Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Այսօր հրավիրված էի Հայկ Պետրոսյանի «ԿՈՄԻՏԱՍ ՁԱՅՆԱՇԽԱՐՀ»  մոնոներկայացմանը։ Համազգային թատրոնի դատարկ բեմն էր, մի քանի վառվող լապտերներ և ուրիշ ոչինչ... Ոչ մի դեկոր, էկրան, ավելորդ փայլ ու լույս։ Կոմիտասի ստեղծագործությանն անդրադարձող համերգների ու ներկայացումների զգալի մասը մի տեսակ ավելորդ ու կեղծ խորհրդավորությամբ են մատուցվում, կարծես Կոմիտասը կախարդական գաղտնիքների էր տիրապետում, երաժշտության մեջ մոգական հնարքներ կիրառում...

Այսօր, ինձ խանգարող այդ ավելորդ խորհրդավորությունը չկար, չկար այդ անիմաստ մոգական շղարշը։ Այսօր դատարկ բեմն էր, մի քանի լապտեր և բեմում տաղանդավոր ու անկեղծ ԱՐՏԻՍՏԸ՝ Հայկ Պետրոսյանը։ Նա շուրջ մեկ ու կես ժամ բեմում կենդանացրեց Կոմիտասին։ Երգերով ու շատ հետաքրքիր մեկնաբանություններով ստեղծեց ժամանակի պատկերներն ու ժամանակի մեջ այդ պատկերների աղավաղումը։ Հանդիսատեսին ուղեկցեց պատմական անցյալից մինչև մեր օրեր, յուրովի բացահայտեց ժողովրդական երգի իմաստն ու հզորությունը, Կոմիտասի սերն ու գուրգուրանքը, նրա տառապանքն ու այդ տառապանքից ծնված բարի ու շենացնող երգերը...

Հիմա վստահ կարող եմ ասել, որ Հայկն այս ներկայացումով իր վրա վերցրեց մեր ազգային ինքնության բացահայտման, մեր ինքնության պահպանման և վերարժեվորման իր սերնդի բաժին առաքելությունը։ Այս ներկայացումը արժանի է, որ պետական ֆինանսավորմամբ ներկայանա բոլոր մարզերում, հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Տեղյակ չեմ, թե հիմա ինչ պետական պարգևներ ու մրցանակներ կան։ Եթե կան, ապա այս ներկայացումն անհրաժեշտ է ներկայացնել պետական բարձր գնահատականի։ Բրավո ՀԱՅԿ ...

28.03.2026

ԱՐՄԵՆ Ամիրյան

162 հոգի