Սեղմիր
ԷՍՍԵ

11.12.2020   02:33

Թատրոնը կառուցվում է հիշողության, ընթացքի և կարճատև, այլ կերպ ասած՝ հպանցիկ հանգրվանի վրա: Սարսափելի բան է տեղի ունենում, երբ հիշողություն կոչվածը իր հաճույքը և գերիշխանությունը ձգձգելու նպատակով դաշինք է կռում կարճատև հանգրվանի հետ՝ երկարացնելով վերջինիս գործունեության ժամկետը: Նման դեպքերում թատրոնից դուրս է մղվում ամենակարևոր գործոնը՝ ընթացքը:

Թատրոն X-ի կարևոր նշանակությունը ոչ միայն նոր X-երի բացահայտումն է, այլև բանավեճի մթնոլորտի ձևավորումը, որը կոչված է օժանդակել Ընթացքին և արժևորել ոչ թե փափուկ ու տաքուկ հիշողությունը, այլ ներկան:

Երևանի Կամերային պետական թատրոն, Արա Երնջակյան, «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Արա Երնջակյանի

Կամերային կոլաժ՝ ժամանակի համար

Անցնող ժամանակը չզգալու համար անհրաժեշտ է ծաղրել նրան: Արա Երնջակյանը կառուցում է մի միջավայր, որը, ռեալ իրականության վրա հիմնվելով, շատ հատվածներում մնում է առկախված: Բեմադրիչը կարողացել է գտնել ժամանակի տարաբնույթ մազմզուկները և ամբողջացրել է մի պատկեր, որտեղ կատարվող գործողությունները հաճախ փոխում են ընկալումների առանցքը: Էկլեկտիզմն այս պարագայում տեղին է, այն հիանալիորեն լուծում է բեմական տարածությունը չծանրաբեռնելու և սուղ արտահայտչամիջոցներով խեղճուկրակ չերևալու վտանգը: Դերասանական, հեգնանքով լեցուն բարձրակարգ կատարումները, ինտերակտիվության հնարներով, բացահայտում են մշտապես առկա խնդիրների և մարդկային տիպերի առեղծվածը: Այս ներկայացման հուզմունքը կառուցվում է հեգնանքի վրա, թեև որոշ հատվածներում սպրդում են այլ՝ ոչ հեգնալից, հուզմունքի շեշտեր, որոնք ակնթարթորեն դառնում են «ուրիշ օպերա» և, բարեբախտաբար, ակնթարթորեն էլ անէանում են:

Հենրիկ Մալյանի անվան Կինոդերասանի թատրոն, Խաչիկ Չալիկյան, «Ռոսինանտ-2012» բեմադրությունը, երաժշտական և նկարչական ձևավորումը՝ Խաչիկ Չալիկյանի

Մակերեսի վարքագիծը

Խաչիկ Չալիկյանի «Ռոսինանտ-2012» ը մակերեսի ընկալման ինքնատիպ տեսակ է, որը ժխտում է խորքային պաթետիզմն ու կերպարային գունագեղությունը: Ներկայացման կարևոր ձեռքբերումը ապուշության ընկալումն է՝ որպես աշխարհայացք և երևույթները վերլուծելու միջոց: Այստեղ չկան թանձր վրձնահարվածներ, հատու-խորքային լուծումներ: Կերպարները սոսկ վարքագծեր են, միզանսցեները և կոնֆլիկտը արտաքուստ ինքնահոսի են մատնված: Այլ կերպ ասած՝ ներկայացումը նույնանում է փչվելու և արդյունքում տարածության մեջ հոսելու ցանկություն ունեցող խատուտիկի հետ: Թեև բեմադրության մեջ մի շետով անցնում է նաև չհասկացված լինելու ցանկությունը, որը, որոշ շրջադարձների դեպքում, որոշակի հավակնությամբ, ասես, լրջացնում է ընդհանուր մթնոլորտը՝ հետ մղելով ներկայացման առանցքը կազմող հետաքրքիր ապուշությունը:

Գյումրու երիտասարդական անտիթատրոն, Անտոնինա Վելիկանովա, «Սիրտդ ինձ տուր», բեմադրության, նկարչական և երաժշտական ձևավորման հեղինակ՝ Վարդուհի Գրիգորյան

Չտրվող սրտի տրամաբանությունը

Վարդուհի Գրիգորյանը փորձ է անում թատերական հարթակը ձերբազատել ոսկեզօծ, տեղ-տեղ՝ ճենճոտ շրջանակներից: Բեմադրությունը որպես անտիթատրոն, ըստ իս, կայացել է տեքստի շնորհիվ: Ցավոք, վերջին շրջանում, բազմաթիվ տեքստախեղդ բեմադրություններ տեսնելուց հետո եկա այն եզրահանգմանը, որ ժամանակակից թատրոնն ու տեքստը ոչ միայն անհարիր, այլև նույնիսկ իրարամերժ հասկացողություններ են: Այս ներկայացման շնչային հատվածները, առավելապես, իրականանում էին շարժման միջոցով: Չնայած ռեժիսորական խիզախ մտահղացման՝ մեկ-երկու սիմվոլիկ դետալներ /հարսի քող, կարմիր զգեստ/, այնուամենայնից սպրդել էին, որոնք, ակնթարթորեն, դիտողի աչքը անտիթատրոնից շեղում էին դեպի թատրոնի ֆունդամենտալ շրջանակը:

Աբովյանի դրամատիկ թատրոն, Վահան Թոթովենց «Կյուրեղ աղայի մահը կամ ես քեզ մեղա», բեմադրիչ՝ Աշոտ Չտչյան

Դերասանական հանգույցներ

Թատրոնի ամենաբարդ խոչընդոտը դերասաններին միմյանց և միաժամանակ ներկայացմանը հանգուցելու մեջ է: Կենդանի արվեստի, բեմական տարածքում շփումը միշտ չէ, որ միաձույլ կամ կապակցված է: <Կյուրեղ աղայի մահը կամ ես քեզ մեղա> բեմադրությունը դիտելիս՝ հստակորեն երևում էին վերը նշված անտեսանելի հանգույցները, որոնք ներկայացումը, դերասանական իմաստով, զարմանալիորեն միաձույլ և փայլատ են դարձնում: Սակայն բեմական տարածությունը այս ներկայացման մեջ, շատ դեպքերում, մնում էր միայն տարածություն՝ առանց հետաքրքիր ու նորովի լուծումների:

Վանաձորի քաղաքապետարանի «Տիկնիկային թատրոն» ՓԲԸ, Բոաուսկևիչ և Կառնաուխովա, «Ալվան ծաղիկը», բեմադրությունը և նկարչական ձևավորումը՝ Սերգեյ Մելիքյանի

Հեքիաթը՝ առանց չակերտների

Սերգեյ Մելիքյանի «Ալվան ծաղիկը» ներկայացման մեջ արտահայտված բեմական տեսիլքի ճաշակավոր վառվռունությունը, տիկնիկների մարդացումը, ազգայինի ապազգայանցումը, ասես, կոչված են փշրելու թատրոնի անվան սկզբում և վերջում, զավեշտալիորեն, հայտնված չակերտները, որոնք ընդամենը վկան են դառնում ֆիզիկական իմաստով ցրտաշունչ դահլիճի և բեմական գարնան միջև: Տիկնիկ-մարդանց ֆիլիսոփայությունը չակերտավոր չէ ու թեև, ներկայացումից հետո այդ զգացմունքներն արտահայտող սուբյեկտները կախվում են կուլիսների կախիչներից, սակայն նրանց կենդանի տպավորությունն ապրում է տեսնողի զգայապատկերում: Որոշ հատվածներում հեքիաթը կարծես չափից դուրս ռեալիստական է դառնում՝ զուրկ մանուկներին ոգևորորղ հրաշապատումից:

Պետական Կամերային Երաժշտական Թատրոն, Սվետլանա Բարտոխովա, «Անկոչ հյուրը», բեմադրությունը՝ Արման Նավասարդյանի

Անկոչ հյուրի ճշմարտության կոչը

«Անկոչ հյուրը» բեմարդրությունը Արման Նավասարդյանի ռեժիսորական դեբյուտն է: Դերասան-բեմադրիչի աշխատանքի արդյունքում բեմում կերպարներն առավել հաջողակ, հարաբերությունները՝ հնարավորինս բացված ու ճշմարիտ են դառնում: Բացառություն չէ նաև «Անկոչ հյուրը», թեև տարիքային առումով դերակատարները կերպարների համեմատ երիտասարդ են և բեմական վիճակը հաճախ շփոթում են էներգիա վատնելու հետ:

Երևանի Քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոն, Րաֆֆի «Խենթը», բեմականացումը, բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Դավիթ Հարությունյանի:

Ցավոք, ներկայացման տեղափոխումը թույլ չտվեց տեսնել այն, իսկ չտեսած ներկայացման մասին գրելը, կարծում եմ, չտեսություն է:

Նյութի աղբյուրը` ImYerevan.com

ՀՈՎՀԱՆՆԵՍ Թեքգյոզյան

671 հոգի