Անշուշտ աշխարհի գոյության հիմքում սերն է, իսկ աշխարհում գոյություն ունեցող չարագործությունների հիմքում` սիրո պակասը։ Այս զարմանալի աշխարհը դեռ կանգուն է շնորհիվ իրենց խոսքը սրբորեն պահող, իրենց տեսակին հավատարիմ կանանց, իրենց զավակներին ուղղորդող մայրերի (նույնիսկ այն աշխարհից), իրենց հայրերի տունդարձին սպասող զավակների, պատերազմի գիտակից հերոսների, որոնք ատում են պատերազմը, անասելի տառապանքի գնով զավակներին պաշտպանող ծնողների...

Թատերական աշխարհում Համազգայինն արդեն իսկ շատ բարձր նշաձող է սահմանել, և «Պենելոպե, օ՜,Պենելոպե» ներկայացումն ասվածի հերթական ապացույցն է. արտակարգ խաղ, ընտիր երաժշտություն(«Վանական» ռոք խումբ), հրաշալի բեմադրություն։ Դերասանների խաղն այնքան համոզիչ է, որ կտրում է իրականությունից ու դարձնում հերոսների ապրածի ու զգացածի մի մասնիկը, ու դու հավատում ես նրանց ամեն մի շարժմանը, դիմախաղին..., իսկապես հավատում ես, որ շշմելու աստիճան տպավորիչ Նարեկ Բաղդասարյան մարդը (Անթե) տեսածդ լավագույն չարագործն է (դերում)։

Հավատում ես անպատմելի հրաշալի Ալլա Սահակյան` (Նուրիցա) մեռյալների աշխարհից վերադարձած մահկանացուին։ Անխոս հրաշալի Վարշամ Գևորգյան (Էլիաս)` պատերազմ տեսած ու փշուր֊փշուր եղած մարդ արարածի լավագույն օրինակին։ Շնորհալի Տաթև Հովակիմյան (Օդեսսա)` մարդու մեջ ապրող և իրար հետ մշտապես պայքարող գազաններին լավագույնս ներկայացնողին։ Տաղանդաշատ Անդրանիկ Միքայելյան` պատվի, ծնողի, ընտանիքի համար սեփական կյանքը չխնայող զավակին։

Տպավորիչ Միլենա Ղազարյան (Սոֆյա)` տաղանդավոր ու քնքուշ էակին` չարագործի քիմքին հարմար թեթևամիտ արարածի դերում։ Սարգսյան և Հովհաննիսյան Հարություններին, որ աչք են շոյում իրենց կոկիկ խաղով։ Եվ վերջապես հավատում ես Նարինե Գրիգորյան հզոր ու յուրահատուկ մարդ֊դերասանին (Դինահ), նրա մարմնի յուրաքանչյուր շարժմանը (ոտքի ծայրից մինչև մազը), և ասել, թե նա հոյակապ էր, շատ քիչ է...

Իր հերոսուհուն և իր եսին բնորոշ քաջությունը, ամրությունը, հավատարմությունը, անմնացորդ նվիրումն ընտանիքին,չընկճվող տեսակը,լավատեսությունը դրոշմված էին դեմքին ու արտացոլվում էին յուրաքանչյուր շարժման մեջ... Շնորհակալություն պիեսի հեղինակ, բեմադրիչ ու բեմանկարիչ Սիմոն Աբգարյանին, ռեժիսորի օգնական Տաթև Ղազարյանին և բոլորին։
01.03.2026