Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

11.12.2020   22:18

 Սերն այն  թեման է, որ գրեթե ամեն ներկայացման մեջ, գեղարվեստական ֆիլմում կամ գրքում իր տեղն ունենում է: Իսկ երբ բեմադրության անունն է «Սեր», ապա «Ինչի՞ մասին էր» հարցին պատասխան վստահաբար կունենանք: Այս առումով պիեսի հեղինակ, բեմադրող և գլխավոր դերակատար Սուրեն Սաֆարյանը և՛ վտանգավոր, և՛ ապահովագրող որոշում է կայացրել: Մի կողմից ծեծված թեմա է, ի՞նչ պիտի գտնես, որ հանդիսատեսի ուշադրությունը հավաքես, հետաքրքրես, մի նոր ելևէջ խաղարկես: Մյուս կողմից սիրային պատմություններն ունենում են սրտաճմլիկ և հուզիչ դրվագներ, սա մի ճանապարհ է դեպի հանդիսատեսի սիրտը, որ, կարծում եմ, միշտ բաց կլինի:

 Եվրոպական թատրոնում բավական տարածված մոտեցում է, երբ դրամատուրգն ինքն է բեմադրում իր պիեսը. նման դեպքում այլևս չի կարող հնչել մեղադրանք տեքստը սեփական բեմադրական մտահղացումներին հարմարեցնելու մեջ, տեքստը ու բեմադրությունը մեկ ընդհանուր գաղափարի դրսևորում է:    Դեկտեմբերի տասներկուսին Նաիրի կինոթատրոնում (!) ներկայացված պատմությունը կառուցված էր ավիրված սիրո գաղափարի շուրջ: Բեմում ընդամենը երկու կերպար է, Արամն ու Աննան (դերակատարուհի՝ Ռոզի Ավետիսովա) և չկա դասական սիրային եռանկյունու հակակշիռը, բայց ... Մարդիկ հիմնականում իրենք են քանդում այն, ինչ կարող է երջանկացնել: Ինչո՞ւ: Բեմական ժամանակը գրեթե քսան տարի է բռնում, մի ամբողջ կյանք, պայծառ դեռահասները վերածվում են կյանքի մայրամուտին նայող հասուն մարդկանց, այդքան է տևում նրանց անցումը սիրահարվելուց մինչև միանալը, ամուսնանալը: Եվ ո՞րն է դրա պատճառը՝ հեռավորություն, որի անհրաժեշտությունն ըստ էության չկար: Մեզ համար, ցավոք սրտի, լավ ծանոթ իրադրություն է՝ ընտանիքները հեռանում են Հայաստանից և երբ կա «ավետյաց երկիր» հասնելու օրինական ճանապարհ, ոչ ոքի մտքով չի անցնում հրաժարվել: Իսկ տարիներ հետո, երբ արդեն կարող են հանդիպել, գործում է չհամընկնման դասական կանոնը. նախ Աննան էր հասցրել ամուսնանալ, իսկ մինչ նա կհասկանա, որ չպետք է ապրի չսիրած ամուսնու հետ և կհեռանա, Արամն է ընտանիք կազմում: Երբ երկու հոգի սիրահարվում են իրար, միշտ պետք է ինչ-որ բան զուգադիպի, համընկնի, որ հանդիպեն, համարձակվեն, ներդաշնակեն: Մեր հերոսներն ամեն ինչ ունեն երջանիկ լինելու համար, բայց ինչ-որ բան չի համընկնում (ավարտի happy end-ի ակնարկը համոզիչ չէր, կարծես պայմանական հաշտեցում լիներ հանդիսատեսի ու բեմադրողի մեջ, որ չտխրեն): Մարդ չի կարող երջանիկ լինել, քանի որ տիեզերքում ինչ-որ բան չի համընկնում: Եվ սիրուց մնում են միայն ավերակներ:

 Ավիրվում է նաև «Սերը»: Եվ առաջին հերթին հենց հեղինակի դրամատուրգիական հմտությունների պատճառով: Առանց մանրամասնորեն ամեն բառն ու դարձվածքը վերլուծելու մի քանի հիմնական, սկզբունքային կետ նշենք: Նախ երկու գործող անձով այս դրաման տրվում է երկու գործողությամբ և երկու տասնամյակի ձգվածությունը հանդիսականը զգում է գրեթե բառի բուն իմաստով: Գործողությունը զարգանում է շատ դանդաղ, հատկապես առաջին մասում, որն ընդամենը երիտասարդների հանդիպումն է պատկերում, իրենց ծանոթանալը: Եթե հանկարծ ընդմիջման փոխարեն ներկայացումն ավարտվեր, վստահ կարելի էր ասել, թե բեմում ոչինչ տեղի չի ունեցել: Ներկայացման երկրորդ մասն այս առումով ավելի բարվոք վիճակում է՝ հանդիպում տասներեք տարվա դադարից հետո, այնուհետ հանդիպում ևս տասը տարվա դադարից հետո, տարբեր վիճակներ փոխարինում են միմյանց, հերոսներն այլևս իրար հանդեպ տարբեր դիրքերում են, հետո փոխվում են դերերով, սա բերում է որոշ դինամիկա:

 Մյուս խնդիրը, որին բախվում է անփորձ թատերագիրը, հերոսներին իրենց զգացմունքների մասին խոսեցնելն է: Հերոսների ապրումներն ու հարաբերությունները մեզ պետք է հասնեն դերասանական խաղի, ոչ թե բառերի միջոցով: Այն, ինչ պատկերացվում է որպես դրություն, սեղանի մոտ նստած կարող է ստանալ գրական դրսևորում, սակայն բեմական իրողություն տեղափոխվելիս տեքստը պետք է թեթևանա, նրբանա: Հակառակ դեպքում դերակատարները չեն ունենա խաղալու տարածություն, հնչող խոսքը կկանխի ապրումներն ու ներքին շարժումը: Խաղային տարերքը պահանջում է ազատություն, խորհրդավոր անորոշություն, որից կծնվի նորը, իսկ այստեղ առաջադրված են զգացմունքների պայմանական անվանումներ, բառեր էմոցիաների փոխարեն: Եթե նման դեպքում դերասաններն անգամ փորձեին խաղարկել գրվածը, կստացվեր մոտավորապես ոնց որ մարդը բեմում քայլեր և անվերջ կրկներ՝ Ես քայլում եմ, ես քայլում եմ:

  Պիեսի դինամիկայի վրա ազդում էր նաև մեկ այլ գործոն. տեսարանների անցումները մեխանիկական էին: Երբ ավարտվում էր հերթական տեսարանը և սկիզբ էր առնում մյուսը, մենք հասկանում էինք դա բեմադրական փոփոխություններից. լույսեր, վարագույր, բեմական ձևավորման փոփոխություն, երաժշտություն, բայց այդ փոփոխությունը չէր հասունանում տեքստում: Եթե հետևեինք միայն բառերին, կասեինք, թե տեսարանը կարող էր ավարտվել մի քանի րոպե շուտ կամ ուշ, քանի որ ավարտը տեքստային մակարդակում չէր ձևավորվում, մյուս տեսարանն էլ սկսվում էր կարծես ընդհատված կետից, գործողությունն սկսվում էր առանց թափ հավաքելու:

 Գրական հիմքի խնդիրները սահմանափակում են մեր հնարավորությունը խոսելու դերասանական խաղի կամ բեմադրության մասին. դրությունները կիսատ են և դրանց բեմական մարմնավորումը դիրքերի կամ շարժման, դիմախաղի ու ինտոնացիայի միջոցով դառնում է պայմանական: Դերասաններն անում են այն, ինչ ենթադրվում է դրությամբ, բայց դրությունն անշարժ է, ամբողջական չէ, որպեսզի կատարումը կարողանանք գնահատել այդ ամբողջականության համատեքստում: Այնուամենայնիվ մեկ-երկու դիտարկում անել կարելի է: Նախ բեմադրողի կառուցած մի mise en scéne-ի մասին. եթե պարտադիր ցանկություն կար հերոսների առաջին երկխոսությունը ներկայացնելու ճանապարհն անցնելով, դրա համար պետք էր այլ եղանակ գտնել: Անգամ ընդարձակ բեմահարթակներում, երբ ռեժիսորները պտտեցնում են իրենց հերոսներին անկյունից անկյուն, իբրև թե երկար ճանապարհ ցույց տալու համար, հանդիսասրահում պարզունակ մի հարց է առաջանում. եղբայր, ինչո՞ւ են գործող անձիք շրջաններ տալիս, սա ի՞նչ անտրամաբանական շարժում է տեղում: Իսկ երբ բեմադրությունն իրականացված է կինոթատրոնի հարթակում, որ զուրկ է խորությունից և առանձնապես լայն էլ չէ, դա պետք է հաշվի առնել, տպավորությունն այնպիսինն է, թե մեր դերակատարները պտտվում են իրենց առանցքի շուրջ: Մի խոսք էլ ուղղենք դերասանուհուն: Ցավոք կրկին անդրադարձը տեխնիկական հարցի է՝ առանձին բաղաձայնների արտասանության ժամանակ խոսքն աղավաղվում էր, մասնավորապես «ս» և «ց» տառերը հնչում էին այնպես, կարծես դերասանուհին օրթոդոտի նշանակած բրեկետներ կրեր: Անկախ նրանից, թե ինչ հաջողությամբ եք կարողանում հարուցել Ձեր ներսում ապրումներ և հուզվել կերպարի հույզերով, պետք չէ մոռանալ այդ ամենի դրսևորման մասին, ձևի թերություններն իրենց վրա ուշադրություն հրավիրելով, արգելակում են անգամ ամենատպավորիչ խաղի ընկալումը:

Բեմադրությունը սիրո մասին էր և հեղինակը հիմքում հետաքրքիր գաղափար էր դրել, տիպիկ և միաժամանակ ատիպիկ իրադրություն, սակայն ...

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

1034 հոգի