Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

«Ազգ» օրաթերթի 2011թ. հունվարի 13-ի համարում տպագրված «Արվեստը սեռական նկրտումների մկրտարան չէ» հոդվածիս հաջորդած իրողությունն, ինչ խոսք, յուրաքանչյուր գրախոսականի հեղինակի մասնագիտական ինքնասիրությունը կշոյեր: Ասես գերատեսչական ձայնակցում լիներ մտահոգություններիս հեռուստաեթերից ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հայտնած կարծիքը, որ բանակում առկա միջանձնային հարաբերություններում վճռորոշ է մատաղ սերնդի դաստիարակությունը։ Ավելի՛ն, մամուլի ակումբներում մեր արվեստագետները ձայն ձայնի տված միաբերան խոսում էին այն մասին`իսկապես, ժամանակն է ազատվել մշակութային վնասակար թափոններից։ Գրական ոլորտում նմանօրինակ ստեղծագործություններ թողարկող Գագիկ Կարապետյանի մի քանի նմուշները վերոնշյալ հոդվածի քննարկման առարկան դարձնելով՝ կարծում էի, որ ոմանք հետևությունների կգան։ Բայց արի ու տես՝ նա Ա.Շիրվանզադեի բնորոշած «գրիչ կրծողներ»-ի այն տեսակից է, ում համառությունը համարյա թե նույնությամբ կրկնում է մոտավորապես մեկ դար առաջ հայ դրամատուրգիայի դասականին պատահած իրականությունը. «Մի դասակարգ՝ բաղկացած երկու մասերից, որոնցից մեկը կպել է հայ գրականության նիհարիկ մարմնին, մյուսը՝ հայ թատրոնի չոր ոսկորներին։ Երկուսն էլ կրծում են ամենայն համառությամբ։ Գրականությունն ու թատրոնը ամեն վայրկյան թափահարում են իրենց տանջվող մարմինները, ճիգ են անում ազատվելու նրանցից։ Բայց հնար չկա, կրծողները շատ ամուր են կոխել իրանց ատամները հարստահարվող մարմնի մեջ, ազատվել նրանցից անհնարին է»:

Այսպիսով, մերօրյա գռեհկագիրը, ճգնելով արդարացնել այլևս հանրության սեփականությունը դարձած իր քննադատվածությունը, փնտրել և գտել է խոսքի մեջ հնար որոնող մի պաշտպանի, ով «ԱԶԳ» օրաթերթի 23.02.2011թ. համարում տպագրված «Ի պատասխան դիլետանտիզմի» վերնագրով պատասխան հոդվածում նենգափոխելով նկատառումներիս Էությունն ու նպատակը՝ Գագիկ Կարապետյանին կդարձներ իբսենյան Ստոկմանի բնույթի զոհ: Այդ ինկոգնիտո արվեստաբանին (թե ինչու ծպտված, ստորև կմանրամասնենք) նախևառաջ անհաճո է իմ կատարած վերնագրումը. «Արվեստը սեռական նկրտումների մկրտարան չէ»։ Հետևապես, բառեղեն ճարտարապետությունից խորշող խրճիթաշինությունը նրան դրդում է ամպագոռգոռ որակումը տալ: Մինչդեռ, այս չակերտյալ ամենագետը, եթե «Գրականության տեսություն» գրականագիտական ձեռնարկը թերթեր, թերևս գլխի ընկներ, որ կիրառված է «կրտ» տառախմբի բաղաձայնույթը, ինչ-որ առումով նաև «մ» և «ն» տառերի նմանաձայնությունը։ Ուշագրավ է՝ կարծես այսօրինակ մարդկանց ջգրու է.Ջրբաշյանը տեղեկացնում է, որ հնչյունների կրկնությունն օգնում է ընկալելու պատկերը տեսողական և լսողական որոշակիությամբ։ Չէ՞ որ վերնագիրն էլ ստեղծագործության յուրօրինակ անձնագիրն է, որի էականության, հետևաբար նաև տարատեսակության մասին քիչ չեն գիտական հոդվածները: Այո՛, ուզեն, թե չուզեն իմ ընդդիմախոսները, քննադատությունն էլ ստեղծագործական աշխատանք է, հատկապես՝ նույնը ակնարկում է Պ.Սևակի պես հանճարը. «Քննադատը, իմ խորին համոզմամբ, պիտի գրողից հասակով լինի եթե ոչ բարձր, ապա գոնե նրա չափ»:

Ու վերնագրի խոսունության մեջ հոխորտանք հոտոտելը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախանձամտություն։ Թող չթվա, թե «մեծամտության թանաք»-ն է ասվածի հոգեբանական հեղինակը, պարզապես, ի տարբերություն Գագիկ Կարապետյանի՝ ես սովոր եմ ինքնուրույնության սանդուղքով իջնել կամ բարձրանալ: Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ արժանավոր գրողը, այլ ոչ թե ձեռքը գրիչ վերցրած ինչ-որ մեկը, հոդվածով հանդես գալու համար սեփական ստեղծագործական մտքին է ապավինում, ինչպես իրենց ժամանակին վարվել են Հ.Թումանյանը, Ա.Շիրվանզադեն, Րաֆֆին, Ե.Օտյանը, Վ.Տերյանը, Ա.Իսահակյանը, Պ.Սևակը, Ս.Կապուտիկյանը... Բայց կյանքի փորձը ցույց է տալիս, որ մարդն իր նմանի հետ է մտերմանում, բնականաբար, Գ.Կարապետյանի պաշտպանն էլ իր վստահորդին չի զիջում արվեստագիտական ընկալումներով։ Վերջինը, վկայակոչելով Արիստոտելին, հրամցնում է կյանքում արվեստի տեղի և դերի անորոշությունը հորդորող՝ «Պոետիկա»-ի անտրամաբանական մեկնություն, որը պարարտ հող է առաջացնում մշակութային ամենաթողության համար: Ահա թե ինչու է թատերագիտության առաջին հիմնորոշ աշխատության հեղինակի առաջադրած «Միմեսիս» եզրույթին փոխաբերականորեն զուգամիտվող ձևակերպմանս («...արվեստը ոչ թե կյանքի հայելին է, այլ վերջինի ստվերը՝ արտացոլված գեղեցիկի օրինաչափությամբ»:) հասցեին մակերեսայնության մեղադրանք նետում։ Առհասարակ, գեղարվեստականության մասին կարելի է հատորներ գրել. նյութը տարողունակ է, սակայն, եթե հիմնախնդրի ամփոփ սահմանումն ես տալիս, ուրեմն խորքային չէ՞։ Եզրակացության աֆորիզմային կեցվա՞ծքն է նյարդայնացնում։ Դա ի՞նչ հակագիտական մոտեցում է: Մի մտիկ արեք` ո՛վ է սիրողականության մասին ճամարտակում:

Ինչևիցե, չբավարարվելով եղած արվեստագիտական «սխրանքներով՝» Գագիկ Կարապետյանի գեղագիտությունից ոգեշնչված արվեստագետը քննադատությանս գրականագիտական համամասնությունների անբավարարության, նույնիսկ՝ գրեթե բացակայության գույժն է աղաղակում։ Այնինչ,ես խոսել եմ կերպարների բառպաշարային տիպականացման շինծուության մասին, որն էլ առթում է կարծել, որ նրանց լեզվամտածողությունը ապագեղարվեստական է: Պատճառահետևանքային կապը հուշելու համար կրկին անդրադառնամ «Գրականության տեսության»-ը. տիպական բնավորություններից բացի գոյություն ունի տիպական հանգամանքներ տերմինը։ Այն տվյալ ստեղծագործության ժամանակաշրջանից ու տեղանքից սերող հասարակական և սոցիալական մթնոլորտի մեկնիչն է` կերպարի ներաշխարհի ձևավորման համահեղինակներից մեկը։ Այսինքն, գեղարվեստականության տեսանկյունից չարդարացված, կրկնում եմ չար-դա-րաց-ված, այդ զազրելիությունների հայկականացման դեմ է իմ պայքարը, ուստի ուզում եմ հիշեցնել Արիստոտելի տեսակետը՝ քննադատության գործառույթների վերաբերյալ. «Այսպիսով, քննադատության բարձրացրած հարցերը կլինեն հինգը։ Նրանք ընդգրկում են հետևյալ առարկաները՝ անհնարինը, ալոգիականը(անտրամաբանականը), բարոյական տեսակետից վնասակարը, հակասողը և վարպետության կանոններին անհամաձայնը (ընդգծումը՝ Տ.Մ.)»:

Մի՞թե իր հատկանշած անզեն աչքով չէր տեսնում, որ այս հոդվածի նպատակը մշակույթի և ազգային անվտանգության փոխներթափանցման խնդիրների արծարծումն է, ինչի համար էլ տպագրված է հենց «ԱԶԳ» օրաթերթում։ Գրականագիտական վերլուծության ցանկության դեպքում կդիմեինք «Գրական Թերթ»-ին։ Կարճամիտ խորամանկությունը ակներև է. խորը մասնագիտական վերլուծությամբ Գագիկ Կարապետյանի գրվածքները պատվելով՝ ակամայից դրանց անուղղակի քարոզն իրագործենք: Գյումրեցին կասեր. «Հլը ըսոր ուղեղի ծալքերուն աշեք»: Ի դեպ, ինքնավստահ լկտիությունը, որ, իսկապես, հատուկ է պատվերով հարձակվող հանձնակատարներին, «կույր» վայրախոսին թույլ է տալիս վստահաբար կասկածի տակ առնել մտքիս վերլուծական ունակությունները, քանզի չեմ հիացել տհաճություն հարուցող գռեհկականությամբ: Երևի թե Ռուբեն Մամուլյանն է՞լ էր «մանկամիտ զարմանքի» ազդեցության տակ, որ դեռ հեռավոր 1960-ականների կեսերին հետևյալ եզրահանգման է եկել. «Թատերախաղերի մեծ մասը հիմա արծարծում է բարոյական շեղումների, չոգեշնչված սեռական կյանքի, մարդու ցինիկության, վրիպածության ու հուսահատության հարցերը։ ...Մենք թավալվում ենք մարդկային բնության տիղմի մեջ: Թե՛ բեմը, թե՛ էկրանն այսօր տուժել են ծայրահեղ նատուրալիզմից և հոգեկան վհատությունից, որից առաջանում է մի նոր տեսակ գորշ համակերպություն»:

Այնուհետև զրպարտությունը հասնում է այն աստիճանին՝ ստեղծագործական ոչնչության պոռնկագրական նախասիրությունները ազգային հայեցակարգի խոշորացույցով դիտարկելը բանսարկություն է պիտակավորվում։ Նշանակում է Լիլիթ Պիպոյանն է՞լ խառնակիչ դարձավ, երբ ասուլիսի ընթացքում ասաց, որ այսքան շատ էրոտիկան արվեստի անկում է բերում։ Կամ հեռուստաեթերից արվեստագետի հնչեցրած կարծիքը, որ Պաշտպանության նախարությունը մեր սահմանների անվտանգությունից զատ, պետք է նաև մշակութային ապահովության համար էլ հոգ տանի։ Արդյոք համանման մտավախությունների արգասիքը չէ՞ր Սասուն Պասկևիչյանի հայտնած անհանգստությունը, որ մեզանում գոյություն ունեն մշակութային աղանդներ: Ի գիտություն անհիմն մեղադրելու համարձակություն ունեցողի՝ չարենցյան ժամանակաշրջանի մատնիչ - զրպարտիչները մեծամասամբ անանուն կամ էլ կեղծ անուններով են հանդես եկել։ Իսկ պատասխան հոդվածի հասցեատիրոջ հասցեն խարխուլ է. «ԼԻԼԻԹ Արվեստաբան»։ Գրական կեղծանունները ողջունելի են, բայց քննադատական հոդվածի պարագայում որտե՞ղ և ինչու՞ է թաքցնում նա իր ազգանունը, ում տեսակն արտհայտող գտնված տարբերակ կլիներ Դրամբյանը։ Միայն թե թող չփորձեն տեխնիկական վրիպումով պատճառբանել, կամ էլ որևէ դիտավորյալ պատահականությամբ մտախաբել։ Ի՞նչն է ինձ արգելում կասկածել՝ ազգանվան ներկայության դեպքում կեղծիք կբացահայտվի։ Նույն հաջողությամբ Լիլիթը կարող է և Լևոն լինել։ Միգուցե: Առավելևս՝ համացանցում նշյալ հեղինակին փնտրելիս միայն արվեստաբան Լիլիթ Սարգսյանին նկատեցինք, ով հեռախոսազրույցի ժամանակ հերքեց իր մասնակցությունը այդ անմեկին հոդվածում։ Այսպիսի՞ն պետք է լինի կայցած մասնագետի վարքագիծը: Այնպես որ, անհարկի է ուրիշի կայացվածությունը գնահատելով կատուներ ծեփել ստեղծագործական հոգեբանության պատերին։

Հ․Գ․ Ականավոր թատերագետ լուսահոգի Լևոն Հախվերդյանը մի առիթով ասել է, որ ճնճղուկների վրա ոչ թե թնդանոթով, այլ պարսատիկով են կրակում, բայց մենք հանդիպել ենք այն «վարակիչ» դեպքին, որոնք արժեհամակարգային ողջ արտին են սպառնում։ Բնականաբար, պետք է աչալուրջ լինել և պաշտպանվել մշակութային «S-300»-ներով:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

Նկարների համահեղինակ՝ Ա.Բ.

Նյութի աղբյուրը՝ «Ազգ» Օրաթերթ 19.03.2011

55 հոգի