Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԹԳ միության բեմում «Գալյա Նովենց» թատերական դպրոցի դերասանա-ռեժիսորական կուրսը խաղաց իր ավարտական աշխատանք-ներկայացումը։  Դպրոցի սաները ներկայացան վենեսուելացի դրամատուրգ Ռոդոլֆո Սանտանայի «Toilet կանանց համար» պիեսի բեմադրությամբ (կուրսի ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան)։ Կանանց համար նախատեսված հարդասենյակում՝ մարդկանց հետաքրքրասեր աչքերից հեռու տարբեր կենսագրությունների ու բնավորությունների կանայք հանում են պայմանական դիմակներն ու միմյանց առջև բացում իրենց ներաշխարհը։ «Հարդասենյակ կանանց համար» բեմադրությունը այդ կանանց ապրումների, վախերի, հիասթափությունների, դավադիր սիրո, միայնության, բռնության  մասին է։

Ներկայացումը մինիմալիստական բեմական լուծումներով էր կառուցված։ Բեմում տեղադրված են աթոռներ, որոնք գործողությունների ու տեսարանների կառուցման ընթացքում դուրս են գալիս  կենցաղային առարկայի նշանակությունից և վերածվում գործող անձերի ինքնախոստովանանք  խորհրդանիշների։ Միաշարք աթոռների վրա կառուցված միզանսցենները՝ դերասանուհիների մարմնաձևերի տարբեր դիրքերը, խոնարհված հայացքները, միմյանցից հեռու նստած կամ խմբված կերպարները տեսարաններին փոխանցում են ներքին լարվածություն, իսկ կերպարի ընկալման տեսանկյունից դիտողի մոտ հարուցում օտարվածության և միաժամանակ՝ կարեկցանքի զգացում ըստ էության զգացմունքների հակասություն։ Մութ բեմական տարածքն ու կենտրոնացված լուսավորությունը լարում էին դրամատիկ մթնոլորտը՝ հանդիսատեսի ուշադրությունը սևեռելով կերպարների հոգեբանական զարգացման ընթացքի վրա։

Հատկանշական է, որ սա ավարտական աշխատանք է. բեմում հանդես են գալիս ոչ թե բազմափորձ դերասաններ, այլ նոր թատերական դաշտ մտնող շրջանավարտներ, ովքեր մեծ նվիրումով և պատասխանատվությամբ էին մոտեցել իրենց առջև դրված ստեղծագործական խնդիրներին։

16.06.2026

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

220 հոգի