Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Երբ տարիներ առաջ կարդում էի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» վստահ էի, որ սա հնարավոր չէ բեմադրել, իսկ մոնոներկայացման մասին նույնիսկ պատկերացնել հնարավոր չէր։ Իսկ մի քանի օր առաջ (ի ամոթ ինձ՝ առաջնախաղից 6 տարի հետո) նայեցի Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումը, ասել, որ ապշած եմ՝ նշանակում է ոչինչ չասել է, գրեթե տասը օր չէի կարողանում մտքերս հավաքել, որ հիացմունքս հայտնեմ։ Նարինեն միայն ձայնի տեմբրի, շնչառության, միմիկայի, հայացքի, մարմնի պլաստիկայի ու ջուր խմելու միջոցով ստիպում է հանդիսատեսին զգալ, էակի բոլոր հույզերը, զգացողություններն ու զգացմունքները։

Այն հազվագյուտ դեպքերից էր, որ ես ամբողջ ներկայացման ընթացքում նույնիսկ միքանի վայրկյանով մտքերով չեմ շեղվել, ոչ միայն նրա համար, որ ուզում էի ամեն բառը լսել, այլ նրա համար, որ Նարինեն ամեն բառը, ամեն ձայնը այնպես էր մատուզում, որ թույլ չէր տալիս շեղվել, լիներ այն մինորի, մաժորի, պիանոյի թե ալեգրոյի մեջ։ Այսքանը որպես թատերասեր։ Հիմա որպես 35 տարվա ստաժով անասնաբույժ ասեմ՝ ես վստահ չեմ, որ անասնաբույժներս այսքան նուրբ ու մանրակրկիտ կարող ենք պատկերացնել խոշոր եղջերավոր կենդանու շարժուձևը, միմիկան, շնչառությունը։

Ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր դեռ պետք է գնան նայեն այս գլուխգործոցը։ Ուզում եմ բացի Նարինեից նաև շնորհակալություն հայտնել Մարիաննա Մխիթարյանին և Դավիթ Մաթևոսյանին։

03.05.2026

ԳԵՈՐԳԻ Ավետիսյան

224 հոգի