Իսկն ասած, վերնագրում նշվածներից երկուսի արտահայտչականությունն էլ կարելի է որսալ Կամերային թատրոնում՝ Դավիթ Աբրահամյանի հեղինակած - բեմավորած «Բիթլզ» ներկայացման ընթացքում: Ու ինքնին հասկանալի է դառնում, որ բեմ դուրս եկած չորս կամերայինցիները ունակ են առանց կեղծելու երգել նաև ընտրված ձևաչափի դարձերեսային տարբերակի պարագայում: Ասենք ավելին, այստեղ առնվազն չորս անգամ կարելի է հանդիպել մենախաղային վավերագրական թատրոնի արտահայտչական սիմբիոզին նաև:

Բացի այդ, ռեժիսորը կարողացել է լիվերպուլյան քառյակի կենսագրական մանրամասների այն դրվագներն ընտրել, որոնք, իբրև կենսական նյութ, իրադարձային լինելուց բացի, նաև արխիտեկտոնիկական արժեք են ներկայացնում: Եվ ահա, հանուգցային նշանակության և լոկալ հանգուցալուծման էֆեկտ հարուցող այդ դրվագները համակցելիս, Աբրահամյանը հաջողացնում է չորս խենթ ու խելառ կենսագրությունների միավորման և ճյուղավորման մասին ներքուստ փոխկապակցված և ավարտուն բեմապատում ձևավորել: Այդպիսով առաջադրել, թե՛ փոխհարաբերությունների, թե՛ մենախաղային հոգեվիճակի վրա կառուցվող վարքաձևերի փոխլրացում:

Իսկ արվածի ազդեցիկությունը, եթե ոչ բազմապատկվում, ապա գոնե կրկնապատկվում է, երբ այս երաժշտական պատմության այսպես ասած գործող անձինք իրենց բեմական ներկայությունը ինքնաբուխ հուզական դրայվի, բայց և միաժամանակ տեղ - տեղ գլուխ բարձրացնող էմոցիոնալ խորությամբ են մեղեդայնացնում: Առավելևս, երբ այդ գործընթացում Վահե Զիրոյանից ու Սուրեն Պողոսյանից բացի ներառված է կամերայինի վոկալային ծանր հրետանին. ճկունակ Ներսես Մարկոսյանն ու ֆոլկլորային էքսցենտրիկայում լողացող Սենիկ Բարսեղյանը:

Ահա թե ինչու նվազագույնը մեկ ժամ տևող ռոքնռոլի ռիթմերի դարձդարձուն թափառումներն ակամայից կլանում և անգամ կինետիկ էմպաթիայի են ենթարկում հանդիսատեսի տարբեր սերնդի ներկայացուցիչներին: Դրդում ռիթմին համընթաց գլուխը տմբտմբացնել, ծառս լինել, կամ էլ ոտնաթաթը վերուվար անել: Տարօրինակ չէ. պոպուլյար երգարվեստի բնույթն է այդպիսին. ներազդելով զանգվածին մինչև իսկ էքստազային վիճակի հասցնելը:

Ասել է թե՝ կոլեկտիվ զվարճանքի այնպիսի մթնոլորտ ձևավորելը, որում ինքնընթաց քաոտիկ ներդաշնակություն է թվում հարաբերական անկշռությունդ: Եվ ուրեմն, արժե կյանքում գոնե մեկ անգամ կամերայինցիների առաջարկած վտանգավորության աստիճան հաճելի այս երաժշտաթատերական փորձությանը տրվել:
04.02.2026