Սեղմիր
ԷՍՍԵ

09.07.2026 /  03:46

Ո՞րն է հուզամտածականի էկզիստենցիալ այն սահմանը, որից անդին ինքնահռչակ հանգամանքները մեզ կանգնեցնում է մեր փոխարեն արված ճակատագրական ընտրության առջև: Հեգնալից թելադրում ժամանակից շուտ ընդունել ու հանդուրժել կենսիմաստի զրոյացման պարտադիր, անբեկանելի պայմանը, քանի որ մահաբեր ախտորոշման համապատկերում այլևս անզոր ես նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հակառակը պնդել: Բայց և այդ անհամբեր վերջի հետադարձ հաշվարկին երջանկահիշատակի «կանխավայելումով» փարվել էլ չես կարող և միակ ելքը մնում է քեզ տրված սիմվոլիկ ժամանակն ապրել վաղահաս տխրությունդ հնարավորինս հետաքրքական դարձնելու անօգուտ ձգտումով: Իհարկե, դա բարոյահոգեբանական լիարժեք փոխհատուցման չի հանգեցնում, բայց դրանում փոքրիշատե մխիթարական զգացողություն կա:

Թերևս, այսօրինակ իրողությունն էր «Երևանի կամերային թատրոնի» բեմում ներկայացնում Մարո Մադոյան - Ալաջաջյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես...» պիեսի հիման վրա Հակոբ Ղազանչյանի բեմադրած համանուն ներկայացումը՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցում իր ղեկավարած դերասնական-ռեժիսորական կուրսի հետ: Սա նրա ղեկավարած այս կուրսի ավարտական աշխատանքներից էր, որի ընթացքում ստեղծագործական խմբին հաջողվել էր փիլիսոայական ընդհանրացման տանող պիեսի վերնագրին բնորոշ ծանրանիստ, գրեթե մետերլինկյան մթնոլորտ ստեղծել: Այն հագեցնել անարժեքությունից ու անիմաստությունից ծագող քայքայիչ միօրինակությամբ, ինչի տեսողական հավաստիքն էր առողջապահական հաստատության «բնակիչների» նույնանման գիշերազգեստներն ու քիմոթերապիայի հետևանք գլխաշորերը: Այս վիզուալ նշանն, ինչ խոսք, կերպարներին զրկում էր տիպականն ու կոլորիտայինը ակնառու դարձնող արտաքո կարգի առանձնաձևերից: Ասենք ավելին,  երիտասարդ դերակատարներին թողնում զուտ ճգնաժամային հոգեվիճակի հուզերնագային շրջանակում, ինչը բավական բարդացնում էր նրանց առջև դրված խնդիրը՝ զգայական փորձառության և հոգետեխնիկական հմտության տեսանկյունից:

Հեշտ չէր նաև Լարիսա Ղևոնդյանի ստանձնած կերպարի հոգեկան ապրումները ներկայացնելը: Հրամցնել լքվածության ցավալի գիտակցումից եկող միայնակության զզացողությունը, որը «կենդանի դիակի» կարգավիճակ է կամքիցդ անկախ պարտադրում: Ստիպում ֆիզիկապես ողջ լինելով, ըստ էութայն, չապրել, ուղղակի հոգեմաշ գոյություն քարշ տալ: Եվ այս երկու մահաձևերի շոկային հանդիպումից հետո միայն, ակամայից այն ինքնագիտակցման գալ, որ ամեն դեպքում՝ ապրե՛լ է պետք: Հիրավի, որևիցե մեկի համար էլ հեշտ չէ նմանօրինակ մահահոլով դրություններն ու դրանց տրանսֆորմացիան անմնացորդ նվիրումով խաղալ ու անվնաս դուրս գալ այդ ստեղծագործական տեղատվություններից: Պարզապես 2020 թվականը մեզ բոլորիս սովորականից ավելի մոտիկից ու տևականորեն հարաբերեց մահվան հիսուն երանգների հետ և մեր զգայական փորձառության դաշտում այն առավել օրինաչափ ու ընկալելի դարձրեց:

Ահա թե ինչու բեմից մատուցվող թեմատիկ ծանրությունն ու համապատասխան մթնոլորտային տտիպությունն այնքան էլ անծանոթ, առավելևս՝ արտառոց չէին թվում: Չէին խանգարում մահվան հաճախականության մեջ որսալ կյանքի կտրատուն ալիքի  կտորտանքները՝ որպես ճարահատյալ ողջամտության հուսահատ ժեստեր: Նման կենսական նյութի ընտրությունն ու դրան այսպիսի մոտեցումը կենսափորձի հետ եկող իմաստնության մասին է խոսում, ինչը փաստում է նաև Հակոբ Ղազանչյանի խորհրդանշական որոշումը տվյալ ստեղծագործական խմբի հետագա ճակատագրի հարցում: Նա, պետական թատերական համակարգում պարբերաբար «բետոնե պատին» բախվելով, դուրս է եկել գերատեսչության ենթակայության կարգավիճակից, բայց և չի հանձնվել, ու այս խմբի հետ նոր անկախ թատրոն է բացում: Թատերական դպրոցի նորավարտ երիտասարդների համար մասնագիտական ինքնադրսևորման մեկնարկային ասպարեզ ստեղծում, այլ ոչ թե բախտի քմահաճույքին թողնում նրանց: Այդպիսով իր իսկ քայլով ապացուցում, որ ստեղծագործական կենսապայմանը չեզոքացնող տիրույթում մնալու և այնտեղ խամրելու փոխարեն հնարավորության դեպքում ինքդ քո դաշտը պետք է ստեղծես և առանց ետ նայելու առաջ գնաս:

Եվ ուրեմն, քանի դեռ կանք, գործե՛լ է պետք...

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

238 հոգի