Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11.12.2020   00:54

 Մեր պատմության հինավուրց ու բազում խոչընդոտներով լի ճանապարհին մշտապես կառուցել ենք տաճարներ, եկեղեցիներ, ստեղծել ենք քանդակներ ու կտավներ, գրքեր ու երգեր ենք գրել, և սա մեր կենսաձևն է, գոյության պայմանը։ Անգամ հայոց պետականության անկումից հետո հայկական մշակույթի որոշ ճյուղեր ունեցել են զարթոնքի շրջաններ, բայց դրանց պահպանումը մշտապես վտանգված է եղել: Մշակութային ժառանգության պահպանման ճանապարհներ դժվար էր կառուցել առանց պետականության: Արահետներ էր պետք փնտրել։ Իսկ արահետներով չէին անցնի մեր ամրոցներն ու Նեմրութի հուշարձանախումբը, տաճարներն ու եկեղեցիները, կամուրջներն ու ճարտարապետական մյուս շինությունները: Հզոր մշակույթի «փշրանքները» միայն անցան այդ նեղլիկ ճանապարներով: Դրանց փրկության մասին պատմությունները սարսափ-կտավներ են հիշեցնում. պատառոտված հագուստով, ցնորված դեմքերով մարդիկ՝ ձեռքներին կարպետի կամ մաշված կտորի մեջ փաթաթած գրքեր, ավերակված եկեղեցիներից խաչքարեր ու կտավներ տեղափոխող սայլեր, ասեղնագործ տակաշորերի մեջ բարուրված երեխաների համար օրորոցային երգող մայրեր...

 Եթե մարդու մեջ փոխանցվում է գենետիկ հիշողությունը, ապա յուրաքանչյուր հայ պետք է, որ կրի իր մշակույթը պահպանելու պատասխանատվությունը, որովհետև վստահ եմ, որ յուրաքանչյուր հայի գլխում, իր տատի պատմած պատմությունից մի պատառիկ, գրապահարանում եզրերը այրված մի գիրք, ուրախության կամ տխրության պահերին քթի տակ երգվող մի մեղեդի, պիտի որ այդ ազդակը արթուն պահեր ու մղեր փնտրելու դրանց հնարավոր գտնվելու վայրերը...

 Թանգարանները, գրադարանները ու արխիվները կրում են մշակութային արժեքների պահպանության պատասխանատվությունը: Սակայն մինչ հիշյալ հաստատությունները արվեստի հազվագյուտ նմուշներն ու անտիպ նյութերը հայրենանվեր անհատներ են փրկել, պահպանել։  Հետաքրքիր է, որ այն մարդիկ, ովքեր ստանձնել են այդ առաքելությունը, երբեմն ելնելով տարհանման հրատապությունից, տեղափոխման խնդիրներից, կատարել են ընտրություն՝ ինչը պահպանել և ինչը՝ ոչ: Նրանց ընտրության մեջ երևում է  նաև տվյալ դարաշրջանի մարդու արժեհամակարգը: Պատմության տարբեր փուլերում այդ դեմքերը փոխվել են: Մշակութային մասունքները վանքեր տեղափոխող վանականներին խորհրդային շրջանում փոխարինելու են եկել այդ արժեքները հավաքագրող այլ մարդիկ: 1920-ական թթ. հետո ստեղծվել են բարենպաստ պայմաններ սեփական երկրում աշխատելու և ստեղծագործելու համար, սկսվել է հայ արվեստի ու գրականության համար նշանակալից ձեռքբերումների ու վերելքի շրջան։

 Հայ դերասանները վերջապես տեսել են ազգային պետական թատրոն, թատերական թանգարան, ազգային գրադարան...  ստեղծագործական կյանքին զուգահեռ ազգի նվիրյալ զավակները իրենց ասպարեզում սկսել են հավաքչական աշխատանքներ:

Այս տարի լրանում է այդ նվիրյալներից՝ Գրիգոր Ավետյանի ծննդյան 150-ամյակը: Նա եղել է բազմակողմանի թատերական գործիչ՝ դերասան, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող, թարգմանիչ: Ստեղծագործելով Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Կ. Պոլսում և Երևանում, ունեցել է նաև շրջագայություններ՝ Ռուսաստան, Պարսկաստան, Բուլղարիա, Ռումինիայում: Ընդգրկվելով տարբեր խմբերում, կազմելով նաև իր թատերախմբերը խաղընկեր է եղել ժամանակի հայ լավագույն արտիստներին՝ Ազնիվ Հրաչյա, Սիրանույշ, Հովհաննես Աբելյան, Գևորգ Պետրոսյան, Գևորգ Տեր-Դավթյան, Վարդուհի, Արամ Վրույր, Հովհաննես Զարիֆյան, Սաթենիկ Ադամյան, Օլգա Մայսուրյան, Օլգա Գուլազյան, Եկատիրինա Դուրյան-Արմենյան, Հասմիկ, Արտեմ Բերոյան, Օվի Սևումյան և այլոք:

 Գրիգոր Ավետյանը  «ամեն խմբում ունեցել է իր տեղը, ամեն պիեսում իր դերը՝ սկսած դրվագային փոքր դերերից մինչև կենտրոնականն ու առաջատարը»1: Նա հարազատ մարդ է դարձել գրեթե բոլոր թատերախմբերում, մտերմաբար դերասանները նրան դիմել են դյադյա Գրիշա:

 

 Ավետյանը բախտ է ունեցել բեմում երկար կյանք ունենալու: Տևական ժամանակ խաղալով իրենից ավագ սերնդի հետ, նրա արվեստը հղկվել է, ինքն ավելի փորձառու դարձել: Հետագայում Ավետյանը երիտասարդներին է փոխանցել իր փորձն ու նվիրումը: Շատ է խոսվել նրա՝ որպես կատակերգակ դերասանի մասին, հայտնի է նաև, որ թարգմանական աշխատանքներ է կատարել: Սակայն այս շարադրանքը ոչ թե դերասան կամ թարգմանիչ, այլ թատերական գործիչ Գրիգոր Ավետյանի մասին է։

  Այս կրթված, հայրենասեր, քաղաքացիական բարձր գիտակցության տեր արտիստի թատերական գործունեությանը վերաբերող չգրված էջեր կան: Նա իր կյանքը նվիրել է թատերական արվեստին ու դրա զարգացման գործին: Արտիստը «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» գիքի հեղինակն է, որտեղ պատմում է 1880-1930-ական թվականների թատերական կյանքի մասին: Բայց դրանով չի սահմանափակվել, գրել է «Թատրոնի մարդիկ» (երեսուներկու դերասանի մասին հուշեր), նաև՝ «Բեմադրությունները հին թատրոնում», (տասնութ հայ ռեժիսորների աշխատանքների մասին), «Ժող. արտիստ Հովհ. Աբելյանի հետ երկարամյա միատեղ գործունեությունս և մտերմությունս», «Իմ բարեկամությունը Քրիստափոր Կարա-Մուրզայի, Երվանդ Օտյանի և Ռոմանոս Մելիքյանի հետ», «Իմ աշխատանքը սովետական թատրոնում»...

 Նրա ֆոնդը, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանում, հիմնականում պարունակում է անտիպ նյութեր և աշխատություններ: 1923 թվականից Առաջին պետական թատրոնում, աշխատելու տարիներին դերասանը ստեղծագործական կյանքին զուգահեռ ստանձնել է թատրոնի պատմության մասին վկայող նյութերի հավաքագրման ու պահպանման աշխատանքը: Գրիգոր Ավետյանը իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում պահել է կապը արտիստների հետ: Նամակներով դիմել է նրանց, կենսագրական ու փաստական ճշտումներ անելուց հետո գրի է առել: Օգտագործելով իր և ընկերների կապերը,  հավաքագրել է դերասանների, ռեժիսորների, թատերական գործիչների նամակներ, անձնական իրեր, պիեսներ ու նրանց առնչվող այլ նյութեր: Այդ մասին պատմում են դերասանի անվանական ֆոնդում պահպանված անձնական նամակները՝ տարբեր արտիստներից և թատերական գործիչներից: Նրանք այդ նյութերը փոխանցել են իրենց վստահելի ընկերոջը, իսկ նա նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին: Այս կերպ են թանգարան հասել Սիրանույշի նամակների մի մասը, Գևորգ Տեր-Դավթյանի բեմական հագուստներից, որոնք Ավետյանը ձեռք է բերել Արտեմ(Հարություն) Բերոյանի միջոցով: 1932-34թթ. Գրիգոր Ավետյանի ջանքերով են թանգարան հասել Գաբրիել Սունդուկյանի պահարանները, Ադամյանի բեմական զգեստները, նաև այլ իրեր: Արտիստը գրողներից ձեռք բերված նյութերը հանձնվել է թանգարանի գրական բաժնին: Զարմանալի չէ, որ ընկերները նրան անմնացորդ վստահել են: Գրքի, գրականության, մշակութային արժեքների հանդեպ Ավետյանի ունեցած վերաբերմունքը օրինակ է դարձել և՛ ավագ ընկերների, և՛ երիտասարդների համար:

 Դանիել Դզնունին2 պատմում է, որ երբ Ավետյանը հրավիրվել է Երևանի Պետական թատրոն որպես դերասան և բեմի տեսուչ, առաջին հերթին կարգի է բերել թատրոնի գրադարանը, կազմել է գրացուցակ ու կարգավորել գրադարանից օգտվելու հարցը: Այս աշխատանքով նա զբաղվել է մինչև իր կյանքի ավարտը և դա արել է առանց որևէ հավելավճարի: Սարգիս Մելիքսեթյանը վկայում է, որ Ավետյանը փրկել է թատրոնի արխիվի մի մասը և հանձնել թանգարանին: Գրականության և արվեստի թանգարանում է պահվում թանգարանի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի «Путь нашего театра» գիրքը, որը հեղինակը ընծայագրել է Գրիգոր Ավետյանին։ Մակագրված է՝ «Дядя Гриша-ին – այն մարդուն, որը «թատերական վանդալների» ձեռքերից մասամբ փրկել է Սունդուկյանի անվան պետթատրոնի արխիվը, իր հիանալի ուշադրության, զգուշության, բծախնդրության, կարգապահության, բարձր գիտակցության և դեպի թատերական իրերը, նյութերը ունեցած փայփայանքի պատճառով: Այն մարդուն, որին ինչպես Սունդուկյանի թատրոնը, նույնպես այս գրքույկի հեղինակը շատ բանով են պարտական պատմությունը վերականգնելու համար: Երանի՜ թե Ձեզ նման մարդիկ մեր թատրոններում շատ ունենայինք… Ինչքա՜ն նյութեր, էքսպոնատներ փրկված կլինեին, որոնք հիմա չկան, անհետացել են ժամանակի ընթացքում: Հեղինակից 13.VI.41»3:

 Գրիգոր Ավետյանի հանդեպ անչափելի սեր, համակրանք և երախտագիտություն են տածել նաև թանգարանի աշխատակիցները: Նրանք վկաներն են եղել շքանշաններով ու մեդալներով պարգևատրված, վաստակավոր, ապա ժողովրդական արտիստի կոչում ստացած դերասանի լուռ, չբարձրաձայնվող, չծափահարվող մշակի աշխատանքի: Ավետյանի ֆոնդում պահպանվել է թանգարանի աշխատակիցների նամակը՝ գրված 1943 թվականին. «Այսօր քո ծննդյան օրն է: Մեր թանգարանի բոլոր աշխատակիցները, որոնք ջերմորեն և սրտանց սիրում են քեզ, անկեղծորեն և մեծ սիրով շնորհավորում են այս օրը, ցանկանալով քեզ էլի երկար տարիներ ապրել առողջ, կայտառ և ուրախ կյանքով, միշտ մնալ աշխույժ, բարի և գործունյա երիտասարդ-ծերուկ, որին անչափ սիրում ենք և որի մեր թանգարանի պատվավոր անդամ լինելը, մեծ պատիվ և հպարտություն է բերում մեզ: Այս ահեղ ու դաժան պատերազմի օրերը շուտով կանցնեն և քեզ հետ միասին, մենք ցնծությամբ կտոնենք մեր փայլուն հաղթանակի մեծ տոնը, ու քեզ հետ միասին նորից կապրենք ուրախ, երջանիկ և ստեղծագործական կյանքով: Խորին սիրով և հարգանքով...»4

 Պատմության մեջ մնում են վառ, գունավոր, ըմբոստ, իրենց կամքով ու մտքով, ճակատագրով ու անցած ճանապարհով տարբերվող մարդիկ, բայց նրանց կողքին ազգի հարատևության, ազգային ինքնության վկայությունները պահպանողները իրենց տեղն ունեն:

 

1. Հ.Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն XIX դար, Երևան, «Նաիրի», 2010, էջ 643:

2.Դ.Դզնունի, Գրիգոր Ավետյան, Երևան, «Հայպետհրատ», 1963, էջ 56:

3.ԳԱԹ, Գրիգոր Ավետյանի ֆոնդ, թիվ 856ա:

4. ԳԱԹ, Գրիգոր Ավետյանի ֆոնդ, թիվ 487(I):

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1558 հոգի