Սիրտս ցավով է լցվում, բայց միաժամանակ՝ մեծ հպարտությամբ: Այսօր ես դիտեցի Նարինե Գրիգորյանի «Մարդը ափի մեջ» ներկայացումը՝ հիմնված Պարույր Սևակի ստեղծագործության վրա, և անկեղծ ասած՝ դեռևս գտնվում եմ այդ ազդեցության տակ։ Երիտասարդ դերասանների խաղը ոչ միայն հուզեց, այլև բառացիորեն ներսից ցնցեց։ Դժվար է հավատալ, որ այդքան երիտասարդ մարդիկ կարող են այդքան հասուն կերպով փոխանցել մարդկային խոր զգացմունքներ։ Սա խոսում է ոչ միայն նրանց տաղանդի, այլև իմաստուն ռեժիսորի աշխատանքի մասին, ով կարողացել է բացել և ուղղորդել նրանց ներուժը։

Այն, ինչ տեղի է ունենում բեմում, պարզապես դերասանական խաղ չէ։ Դա հանդիպում է՝ ստեղծագործողի և հանդիսատեսի միջև, որտեղ յուրաքանչյուր դրվագ ներթափանցում է հոգուդ խորքը։ Այդպիսի ազդեցություն կարող են ունենալ միայն բացառիկ և նվիրված արվեստագետները։ Բայց ցավ եմ ապրում նաև։ Ցավ, որովհետև կուզենայի, որ այս ամենը տեսներ շատ ավելի լայն շրջանակ։ Հատկապես այն մարդիկ, ովքեր ապրում են այստեղ՝ ԱՄՆ -ում, ովքեր ավարտել են թատերական ինստիտուտներ, ովքեր առնչվել են թատրոնին կամ երբևէ սիրել են այն։

Կուզենայի, որ նրանք տեսնեին, թե ինչ է իրական, ազնիվ, աշխատասիրությամբ կերտված թատրոնը։ Թատրոն, որը ոչ թե պարզապես բեմ է զբաղեցնում, այլ ապրում է, շնչում և ցույց է տալիս՝ ով է իսկական դերասանը և ինչ է իրական արվեստը։ Ամենից շատ կուզենայի, որ իմ սերունդը գնար և տեսներ այս ներկայացումները։ Որովհետև սա պարզապես դիտում չէ․ սա զարգացում է։ Սա մտածելու, զգալու, ինքնաճանաչման ճանապարհ է։ Երբ դուրս ես գալիս դահլիճից, արդեն նույն մարդը չես լինում։ Եվ հենց այդ պատճառով եմ ասում՝ մի բաց թողեք։ Այսպիսի հնարավորությունները հաճախ չեն լինում։
12.04.2026