Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության այն եզերքն է, որին բոլորն են փորձում մոտենալ, սակայն բացառիկներին է հասու ըստ արժանվույն մեկնաբանել, առավել ևս թատերական արժանի արտահայտչաձևերով ցուցադրել այն: Գրականության լեզուն արվեստի մեկ այլ լեզվով ներկայացնելու գայթակղությունը, այն էլ մենաներկայացման ժանրում, շատ շատերին է գրավել, բայց քչերն են հաջողել: Եվ երեկ վերջապես  հնարավորություն ընձեռվեց դիտելու «Գոմեշը» մոնոներկայացումը ու ևս մեկ անգամ համոզվելու, որ թատերական արվեստը պատմելու համար չէ: Սեփական փորձով զգալու պրոցես է: Ներկայացման բարձրարժեք լինելու պրոֆեսիոնալ դիտարկումներին իհարկե ծանոթ էի, և շատ էի վախենում հանդիսասրահում կորցնել սովորական հանդիսատես մնալու թանկարժեք զգացողությունը: Բայց տեղի ունեցավ անսպասելին:

Ներս մտավ Գոմեշին կերպարավորող Նարինե Գրիգորյանը, մոտեցավ տակառին գոմեշավարի ջուր խմեց, մռլնգաց, ճկվեց, փնչացրեց ու հանդիսատեսին առավ իր խաղի կախարդական ծիսակարգի մեջ…. Այդքան նուրբ, ճկունակ և կանացի մարմինը, ինպե՞ս կարող է մեկ վայրկյանում վերածվել ծանրաշարժ, կոպիտ, կատաղի ու խոշորակազմ կեդանու մարմնի…. ա՜յ քեզ արտիստական փոխակերպում, ա՜յ քեզ արտահայտչականություն, ա՜յ քեզ վարպետություն…. 

Մոտ մեկ ժամ տևողությամբ բեմական ներկայության ընթացքում հոգեֆիզիկական տարբեր վճիռների ականատեսն ենք դառնում, մի քանի տասնյակի հասնող բազմանշան կամային նշանների ցուցադրությունը վայելում: Տեսարանից տեսարան դերասնուհին ստիպում էր մտորել, թե մինչև ուր կարող է հասնել դերասանի վարպետության ու տաղանդի սահմանը. պարզվում է՝ կարող է անպարագիծ լինել….

Նարինե Գրիգորյանի մենաներկայացումը թատերկան  արվեստի էսթետիական տրամաբանության մեջ մաթևոսյանական արձակին համարժեք և արժանի երևույթ է: Այն  պարտադիր դիտելու և վայելելու ներկայացումներից է, առավել ևս Հարնտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի կայացման գործին փոքրիկ ներդրում ունենալու արժանապատիվ հնարավորություն:

18.05.2022

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

1073 հոգի