Սոս Սարգսյանի անվան Համազային թատրոնում նորից առաջնախաղ էր։ «Պենելոպե, օ՜ Պենելոպե» Այս անգամ բեմադրության հեղինակը Սիմոն Աբգարյանն է։ Այս ներկայացումը հիմնված է Պենելոպեի կերպարի վրա՝ կնոջ, ով տարիներ շարունակ սպասում էր, սիրում էր, դիմանում էր ու չէր հանձնվում։ Բայց այստեղ նա ներկայացվում է ոչ միայն որպես սպասող կին, այլև որպես ուժեղ, մտածող, ստեղծող մարդ, ով ապրում է իր ներաշխարհով։ Վերոնշյալը շատ դիպուկ պատկերված է Նարինե Գրիգորյանի խաղում։

Ներկայացման հիմնական գաղափարը պարզ է․ սպասումը պարզապես ժամանակ կորցնել չէ։ Դա պայքար է, հավատ, երբեմն՝ ցավ, երբեմն՝ հույս։ Պրոյեկցիաները, լույսը, գույները այնպես են ընտրված, որ օգնում են ստեղծել համահունչ մթնոլորտ միստիկականից մինչև իրական։ Այդ մթնոլորտը ստեղծում է նաև կենդանի նվագախումբը՝ պրոֆեսիոնալ կատարումով և ճիշտ ընտրված երաժշտությամբ։ Հատուկ ուզում եմ առանձնացնել միստիկական, կամ մետաֆիզիկական կերպարների ստեղծման գաղափարը՝ հրաշալի գտածո։ Ոդիսևսի (այս դեպքում Էլիասի)՝ ետպատերազմական տրավմա ստացած, չսպանելու ուխտ տված, 10 տարի մաքառելու պատրվակով տուն չվերադարձող տղամարդու կերպարը հրաշալի մարմնավորում է Վարշամ Գևորգյանը։

Ինչը՞ ես կփոխեի՝
Մետաֆորաները, «փսխել», «թքել» և նման բառերը, չափազանց շատ են, այնքան շատ են, որ ականջ են ծակում։ Սրա վրա կարելի է ուշադրություն դարձնել և մի փոքր խմբագրել։

Ներկայացումը շատ հաջող վերաձեւակերպում է Պենելոպեի մոտիվները՝ ցույց տալով կոնկրետ այն հարցերը, որոնք այսօր արդիական են՝ նվիրվածության, ժամանակի վերաիմաստավորման։ Այն առաջարկում է ուժեղ տեսողական լեզու, համոզիչ դերասանական թիմ եւ համարձակ ձայնային լուծումներ։ Սա նկատելի, խոշոր թատերական աշխատանք է, որը արժե դիտել եւ քննարկել՝ հատկապես նրանց համար, ովքեր հետաքրքրված են դիցաբանական մոտիվների ժամանակակից ածանցումներով։

Հ.Գ. Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե՜ ստեղծագործական խմբին, և թե՜ թատրոնի ղեկավարությանը։
26.02.2026