Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Գյումրու մշակութային մթնոլորտը, նոր բան չէ, քմահաճ ժամանակի քննությունը բռնած հոգեզգացական երևույթ է: Ճարտարապետական ակնահաճո լուծումների  պահպանումից սկսած, կոլորիտային մեծախոսության ավանդույթից վերջացրած դա են փաստում: Արդյունքում, արվեստով ապրելն էլ այստեղ կյանքի բնականոն ընթացքի կարգավիճակ է ստանում: Ու տվյալ բնագավառի ճյուղերի հանդեպ եղած այդ նախանձախնդիր վերբերմունքից ծագող ոլորտային զարգացումն էլ բնավ պատահական չի թվում:

Ահա այդպես տարօրինակ չէր թվում նաև ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի Հասմիկ Սուվարյանի ղեկավարած դերասանական կուրսի նախադիպլոմային աշխատանքի ընդհանուր մթնոլորտային պատկանելությունը: Այս ստեղծագործական խումբը արևմտահայ գրող Գրիգոր Զոհրապի նովելներից վերցել էր կենսական նյութի բնույթով համանման ստեղծագործություններ (‹‹Դիմակ››, ‹‹Թեֆարիկ››, ‹‹Մագդաղինե››, ‹‹Մյուսը››):  Ապա նրանք, դրանք կոմպելյացիոն բեմականացման ենթարկելով, սիրազեղ մեղքի զգացումը ողբագին հնչեցնող ‹‹Ներե ինձի›› բեմական պատումաշարն էին ստեղծել Գյումրու Մտորումների թատրոնում: Այդ պատումներին ներքուստ մերձեցնողը սեր - կիրք - զոհողություն  և դրա համար մեղքի զգացում բաղադրիչների տարատեսակ համակցումների գրեթե նույնանման բարոյահոգեբանական վերջաբանն էր:

Ծանոթ թեմա է իհարկե և կարելի է ասել, որ ուսանողները մեծ մասամբ բարեխղճորեն են կատարում իրենց առջև դրված ռեժիսորական խնդիրները: Բայց այստեղ առավել ուշագրավն ու արժեքավորը ներկայացման սկսվածքից մինչև ավարտն ընկած ժամանակահատվածում մեկ այլ որակ է: Առաջին իսկ րոպեներից տեքստի յուրահատուկ մեղեդայնությունը Գյումրու այս քարապատ տարածքում լսելիս՝ ակամայից մտովի տեղափոխվում ես եվրոպական ուշ միջնադարյան վիպաշխարհ: Հետո այդ միջավայրային ազդեցության ներքո ինքնաբերաբար այդ տեքստը ֆրանսերեն փոխադրում՝ կրկին՝ մտքում:

Եվ զգում, թե տվյալ ներակայացումն իր բովանդակությամբ ու ֆոնետիկ առանձնահատկությամբ ֆրանսերեն հնչելու ինչպիսի պոտենցիալ ունի: Իսկ դա, իսկապես, ձեռքբերման կշիռ ունեցող հայտնություն է, ինչի համար մեր թատերական համայնքը երևի թե շնորհակալ պետք է լինի իր ուժերի ներածին չափով թատրոնի նվիրյալ Հովհաննես Հովհաննիսյանին ու թատերարվեստի անխոնջ մշակի ճամփան բռնած Հասմիկ Սուվարյանին:

 10.08.2026

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

2081 հոգի