16.10.2026 05:29
Ուզում եմ խոսել «Թրեյսիի վագրը» ներկայացման մասին, որն այսօր դիտեցի Համազգային թատրոնում։ Թե ինչ ինքնատիպ գործեր են ծնվում Նարինե Գրիգորյանի և Նարեկ Բաղդասարյանի ստեղծագործական համագործակցությունից, շատերի համար նորություն չէ։ Նրանք միասին ստեղծագործելիս մի անբացատրելի ու անքակտելի ձգողական դաշտ են ստեղծում, որը նկատելի է և՛ ռեժիսոր - դերասան, և՛ դերասան - դերասան հարաբերությունների մեջ։ Փոխադարձ հարգանքի և ընկերության վրա կառուցված նրանց համագործակցության մեջ երևան է գալիս այն խորը և անկեղծ հիացմունքը, որ այս երկու մարդիկ ունեն մեկը մյուսի նկատմամբ։ Այս փաստն ապացույցն է այն հանգամանքի, որ առանց փոխադարձության չե՛ն կարող սրտաշարժ ներկայացումներ ծնվել։ Չե՛ն կարող լինել այն հանկարծահաս պահերը, որոնք որպես կատարողական անակնկալ միայն ու միայն թատերարվեստն է կարողանում սովորական հրաշքի պես մատուցել: «Թրեյսիի Վագրը» նույնպես անակնկալներ պատրաստում է, բայց թվում է, թե այս անգամ մենք ականատես ենք դառնում մի նոր, մեզ անծանոթ թատրոնի գեղագիտության, ինչը սկզբում հետաքրքիր է ուսումնասիրել:

Նարինե Գրիգորյանի ներկայացումներում միշտ ներկա է վախթանգովյան «թատրոնը», ասել է թե՝ ընդգծված թատերայնությունը, իրերին և երևույթներին տիրող պայմանականությունը, վերոհիշյալ հրաշքի սպասումը: Նա կարողանում է գործի դնել իր ունեցած բոլոր լծակները, թատրոնի ողջ ներուժը ծառայեցնում է իր գաղափարի թեթևասահ ներկայացմանը։ Նրա համառությունը և ջանքերը երբեք ապարդյուն չեն անցնում, միշտ անխափան իրագործում է այն, ինչ մտածել է։ Իսկ այստեղ անակնկալ կերպով մինիմալիզիմը, տեղ - տեղ հանդիպող նատուրալիզմը, ստեղծում են մի այնպիսի զգացում, որն ուզում ես անվանել «թատրոնի բացակայություն», այն թատրոնի, որին ծարավ է Նարինե Գրիգորյանի հանդիսատեսը: Մի պահ կարծես կորչում են այն ապրումները, որ, սովորաբար, ի հայտ են գալիս նրա ռեժիսորական լուծումների թողած ազդեցությամբ: Այստեղ պահը, դրությունը, կիրքն ու զգացումը ի հայտ գալուց անմիջապես հետո փսորվում են ձեռքիդ մեջ հոսող ավազի պես: Այնպես, ինչպես որևիցե տարածության մեջ չընդգրկվող վագրի մռնչոցն է օդում տարածվում ու անէանում:

Միակ հաստատուն, կյանքի պայմանականություններին իր դիրքերը չզիջող ներկայությունը ներկայացման առանցքային կերպարն էր՝ Թրեյսին՝ իր գործի գիտակ Նարեկ Բաղդասարյանի դերակատարմամբ: Բեմում ինչ էլ կատարվեր, վերջում ամեն ինչ հավաքվում է նրա շուրջ։ Բաղդասարյանի դեպքում սա հատկանշական է, որովհետև բեմական բոլոր մեծ և փոքր հնարքները ի չիք են դառնում, երբ այս դերասանը պարզապես բեմական մթնոլորտն իր ֆիզիկական ներկայությամբ է հագեցնում։ Նրա Թրեյսին ինքնատիպ է, հախուռն, երբեմն էլ՝ զավեշտալի։ Բաղդասարյանի մատուցմամբ Սարոյանի մեղմ և միամիտ թախծալիությամբ համակված այդ տեքստը ձեռք է բերում ավելի սուր, ընդհուպ մինչև ողբերգական գրոտեսկի հասնող հնչերանգներ։ Հասարակության ճիրաններում ներսիդ «վագրին» կենդանի պահելը Թոմ Թրեյսիի առաքելությունն է։ Նա իր մեջ կրում է երկու կնիք. մեկն իր «մռնչացող» անհատականությունն է, մյուսը՝ դրան հակադրվողը՝ սոցիումի կողմից հորինված, փայփայված ու հարմարեցված՝ սոսկ «մլավող» մարդուկը։ Թրեյսիի անկեղծությունը երբեք չի հասնում պարզամտության, սակայն երբեմն վնասում է իրեն, եթե անգամ նա փորձում է զսպել իր մղումները (թեպետ, նմանատիպ փորձերը ի սկզբանե մատնված են անհաջողության)։ Բաղդասարյան - Թրեյսին նույնքան անսանձ է, որքան իր վագրը, Թրեյսին՝ ինքը այդ վագրն է։ Սակայն, իր և շրջապատող աշխարհի հակադրության մեջ Թրեյսին կորցնում է իր «վագրին», այսինքն իր ինքնությունն ու տեսակը։

Այս ողջ ընթացքը դերարարն անցկացնում է մի խելահեղ կատարողական էներգիայով, որից դիտողն ասես շնչահեղձ է լինում, իսկ դրության տեր ու տիրակալ Բաղդասարյանը միայն ձգում է արդեն պրկված նյարդը՝ ո՛չ մի վայրկյան չթուլացնելով այն, ո՛չ մի վայրկյան իր վագրային «ճանկերից» հանդիսատեսին ազատագրման հույս չտալով։ Անկեղծ ասած, վստահ էլ չենք, որ հանդիսատեսը ցանկանում է ազատագրվել այդ հակասական գերությունից։ Եվ եթե նա լռում է, մարմինն է խոսում։ Այո՛, նրա աչքերը, մազերը, ձեռքերը և ոտքերը գործում են, թեև, ինքնուրույնաբար, բայց և մեկը մյուսին չստվերելով: Նարեկ Բաղդասարյանը յուրահատուկ շնորհ ունի ներկայացումից ներկայացում փոխել իր մարմնի ֆիզիկական արտահայտչականությունը, եթե անգամ դերատեսակը ծուղակային է և մեծ է շտամպին տուրք տալու վտանգը։ Փաստացի տրամագծորեն տարբեր է նրա այս ալեգորիկ խաղային ընթացքը Մ.Բուլգակո վի «Շան սիրտը» ներկայացման (ռեժ. Տաթև Մելքոնյան) մեջ Շարիկովի դերակատարումից: Ու խոսքը բնավ էլ զուտ կենդանատեսակային արտաքո կարգի արտահայտչական տարբերության մասին չէ, այլ՝ ներքին վիճակի զանազանության: Իր առջև դրված խնդիրը և դրանից ձևավորվող ուշադրության կենտրոնացման կերպերը տարբեր են: Այնտեղ փորձարարության հետևանք շնաբարո տռփանքն է, աստեղ՝ սրճաբույր սիրային կիրքը՝ սրճագույն միջավայրում: Եվ ահա այստեղ անհրաժեշտության դեպքում նա փոքրանում է, պետք եկած ժամանակ կարողանում է սեղանի վրա ցատկելով կատվազգի հիշեցնել, հարկ եղած դեպքում՝ համոզում է, որ երեխա է, իսկ հաջորդ տեսարանում՝ սիրելիի կորստից խորապես տառապող մեկը։

Այդ տառապանքի հետագծի հասցեատերը Լորա Լյութին էր՝ զգլխիչ գեղեցկուհին, ում կերպարավորումը Միլենա Ղազարյանը՝ կարծես չեխովյան բևեռայնացման սկզբունքով էր կառուցել: Դերի առաջին հատվածում սանձարձակ, շլացնող հմայքով ու գրավչությամբ է ներկայանում, իսկ հանգուցակետում՝ կտրուկ տխրալի, սակայն տրամադրության այդ անկման ընթացքում միանգամայն համոզիչ: Հոգեկան նկարագրի այս փոփոխությունը արժանի են հատուկ ուշադրության հետևյալ պատճառով. այստեղ նրա մատուցած տխրությունն ամենևին նման չէ «Լակոտ» - ում (ռեժ. Նարինե Գրիգորյան, Անդրանիկ Միքայելյան) վերջինիս խաղացած խարիզմատիկ ու նույնպես երիտասարդ Թագուհու տրամադրությանը: Դրանք երկուսն էլ, ինքնապարփակում հոգեկան գործընթացը պարունակելով, տարբեր հոգեվիճակներ, հետևաբար և հուզական ելևէջներ են ցուցադրում: Ինձ համար ներկայացումը այդ կետում՝ Լորա Լյութիի և Թրեյսիի՝ հոգեբուժարանում հանդիպման տեսարանում, ավարտվում է, քանի որ այստեղ նորից մեզ հետ հարաբերվել է սկսում Նարինե Գրիգորյանը՝ մարդկանց հոգիների հմուտ որսորդուհին, ով կարողանում է անգամ դաժան բաների մասին արիստոկրատական նրբանկատությամբ խոսել։ Այս տեսարանից հետո ակամայից դադարել եմ դիտել ներկայացումը, որովհետև հաջորդիվ եկող զգացողությունները չեն գրավում ու հետաքրքրում: Ետնահամի պես վայելում ես միտքդ թմրեցնող այդ հիպնոտիկ «տեսիլքի» հարուցած ուժգին ապրումակցումը։

Եվ իհարկե, անհնար է չանդրադառնալ փոքրիկ, մի քանի րոպե տևող նվեր - տեսարանին, որի ժամանակ բեմում դերասանական դուետներից ամենասիրելին և ստացվածն է։ Խոսքը Նարեկ Բաղդասարյանի և Նարինե Գրիգորյանի զուգախաղի մասին է։ Երբ Նարինե Գրիգորյանը մինչև գետին հասնող իր մազերի հյուսքով, մերկ և գեղեցիկ ուսերով, շոկոլադի տուփը ձեռքին հայտնվեց բեմում, ակամայից հիշեցի այս երկու դերասանների մասնակցությամբ «Վեներան Մուշտակով» ներկայացումը (ռեժ. Սերժ Մելիք - Հովսեփյան), ոչ այն պատճառով, որ կնոջ այդ երկու կերպարի մեջ կար թեկուզ չնչին նմանություն: Ուղղակի, երբ այդ երկու արտիստներն են բեմում լինում, հանդիսատեսին սպասվում է մի ամբողջական վարպետության դաս՝ դերասանի պլաստիկայի և հոգետեխնիկական հմտության մասին, ինչպես, որ նաև Դավիթ Հակոբյանի և Տաթև Ղազարյանի պարագայում էր՝ Է.Իոնեսկոյի «Դասը» պիեսի հիման վրա արված համանուն թատերայնացված ընթերցանության (ռեժ. Արման Նավասարդյան) ընթացքում։ Տարօրինակ չէ. սա Համազգայինն է՝ Հայաստանի ներկայիս առաջատար թատրոններից մեկը…