւ Մարիկա Դովլաթբեկյանը, իսկ երաժշտական ձեւավորումը` Ջեմմա Մինասյանի: Ամերիկացի գրող, պոետ, գրական քննադատ, ամերիկյան ռոմանտիզմի ներկայացուցիչ, ժամանակակից դետեկտիվ ձեւի եւ հոգեբանական արձակի ժանրի ստեղծողն է Էդգար Ալլան Պոն: Նրա աշխատանքները նպաստել են գիտաֆանտաստիկայի ձեւավորմանն ու զարգացմանը, իսկ նրա արվեստի գծերը` իռացիոնալությունը, միստիցիզմը, պատկերվող իրավիճակների անոմալությունը, կանխագործեցին անկումայնությունը (decadence) գրականության մեջ (այս ուղղության հիմնադիրները դեմ էին արվեստի հին մոտեցումներին, նրանք առաջարկում էին նոր, ավելի ճկուն ձեւերի ստեղծում, որոնք ավելի լավ կհամապատասխանեն ժամանակակից մարդու աշխարհընկալումներին): Եվ, կարծես թե Զառա Անտոնյանն էլ հետեւելով ուղղությանը` իր այս բեմադրությունով «անկումայնում» է ներկայիս թատրոնը, փնտրելով եւ բեմ հանելով նոր թատերային բեմավիճակներ եւ արտահայտչաձեւեր:

«Սեւ կատուն» ներկայացումը ասես երեկոյան ընթրիքի է հրավիրում հանդիսատեսին, առանց ժամանակի ուշացման (ճշգրիտ` 19:40 րոպե): Ջենտլմենի պես հոգատար մեկնում է ձեռքը, բարձրացնում ու նստեցնում բեմին` թույլ տալով մեկ հարթության վրա մաս կազմել, բայց եւ միաժամանակ «օտարվել» սպասվելիք բեմական գործողություններից: Ամեն ինչ գեղեցիկ է, գայթակղիչ, սակայն յուրաքանչյուր գեղեցկության մեջ թաքնված է խորհրդավորությունը, տարօրինակ ու միաժամանակ «չվախեցնող» սարսափը: Ի սկզբանե դերակատարներն արդեն բեմում զբաղեցրել են իրենց տեղերը, եւ սպասում են հանդիսատեսին` ստեղծելով այնպիսի տպավորություն, ասես դատարանի դահլիճում ենք: Իսկ հետո գլխավոր դերակատարի շուրթերից հնչում են այս խոսքերը, որոնք կնիք են դնում այդ ամենի իսկության վրա. «Ես ո՛չ հույս ունեմ, ո՛չ էլ խնդրում եմ, որպեսզի հավատաք այն խելացնոր եւ միաժամանակ առօրեական պատմությանը, որը կշարադրեմ: Իմ նպատակն է` պարզ ամփոփ եւ առանց որեւէ մեկնաբանության պատմել մի շարք զուտ ընտանեկան դեպքերի մասին: Այդ դեպքերն իրենց հետեւանքներով սարսափեցրին, տանջահար արեցին, կործանեցին ինձ: Ես չեմ փորձի որեւէ բան բացատրել (արդարանալ)»:

Ընթրիքի սեղանն արդեն գցված է, վառվում են մոմերը, հնչում է թավջութակը եւ սկսվում է պատմությունը: Բեմում գլխավոր գործող անձինք երկուսն են` կին եւ տղամարդ, ինչպես նաեւ թավջութակահարուհին, որը նստած է բեմի խորքում եւ կարծես թե միայն նվագում է: Սեղանի վրա գերիշխում են ալկոհոլի տարբեր շշերը, ինչն ընդգծում է առանցքային հերոսի հարբեցող լինելը: Հարբեցող մարդիկ կարող են պատմել պատմություններ, զառանցել խմիչքի ազդեցության տակ եւ անել գործողություններ (պատժելի, անպատժելի)` կախված իրենց հաճույքի չափաբաժնից: Միգուցե այս պատմվող իրադարձությունները տեղի չեն ունեցել, ո՞վ գիտե (հարբեցողներին դժվար է հավատալ): Դե իսկ հանդիսատեսին մնում է հավատալ կամ ոչ շարադրվող պատմությունների իսկությանը: Կարծես թե ամեն ինչ հարթ է այս զույգի մոտ, նրանք պարզապես ընթրում են: Մինչ այն պահը, սակայն, երբ երկուսն էլ զզվում են այդ հանգստությունից եւ սկսում են անսպասելի եւ ուժգին իրար վրա նետել տարբեր առարկաներ: Այնուհետեւ հերթը հասնում է միմյանց հարվածելուն, տղամարդուն սա կարծես հաճույք է պատճառում, իսկ կնոջը` միայն երբեմն վախեցնում: Նրանք քաշքշում են միմյանց, հարվածում, տակնուվրա անում ամեն բան, իրենց կենդանիների պես պահում (խոտ ուտում) եւ այդ ամենը հանկարծակի, ու այդպես էլ հանկարծակի խաղաղվում են, եւ անգամ բուռն սիրով զբաղվում:

Ներկայացման բեմավիճակներն այնպես էին մտածված, որ հանդիսատեսը մի վայրկյան անգամ չէր ձանձրանում: Այն մե՛րթ հանգիստ էր, դանդաղ, ծորուն, մե՛րթ չափազանց արագ, շարժուն ու ճկուն: Սա պատմություն է բռնության մասին, որի հիմքում շարժառիթ` հարբեցողությունն է: Հարբեցող, որը չի կառավարում իրեն, իր գործողությունները, ունի հոգեկան շեղումներ, որը պատասխանատու չէ նույնիսկ իր խղճի առաջ: Եղածը մի մեծ բան չէ, ոչ էլ «հանցագործություն», նա պարզապես սպանել եւ թաղել է մի սեւ կատու եւ իր կնոջը, ու այդ ամենը նրան դուր է եկել: Նա անգամ չի վախենում, որ մի գեղեցիկ օր այդ ամենը կբացահայտվի, հենց իր թեթեւ ձեռքով, եւ վրա կհասնի պատժի ժամը: Ներկայիս հարբեցողը ունեցել է իդեալական մանկություն, մեծացել է քրիստոնյա ընտանիքում, բաց չի թողել ոչ մի կիրակի առանց պատարագի: Նա չի ունեցել ընկերներ, պաշտել ու վստահել է միայն կենդանիներին: Սակայն ամեն իդեալական բան չէ, որ կարող է լավը լինել: Պոյի այս պատմվածքում գործող անձը մեկն է, որը պատմում է իրադարձությունները` մեջբերելով կնոջը եւ սեւ կատվին: Բայց ռեժիսորը բեմադրել է այն յուրովի, հետաքրքրական մտահղացմամբ: Իրականում նա կնոջ միջոցով ներկայացրել է գլխավոր հերոսի խիղճը (ալտեր էգո)` բեմում ստեղծելով թվացյալ այնպիսի տպավորություն, որ վերջինս հանդիսանում է հերոսի կինը: Ավելի ուշ, երբ բացվում է իրադարձությունների կծիկը, նկատում ես ռեժիսորի ինքնատիպ եւ քողարկված, խորամանկ լուծումը, ապա հասկանում ես, որ թավջութակահարուհին գլխավոր գործող անձի կինն է:

Իհարկե, այս ամենը բացահայտվում է ներկայացման այն հատվածում, որտեղ հերոսը պատմում է, թե ինչպես է սպանել իր կնոջը: Դերակատարը (Ա. Միքայելյան) մոտենում է թավջութակահարուհուն եւ ձեռքը դնում ուսին, հանդիսատեսին հուշելով, որ իր կինը նա է: Եվ այն պահին, երբ արտաբերում է նրան սպանելու լուրը, հաջորդում են թավջութակահարուհու գործողությունները. նա դադարեցնում է նվագը եւ հեռանում բեմից: Հանդիսատեսը շունչը պահած հետեւում էր բեմական իրավիճակներին, սպասելով դադարին` արտաշնչմանը, եւ այդ դադարները լցվում էին ծխախոտի ծխով: Փոթորկալի իրադարձություններից հետո, դադարի ժամանակ, դերակատարներին մնում էր միայն հանել ծխախոտը եւ ծխել: Եվ թվում է, թե ուր որ է հաջորդ ծխախոտը դերակատարը կառաջարկի հանդիսականին` միասին վայելելու ծորուն դադարի ընթացքը: Ներկայացման վերջաբանում, գործող անձինք մանկանում են, խաղում խաղալիքներով, օդապարիկ թռցնում. ամեն ինչ եթերային է, ջերմ ու բարի: Եվ այս տեսարանով ռեժիսորն ամբողջացնում է պատմությունը ` տալով ֆրեյդյան հոգեբանական տեսության բանալին:

Ընդհանրացնենք. «Սեւ կատուն» ներկայացումը հետաքրքրական է իր ոճով, յուրօրինակ բեմավիճակներով, գրոտեսկային զգացումներով, հայ բեմի իրականության մեջ, նաեւ համարձակ ու բարձրաճաշակ: Ռեժիսորը հանդիսականին ներկայացրել է «բեմական էկրան»` օգտվելով կինոլեզվի տարրերից, խոշոր պլաններով ընդգծել հերոսի ներքին ապրումները: Հերոս ` իրականում, որի թելը իր ձեռքում է պահում կինը-խիղճը, նրան մե՛րթ քարշ է տալիս, նետում մանկության եւ հիշողության գիրկը, մե՛րթ դարձնում հարբեցող, անհավասարակշիռ, անզգա եւ դաժան: Հերոս, որին ոչ ոք փրկել չի կարող, այլ միայն Աստված: Հերոս, որին մնում է միայն վայելել վերջին ծխախոտը:

Նյութի աղբյուրը` ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 06-12-2019

1516 հոգի