Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Այսօր երեկոն անցկացրեցի մի ներկայացման մեջ ու պարզվեց, որ պարզապես դիտելու չէի գնացել… այլ՝ ապրելու։ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը՝ ստեղծված Հոմերոսի «Ոդիսական»-ի մոտիվներով, դարձավ այն հազվագյուտ բեմական փորձառություններից մեկը, երբ ժամանակը դադարում է գոյություն ունենալ։ Գրեթե երեք ժամ ես ոչ թե հանդիսատես էի, այլ ճանապարհակից՝ սպասման, հավատարմության, սիրո և մարդկային տոկունության երկար ու լուռ ճանապարհին։

Բեմադրական աշխատանքը` հանճարեղ Սիմոն Աբգարյանի ձեռամբ, գեղեցիկ, առանձնահատուկ նուրբ ճաշակով էր կառուցված․ յուրաքանչյուր շարժում, լույսի յուրաքանչյուր փոփոխություն, նույնիսկ լռությունները խոսում էին։ Բեմը երբեմն դառնում էր ծով, երբեմն՝ հիշողություն, երբեմն՝ կնոջ սիրտ, որը տարիներով սպասել գիտի՝ առանց կորցնելու հավատը։ Դերասանների խաղը բառացիորեն կախարդական էր. անպարագիծ տաղանդավոր Նարեկ Բաղդասարյան, Նարինե Գրիգորյան, Ալլա Սահակյան, Վարշամ Գևորգյան, Տաթև Հովակիմյան, Անդրանիկ Միքայելյան, Միլենա Ղազարյան...

Նրանք ոչ թե մարմնավորում էին կերպարներ, այլ ապրեցնում էին դրանք՝ այնքան ճշմարիտ, այնքան ներսից, որ մի պահ մոռանում էիր, որ թատրոնում ես։ Ամեն հայացք, ամեն արտասանված խոսք, նույնիսկ ամեն լռություն լցված էր էներգիայով, զգացմունքով։ Երաժշտությունն առանձին շնչող կերպար էր ներկայացման մեջ . «Վանական» ռոք խումբ- RESPECT!!! Այդ երաժշտությունը միայն չէր ուղեկցում, այլ պատմում էր, խորացնում, ներսում ալիքներ բարձրացնում։ Կային պահեր, երբ թվում էր՝ հենց երաժշտությունն է խոսում Պենելոպեի փոխարեն։

Սա այն ներկայացումներից էր, որի ընթացքում մոռանում ես ժամանակի մասին։ Նայում ես կլանված, ապրում ես յուրաքանչյուր վայրկյանը և հանկարծ հասկանում՝ երեք ժամն անցել է այնպես, ինչպես անցնում են ամենաիսկական պատմությունները՝ աննկատ, բայց խորը հետք թողնելով ներսում։ «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն պարզապես ներկայացում չէ։ Դա սպասման մասին աղոթք է, սիրո մասին հիշեցում և հավատարմության ուժի գեղեցիկ խոստովանություն։ Շնորհակալությո՜ւն, ՀԱՄԱԶԳԱՅԻՆՑԻՆԵ‘Ր...

01.03.2026

ԼՈւՍԻՆԵ Սողոմոնյան

389 հոգի