28.02.2026 09:50
Հովհ. Թումանյանի հետքերով
Իրենից հետո իրեն նման բարեբար սերունդ` թողնելու, իր ստացած և ունեցած գեղեցկությունները` ժառանգին կտակելու հաճախանքով Սայաթ - Նովան զարմացնելու չափ նման է Շեքսպիրին, որի Սոնետներից մեկ - երկու տասնյակի համար կարող են բնաբան դառնալ իր իսկ մի սոնետի վերջին տողերը.
Ու թող որ ապրի գեղեցկությունըդ ոչ միայն հիմա,
Այլև կրկնվի այն զավակիդ մեջ, որ քեզ է նման:
Այս ծով բարությունը, Յարի հետ առնչվող ամեն ինչի հանդեպ իր տածած անսահման ակնածանքը խառնվելով այն անմերձանալի-անմատչելիությանը, ինչը բանաստեղծի սիրո հենք հյուսվածքն է, վերջիվերջո` տալիս է մի այնպիսի որակ, որ ավելի պաշտամունք է, քան սեր: Այս է պատճառը, որ իր սիրածի հետ նույնիսկ հեռվից-հեռու ամենաչնչին չափով հաղորդվելն անգամ Սայաթ - Նովայի համար ստանում է իմաստն ու արժեքը այն Հաղորդության, որ իր իսկ կրոնի խորհուրդներից մեկն էր: Սայաթ - Նովայի տված այսօրինակ բազմաթիվ վկայություններն էլ, ի միջի այլոց, միաժամանակ վկայությունն են այն զարմանալի հոգեհարազատության, որ ունեն սայաթ-նովայական Խաղերն ու շեքսպիրյան Սոնետները:
Մի պահ լսենք մեծն բրիտանացուն.
Արդյոք ուրիշ ի՞նչ է մնում ծառաներին հեզ ու հլու,
Քան սպասել և սպասել միշտ տիրուհու դռան առաջ:
Այսպես՝ կամքիդ ու քմայքիդ միշտ էլ պատրաստ ծառայելու,
Իմ ժամանակն եմ ես մաշում՝ քայլելով ձախ, քայլելով աջ
Ես նույնիսկ չեմ համարձակվում հանդիմանել և ձանձրույթին,
Երբ քո ծանոթ ժամացույցի սլաքներին եմ հետևում:
Երբ դռնիցդ նետվում եմ դուրս՝ միշտ հնազանդ քո մի մատին,
Դառն ու լեղի անջատմանն էլ անեծքի խոսք չեմ թոթովում:
Թույլ չեմ տալիս մտքերիս էլ, թե խանդոտ են և ախտավոր,
Թույլ չեմ տալիս նվիրական քո տան նույնիսկ սեմն անց կենան:
Եվ մի ստրուկ խեղճ ու կրակ՝ ես համարում եմ բախտավոր
Նրանց, ովքեր գեթ մի ժամով պիտի որ քո կողքին մնան:
Ի՜նչ որ կուզես՝ ա՛յն էլ արա: Զույգ աչքով եմ ես կուրացել,
Ու կասկածի ստվեր չունեմ: Կասկածելն եմ ես մոռացել:
Եթե այս Սոնետը թարգմանվեր թիֆլիսահայ բարբառով և Սայաթ - Նովայի տաղաչափական ձևերից որևէ մեկի օգտագործմամբ, մի՞թե կկասկածեիք, թե կարդում եք Սայաթ - Նովայի մի նոր, դեռևս ձեզ անծանոթ Խաղ: Նո՛ւյն «ղուլ ու նոքար»-ությունը, նո՛ւյն համակերպվածությունը ճակատագրին, նո՛ւյն անմերձանալի - անմատչելիությունը, որից սերը վերաճում է պաշտամունքի:
Առանց այս որակը հասկանալու՝ մեզ համար անհասկանալի կմնան մեկ - երկու հանգամանքներ էլ, որ բնավ հանգամանք չեն, այլ մասնահատկությունն են Սայաթ -Նովայի Սիրո:
«Սերն ու խանդը քույրեր են», «Կասկածը սիրո ստվերն է», - ահա թևավոր խոսքեր, որոնք չափազանց գործածվելուց զրկվել են իրենց թևերից: Բայց այս առածանման ճշմարտությունները բնավ էլ ճիշտ չեն Սայաթ - Նովայի համար: Սայաթ - Նովայի սիրազգայնությունը մի շնորհ է, որ աշխարհում շատ քչերին է տրված եղել, ուստի և՝ այս գործածությամբ էլ՝ նրան հարմար է գալիս Աստվածաշնչի խոսքը. «Սակաւ են ընտրեալք»:
Մեկ որ հասել ենք Աստվածաշնչին՝ նկատենք նաև, որ Սայաթ-Նովան կարիք չունի Սողոմոնի պես ասելու. «Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո»: Կարիք չունի, որովհետև նրա սրտի մեջ ու վրա՝ կա սիրո այդ կնիքը, ավելի ճշգրիտ բառով՝ սիրո խորանը, որովհետև կնիք բառը պիտի աղերսեր անջնջելի ածականը, մինչդեռ խորանը դրա կարիքն էլ չունի:
Այսպես սիրելու կարող, այսպես սիրող Սայաթ - Նովայի մի անձնահատկությունը հայտնի է մեզ արդեն: Նրա Սերը կոպիտ մարմնականից զերծ է այնքան, որ թվում է , թե այդ սիրո տերը նույնիսկ կիրք չունի: Սայաթ - Նովան, իհարկե, կրքոտ է և կրքոտ է չափազանց: Միայն թե այդ կիրքը բնակվում է ոչ թե նրա մեջքում, այլ սրտում:
Բայց Սայաթ - Նովայի Սերն ունի նաև այլ մասնահատկություններ, որոնք իսկապես որ հազվագյուտ են: Այս մասնահատակությաններից մեկով, օրինակ, կավճի պես ջնջվում է «Սերն ու խանդը քույրեր են» կանոնը, որովհետև Սայաթ-Նովայի սիրաշխարհում սերն ու խանդը նույնիսկ խորթ քույրեր էլ չեն, որովհետև ամենեին խանդոտ չէ նա:
Չխանդելու համար որևէ ջանքի կամ ձգտումի գործադրման հետքը իսկ չես գտնի Սայաթ-Նովայի գաղտնարաններում, եթե նա տակավին ունի որևէ գաղանարան: Չխանդելու նրա կարողությանը ինքնեկ ու ինքնահոս է, ինչպես է, դիցուք, ջրի հոսքը՝ վերից վար: Բարձունքներում ծայր առած այդ հոսքը երբևիցե և երբեք չի հասնում այն ցածրությանը, որտեղ ծնվում ու բազմանում է խանդը՝ մարդկային այն զգացմունքը, որից կարելի է չամաչել, բայց հպարտանա՜լ բնա՛վ: Ճիշտ այդպես էլ նա ոչնչով չի հաստատում, թե «Կասկածը սիրո սավերն է»: Նրա սերն, իհարկե, ունի ստվեր, այն է՝ ի՜նչ վիթխարի սստվեր: «Մաթըն տիղըն լուս տվող» իր Յարի մասին մի տեղ նա «Շուխկըտ աշխարըս բռնիլ է»[1]:
1. Ս ա յ ա թ - Ն ո վ ա, Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն Խաղերի ժողովածու, կազմեց, խմբագրեց և ծանոթագրեց Մորուս Հասրաթյան, Երևան, 1963, էջ 37, Խաղ 24:
Այս խոսքը շրջելով կարելի է ասել, որ Սայաթ - Նովայի սերն էլ, առավել ևս այս սիրո ստվերն էլ և «աշխարըս բռնել»: Եվ սիրո այդ ստվերը նրա տառապանքն է: Իսկ կասկածը ս միայն «բոյ ու բուս» չունի այնտեղ, չունի նաև ոտք, և մինչև իսկ սողալու հարմարանք: Ճիշտ ու ճիշտ՝ ինչպես Շեքսպիրը: «Ու կասկածի սավեր չունիմ: Կասկածելն եմ ես մոռացել»:
Ահա թե ինչու ճիշտ և ճիշտ Շեքսպիրի նման, ինքն էլ է ասում ու կրկնում, կրկնում ու երրորդում.
Ես մի ստրուկ խեղճ ու կրակ՝ համարում եմ բախտավոր
Նրանց, ովքեր գեթ մի ժամով պիտի որ քո կողքին մնան:
Ճիշտ է նաև, որ իրատես հայացքով նայողի համար այս ցանկությունն այլ բան չէ, քան «ծիղի համա լալ» այն ժամանակ, երբ «ջուրն էկե, գերանն ի տարե»: Բայց Սայաթ -Նովան իր Սիրո մեջ իրատես չէ, այլ իրազանց՝ այս բառը մեծատառով գրելու չափ, մեկը այն ռոմանտիկներից, որոնց նայելով՝ ծերուկ մարդկությանը թվում է, թե երիտասարդ է տակավին և չի ծերանալու երբևէ:
Ահա այս հայացքով է նա նայում աշխարհին և իր ներսը, որտեղ մշտական ալեկոծություն է և, հակառակ այս ալեկոծության, բուսնում է խաղաղության ջրածաղիկը, որին ինքը նունոսիար է կոչում, իսկ մենք կարող ենք փոխարինել ավելի ընդհանրական այն տարատեսակով, որ լոտոսն է: Ա՛յն լոտոսը, որ աճում ու ծաղկում է նաև շեքսպիրյան ջրերում:
Այդ լոտոսներն են Սայաթ - Նովայի «երանի երնեկ»-ները
Աջար քանի ժամանակ է, թաք գիտենամ տարիա, էրնեկ.
Վաղը ուտիլ գուզե, վո՛ւնց խմիլ` մոդըտ նըստող յարիտ էրնեկ:[2]
2. Նույն տեղը, էջ 38, Խաղ 25:
Խանդի ո՛չ մի նոպա: Չարության ո՛չ մի ալիք: Միայն բարի նախանձի արտամղած մի ծավալ, որից նրա Սերը չի կորցնում իր քաշը՝ հակառակ Արքիմեդի հայտնի օրենքին:
Շեքսպիրի և Սայաթ - Նովայի նմանությունները չեն վերջանում ցարդ նկատված և նշված զուգահեռներով: Այդ զուգահեռների թիվը կարելի է բազմացնել և բազմացրածն էլ բազմապատկել:
Ահա Շեքսպիրի սքանչելի Սոնետներից մեկը (ինչպես մինչև հիմա հիշվածները՝ սա էլ, հաջորդներն էլ իմ թարգմանությամբ).
Ո'չ, նման չեն իմ սիրուհու աչքերն արփու,
Եվ մարջանը շատ է կարմիր բերնից նրա:
Ու թե ձյուն կա՝ նրա ծոցն է դեղին փրփուր.
Թև մազն է լար՝ սև լարեր են գլխի վրա:
Վարդ եմ տեսել դամասկոսյան՝ ալ ու սպիտակ,
Բայց նման վարդ նրա դեմքին ևս չե՛մ տեսել
Կան առավել հաճո բույրեր, քան շունչը տաք,
Որ ծխում է միշտ նրանից, - կասեմ ես էլ
Ես սիրում եմ նրան լսել, բայց լա՜վ գիտեմ,
Որ նվաղը ավելի է զմայլելի
Ճի՛շտ, չեմ տեսել աստվածուհու քայլքը թեթև,
Իմ սիրուհի՛ն... հո՛ղն է կոխում նա քայլելիս:
Բայց հազվագյուտ է նրա՛նց պես, — վկա Տերը, —
Որոնց սուտ-սուտ բազդատությամբ զրպարտել են:
Մի՞թե ակամա չէր հիշում Սայաթ - Նովայի հանրահայտնի՝ արտասանվող ու երգվող տողերը.
Ղումաշ ասիմ՝ շուրեղեն և, կու մաշվի,
Սալբի տսիմ՝ ախը մինոր կու տաշվի,
Ջեյրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՛ւնց թարիփ անիմ՝ մարա իս, գո՛զար
Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին,
Թև ջավայիր ասիմ՝ բարեմեն կոսին
Թե որ լուսին ասիմ՝ տարեմեն կոսին, —
Արեգակի նման փարա իս, գո՛զալ:[3]
3. Նույն տեղը, էջ 31, Խաղ 19:
Ինչպես տեսնում եք՝ թե՛ Շեքսպիրը և թե՛ Սայաթ - Նովան (բոլորովին ուրիշ երկինքների տակ և բոլորովին այլ ժամանակներում) մղում են միևնույն բանավեճը՝ ապացուցելու համար, որ մարդն է, բնության գլուխգործոցը, որ նա վեր է ամեն բաղդատությունից, և որ ամեն համեմատություն նսեմանում է մարդ արարածի (տվյալ դեպքում սիրելի էակի) առջև:
Ահա շեքսպիրյան մեկ ուրիշ Սոնաետ.
Հանդիմանանք ևս նկատեցի կանուխ բացված մանուշակին.
Անուշ հոտն իր խորամանկը լոկ բեզանից է գողանում՝
Քո շուրթերից, և իր ծաղկի ամեն թերթի թավիշն անդին
Գաղտագողի քեզանից է նա վերստին առնում-տանում:
Շուշանների սպիտակը սպիտակն է քո մատների,
Սուսամբարի արմատներին թուխ մազերիդ գույնն է մնում,
Ճերմակ վարդը իր ճերմակը առնում է միշտ քո՛ այտերից,
Կարմիր վարդի կարմրությունն էլ քո՛ շիկնանքից է միշտ դնում:
Քո՛ շնչից է, որ այլ մի վարդ սպիտակ է ձնի նման,
Իսկ մի չորրորդն էլ կարմիր է, ինչպես ինքը առավոտը:
Բայց նենդ գողը չի խուսափում հատուցումից նաև հիմա.
Իբրև պատիժ՝ խարն է կրծում ծաղկաթերթն ու ծաղկակոթը:
Գարնանային այգին լի է ամեն տեսակ ծառ-ծաղկունքով:
Եվ բոլորն էլ գողանում են քո բուրմունքը կամ զույնը քո:
Մի՞թե չափազանցություն կլինի, եթե ասվի, որ սա զուտ սայաթ-նովայական նկարագրություն է կնոջ: Միակ տարբերությունը այն է, որ Սայաթ - Նովան նույն այս պատկերն համեմատություններն անում է Թիֆլիսահայ բարբառով և դրանով իսկ իր նկարագրությանը տալիս է մի այնպիսի կոլորիտ, ինչը, բնականարար, անկարելի է գտնել Շեքսպիրի (և ոչ միայն Շեքսպիրի) գրածում:
Սայաթ - Նովան ունի տողեր, երկատողեր, քառյակներ, պատկերներ ու համեմատություններ, որոնք համարյա թե նույնանում են Շեքսպիրի հետ: Օրինակ՝ իր 47-րդ Սոնետը Շեքսպիրը ավարտում է այսպես.
Իմ հայացքը քնիս մեջ էլ քո պատկերն է անվերջ ծնում
Ու ես՝ քնած, նա քնածիս սիրտն է կրկին զարթնեցնում:
Եվ հիմա, եթե կարող եք, մի հիշեք Սայաթ - Նովայի «Յիս զարթուն իմ, սիրտս է քնած» տողը:
109-րդ Սոնետում Շեքսպիրն իր «Յար»-ին ասում է.
Դու ի վերուստ ինձ շնորհված օթևանն ես:
Կարո՞ղ եք չհիշել Սայաթ - Նովայի «ղարբաբ վրան իս ինձ ամա» - ն, որ չնչին զանազանություններով հնչում է բազմիցս և այն էլ երեք լեզվով:
Իր սիրածին կորցնելու վախից Շեքսպիրը բացականչում է.
«Ես՝ այնքան մոտ հարստությանն ու կորցնում եմ ահա գանձըս» (119-րդ Սոնետ):
Իսկ նույնը չէ՞ Սայաթ - Նովայի բացականչությունը.
«Ով կու գթնե ախ չի քաշի, վայ քու կորցընողին ըլի»:
Շեքսպիրյան «առանց փշի վարդ չի լինի» դարձվածքի դիմաց (35-րդ Սոնետ) չարժի դնել Սայաթ-Նովայի համապատասխան ղերը, որովհետև դրանք շատ են և հանրածանոթ: Ճիշտ նույն պատճառով էլ հարկ չկա Սայաթ - Նովայից օրինակներ շարել՝ շեքսպիրյան հետևյալ երկտողի դիմաց (102-րդ Սոնետ).
«Մունջ կտրեցի բլբուլի պես,
ես իմ երգն եմ երգել արդեն և այլևս չեմ երգելու»:
Այժմ տեսեք, թե ինչքան է նման Սայաթ-Նովային շեքսպիրյան այդ երկտողը (118-րդ Սոնետ).
Ես հասկացա, որ մահացու թույն է ամեն դեղ ու դարման
Նրանց համար, ովքեր սիրուց հիվանդացել են ծանրորեն:
Սիրուց («էշխեմեն») հիվանդանալու, սերն ու հիվանդությունը նույնացնելու այդ միտքը, որ մշտական հաճախորդն է Սայաթ-Նովայի, հազվադեպ հյուր չէ նաև Շեքսպիրի Սոնետներում.
Հիվանդություն է այս սերը: Եվ հիվանդ է հոգիս հիմա
Անհանգչելի, անմարելի ու տանջալից մի պապակով:
Ու նույն թույնն է նա պահանջում իր անդարման վերքի համար,
Որով մի օր թունավորվեց, նույն թույնն այրող ու տաղակող:
(147-րդ Սոնետ)
«Հիվանդությունս այսուհետև բուժում չունի», - ճչում է Շեքսպիրը նույն այդ Սոնետում, մի ճիչ, որին իր աղաղակով արձագանքում է Սայաթ - Նովան իր բազմաթիվ Խաղերից ու երեք լեզվով: Եվ այնքան շատ են Սայաթ - Նովայի համապատասխան տողերն ու տեղերը, որ անհրաժեշտություն չկա հանդիպադրելու:
Ինչպես գիտենք՝ Սայաթ - Նովայի դատն ու դատաստանը ոչ Խանի ձեռքին է, ոչ էլ Սուլթանի, այլ իր «Սուլթան ու Խան» Յարի։ «Յա ինձ կինք տու, յա սըպանի, դատաստանի համա էկա», - ահա մի տող, որ բազմաթիվ ու բազմազան տարբերակներով հնչում է Սայաթ - Նովայի եռալեզվյան Խաղերում: Շեքսպիրի համար էլ այդպիսին է իր «Թուխ տիկինը», «Իմ դառն ու դատաստանը շարժումն է քո թարթիչների» - իր կարգին վկայում է Շեքսպիրը 149-րդ Սոնետում:
«Քո մահացու հայացքով ինձ մի սպանիր.
մեղավոր եմ, սակայն գործած իմ ողջ մեղքը քեզ ցույց կտա,
թե սիրո մեջ դու որքան ես հավատարիմ»
- համարյա թե Սայաթ - Նովա ենք կարդում Շեքսպիրի 117-րդ Սոնետում:
Իսկ մի՞թե պարզապես Սայաթ - Նովա չէ շեքսպիրյան այս տողը. «Չճարեցի քեզ արժանի խոսքեր ես» (21-րդ Սոնետ):
Եվ մի՞թե զուտ սայաթնովայական տող չէ նաև հետևյալը. «Ինձ սպանիր, բայց մի լինի թշնամի» (40-րդ Սոնետ): Եթե «թշնամին» փոխարինենք «դուշման» - ով և տողին տանք թիֆլիսահայերենի երանգ՝ կարելի է ուղղակի շփոթել Սայաթ - Նովայի համապատասխան բազմաթիվ տողերից որևէ մեկի հետ:
Վերոհիշյալ պայմանով՝ Սայաթ - Նովայի համապատասխան տողերից որևէ մեկի հետ կարելի է շփոթել շեքսպիրյան «չեմ վախենում անգամ մահով սեր գտնելուց» տողը (60-րդ Սոնետ):
Վերհիշենք Սայաթ - Նովայի սքանչելի Խաղի վերջը.
Ղաբուլ ունե Սայաթ-Նովեն՝ թաք քու ձիռով դուն սըպանիս,
Միռնելուս համա չիմ հոքում, ցիղի համա իմ լալի:[4]
4.Նույն տեղը, էջ 52, Խաղ 361
Անժառանգ չմեռնելու, աշխարհում ժառանգ թողնելու այս միտքը Սայաթ - Նովան, ինչպես գիտենք, արտահայտել է նաև այլուրեք՝ իր Յարի առնչությամբ.
Քու ղաթըն քու նման կուլի, կշտիտ ունիս ոսկե բարուր.
Բալքա մեկ էլ դեդեն բերե՝ նման բարերարիտ էրնեկ, —
ասում է Սայաթ - Նովան հայերեն 25-րդ Խաղում: Մեզ ծանոթ է այսօրինակ մի երկտող էլ հայերեն 35-րդ Խաղից.
Ափսուս, վուր շուտով մեռիլ է, լուսըն քու ծնողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:
Անժառանգ չմեռնելու, աշխարհում ժառանգ թողնելու այս միտքը շեքսպիրյան Սոնետների ամենից ավելի հնչող լարերից մեկն է: Իր 3-րդ Սոնետը Շեքսպիրն սկսում է այսպես.
Հայելու մեջ դու տեսնում ես չքնաղագեղ մի կերպարանք.
Թե չշտապես ու չկրկնես քո իսկ դեմքի գծերն անգին,
Դու դրանով բնությանը կհասցնես վիրավորանք,
Ու կզրկես դու կնոջը օրհնությունից ու օրհնանքից:
Սայաթ-Նովայից քիչ առաջ բերած քաղվածքներին հար ու նման այս միտքը Շեքսպիրը կրկնում է բազմաթիվ տարբերակներով:
Տարեցտարի դանդաղորեն անվերջ սառչող արյունը քո
Թող վերստին բոցավառվի քո ապագա թանկ ժառանգով,—
կարդում ենք 9-րդ Սոնետում:
Դու կարող ևս այս աշխարհում ապրել նույնիսկ և տասն անգամ՝
Տասնապատիկ կրկնվելով` քո մի տասնյակ ժառանգի մեջ,—
կարդում ենք 6-րդ Սոնետում:
Պատանությունըդ թաղելով՝ դու մի որդի թողնես պիտի.
Քո փոխարեն վաղվա ելնող արեգակը նա կդիտի —
կարդում ենք 7-րդ Սոնետում:
Կըտրված ես՝ կնիքի պես՝ ինչ-որ մեկի ճարտար ձեռքով,
Որպեսզի դու էլ դարերին փոխանցես այս դրոշմը քո, —
կարդում ենք 11-րդ Սոնետում:
Այս օրինակները կարելի է բազմացնել 12, 13, 14, 16, 17-րդ և այլ Սոնետներից: Ինչպես գիտենք՝ տասնյակների են հասնում այն տողերը, որոնց մեջ Սայաթ - Նովան իրեն համարում է իր Յարի ստրուկը - ճորտը – ծառան - նոքարը - ղուլը: Նույնն է վկայում նաև Շեքսպիրը 151-րդ Uոնետում.
Երբ լսում է անունը քո, իմ մարմինն է խելքի ընկնում
Ցույց տալ, թե ինչ է ցանկանում, ինչ իղձ ունի և նպատակ,
Կանգնում է նա, ինչպես ճորտն է իր թագուհու առջև կանգնում,
Որ քիչ հետո կրկին փուլի նույն թագուհու ոտքերի տակ:
Սայաթ - Նովան, ինչպես հայտնի է մեզ, եթե երբևէ և ինչ-որ չափով վայելում է իր «թաքավուր յար»-ին, ապա միայն ու միայն իբրև մտապատրանք՝ ցնորքների մեջ, երևակայությամբ, իր ասած՝ միայն «խիալով»:
Նույն պարագայական նմանությունն ենք տեսնում Շեքսպիրի մեջ, օրինակ՝ 87-րդ Սոնետում.
Թագավոր եմ եղել միայն իմ երազի ու քնի մեջ.
Եվ անողորմ արթնացումը ինձ զրկել է գահից անվերջ:
Շեքսպիրի և Սայաթ - Նովայի սիրերգության այս նմանությունների շարքը կարելի է երկարացնել ևս ու ևս:
Բայց Սայաթ - Նովայի Խաղերի և Շեքսպիրի Սոնետների նմանությունները չեն բացառվում միայն սիրերգությամբ: Այդ նմանություններն առկա են նրանց այսպես կոչված` խրատախոհական բանաստեղծությունների մեջ էլ:
Բավականանանք մեկ օրինակով (146-րդ Սոնետ).
Հոգիս, որ այս մեղսաշաղախ երկրի միջուկն ես հենց հաշվում
Խռովարար մութ ուժերին հանձնվելով իբրև գերի՝
Դու հոգևոր պիտույքներից ախ ես քաշում, հալումաշվում
Եվ ծախսվում ես՝ նկարելով լոկ արտաքին պատ-որմերին:
Անցողական մի հյուր ես դու, էլ ինչո՞ւ ես այսքան կայքեր
Իզուր վատնում այս տան վրա, որ վարձու է, ոչ մշտական:
Որ կույր որդերն իրենց համար ժառանդությո՞ւն հետո սարքեն
Ինչք ու կայքըդ՝ ծով քրտինքով և արյունով քո վաստակած...
Ինչպես տեսնում եք՝ սա նույնն է, ինչ հոգու և մարմնի ներհակության պատճառով «բեդամաղ» լինելը, «հոքուտ խաթրի մարմնիտ ումբըրը կես անիլը». այստեղ էլ այլ բառերով ասված է այն, ինչ մենք գիտենք` Սայաթ - Նովայից, այսինքն՝ «աշխարհս մեզ մնալու չէ, քանի նստինք զող ու սափին», «դովլաթըն էյթիբար չունե», «հոքուտ տունը շինե ամուր, հիմնավոր» և այլն, և այլն:
Նյութի աղբյուրը՝ Շեքսպիրական, Հայկական շեքսպիրյան տարեգիրք, հ - 2, Երևան - 1967