Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պարզապես մի կենդանու մասին պատմություն չէ։ Դա բնության, ազատության, մայրության, կարոտի և ապրելու բնազդի մասին խորապես մարդկային պատմություն է։ Իսկ համանուն մոնոներկայացումը, որն այսօր վերջապես դիտեցի, բեմից փոխանցվում է ոչ թե պարզապես պատմելով, այլ` ապրեցնելով։
Նարինե Գրիգորյանի խաղում հատկապես տպավորիչ է այն, որ նա չի փորձում պարզապես «կերպարանափոխվել» գոմեշի։ Նա ստեղծում է մի ներքին աշխարհ, որտեղ շարժումը, ձայնը, լռությունը, շնչառությունը և մարմնի ամենափոքր արձագանքը դառնում են խոսք։ Հենց այդ պատճառով ներկայացումը երբեմն թվում է ոչ թե դերասանական խաղ, այլ բնության ինչ-որ հին, անբացատրելի լեզու։


Ամենաուժեղ զգացողություններից մեկը, որ ներկայացումը թողնում է, ազատության զգացողությունն է։ Գոմեշը կարող է հանդիպել մարդկանց, ցանկապատերի, պարանի, ճանապարհների, օտար տարածքների, բայց նրա ներսում կա մի ուժ, որն անհնար է կապել։ Նա գնում է՝ չիմանալով՝ որտեղ է վերջանալու ճանապարհը, բայց իմանալով, որ պետք է գնա։ Եվ այստեղ է Մաթևոսյանի մեծությունը։ Նա կենդանու մասին պատմելով խոսում է մարդու մասին՝ առանց երբևէ մարդուն ուղղակիորեն բացատրելու։ «Գոմեշը» ստիպում է մտածել՝ քանի՞ անգամ ենք մենք ինքներս ապրել ուրիշների դրած ցանկապատերի մեջ, քանի՞ անգամ ենք հրաժարվել մեր բնությունից, մեր ցանկությունից, մեր ճանապարհից՝ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել է՝ մեզ համար որն է ճիշտ։


Ներկայացման ավարտին գոմեշի վերադարձը նանի մոտ արդեն պարզապես վերադարձ չէ։ Դա մի ամբողջ ճանապարհի ավարտ է՝ հոգնած, վիրավոր, բայց չկոտրված։ Եվ այդ պահին հասկանում ես, որ իրական հաղթանակը գոմշացուլին գտնելը չէր։ Հաղթանակը սեփական ճանապարհը մինչև վերջ անցնելն էր։
Ներկայացումից հետո քեզ հետ տանում ես ոչ միայն հրաշալի տեսարանները, այլ մի անհանգիստ հարց՝ իսկ ես իմ կյանքի ճանապարհին որքանո՞վ եմ հավատարիմ իմ բնությանը, իմ ցանկությանը և իմ ազատությանը։


Նորից անդրադառնալով Նարինե Գրիգորյանի դերասանական վարպետությանն ասեմ, որ դա այնքան խորն ու բնական է, որ մի պահ մոռանում ես՝ բեմում դերասանուհի է։ Նա պարզապես չի խաղում գոմեշին․ նա ապրում է նրա ցավը, շունչը, վախը, կարոտն ու ազատության անհաղթահարելի ձգտումը։
Ձայնը, շարժումը, հայացքը, նույնիսկ լռությունը դառնում են խոսք` ուժեղ, անկեղծ, խորապես մարդկային.... 

21.08.2026

ԼՈւՍԻՆԵ Սողոմոնյան

1076 հոգի