Մի երևանյան երեկո, մի քանի անգամ պայմանավորվելուց և հետաձգելուց հետո, հանդիպում ենք ես ու Հրաչյա Քեշիշյանը։ Ես նրան եմ փոխանցում Newmag Francofest-ի ժամանակ մեր նոր գրքերից մեկը՝ լուսահոգի Աշոտ Բլբուլյանի թարգմանած Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը»։ Տալիս եմ, որովհետև վեպը գլխավորապես սրամիտ և ինտելեկտուալ երկխոսություն է երկու հերոսների միջև և իմ տպավորությամբ կարող էր հիմք դառնալ լավ ներկայացման։ Այդ հանդիպումից մեկուկես տարի անց Հրաչը Հայաստանի երգի պետական թատրոնում ներկայացրեց «Կապույտ մորուքը»՝ Արսեն Գրիգորյանի և Նարինե Պետրոսյանի մասնակցությամբ։

Ով չգիտի.Ամելի Նոթհոմբը վերաիմաստավորել էր հայտնի հեքիաթը և Կապույտ Մորուքին դարձրել էր իսպանացի ազնվական, որ ապրում է Փարիզում, վարձակալությամբ սենյակ է տրամադրում երիտասարդ աղջիկներին, վերջում՝ սպանում նրանց։ Հերթական՝ 9-րդ զոհը, սակայն, դառնում է իսպանացու համար ճակատագրական։ Հրաչն իր հերթին վերաիմաստավորել էր Նոտոմբի ստեղծագործությունը։ Պահպանելով գլխավոր լեյտմոտիվը, նա ներկայացման մասնակից էր դարձրել նախորդ 8 կանանց, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին՝ իսպանացուն հիշեցնելով անցյալը, երիտասարդ աղջկան՝ հնարավոր ապագան։

Բայց այդ 8 ուրվականները ավելի կարևոր ներկայություն ունեին՝ հենց նրանց էր վերապահված ներկայացման ամբողջ երաժշտական հատվածը, որոնք ֆրանսիական երգեր էին։ Նրանք, ովքեր գիտեն ֆրասներեն, կգնահատեն, թե իմաստային առումով որքան դիպուկ ու տեղին են կատարումները, իսկ եզրափակիչ հատվածում, երբ հերոսուհին թակարդն է գցում իսպանացուն ( սա բացարձակ սփոյլեր չէ), ապա ուղղակի վեր ես թռնում ռեժիսորի ընտրությունից. բելգիացի բարոնեսսա Նոտոմբի ներկայացման վերջում հնչում է մեկ այլ հայտնի բելգիացու՝ Ժակ Բրելի լեգենդար երգը՝ Ne me quitte pas-ն։
Հենց այս երգերի ընտրությունը, վարիետեի ռիթմով 1.5 ժամանոց ներկայացումը օրգանապես ինտեգրվում է Երգի Պետական թատրոնի խաղացանկին, որտեղ կա և՛ թատրոն և՛ երգ։ Ավելին, Արթուր Գրիգորյանի մահից հետո, երբ թատրոնի ամեն անկյուն նրա մասին էր հիշեցնում, իսկ ամեն այց՝ ուղեկցվում էր չթաքնված թախիծով, հենց այս ներկայացումը վերադարձրեց այն, ինչ գուցե պետք էր հենց Գրիգորյան Մանեին՝ ճաշակով, թեթև, սրամիտ ու մի քիչ բուրժուա մթնոլորտը։ Այն «մշակութային հոտը», որ գալիս էր թատրոնից իր սկզբնավորման օրից։

Եվ իհարկե առանձին հիշատակման են արժանի գլխավոր հերոսները։ Նախ, ապշել կարելի է Նարինե Պետրոսյանի աշխատասիրությունից։ Նա այս ամիս միանգամից երեք առաջնախաղ է ունեցել։ Ներկայացման ժամանակ դերասանուհու խաղից դա ամենևին չէր զգացվում։ Իսկ դե Արսեն Գրիգորյանը այնքան օրգանական էր, որ կարծես դերը գրվել էր նրա համար։ Կամերային թատրոնների օրգանականությամբ, առանց պաթոսի, միաժամանակ էլեգանտ ու թեթև, նա կարողանում է անել ամենակարևորը՝ փոխանցել արևմտաեվրոպական բուրժուական հումորը, որը մակերեսին չէ, ֆիզիկական չէ, այլ տողատակով, ռեպլիկով, ինքնախոստովանության մեջ։

Իսպանացու նրա կերպարը շատ նման է հայտնի անեկդոտի սերիական մարդասպանին, երբ քննիչը հարցնում է. «Դուք տառապում եք այլասերումներով»։ Պատասխանը «Ինչ եք ասում, ես դրանցից հաճույք եմ ստանում»։ Ազնվական մարդասպանի նրա կերպարը հենց այդպիսին է. գիտակցված մեղքով, որ երբեմն դառնում է նույնիսկ հպարտության առարկա։ Իսկ հպարտությունը ինչպես գիտեք մեղք է։ Եվ Աստված ուղարկում է իր պատիժը՝ գեղեցկուհի 9-րդ վարձակալի տեսքով։

Անպայման դիտեք։ Իսկապես լավ համադրություն է՝ ճաշակով երաժշտություն, օրինգինալ ռեժիսուրա և փայլուն դերասանական խաղ։
22.03.2026