Այս կանաչ-կարմիր աշխարհը՝ մաթևոսյանական շնչով, հողի, ջրի հոտով ու մարդու ներքին տագնապով լեցուն․․․ ԵԹԿՊԻ-ի Թատրոնի ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողներն այն ներկայացնում են Տաթևիկ Մելքոնյանի բեմադրությամբ։ Ներկայացումը յուրահատուկ է ոչ միայն իր լուծումներով, այլև մտածողությամբ։ Տեքստը մեկնաբանված է բավականին համարձակ և շատ նուրբ ձեռագրով։ Առկախված է մաթևոսյանական լռության ծանրությունն ու խոսքի տակ թաքնված ցավը, և միաժամանակ այն բացվում է համամարդկային հնչեղությամբ։ Հայկականը այստեղ չի սահմանափակվում տեղական երանգներով․ այն հավիտենական թեմաների կրող է՝ հող ու արմատ, փնտրտուք, սիրո և կորստի բախում։

Բեմական տարածքը շնչում է գույնով ու լռությամբ․ կանաչն ու կարմիրը տեսողական հակադրություն չեն, այլ ներքին վիճակների խորհրդանիշներ։ Ռեժիսորական լուծումները՝ ազդեցիկ, կառուցված դերասանական ներկայության վրա։ Ուսանողների դերասանական խաղը շատ անկեղծ է, ներսից եկող, միասնական, կերպարի ներքին շարժման գիտակցմամբ։ Նրանք ոչ թե պարզապես խաղում էին, այլ ապրում էին բեմի վրա՝ փոխանցելով այն բարդ, շերտավոր, կանաչ-կարմիր աշխարհը։ Այս ներկայացումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մաթևոսյանական աշխարհը շարունակում է ապրել՝ նոր սերնդի շնչով․․․ նաև յուրահատուկ բեմական լեզվով։
18.02.2026