Սեղմիր
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ ՔՆՆԱՐԿՈւՄ

Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի համագործակցությամբ մարտի 12-ից 31-ը «ՀայԱրտ» Կենտրոնում անցկացվեց «Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» խորագրով հայ-գերմանական արվեստի փառատոնը։ Փառատոնի ծրագիրը ներառում էր «Մեղադրանքը՝ հայ․ Խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» ցուցահանդեսը, շարժման և ռիթմի վրա կենտրոնացած ֆիլմերի ցուցադրություններ (որոնց ընթացքում ներակայացվում էին տեսողական երաժշտության հիմնադիրներից մինչև կինոխորեոգրաֆիայի վարպետները), վարպետաց դասեր և կլոր սեղան, որի ընթացքում քննարկվեցին հայ և գերմանական արդի թատերարվեստի տարբերություններին ու նմանություններին վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա էին Աննա Մարգուլիսը, Ներիման Բայրամը, Կատարինա Գրյունը և Մարգարիտա Աուգուստինը: Կլոր սեղանի բանախոսներն էին գերմանական մի շարք թատրոններում գործունեություն ծավալած ռեժիսոր Պետեր Կարպը, ռեժիսոր Էլմիրա Սոլոյանը, թատերագետ ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյանը և բեմանկարիչ Արեգ Միրիջանյանը: Գերմանական պատվիրակության բանախոսին ուղղված առաջին հարցը առնչվում էր Գերմանիայում թատերական գործընթացների առանձնահատկություններին:

Էլմիրա Սոլոյան - Ինչպե՞ս են Գերմանիայի կազմակերպվում թատերական նախաձեռնությունները, թատրոններում դրանք ինչ  գործընթացներով են անցնում:

Պետեր Կարպ - Թատրոններում Ձեր նշած գործընթացներն իրականացվում են ստեղծագործական, կազմակերպչական գործառույթների ողջամիտ բաշխումով: Կա գեղարվեստական պատասխանատու և տնօրեն:

Էլմիրա Սոլոյան - Հայաստանում, ցավոք, աստիճանաբար լուծարման միջոցով ձերբազատվում են գեղարվեստական ղեկավարի հաստիքից՝ այն փոխարինելով գլխավոր ռեժիսորով:

Պետեր Կարպ - Ինչու՞, չէ որ նրանք գրեթե նույն գործառույթներն ունեն:

Տիգրան Մարտիրոսյան - Այն պատճառով, եթե գեղարվեստական ղեկավարի պաշտոն զբաղեցնողը ամեն ինչում չենթարկվող, որոշ սկզբունքներ ունեցող, այսինքն՝ անհարամար տեսակի մարդ է, վերադասի համար նրանից դժվար կլինի ազատվելը:

Պետեր Կարպ - Այսի՞նքն…

Տիգրան Մարտիրոսյան - Այսինքն, գեղարվեստական ղեկավարին և թեկուզ գլխավոր ռեժիսորին աշխատանքից հեռացնելը տարբեր տրամաչափերի սկանադլայնության հետևանքներ են ենթադրում:

Պետեր Կարպ - Միևնույն է չեմ հասկանում...

Տիգրան Մարտիրոսյան - Տեսեք գեղարվեստական ղեկավար բառակապակցությունը բավական պոմպեզային, ծանր ու պաթոսաշունչ է հնչում. մեջը ղեկավար բառը կա, որի հանդեպ ակնածանքը հետխորհրդային տարածաշրջանի մարդը դեռևս չի թոթափել: Ամեն մեկին չի վիճակված գեղարվեստական ղեկավար լինել, դա թատերարվեստի ռայկոմի քարտուղարի պես մի բան է: Կարելի է ասել՝ արվեստաց կիսաստված: Իսկ պարզապես գործող ռեժիսորներ ենթադրենք մոտ երեսուն հոգի կան Հայաստանում, և եթե նրանցից, որևէ մեկին, որիևցե թատրոնում աշախատանքից ազատեն, տհաճ կլինի, իհարկե, բայց, գեղարվեստական ղեկավարի պաշտոնանկության պես ռեզոնանս չի՛ լինի, սրբպղծության նման չի՛ ընկալվի դա՝ առավելապես էմոցիաներով առաջնորդվող թատերասեր համայնքում:

Պետեր Կարպ - Արտասովոր է...

Էլմիրա Սոլոյան - Ինչևիցե, ինձ հետաքրքում է նաև դրամատուրգի գերմանական ընկալումը նաև: Ի՞նչ կարգավիճակ ունի դրամատուրգը գերմանական թատրոնում:

Պետեր Կարպ - Դրամատուրգը գերմանական թատրոնում վաղուցևեթ միայն հեղինակ - դրամատուրգը չէ։ Կան հատուկ մասնագետներ, ովքեր ռեժիսորի հետ աշխատում են պիեսի վրա՝ վերափոխելով այն, համապատասխանեցնելով ռեժիսորի կոնցեպցիաներին։ Այն առանձին մասնագիտություն է ։

Տիգրան Մարտիրոսյան - Հայաստանում ցավոք սրտի դրամատուրգիան թատերարվեստի ամենից թույլ օղակն է: Դա իր մշակութաբանական բացատրությունն ունի անշուշտ, սակայն պատճառները մանրամասնելու համար առանձին թեմատիկ քննարկման անհրաժեշտություն կզգացվի:

Արեգ Միրիջանյան - Ինձ հետաքրքրում է Գերմանական թատրոնում բեմանկարչի մասնակցության աստիճանը ներկայացման ստեղծմանը:

Պետեր Կարպ - Գերմանական ժամանակակից թատրոններում բեմանկարչի աշխատանքը մեծ պատասխանատվություն է իրենից ներկայացնում ։ Նախ բեմանկարիչն ամբողջ ընթացքում հետևում է իր իսկ տված գծագրի կայացման աշխատանքներին և մեծ թիմ է կանգնած այդ ամենի հետևում ։ Իսկ մինչ սկսելը աշխատանքի՝ թատրոնում կազմված խորհուրդը որոշ ժամանակ առաջ ռեժիսորի և սցենոգրաֆի ներկայացրած մակետը պիտի ընդունեն, նոր սկսեն աշխատանքը։

Տիգրան Մարտիրոսյան - Իսկ ի՞նչ վիճակում է ներկայումս գերմանական թատերական քննադատությունը: Ի՞նչ միջոցներով է գոյատևում այս վերացող մասնագիտությունը:

Պետեր Կարպ - Կարող եմ ասել, որ շատ բան չի ոխվել թատերական քննադատ - թատրոն հարաբերւթյունների մեջ. դրվատանքի խոսքի պարագայում շոյվում ենք, իսկ բացասական բնույթի դիտարկումներին համապատասխան կտրուկ կերպով արձագանքում: Թատերական քննադատները հիմնականում հանդես են գալիս մամուլում:

Տիգրան Մարտիրոսյան - Բայց արդյո՞ք դա չի վտնագում քննադատի փորձագիտական անկախությունը: Մասնավոր սեգմենտը ուղղակի կամ միջնորդավորված պահանջներ կարող է թելադրել՝ վնասելով մասնագիտական խոսքի սկզբունքայնությանն ու անաչառությանը:

Պետեր Կարպ - Չգիտեմ, կդժվարանամ հստակ ասել, սակայն կարող եմ արձանագրել, որ մամուլում մեկ առավելագույնը երկու էջ կազմող տեքստեր են թատերական քննադատները հեղինակում՝ առանց խորքային վերլուծության:

Տիգրան Մարտիրոսյան - Ես գիտեմ, թե ինչու է այդպես. Պետական մակարդակով հստակ հակաթատերագիտական միտում կա ներկայացման գնահատման նշաձողն իջեցնել թատերական լրագրության, հետագայում էլ երևի բլոգինգի մակարդակի: Այլապես այս մասնագիտությունը վերացողների շարքերին չէր զինվորագրվի:

Պետեր Կարպ - Իսկ ինչպե՞ս է Հայաստանում վարվում տոմսային տնտեսությունը:

Էլմիրա Սոլոյան - Թատրոնների շենքերում մինչ օրս պահպանվող տոմսարկղներից բացի, գործում են տոմսերի վաճառքի մի քանի օնլայն հարթակներ: Թատրոնների կայքերում և սոցցանցային էջերում նույնպես հնարավոր է օնլայն սկզբունքով տոմս ձեռք բերել: Իհարկե առկա է նաև դպրոցների հետ աբոնեմենտային համագործակցության ձևաչափը: Պահպանվել է նաև առաջնախաղին կամ այլ օրերին թատերական գործիչներին հրավիրատոմսերով ապահովելու մշակույթը: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն այս հարցում նույնպես արտոնություն ունեն. նրանք իրենց ուսանողական տոմսերով մայրաքաղաքի խաղացանկի շատ ու շատ ներկայացումներ դիտելու հնարավորություն ունեն: Ի դեպ, մեր որոշ թատրոններ նաև զինծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողն երիտասարդներին են անվճարության հիմունքով ներկայացում դիտելու հնարավորություն տրամադրում:

Պետեր Կարպ - Տոմսերն արա՞գ են սպառվում Հայաստանում:

Տիգրան Մարտիրոսյան - Տևականորեն պահանջված լինելու հարցում ներկայացման որակից, ասել է թե՝ ընտրված նյութի բովանդակությունից, դրա մեկնաբանման ոճից, ձևից բացի Էական նշանակություն ունի նաև դահլիճի մեծության գործոնը: Օրինակ՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տարիներ առաջ Պ.Սևակի պեզիայի հիման վրա թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմավորած «Մարդը ափի մեջ» պոետիկ ներկայացումը գրեթե առայսօր «սոլդ աութ» է: Մոտ վաթսուն տեղ էր այնտեղ հանդիսատեսի համար նախատեսված, և ինչ խոսք, նաև ռեժիսորական մեկնությունն ու լուծումներն էին տպավորիչ, դերակատարումներն էլ՝ ներազդու: Այս հարցում չենք կարող մոռանալ մի շատ կարևոր հանգամանք էլ. հայ հանդիսատեսը առանձնակի հուզական, կարելի է ասել՝ ապրումակցային վերաբերմունք ունի պոեզիայի նկատմամբ: Մշակութային այդ նախասիրության հավաստիքն է նաև այն իրողությունը, որ Եղիշե Չարենցի պոեզիայի հիման վրա «Սաունդ դրամայի» թատերալեզվով մեկ այլ ռեժիսորի՝ Գոռ Մարգարյանի բեմադրած «Բովանդակություն» ներկայացումը մինչ օրս խաղում են: Սակայն մեր «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա ևս գրավիչ ռեժիսորական լուծումներով նույն Նարինե Գրիգորյանի բեմավորած «Սասունցի Դավիթ» մոնո ներկայացումն այնքան էլ հաճախ չեն խաղում, ինչպես որ «Մարդը ափի մեջ» ներկայացումը: Հասկանալի է, որ տոմսերի վաճառքը «Մհեր Մկրտչյանի Արտիստական թատրոնում», որտեղ հանդիսատեսի համար նախատասված է մոտ երկու հարյուր տեղ, նույն դյուրությամբ չի կարող լինել, որքան որ մոտ վաթսուն տեղ ունեցող «Մարդը ափի մեջ» ներկայացումն էր: Թեպետ, կարող եմ նաև փաստել, որ դահլիճի մեծության գործոնը, երբեմն այդքան վճռորոշ դերակատարում չի ունենում այս հարցում: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մոտ մեկ դար առաջ Լևոն Շանթի գրած «Ինկած բերդի իշխանուհին» պիեսի հիման վրա թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած համանուն ներակայացումն առայսօր լեփ-լեցուն դահլիճներով է ընթանում, այն դեպքում, երբ այդ թատրոնում հանդիսատեսի համար նախատեսված տեղերը մոտ վեց հարյուրն են:

Պետեր Կարպ - Իսկ մանկական թատրոններ կան Հայաստանում:

Տիգրան Մարտիրոսյան - Այո, մենք ունենք Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն, որտեղ նաև մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ են լինում: Մարզերում ևս կան տիկնիկային թատրոններ: Եվ գրթե բոլոր մնացյալ մայրաքաղաքային թատրոններն իրենց խաղացանկում ունեն նաև մանկական ներկայացումներ, քանի որ այն եկամտաբեր է:

Էլմիրա Սոլոյան - Շնորհակալություն արդյունավետ քննարկման համար...

03.05.2026  22:09

64 հոգի