Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՏՈՆԱՎԱՃԱՌԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

27.11.2020   03:15 

Ֆրանս. (ttéatre de la foir)- ժողովրդական թատրոնի տարատեսակ, տարածում է գտել 16-18 դարերում արևմտաեվրոպական մի շարք երկրներում: Տոնավաճառային թատրոնի ձևավորման վրա ծանրակշիռ ազդեցություն են ունեցել ‹‹Սեն Ժերմեն›› (մարտ-ապրիլ) ‹‹Սեն Լորայ››(հուլիս-օգոստոս) տարեկան տոնավաճառների անցկացումը: 15-րդ դարում գնորդներին գրավելու նպատակով այդ տոնավաճառների օրերին քաղաքային արհեստավոր-սիրողների համայնքները ցուցադրել են մորալիտեներ, կրկեսային զվարճալի հանդիսանքներ (աճպարարներ, ակրոբատներ, վարժեցնողներ), ֆարսային բնույթի ներկայացումներ՝ ստեղծաբանված սյուժեներով: Դեռևս 14-րդ դարում աճպարարների և ակրոբատների կողքին կարելի էր տեսնել արհեստավարժ դերասանների, ովքեր ‹‹Կրքերի եղբայրության›› վարած մենաշնորհային քաղաքականության պատճառով այլ ելք չունենալով՝ հանդես էին գալիս տոնավաճառներում:  Այդ արհեստավարժ դերասանները, 16-րդ դարի երկրորդ կեսից, տոնավաճառային թատրոնում խաղում էին երաժշտական-պարային, խեղկատակային տեսարաններում, ֆարսերում և այլ բնույթի պիեսներում:

17-րդ դարի կեսերին Փարիզում ստեղծվում են տոնավաճառային թատերախմբեր, որոնցից առավել հայտնի է Մորիս Ֆոնդերբերկի և Ալար եղբայրների թատերախումբը՝ բաղկացած 24 լարախաղացներից: Այդ ժամանակ ժողովրդական տվյալ թատերատեսակի վրա դեռևս տարածվում էր արտոնյալ թատրոնների դավադիր ջանքերով պետականորեն հրահանգված երկխոսության արգելքը: Սակայն 1679թ. այս թատերախումբը նախարար Կոլբերից աննախադեպ թույլտվություն է ստանում լարախաղացությունների ‹‹միջնարարներում›› պարզունակ ֆաբուլայով տեսրաններ խաղալ լարի վրա, այդ ընթացքում միայն իրավուն ունենալով երգել, պարել ու երկխոսել: Այդպիսի տեսարաններն իմի բերող թատերակրկեսային առաջին պիեսներից է ‹‹Սիրո և հրաշագործության ուժերը››(1679թ) ստեղծագործությունը՝ Գրեզինդայի մասին: Մեկ տարի հետո՝ ‹‹Կոմեդի Ֆրանսեզի››  ստեղծումից ի վեր, տոնավաճառային թատրոնների հանդեպ իրականացվող  արշավն ավելի է թեժանում, բայց այս թատրական հարթակններում երկխոսության հերթական արգելքն առիթ է հադիսանում նոր ժանրերի ու բեմական հնարքների կիրառման: 18-րդ դարի սկզբներին՝ 1697-ին Ֆրանսիայում ‹‹Իտալական Կոմեդիայի թատրոնի›› փակումից և իտալացի դերասանների վռնդումից հետո, տեղի տոնավաճառային թատրոնի կատակերգուները ‹‹Կոմեդի դել Արտեի›› խաղացանկի ու կերպարների ազգայնացմամբ (Պիերո) իրենց իտալական հրապարակային այդ թատերատեսակի ժառանգորդներ հռչակեցին:

Ալար եղբայրների և Ֆոնդերբերկի ու նրանց հետ մրցակցող Բերտրանի, Դոլյեի  ու Կոլբրիշի տոնավաճառային թատերախմբերը երկխոսության արգելքը շրջանցելու նկատառումով խաղամիջոցներում ներառեցին մնջախաղային տարրեր: Անտիկ թատրոնի պրոտագոնիստ-խոր հարաբերման ձևաչափով դերասաններից մեկը մենախոսում էր, մնացյալը՝ ժեստերով պատասխանում: Հետագայում տոնավաճառային թատրոններին կլասիցիստական պիեսներ խաղալուց բացի արգելվում է նաև բեմից առհասարակ խոսք հնչեցնելը, ինչը հաղթահարելու արտահայտչամիջոց է դառնում գրպանում գալարած թղթերի վրա գրված դերի տեքստերը բեմից հանդիսատեսին ցուցադրելը: Այս բոլոր խոչընդոտներով հանդերձ՝ թատերատեսակը Ֆրանսիայում բուռն զարգացում է ապրում և մասնագիտական բարձր մակարդակի հասնում իր թատերագրությամբ (Ֆյուզելյե ‹‹Հեղինեի առևանգումը, Տրոյայի գրավումն ու հրդեհը››) ու երևելի դերասաններով (տոնավաճառային կատակերգակ Տաբարենը, ֆարսային դերասաններ՝ Գռո-Գիլյո-ման, Գոթիե-Գարգիլիան, Թյուրլուպենը և այլք): Զարգացման գործընթացում առանձնապես մեծ դեր է խաղացել գրող և թատերագիր Ա.Ռ.Լեսաժը, որ  ստեղծել է տոնավաճառային թատրոնի նոր խաղացանկ(‹‹Առլեքին, Սերենդիբի թագավորը››, ‹‹Տելեմախ››, ‹‹Պիերո Ռոմուլ կամ բարեհամբյուր առևանգիչը››): Նա առաջինն էր, ով Ֆրանսիայում բեմաավորեց Արևելքի հեքիաթները:

Հեղինակած պիեսներում ներառելով սուր ծաղրանմանակիչ տարրեր՝ վերջինս վերնախավի բարքերն ու ազնվականության ճաշակից կախվածության մեջ գտնվող արտոնյալ թատրոններին  է ծանակել: Իր ստեղծած տոնավաճառայի կոմիկական օպերայով հակադրվելով  հերոսական մեծ օպերային՝ հեգնում էր այդ օպերայի ոճի պայմանականությունը: Հեգնում էր նաև կլասիցիստական ողբերգությունը՝ ծաղրելով այդ ստեղծագործությունների դրությունների շինծույթյունն ու կերպարների կեղծությունը, ինչպես նաև՝ դերակատարների մաներայնությունը:

Իսկ տոնավաճառային թատրոնի դերասանների խաղը մեծ մասամբ հենվում էր իմպրովիզի վրա և ներծծված էր կենսուրախությամբ, որը երբեմն արտահայտվում էր կոպիտ հումորով՝ բուֆոնադով, ռեկվիզիտային հագեցվածությամբ համալրված կենցաղային ու սոցիալական սատիրայով: Արտաքին գործողությունը գերակշռում էր ներքին  գործողությանը, գաղափարայնությունից ավելի էր կարևորվում զվարճանքը, քանի որ առաջնայինը վառ կոլորիտայնության պահպանումն էր:* Նմանօրինակ ժողովրդավարական ուղղվածության պատճառով տոնավաճառային թատրոնը մշտապես ենթարկվել է իշխող շրջանակների հալածանքներին: Ոստիկանությունը ավերում էր այդ թատրոնների բեմերը, տուգանում դրանց տերերին, իսկ մեկ անգամ էլ արտոնյալ թատրոնների անհադուրժողականությունն այն աստիճանի է հասել, որ պատվիրել են հրդեհել տոնավաճառային թատրոններից մեկը: Չնայած բոլոր խոչընդոտների, տոնավաճառային թատրոնը զարգացում է ապրել՝ ծնունդ տալով վոդևիլին և արետտաներով կատակերգություններին: Այդ ժամանակաշրջանի տոնավաճառային թատրոնի գործիչներից են  դրամատուրգներ՝ Դորենվալը, Ա.Պիրոնը, Ժ.Ժ.Վադեն, Գ.Տակոնեն, Շ.Ս.Ֆավարը, վարձահրավիրյալներ՝ Ժ.Մոննեն, Ժ.Բ.Նիկոլեն, դերասաններ՝ Ժ.Ֆավարը, Վոլանժը և այլոք:

* Թեև ֆրանսիական  ժողովրդական թատերատեսակ տոնավաճառայինի դերասանների խաղաոճը  մնջախաղի, և հատկապես` կատակերգական մնջախաղի(pantomime lacci) առկայությամբ, հանդիսատեսի հետ բեմից ակտիվ  հաղորդակցմամբ (կամ էլ հադիսատեսի տեսքով դերասանին հանդիսասրահում տեղավորելով) իտալական Դիմակների ժողովրդական թատրոնի դերասանների խաղի հետ ընդհանրություններ ուներ, սակայն առանձնանում էր այն հանգամանքով, որ ֆարսից էր գնում դեպի կոմեդիա:

  Կապիտալիստական հարաբերությունների զարգացման և տոնավաճառների անհետացման հետևանքով այս թատերամշակույթն անկում է ապրել, հետզհետե վերածվելով մշտակայուն թատրոնների, որոնց հիման վրա 18-րդ դարի կեսերին ծագել են բուլվարների թատրոնները: Տոնավաճառային թատրոնի ավանդներն արտացոլում են գտել մշակվել Շեքսպիրի, Մոլիերի որոշ պիեսներում:

  18-19-րդ դարերի ռուսական տոնավաճառներում ցուցադրվել են ոչ միայն կրկեսային, մնջախաղային, տիկնիկային հանդիսանքներ, այլև մելոդրամաներ, ռազմական ու պատմական բովանդակություն ունեցող, ինչպես նաև տիրող վերնախավի ներկայացուցիչներին (վաճառական, կալվածատեր, պաշտոնյա) ծանակող պիեսներ: Գոյատևել է մինչև 19-րդ դարի վերջը:

Օգտագործված գրականության ցանկ

1. Թատերագիտական բառարան, Լևոն Հախվերդյան, Երևան-1986

2. Театральная энциклопедия, Глав.ред. П.А.Марков, Том-5, Москва-1963

3. История западноевропейского театра, Ярмарочные театры и бульварные театры, С.Мокульский, 1-2 тома, Т-2, Москва-1936

Համահավաքեց` ՏԻԳՐԱՆ Մարտիոսյանը

Խմբագրելի

1473 հոգի