Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

08.12.2020   20:54

  Համազգայինցիները ստեղծագործական քիչ թե շատ ինքնավարություն ստանալուց հետո, կարողացան կարճ ժամանակահատվածում ապացուցել, որ իրենց թատրոնում յուրաքանչյուր առաջնախաղ հետաքրքիր բեմադրառեժիսորական լուծումների երաշխիք է: Բացառություն չէ եւ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» նովելի հիման վրա արված «Փափլիկը» բեմականացումը:

  Արտահայտչական տարաբնույթ որակներով ամբարված բեմապատում, որը ժանրաձեւային ի մի բերելու դեպքում կինոկատակերգական մելոդրամա բնորոշումն է հարմար գալիս: Ինչո՞ւ, որովհետեւ առկա են թե՛ բարոյախոսական միտումները, թե՛ հուզական տարրը, թե՛ երաժշտական զեղումները, եւ ի հեճուկս գրական հենքի ժանրային ծագման՝ սուր կատակերգական հագեցվածությունը: Նույնիսկ կարելի է ասել գերհագեցվածությունը, որն ի կատար է ածվում ֆրանսիական կոմիզմի ավանդույթների, մասնավորապես՝ լուիդեֆյունեսյան խաղային մաներայի կիրառմամբ: Երբեմն նաեւ հանուն ֆրանսիական թեթեւության ֆարսային վարքաձեւերի դռները թակելով, ինչը գրոտեսկային չափազանցումը չարաշահելու հետեւանք է: Իհարկե, կռահելի է, թե արտահայտչական թեթեւության այդ հակման ակունքները որտեղ են թաքնված:

  Նովելն իր լակոնիկությամբ, դիպաշարային անցումների կտրուկությամբ, թերեւս ծանրանիստ ու երկարատեւ երեւույթներին հակադիր է: Ուստի ստեղծագործական խումբն աշխատել է ամեն կերպ հավատարիմ մնալ գրական հիմքի ձեւաբանական պահանջներին: Եղելությունը զավեշտական ինտոնացիային հարմարեցնել: Այլ հարց է, թե նրանց որքանով է հաջողվել իրենց առջեւ դրված խնդիրը լուծել: Ներկայացման, այսպես ասած՝ լեյթմոտիվ Ռավելի «Բոլերոյի» հնչեցման տեսարաններում միշտ չէ, որ սկզբից մինչեւ վերջ պահպանվում է սպասումի լարման ուժը: Մետրիկայում պակասում են գործողությունների եւ դրանց հուզերանգների բազմազանությունը, ինչը պետք է որ տեսարանի վիզուալ հետաքրքրականությունը լրացներ:

  Այդ թվում նաեւ կրկնության կոմիզմին միտված գործողությունները, որոնք չհասունանալով, հաճախ վրիպում են՝ ժանրային նպատակակետին մղվելիս: Նշյալներն, անշուշտ, արտախոսքային բաղադրիչներ են, որոնց  առատությունը ընկալելի, նույնիսկ՝ ըմբռնելի է դառնում, եթե տվյալ բեմական ստեղծագործությունը որպես փառատոնային ներկայացում ենք դիտարկում: Եվ ընդհանուրի համապատկերում ընդգծում բեմականացման գրավչությունն ապահովող ձեռքբերումները: Փափլիկի արհեստի հնչյունապատկերն ակնարկող դիլիժանսի տեւական մահճակալային ճռճռոցն՝ իբրեւ բարոյահոգեբանական մթնոլորտի նախերգանք: Հատկապես որ հանճարեղ հեղինակը մարսելյիոզային ավարտակետը նրբանկատորեն կնոջ դրամայի կատարսիսային օրհնություն-ողբերգ է դարձնում: Անհաստիք հայրենասիրության սոցիալական հասցեների վերջնահանգրվանը: Ավելի պարզ՝ վախի եւ շինծու համարձակության հերթափոխը, որը զորում էին գեղարվեստորեն բովանդակային կոմիզմի նշաձողին հասցնել:

  Ահավասիկ, նրբազգաց խաղաձեւերում հմտացած Գագիկ Մադոյանի կողմից արտաբերված «Դե արի է˜» խոսքերի գաղափարահուզական կեցվածքով: Նարեկ Բաղդասարյանի լուռ խաղի գրեթե չապլինյան տարողունակությամբ: Կամ էլ բիբլիական պատկերներն ակնարկող պլաստիկական լուծումներով կարիկատուրային բեմավիճակներ խաղարկելով: Գումարած դրան մոպասանյան համառոտախոսությանը մերձեցող լակոնիկ հոգեֆիզիկական ապարատը, որի կարգավիճակային կրողն էր ժեստային հատու եւ  զուսպ շարժաձեւերով աչքի ընկնող Կոմսը: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, երբ կերպարավորումը Դավիթ Հակոբյանի մասնագիտական հարգի տեր մեկն է ստանձնում: Տարիների հետ զուգահեռ արհեստավարժությունը կատարելագործող վարպետ, ով, դերի պարտիտուրը դաշնավորելիս, չի դադարում զարմացնել խոսքի եւ շարժման էմոցիոնալ տոները ճշգրտորեն նույնականացնելու ունակությամբ:

Եվ անխոս իր բեմական ներկայությունն անմնացորդ ձեւի եւ բովանդակության ներդաշնակությանը ծառայեցնող Տաթեւ Ղազարյանը: Թատերական խառնվածքի բացառիկ դերասանուհիներից մեկը, ով կարողանում է հավասարապես նաեւ թատերային դրսեւորումներում օրգանիկ լինել: Կրկին ապացուցել, որ անկախ բոլոր արդիական հոսանքներից, թատերարվեստի առանցքակենտրոնն, այնուամենայնիվ, նորին  անփոխարինելիություն դերասանական որակն է:

Նյութի աղբյուրը` «Առավոտ» օրաթերթ 18.01.2020

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

590 հոգի