Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

Բնության ճշմարտությունը արվեստի ճշմարտություն

չի՛ կարող լինել ու երբեք չի՛ լինի։

Օնորե դը Բալզակ

Անկախության հետ ձեռք բերած ազատության գիտակից ընկալումը, ցավոք, այսօր էլ մեր երկրի չլուծվող խնդիրների շարքերում է, քանզի մեզանում դեռևս շարունակվում է ամենաթողությունը ազատամտության տեղ հրամցնելու ստորածածկված գործընթացը, որի նպատակն, ինչ խոսք, հասարակության բովանդակային, հետևաբար և մտածական համահարթեցումն է։ Բնականաբար, առաջադիմության քողի ներքո տարբեր բնագավառներ սողոսկող կեղծ ժողովրդավարությունը իր վնասակար գործունեության առաջնային թիրախներից մեկն է ընտրում ՄՇԱԿՈՒՅԹԸ։ Մարդու արժեհամակարգային անկյունաքարը հիմնախախտ անելով՝ շատ ավելի դյուրին է նրան զոմբիացնելը՝ առավել կառավարելի դարձնելը։ Ու կարճ ժամանակահատվածում համազոմբիացման սպասավորների բանակ զինվորագրեցին նաև արդի հայ գրականությանը։ Իրենց հայտնի պատճառներով հայրենական գրական գործիչներից ոմանք գեղագիտական խճողումներով սկսեցին պարզունակը պարզի տեղ մատուցել՝ մոռանալով, կամ էլ՝ հիշել չցանականալով հազարամյակների հոլովույթում աքսիոմացված այն ճշմարտությունը, որ արվեստը ոչ թե կյանքի հայելին է, այլ վերջինի ստվերը՝ արտացոլված գեղեցիկի օրինաչափությամբ։ Այսպիսով, մերօրյա պոեզիան զգեստավորվեց հանգավորված հայհոյախոսությամբ, իսկ բովանդակային ներդիր դարձավ, օրինակ՝ ճանճերի սեռական ակտի «կենսափիլիսոփայական» մեկնությունը։

Միամտություն կլինի կարծել, թե բանաստեղծական սյուժեի նյութը սպառվել է, և ստեղծագործական անմեկին պահանջն է դրդում ներշնչվել միջատների սեռահոգեկան դրսևորումներով։ Գուցե և հակադարձեն այն իրողությամբ՝ անցյալում մեծն Շեքսպիրն է՞լ է իրեն զազրախոսություններ թույլ տվել։ Սակայն պետք է տխրեցնենք այդ մտածելակերպն ունեցողներին՝ ակամայից վերհիշելով հանճարին զգալու փոխարեն նրան նմանվել ցանկացողներին Դ.Դիդրոյի տված հանդիմանանքը. «Հանգիստ թողեք Մոլիերին։ Հանճարեղ մարդու շեղումը փաստարկ չէ ընդհանուր հոսանքի դեմ»[1]: Այսուհանդերձ, արձակն էլ անմասն չմնաց գռեհիկ և սուբյեկտիվ բնապաշտական գրվածքների թողարկմամբ ժամանակի այլասերվածության հետ համաքայլ ընթանալու միտումից. «նողկալի մի պատմություն է այն մասին, թե ինչպես մի վիժվածք, նկարագրելով սեփական մորը բոլորովին մերկ վիճակում, ցանկանում է սեռական հարաբերություն նրա հետ» [2]:


1.Դ. Դիդրո, Փիլիսոփայական և գեղագիտական երկեր Եր. 1963, էջ 306:

2. Նոր-դար (Համահայկական հանդես), 2008, 1-2, Եր. 2008, էջ 114:


Սա մեր բարոյահոգեբանական տեսակին էլ է խորթ, որովհետև Հայաստանը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, փտած բարքերի նեխվածքում խեղդվող ԵՎրոպան չէ, որտեղ այդպիսի այլանդակությունը իրականության տիրույթում է: Զորօրինակ՝ սեփական աղջկան փակի տակ պահելով տևական ժամանակ բռնաբարած ավստրիացին, ում երկրորդ սերնդի երեխաները միժամանակ նաև նրա թոռնիկներն էին։ Բայց սրտխառնոց առաջացնող նման երևույթներ սերմանող անտեսանելի, սակայն շատերի համար իմանալի ձեռքը համառորեն չի հուսահատվում հայերի հոգեկան «թանձրությունից» սերող պահպանողականությունից՝ շարունակելով մեծացնել կործանարար ծրագրերի հեռահարությունը։ Քաղցկեղի սկզբունքով գործող այս չարիքը իր շոշափուկները տեղայնացրեց նաև գրականության այն ոլորտում, որն անմիջականորեն կապված է թատրոնի հետ: Այսինքն, թափանցելով դրամատուրգիա, հաջողում են ավելի ուժգնացնել ժողովրդի ներաշխարհի վրա գործադրած իրենց չարորակ ազդեցությունը։ Ավելին, հասարակության գեղարվեստական զգացողությունն ու ճաշակը անդառնալիորեն ձևախեղելու նկատառումով՝ գրական աշխարհի դռները բացվեցին արվեստի տեսանկյունից խիստ կասկածելի աշխարհազգացողությունը թղթին հանձնող գրամոլների համար։ Ահավասիկ, բոլորովին վերջերս հրատարակված Գագիկ Կարապետյանի «Զինվոր» պիեսների ժողովածուն վերը շարադրված մտահոգությունների իրատեսական լինելու վառ ապացույցն է։ Առերևույթ թվում է, թե շնորհակալ գործ է արված. վերջապես անուշադրության ճիրաներից ազատագրվել է Արցախյան հերոսամարտն՝ իր ազատամարտիկների հետ միասին։

Ավա՜ղ, որքան խորն է հիասթափությունը, երբ տեսնում ենք՝ ժողովածուում ներառված յոթ պիեսներից ընդամենը մեկն է ազատամարտիկի մասին, այն էլ՝ անտրամաբանական և հետաքրքրությունից զուրկ հանգուցալուծմամբ։ Պատճառը, թերևս, այն է, որ ստեղծագործության գրեթե միջնամասում մահանում է թատերագրության ներքին ռիթմը, ինչի արդյունքում էլ առաջանում է ձանձրույթի զգացումը։ Հեղինակն ինքն էլ կարծես նկատելով իր գրելաոճում առկա անհերքելի թերացումը՝ ճգնում է արտաքին տպավորչականությամբ լրացնել այդ բացը: Գեղագիտական գերակայություն դարձնելով կնոջ և տղամարդու սեռահոգեկան փոխհարաբերություններն ու դրանց ֆիզիոլոգիան՝ փորձում է այդկերպ կաշառել ընթերցողի և Աստված մի արասցե՝ հանդիսատեսի հետաքրքրությունը։ Փաստերով խոսելու համար մեջբերենք «Ճանճասպան տղան» երկթերթ պիեսի մի քանի տողերը.«Ես սկսեցի մերկացնել աղջկան... Երբ ուզում էի համբուրել աղջկա մերկ կուրծքը... Մի ճանճ եկավ... Նստեց աղջկա պտուկի վրա... մեկ կանգնում էր քթիս վրա, մեկ էլ՝ աղջկա պտուկի: Զզվանքից շուտ վերջացրի ու վեր կացա»[3]:


3. Գ. Կարապետյան, Զինվոր (Պիեսների ժողովածու), Եր. 2010, էջ 130։


Կարելի՞ է այստեղ գեղարվեստականության նշույլ անգամ գտնել։ Բնավ ո՛չ։ Հոգեկան լարում ստեղծելու համար բռնաբարության հավանականությունն ու սեռատոչորությունը անօգնական միջոցներ են. ներքնատեսական բնատուր օժտվածության բացակայությանը արհեստծին ոչ մի հնարք ի զորու չէ փոխարինել։ ԵՎ ահա, իր բանաստեղծականությամբ անմեղ «Միայնակ լիալուսին» վերնագիրն ունեցող պիեսում էլ հեղինակը «տեղում քայլող» դիպաշարից հղացած տաղտուկը ցրելու միջոց է դարձնում մարմնավաճառական արհեստի մասնագիտական ինչ-ինչ նրբությունների մանրամասնումը։ Երանի թե գիտենաինք. պարոն Կարապետյանի նպատակը գեղարվեստական արժե՞ք, թե՞ պոռնկության ձեռնարկ ստեղծելն է եղել։ Այդ նեղ մասնագիտական «լուսաբանումների» ընթացքում զայրացուցիչ ուշագրավ է նաև հեղինակային ցուցումը, ըստ որի՝ մարմնավաճառ գործող անձանցից մեկը մերկանում է, և մինչև երկրորդ պատկեր (հուսանք՝ երկու հատվածների միջև ընկած ժամանակում նա բարեհաճել է հագնվել) չենք տեսնում վերջինիս զգեստող ռեմարկը։ Ի՞նչն է ստիպում հեղինակին մերկացնել իր հերոսուհուն, ներքին անկառվարելի ցանկությունը՞... Չլինի՞ թե նա սույն գրվածքը գիշերային ակումբների համար է ստեղծել։ Պարզապես հարկավոր է հասկանալ, եթե կյանքի որևէ կեղտոտ կողմն ես ներկայացնում, ապա պետք է այն գեղարվեստականության մտոք վերարտադրես, ինչպես Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի պարագայում է: Այլապես, ստեղծագործությանդ մեջ արծարծվող բացասական խնդրի փոխարեն, ողջ գրածդ հակակրանք կառաջացնի։ Բայց պարոն Կարապետյանը, պատկերավոր ասած, թքած ունի արվեստի վերոգրյալ հիմնադրույթի վրա և ժողովածուի ամենածավալուն «Բարերարը» պիեսում կերպարների շինծու տիպականացմամբ՝ ջանք չի խնայում նմանօրինակ արտահայտչաձևերից կառչելու քաղաքականությունը զարգացնելու համար։

Ավելի պարզ.«Գիշերն էլ վատ երազ եմ տեսել, կնիկս տկլորվել, եկել էր մոտս: Ես էլ ինչքան տանջվում էի, հետը չէի կարողանում իք անել։ ...կնիկ ա էլի՛, սիրում ես՝ սիրում ա, չես սիրում, ուրիշին ա տալիս։ Երևում ա դու մի կարգին իք անել չգիտես, որ կնիկդ թողել գնացել ա: ... Ասա՛, գիշերը քանի՞ անգամ է իր հետը իք անում։ ... է, ջահելություն, ի՜նչ օրեր էին, կնիկս թա փ թազա էր, յուղը վրեն։ Հա քշի... Հիմա է, որ չորացել ա, վրեն նայել չի լինում։ ... Դուք ձեր ստինքներով այնպես եք շարժվում... Իմ մեջ ամեն ինչ տակն ու վրա է եղել... Աղջի, դե է տա, որ գնում ես, հետը սիլի-բիլի արա, on en գինը իմանա։ Էտա որ տաս, պրծնես...Հիմա մերկացրել է ու նայում է, ձեռք է տալիս ծծերին...Բա տղամարդը քեզ նման պինդ աղջկան կասի հեռացի՞ր: Տո ես նրա տեղը լինեի, կքաշեի տակս էնքան իք կանեի, որ աչքերիցդ արցունք գար: ...Ա. ըսենց էլ շաշ աշխարհ կլինի՞, մեկին տալիս են, չի ուզում, մեկն էլ ուզում ա, չեն տալիս: ... ՈՒ հարուստ, ծերացած մարմինները փաղաքշում էին քո ստինքները, դու ծանրության տակ տնքում էիր: ...Հետաքրքիր է նա հիշե՞լ է ինձ... Թե՞ չափագրել է, համեմատել առնանդամները... Նրա մաշկը այնքան ողորկ է, իսկ ստինքները այնքան պիրկ... Ես քեզ դուրս բերողի նանեն ու զանեն... Հեռու գնա, լրբի՛ մեկը, նա ըսկի չուզեց քեզ իք անի, հլա պաշտպանու՞մ ես ...Ձենդ կտրի, թե չէ կգցեմ քացուս տակ, էնքան կտամ, որ հիշես մորդ արգանդից ոնց ես դուրս եկել։ ...Էս մեր բարերարը հաստատ իմպոտենտ է։ Էն բանը անհույս կախված է, հա, էլ չի կանգնում... Աղջիկը՝ քեզ, էն կնիկն էլ տուր ինձ, տե՛ս, թե ես նրան ընենց իք անեմ, որ իմանա` տղամարդն ինչ բան ա...»[4]:


4. նույն տեղում, էջ 156-202:


Խոսք չկա... «նախանձելի» գաղափարախոսություն է զինվոր վերնագիրը կրող գրքի համար: ՈՒ՞մ, և ինչի՞ համար է այս գարշելիությունների տարափը. հայկական մշակութային իրականության մեջ դրանց լինելության ներկան ստանալու՞։ Միգուցե պաշտպանության նախարարությանը խորհուրդ տանք բաժանորդագրվե՞լ այս «գլուխգործոցը», որպեսզի որոշ զորակոչիկների բովանդակազրկությունը խորացնելով է՛լ ավելի նպաստենք անհեթեթ սպանությունների աճին։ Տարօրինակ թող չթվա, բայց վերջին քսան տարիներին չդադարող դատարկամտության անուղղակի քարոզն է երիտասարդ սերնդի առաջին թշնամին, որին հավատարիմ ծառայում են մեր ՎԱ՛Յ քանքարները։ Իսկ զենք կրող մտաբոբիկ մարդու համար, առաջացած տհաճ խնդրի լուծման բանալին, բնականաբար, ծայրահեղ քայլին դիմելն է։ Կարծում ենք՝ օրավուր ահագնացող այս վտանգաշատ իրողությունը, պատկան մարմիններին, թերևս, կստիպի Գագիկ Կարապետյանի պես գրասերներին խստորեն հիշեցնել, որ արվեստով հիանալ կարող են բոլոր մարդիկ, բայց այն արարել՝ միայն ընտրյալները։

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

Շապիկի նարի համահեղինակ՝ Ա.Բ.

Նյութի աղբյուրը՝ ԱԶԳ Օրաթերթ 13.01.2011թ.

86 հոգի